Արդեն 12 տարի է, ինչ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է “Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակները տրվում են գրականության, երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության եւ այլ անվանակարգերում:
Անցած տարվա համեմատ անվանակարգերը կրճատվել են 2-ով, այս տարի ճգնաժամի պատճառով դրանք 9-ն են: Մրցանակաբաշխությանը մասնակցողների աշխատանքները ամփոփումից հետո հանրությանը ներկայացվելու են հոկտեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը, իսկ մրցանակների հանձնումը, որպես կանոն տեղի է ունենում հունվարի 2-րդ կեսին:
Դրամական պարգեւը սկսվում է 1.000 դոլարին համարժեք դրամից: Ժյուրիում ընդգրկվում են նաեւ նրանք, ովքեր մրցանակներ արդեն ստացել են:
Ռուբեն Միրզախանյան, Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ. “Սա ինչ-որ չափով նույնպես նպաստում է օբյեկտիվ ընթացքին, որովհետեւ երբ որ արվեստագետը ինքը կրում է այդ մրցանակը,ինքը չի ուզենա, որ մեկ այլ անարժան նույնպես դառնա դափնեկիր եւ արդեն արժեզրկվի այն հանգամանքը որ ինքը կրում է այդ մրցանակը: Օրինակ մանկապատանեկան ստեղծագործությունների ասպարեզում մեզ մոտ ժուրիի նախագահ է պրոֆեսոր Տիգրան Հեքիքյանը, որն էլ ստացել է “Արա եւ Մարալ” առաջին մրցանակը”: