Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
Մեռելների վրա երեւի
ավելի հավասար,
քան մեզ վրա,
որ համառ դյութանքն ենք
ապրելու նման մի բանի:
Մանուկների վրա երեւի
ավելի հավասար,
քան արձանների,
որ հպարտ կանգնած են
ձյունն ու հավասարությունը
սեփական մաշկով զգալու համար:
Արվարձանների վրա երեւի
ավելի հավասար,
քան հրապարակների,
որտեղ թաքցնելու շատ բան կա:
Լեռների վրա երեւի
ավելի հավասար,
քան դաշտավայրի գյուղերի,
որտեղ հավասարությունն ու ձանձրույթը
երկվորյակ են:
Ծառերի վրա երեւի
ավելի հավասար,
քան շների վրա փողոցային,
որոնք թաքցնելու չունեն ոչինչ,
սեփական կենսագրությունից բացի:
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
Ափերի մեջ հավատացյալի
եւ գլուխներին սնահավատ,
որոնք չեն տարբերում,
ճերմակի թարսն ու շիտակը,
ամայության լայնքն ու երկայնքը,
մենության խորքն ու դատարկը անդունդի:
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
Գրիչ չկա, ափսո՜ս,
գրիչ, որ գրոտես
ողորկ այս տեսադաշտը
ձնամարդու մասին
վկայություններով:
Որ գրես պատվիրաններ,
որոնք վաղվա երթեւեկից
սայթաքուն են դառնալու:
Որ գրես երանիներ,
որոնք գիշերվա ցրտից
դառնալու են սառցալուլաներ:
Որ գրես առակներ,
որոնք հալչելու են
գոլ քամիներից գարնանամուտի:
Որ գրես ամենայն հրաշալին
եւ զարհուրելին ամենայն,
որոնք քչքչալու են զվարթ առուների հետ:
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
2007, փետրվարի վերջ
Խոսք չկա, մեր Պասկը ուղղակի հրաշալի բանաստեղծ է: Շատ սիրեցի նրա այս ձյան պես հավասար իջնող տողերը:
Շնորհակալություն,,,