ՄՈՀԱՄՄԵԴ ՌԵԶԱ ԱԲԴՈԼՄԱԼԵՔՅԱՆ | Հիմա երբ եկել ես

Մոհմամեդռեզա Աբդոլմալաքյան
1.
Հիմա երբ եկել ես
Ինչո՞ւ է այս գնացքը կանգնած
Ինչո՞ւ այս գնացքը չի վերադառնում

2.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ լալիս
Հիմա երբ եկել ես
Բաց արա պայուսակդ և
Ինձ մի թաշկինակ տուր

3.
Հիմա երբ եկել ես
Ոչ պոետ եմ ոչ էլ սիրահար
Միայն պատուհանը փակիր որպեսզի
Սիրտս չնեղվի

4.
Հիմա երբ եկել ես
Բարև
Հիմա երբ այլևս չես հեռանալու
Հաջողություն
Բոլոր այն հեռավոր ճանապարհների սլաքավարներին
5.
Հիմա երբ եկել ես
Վախենում եմ այս ճամպրուկից
Վերցնում եմ այս ճամպրուկը
Այս ճամպրուկը
Եվ նետում եմ հեռավոր ծովերի խորքը

6.
Հիմա երբ եկել ես
Խղճում եմ այս լուսնին ու աստղերին
Այսօր ինչպես են քուն մտնելու
Այսքան արթուն

7.
Հիմա երբ եկել ես
Մի սովորեցրու այն սլաքավարներին
Ասա որ այլևս ճամփորդելու միտք չունես
Ասա որ այլևս չես վերադառնալու

8.
Հիմա երբ եկել ես
Ինչո՞ւ այս բոլոր աղավնիներն ու ճնճղուկները
Իրենց բները չեն վերդառնում
Դու ոչ մի տեղ էլ չէիր գնացել

9.
Հիմա երբ եկել ես
Ամբողջ տանը ուզառուկի[1] բույր է տարածվել
Սակայն մորս ծիծաղի ձայնն
Այլևս չեմ լսում

10.
Հիմա երբ եկել ես
Բոլոր ծաղկամաններն ուրախ են
Դարձյալ այս դեղին ցնցուղն
Ամեն առավոտ ժամը յոթին
Նրանց այցի կգա

11.
Հիմա երբ եկել ես
Լաց մի լինիր
Այլևս վարժություն չես գրելու
Հիմա բոլոր մատիտներդ գունավոր են

12.
Հիմա, երբ եկել ես
Նստիր հենց այստեղ
Եվ միայն Աստծուց հարցրու
Թե որքան լավ է, երբ միասին ենք

13.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ լալիս
Այս անձրևն
Ուրիշ ամպից է տեղում

14.
Հիմա երբ եկել ես
Անընդհատ մի շրջվիր և հետ մի նայիր
Այն հեռավոր քաղաքի ճնճղուկները նույնպես
Ինչ – որ բան են մտածում

15.
Հիմա երբ եկել ես
Մտածիր միայն այս պահի մասին
Եվ այն մասին որ բոլորը խանդավառված
Եկել են քեզ տեսնելու

16.
Հիմա երբ եկել ես
Ձեռքերս ու ոտքերս մի դողացրու
Եվ ինձ անդադար մի անհանգստացրու
Եթե չես մնալու
Ուրեմն չորացած անտառներն
Ինձ են սպասում

17.
Հիմա երբ եկել ես
Դու թիթեռ կդառնաս
Իսկ ես կծերանամ
Առանց մահվան մասին մտածելու

18.
Հիմա երբ եկել ես
Հագիր այն վերնաշապիկդ
Այն երկնագույն վերնաշապիկդ ծաղիկներով
Եվ այն գարունով որ
Մեզ տասնհինգ տարով երիտասարդացնում է

19.
Հիմա երբ եկել ես
Հաջողություն
Բոլոր այն գիշերներին որոնց հետ միասին արտասվել եմ

20.
Հիմա երբ եկել ես
Այս անհամբեր թռչնակը, որը
Քեզ կորցրել էր
Հանգիստ խղճով վերցնում է սիրտն ու գնում
Դեպի հեռավոր անտառները

21.
Հիմա երբ եկել ես
Նոր եմ հասկանում
Այն ծեր գեղջուկի զգացմունքն ու
Անձրևի համար աղոթքի համը

22.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ կարողանում կանգնել
Նստիր և
Գլուխդ դիր ծնկներիս

23.
Հիմա երբ եկել ես
Նորից միասին կգնանք
Աշնանային հորդ անձրևներին տեսության
Կգնանք և ամբողջովին թրջված
Տուն կվերադառնանք

24.
Հիմա երբ եկել ես
Տեղ չկա անգամ այս փոքրիկ ծաղկամանի համար
Այս մի քանի կանաչ տերևի և
Այս կոկոնի որ չի բացվում

25.
Հիմա երբ եկել ես
Այնպիսի բարի զգեստներ են հագել
Քո մասին պատմող բոլոր այս բառերը

26.
Հիմա երբ եկել ես
Այնպիսի հորդառատ անձրև է գալիս
Արի առանց ճտքավոր կոշիների և առանց անձրևանոցի գնանք
Արի գնանք

27.
Հիմա երբ եկել ես
Այլևս չի խաթարվի
Ճանապարհի սլաքավարների քունը
Այլևս ոչ մի գնացք չի վերադառնա այն քաղաքը

28.
Հիմա երբ եկել ես
Այլևս ոչ ոքի չեմ ցանկանում տեսնել
Անգամ պատուհանի գոգի մի քանի ճնճղուկներին
Որոնց կերակրում եմ

29.
Հիմա երբ եկել ես
Աղավնի դարձիր
Աղավնին համալսարան չի գնում
Չորրորդ փողոցն աղավնուն չի սպասում

30.
Հիմա երբ եկել ես
Վախենում եմ որ
Փոստատարը դուռը կթակի և
Մեզ կրկին իրարից կբաժանի
Ընդունելության քննությունների հարցաթերթիկը

31.
Հիմա երբ եկել ես
Ողջունում եմ բոլոր հովիվներին
Բոլոր հովիվներին
Որոնք յոթ տարի շարունակ
Քեզ էին որոնում

32.
Հիմա երբ եկել ես
Բարև
Հիմա երբ չես հեռանալու
Հաջողություն
Դեպի հեռուները սլացող բոլոր ամպերին

33.
Հիմա երբ եկել ես
Ընդունիր որ
Ճամփաները ոչ մի տեղ էլ չեն տանում
Այս անգամ գետի միջով ենք գնալու

34.
Հիմա երբ եկել ես
Վախենում եմ հենց սրանցից
Այս քննություններից այս գնահատականներից
Այս բոլորը մի պատառ հացի համա՞ր է
Թե չորացած ծառերի փրկության
Որոնք տանջվում են և դանդաղ մարում

35.
Հիմա երբ եկել ես
Ընդունում եմ որ
Այս հագուստն իմ չափսով չէր
Հինգ տարեկան երեխան
Թափահաս մարդու հագուստ չի կարող հագնել

36.
Հիմա երբ եկել ես
Ուրախ եմ որ
Այլևս քննություններ չկան
Այս գիշեր հանգիստ խղճով
Կվայելենք ստվերների խորաթափանցությունը

37.
Հիմա երբ եկել ես
Հանգիստ եղիր
Ահվազի[2] եղանակն այլևս
Ինձ չի տանջում

38.
Հիմա երբ եկել ես
Ես էլ եմ մակարոն սիրում
Իսկ դու կարող ես
Թեյիդ բաժակը պռնկեպռունկ լցնել

39.
Հիմա երբ եկել ես
Մազերդ սանրիր և
Հանգիստ նստիր կողքիս
Այդ անիրավ քննություններն
Այլևս քեզ չի վախեցնի

40.
Հիմա երբ եկել ես
Բոլոր դասերիդ մասին մոռացիր
Դու երբեք աշխարհագրությունից ուժեղ չես եղել
Լեռների ճանապարհին
Նրա հասցեն
Միայն լուսնից և աստղերից կհարցնենք

41.
Հիմա երբ եկել ես
Արի գնանք
Հիշո՞ւմ ես
Մենք անձրևին խոստացել էինք որ
Միշտ միասին ենք տեղալու

42.
Հիմա երբ եկել ես
Մեզանից ոչ մեկը վարժություն չի գրելու
Մեզանից ոչ մեկը քննություն չի հանձնելու
Մենք կվերադառնանք
Այն անծանոթ գյուղակը

43.
Հիմա երբ եկել ես
Սերտիր բոլոր այս տետրերն ու
Չհնչած բանաստեղծությունները
Որոնցում դու էիր և որոնք
Կորցրել էին քեզ

44.
Հիմա երբ եկել ես
Բոլոր համերն առավել համեղ են
ԴեզՖուլի[3] արմավը բավական քաղցր էր
Ուղղակի ես չգիտեի

45.
Հիմա երբ եկել ես
Նորից կվառվեն և կլուսավորվեն
Հարևանի տան
Բոլոր լույսերն ու ջահերը

46.
Հիմա երբ եկել ես
Մի անհանգստացիր
Քո ցանած սերմը
Կրծքիս տակ ծիլ է տվել

47.
Հիմա երբ եկել ես
Բոլորը ոտքի են կանգնում
Բոլորը բարևում են
Բոլորը ծիծաղում են
Հիմա երբ եկել ես
Ինչ – որ բա՞ն է պատահել

48.
Հիմա երբ եկել ես
Նստիր
Վարսերդ սանրիր
Եվ նայիր այս գեղեցիկ գիշերվան
Որը սկսվում է

49.
Հիմա երբ եկել ես
Բոլորը գարնանային են դարձել
Այն ծեր կրիան
Այն ուժասպառ չինարի ծառն ու
Այս ներկված պատուհանը
Որն արթնացել է

50.
Հիմա երբ եկել ես
Թշվառների ներկայացումն ավարտվել է
Սակայն մի անհանգստացիր
«Բահման»[4] մշակույթի տանն
Այլևս հորթեր չեն սպանվում

51.
Հիմա երբ եկել ես
Ականջդ պարտական չէ մեծ մարդկանց խոսքին
Օրացույցի հետ ի՞նչ գործ ունես
Խնձոր ունենք
Դու էլ «ՀաՖթսիսնի»[5] սեղան պատրաստիր

52.
Հիմա երբ եկել ես
Չեմ լալիս
Կմնամ և կզսպեմ
Այս բոլոր յոթ տարիների կարոտը

53.
Հիմա երբ եկել ես
Քեզանից եմ հարցնում թե
Ինչո՞ւ հովիվներն այդ 220 ժամ դասերին չեն մասնակցում
Ինչ է լեռները գեղեցիկ չե՞ն

54.
Հիմա երբ եկել ես
Հագիր զգեստներդ
Շտապիր
Բռնիր այն բույսի ճյուղն ու այս կատվի թաթը
Մենք ծերանալու համար չենք ծնվել

55.
Հիմա երբ եկել ես
Նորից վերադարձիր դեպի մանկությունդ
Նորից քեզ տասնհինգ տարի շարունակ կմեծացնեմ
Բայց այս անգամ թույլ չեմ տա որ դպրոց գնաս

56.
Հիմա երբ եկել ես
Որքան քաղցր են
Այս բոլոր բառերը
Որոնք ինձանից խռովել էին

57.
Հիմա երբ եկել ես
Կսպասեմ որպեսզի
Սոհրապն էլ գա
Եվ այս գիշեր մինչ լույս արթուն կմնանք

58.
Հիմա երբ եկել ես
Զարմանում եմ որ
Այլևս բանաստեղծությունը մեր տան պատշգամբ չի այցելում
Այլևս ոչ ոք մատով չի թակում սենյակիս պատուհանը

59.
Հիմա երբ եկել ես
Ճշտիր իմ կարգավիճակն
Այս մկան և այն կրիայի հետ
Այս լորի և այն կատվի հետ
Եվ այս խլեզի որ
Սենյակիցս դուրս չի գալիս

60.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ ստում
Մայրդ էլ էր լալիս
Մյուս երկու սենյակներից էլ եմ
Լացի ձայն լսել

61.
Հիմա երբ եկել ես
Աստված էլ է ուրախ
Այլևս նրան չեմ անհանգստացնում

62.
Հիմա երբ եկել ես
Միասին կվերհիշենք
Այն բոլոր օրերը
Ժամացույցի պտուտակները և
Արմավ վաճառող այն մարդու քաղցրությունը

63.
Հիմա երբ եկել ես
Այն կանաչ լույսը դեռ վառվում է
Մի շտապիր
Միասին կգնանք
Շայիբի[6] դամբարանը նկատի ունեմ

64.
Հիմա երբ եկել ես
Մոլորված ուղտի պես
Հանդուրժում եմ այն բոլոր յոթ տարիների օտարությունը
Յոթ անծայրածիր անտառներում

65.
Հիմա երբ եկել ես
Ուրախ եմ
Այլևս քո մասին չեմ հարցնում
Ոչ Քյարխեից[7] ոչ էլ Քարունից[8]

66.
Հիմա երբ եկել ես
Փակիր անձրևանոցդ
Այս տան պատշգամբում
Բարությունից բացի ոչինչ չի տեղում

67.
Հիմա երբ եկել ես
Ուրախ եմ որ
Այս փոքրիկ սեղանի մի անկյունն
Այլևս դատարկ չի մնալու

68.
Հիմա երբ եկել ես
Մի մտահոգվիր
Սրտիս ոչինչ չի պատահի
Քեզ հետ կգամ
Մինչև աղբյուրի մոտի կանգառը

69.
Հիմա երբ եկել ես
Ջանում եմ որ վերադառնաս
Վերադառնաս դեպի այն ծաղկավոր երկնագույն վերնաշապիկդ
Որը քարկապված էր երեք տարեկան հասակիդ
Խանդավառության հետ

70.
Հիմա երբ եկել ես
Այս ակնոցն ինձ տանջում է
Ձեռքս բռնիր
Քեզ հետ կվերադառնամ դեպի քառասուն տարեկան հասակս

71.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ այլայլվում
Այլևս վազանց չեմ կատարում
Ինձ այլևս չեն տուգանում
Եվ որքան քաղցր է Մալավիի[9] թուզը

72.
Հիմա երբ եկել ես
Քարունի բոլոր մոլորված ձկներն
Այսօր միայն դատարկ խայծն են կտցում
Միայն դատարկ ուռկաններ

73.
Հիմա երբ եկել ես
Օշարակ խմիր և հագիր զգեստներդ
Միասին Մազարդաշտ[10] ենք գնալու
Հեռուները նայելիս
Միշտ նրան եմ հիշում

74.
Հիմա երբ եկել ես
ՀաՖեզը ճիշտ էր ասում
Ով դու իմ մոլորված Հովսեփ[11]

75.
Հիմա երբ եկել ես
Ընդունիր որ
Մենք ծառերին չենք ստել
Մենք ընդամենը հրաժարվել ենք նրանց մրգերից

76.
Հիմա երբ եկել ես
Այս սկուտեղը կրկին կծնվի
Այս սկուտեղը կրկին կհագենա
Խնձորի այգիներում

77.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում
Մենք չենք կարող դիմանալ
Այս երկաթների և բնակարանների ճնշմանը
Ավելի հանգիստ ենք
Դաղձի և լորի հետ
Եվ մի գնացքի որ մեզ իր հետ կտանի

78.
Հիմա երբ եկել ես
Մտածում եմ համալսարանի փողոցի այն լղարիկ կատվի մասին
Որը կերակրվեց և մեծացավ քեզ հետ
Հանգիստ եղիր այստեղ էլ
Ուտելիս քեզ ընկերակցող կգտնվի

79.
Հիմա երբ եկել ես
Կմոռանանք բոլոր բանալիներն ու բառերը և
Կվերադառնանք դեպի այն անբանալի և անբառ լեռները

80.
Հիմա երբ եկել ես
Հարցնում ես թե այս ի՞նչ ձեռնափայտ է
Այս ի՞նչ ակնոց է
Ես քեզ ոչինչ չեմ ասի
Այն անանձրև տարիներից
Քեզ ոչինչ չեմ ասի

81.
Հիմա երբ եկել ես
Հարցնում եմ բոլոր քննությունների պատասխանատուներին
Պարոնայք ինչո՞ւ երեխաները Նիմային չեն ճանաչում
Սակայն բարձր գնահատականներ են ստանում

82.
Հիմա երբ եկել ես
Այն երկնագույն ափսեի ծայրը կոտրված է
Իսկ հախճապակե այս թեյնիկը կափարիչ չունի
Այս անգամ միայն մայրդ չէ մեղավորը

83.
Հիմա երբ եկել ես
Այս աղմկոտ ժամացույցն
Այլևս մեզ պետք չէ
Լեռներում բնակվող մարդիկ
Միայն թռչունների թևաբախումից են արթնանում

84.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ հարցնում
Ինչպիսի՞ մարդիկ են այն հեռավոր քաղաքի բնակիչները
Ինչպե՞ս են կարողանում
Խորովել ճնճղուկներին

85.
Հիմա երբ եկել ես
Միայն այս ծաղկամանը բավական չէ
Այլևս մի ջրիր դուռն ու պատերը
Ինչ է մեր տունը ծաղկանո՞ց է

86.
Հիմա երբ եկել ես
Ես դեռ քայլում եմ այն նույն տեղում
Այն մշուշոտ առավոտյան
Եվ նայում եմ
Այն սպիտակ կենսատու եղրևանուն որ դրված է
Տասներորդ մասնաշենքի
304-րդ սենյակի պատուհանին

87.
Հիմա երբ եկել ես
Հեռախոսը կրկին զանգահարում է
Սակայն ոչ ես ոչ էլ մայրդ
Չենք պատասխանում

88.
Հիմա երբ եկել ես
Միասին կգնանք Հաշեմի պողոտա
Քանի դեռ ես բանաստեղծություն եմ գրում
Այն պողոտայի սենյակները լուսավոր են

89.
Հիմա երբ եկել ես
Ինձ նայիր
Աղավնիների այս մոլորված զույգն
Այսքան տարի հետո
Իր բույնն է վերադառնում

90.
Հիմա երբ եկել ես
Միայն այս դատարկ ճամպրուկից եմ վախենում
Իսկ եթե այս դատարկ ճամպրուկը լցվի՞

91.
Հիմա երբ եկել ես
Կասեմ՝
Պարոն Ֆարզանեգան
Ձեր տված վիճակագրական տվյալները ճիշտ են
Սակայն ձեր պատրաստած վանդակների կարոտը
Վիրավորում է միայն ճարպիկ աղավնիների թևերը

92.
Հիմա երբ եկել ես
Ես էլ եմ համաձայն
Հաջորդ քննության ժամանակ
Հարցաթերթիկները դատարկ կհանձնենք
Ձյունի նման
Ճեպ – ճերմակ

93.
Հիմա երբ եկել ես
Սրինգն ինձ հետ է իսկ
Շաքարեղեգի բոլոր դաշտերի ուշքն ու միտքը
Քեզ հետ

94.
Հիմա երբ եկել ես
Ընդունիր, որ
Վաղուց է աղավնիները չեն սավառնում
Մեր բառերի երկնակամարում

95.
Հիմա երբ եկել ես
Լսում եմ մորս ձայնը
Վաղուց է որ ոչ մի բանալի
Չի բացել այս հին կողպեքը

96.
Հիմա երբ եկել ես
Կրկին կգնանք կեռասի այգին
Այգեպանին ասա որ չանհանգստանա
Մենք կեռաս չենք քաղելու
Մենք միայն զրուցելու ենք կեռասների հետ

97.
Հիմա երբ եկել ես
Ընդունիր որ
Մի օր ես էլ կհեռանամ
Հիշիր որ
Ինձ հանձնեք որևէ ծառի
Այգու
Կամ աղբյուրի

98.
Հիմա երբ եկել ես
Արի տոնենք
Այս հին չինարի ծառը
Հենց նոր է ծնվել
Հիսուն տարեկան այս կրիան
Նոր է աչքերը բացել
Իսկ թեյը պատրաստվում է

99.
Հիմա երբ եկել ես
Զգույշ անցիր փողոցը
Անցնելու իրավունք ունեն նրանք ովքեր շտապում են
Սակայն ոչ մի գործ չունեն

100.
Հիմա երբ եկել ես
Ձանձրացել եմ
Այս խաղը ե՞րբ կավարտվի
Որքա՞ն են մեզ հարցաքննելու

101.
Հիմա երբ եկել ես
Ես ոչ մի կտակ էլ չեմ գրի
Ես ոչինչ չունեմ
Այս մի քանի գրքից բացի
Որոնք ձերն են
Եվ այս մի քանի բանաստեղծությունից
Որ բոլորինն են

102.
Հիմա երբ եկել ես
Չամխալե գյուղի լույսերը վառվել են
Իսկ ծովից տոնական հոտ է գալիս
Մենք էլ կրակի վրայից կթռչենք

103.
Հիմա երբ եկել ես
Կվերադառնամ դեպի այն տարիները
Եվ չգիտեմ թե այսօր ում ծննդյան տոնն է
Քահռիզի՞ ի՞մ թե քո

104.
Հիմա երբ եկել ես
Որքան էլ որոնում
Չեմ գտնում
Չգիտեմ թե որ թփի տակ է թաքնված
Կամ ո՞ր հիշողության մեջ է կորած

105.
Հիմա երբ եկել ես
Անընդհատ պտտվում և հարցնում եմ թե
Ես քանի՞ տարեկան եմ
Ես քանի՞ տարեկան եմ
Ես քանի՞ տարեկան եմ

106.
Հիմա երբ եկել ես
Ես ել եմ ծերացել
Ոչ մի տարբերություն չկա
Յոթ տարի թե՝յոթանասուն
Ես հոգնել եմ
Բոլոր անկիրակի յոթերից

107.
Հիմա երբ եկել ես
Չեմ քնում
Որքան լավ է արթուն մնալ
Երբ ոչ ոքի չես սպասում

108.
Հիմա երբ եկել ես
Ոչ թերթ եմ կարդում
Ոչ էլ սուտ լուրեր եմ լսում
Լեռների բնակիչները
Մտածում են միայն անձրևի և
Ուշացած գարնան մասին

109.
Հիմա երբ եկել ես
Այս ճամպրուկը կհամբուրեմ
Այս ճամպրուկը կնետեմ դեպի
Քառասնամյա հասակիս այն լեռները
110. Հիմա երբ եկել ես
Բոլոր կովերն ուրախ են
Հորթերի ոտքերի վերքերն
Այլևս անդարման չեն մնա

111.
Հիմա երբ եկել ես
Ուսուցչիդ ասա որ
Սև մատիտներին քննի
Թող զգույշ լինի մոր
Եվ գունավոր մատիտների հանդեպ

112.
Հիմա երբ եկել ես
Հողը կենդանություն է ստացել
Իսկ փոքրիկ նապաստակները
Մեծանում են
Առանց մահվան մասին մտածելու

113.
Հիմա երբ եկել ես
Միայն քեզ եմ ասում
Թե Սոհեյլն ինչ լավ բան արեց, որ
Ութերորդ դասարանից տուն վերադարձավ
Եվ այլևս ոչ մի քննություն չհանձնեց

114.
Հիմա երբ եկել ես
Պոետ դառնալու համար ուշ չէ
Դու բոլորին սիրում ես
Հովազին և թռչնակին
Կաքավին և անգղին
Եվ բոլոր բվերի գեղեցիկ աչքերը
Դու մեծ պոետ կդառնաս

115.
Հիմա երբ եկել ես
Պետք է մի քանի անգամ տեսնես այս թշվառներն
Իսկ ես մի քանի անգամ պետք է մնամ
«Բահման» մշակույթի տանը մինչև կեսգիշեր

116.
Հիմա երբ եկել ես
Մի մտածիր մրջյունների մասին
Նրանք անհանգիստ են
Անդադար գալիս ու գնում են

117.
Հիմա երբ եկել ես
Կրկին կհարցնենք միմյանց
Իսկ ձկների համար մենք ի՞նչ ենք արել
Որ այսքան ուռկան ենք նետում ջրի մեջ

118.
Հիմա երբ եկել ես
Այս հսկա բևեռային արջն
Ինչպե՞ս է այսքան ճամփա կտրել
Բարությունն ինչեր ասես, որ չի անում

119.
Հիմա երբ եկել ես
Մեզանից ոչ ոք չի հավատում որ
Հասան Հոսեյնիին տեսնելու համար
Պետք է ճնճղուկներին տեսնել

120.
Հիմա երբ եկել ես
Կասեմ որ շատ գեղեցիկ պատմություն է այն
Որ աղավնիներն իրենց կուտը գետնի վրա են կտցում
Սակայն երկնքում են պատասխան քննություն հանձնում

121.
Հիմա երբ եկել ես
Պատմիր կովերի մասին
Ո՞րն է գաղտնիքը
Ինչո՞ւ են այդքան բարի
Սակայն կոտոշներով

122.
Հիմա երբ եկել ես
Ես էլ կհավատամ որ
Բոլոր կենդանիները բարի են
Բոլոր մարդիկ բարի են
Այս կրակ վառողները վստահորեն կենդանիներ չեն

123.
Հիմա երբ եկել ես
Լաց մի լինիր
Մասուլեի[12] ճանապարհին կաղացող ձին
Մի կերպ քարշ գալով
Հասել է այստեղ

124.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում
Խեղճ գայլեր և աղվեսներ
Այդ հեքիաթ գրողներն
Ի~նչ են արել
Դաշտերի և ձորերի մեր
Լավ բարեկամների հետ

125.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում, որ
Եթե այս հրացանները չլինեն
Բոլորին էլ հաց կհասնի

126.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում
Ագռավները որքան գեղեցիկ են
Ինչո՞ւ ոչ ոք ագռավներին չի կերակրում

127.
Հիմա երբ եկել ես
Խիղճս հանգիստ է որ
Մեր տան շուրջ
Ոչ մի շուն կատու կամ թռչուն
Քաղցած չի մնա

128.
Հիմա երբ եկել ես
Միայն քեզ կասեմ որ
Այս չարաճճի այծիկը
Բոլոր հարևաններին տանջահար է արել
Ես քեզ ասում էի որ նա միայն լեռների և
Լեռներում բնակվողների հետ է հարմարվում

129.
Հիմա երբ եկել ես
Մտածում եմ այն մեղվի մասին որը
Քեզ խայթեց իսկ դու ծիծաղեցիր
Որքան գեղեցիկ է այս բարության ցավը

130.
Հիմա երբ եկել ես
Աշխատավարձս բարձրացել է
Բայց բալիկս
Ձկան պահածոն կատվին չեն տալիս
Իսկ դո՞ւ ինչ ես ուտելու

131.
Հիմա երբ եկել ես
Այլևս ոչինչ չեմ ուզում
Այլևս հարկադրված չեմ օրաթերթերը սերտել

132.
Հիմա երբ եկել ես
Որսորդներն ուրախ չեն
Դու բարի ես և
Ծարավ եղնիկը
Հեռանում է նրանց նշանակետից

133.
Հիմա երբ եկել ես
Որքան արագ է բաբախում
Այն ծեր ու ցնորված եղջերուի սիրտը
Որի ուսի մեջ նետ կա
Ե՞րբ ես գնալու նրան բուժելու

134.
Հիմա երբ եկել ես
Այս ծերացած ջորու համար էլ
Մի բան մտածիր
Ամաչում է տիրոջից
Սակայն այդ փտած սայլն այլևս նրա համար ծանր է
Ձեռքերն ու ոտքերը թուլացել են

135.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում, որ
Եթե ռնգեղջյուրները գրքեր գրեին
Նրանց բարությունը գաղտնի չէր մնա

136. Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում
Մենք միայն ծիծաղում ենք
Սակայն գորիլաներն էլ են իրենց ձագերին սիրում
Գորիլաներն էլ են երբեմն լաց լինում

137.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ հարցնում
Ինչո՞ւ ենք մենք ընդամենը քարկոծում
Անգամ այն գորտերին, որոնք
Իրենց հոգու երգն են երգում

138.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում« որ
Այս մեքենայի ազդանշանի ձայնը
Խախտել է տեղանքի հանգիստը
Երանի իմանայի որ
Այն գյուղում
Փողոցն անցնելու իրավունքը
Ավանակներինը կամ բադիկներինն է

139.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ գնալու կրկես
Որքան ծանր է
Այս առյուծի և վագրի պատմությունը
Առանց անտառի և լեռնային օդի

140.
Հիմա երբ եկել ես
Ռահմանդուսթին կասեմ, որ
Իր բանաստեղծություններում
Բոլոր կենդանիների հանդեպ զգույշ լինի
Ոչ մի կենդանի վատը չէ
Ոչ մի կենդանի թշնամիներ չի ճանաչում

141.
Հիմա երբ եկել ես
Դեռ ուշ չէ ընտրել
Սակայն չգիտեմ առաջինը ռնգեղջյուրին ընտրեմ
Թե աղավնուն

142.
Հիմա երբ եկել ես
Հիշիր որ
Այնտեղ որտեղ ես ծնվել եմ
Եվ ծառ կա
Եվ աղբյուր
Եվ մի այգի որ հորս հետ է ապրում

143.
Հիմա երբ եկել ես
Զարմանում եմ թե
Այն անլեզու գայլն ինչ է
Քեզ ճանաչո՞ւմ է որ
Հեռավոր անտառներից և
Ձյունառատ լեռներից
Քո անունն է կաղկանձում

144.
Հիմա երբ եկել ես
Տխրությունդ նույնն է
Հենց նույնը թե
Ինչո՞ւ հնդիկները
Փղերի վրայից չեն իջնում

145.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում որ
Վարազները մեղավոր չեն
Վարազները ոչինչ էլ չեն գողանում
Վարազներն ընդամենը կարտոՖիլ են ուտում

146.
Հիմա երբ եկել ես
Որքան հանգիստ են քնած
Քեզ համար անհանգստացող բոլոր եղնիկները
Լեռների ստորոտում

147.
Հիմա երբ եկել ես
Նայում եմ
Հեռավոր լեռների մոլորված եղջերուներին
Որոնք եկել և պատսպարվել են քո բարության ստվերի ներքո
Որսորդները պետք է ուրիշ մասնագիտություն փնտրեն

148.
Հիմա երբ եկել ես
Հաշեմի պողոտան մեզ է սպասում
Փոքր տնակների պողոտան
Մեծ սրտերի պողոտան

149.
Հիմա երբ եկել ես
Պատմիր
Արմավենիների մասին պատմիր
Դեռ լալի՞ս են

150.
Հիմա երբ եկել ես
Պատմիր այնտեղից
Անկասկած այնտեղ էլ շատ են
Ինչ – որ մեկին սպասողները

151.
Հիմա երբ եկել ես
Չգիտեմ, Քյարխեն[13] և Քարունը[14] Քեզ ինչ – որ բան ասե՞լ են
Այն կանաչ հանդերձներվ ճամփորդների մասին
Որոնք գիշերները երգում են իսկ
Արշալույսին անհետանում ծովերի այգու փողոցում

152.
Հիմա երբ եկել ես
Չգիտեմ խելագարության երկրից
Եղբայրներիս մասին հարցրե՞լ ես
Նրանց որ Քյարխեի և Քարունի հետ
Նավարկեցին և չվերադարձան

153.
Հիմա երբ եկել ես
Բոլորին կասեմ որ
Այնտեղ դեռ կան մարդիկ որոնք
Ապրում են Քյաթի[15] Քյարխեի
Եվ աղավնիների հետ

154.
Հիմա երբ եկել ես
Քեզանից եմ հարցնում
Հարավի գնացքներից դեռ
Լացի և վարդաջրի բո՞ւյր է գալիս

155.
Հիմա երբ եկել ես
Պատմիր
Պատմիր այնտեղից
Արդյոք Հուրօլազիմն[16] ու Հովեյզեն[17] Իրենց չասած բառերը
Չե՞ն արտասանել

156.
Հիմա երբ եկել ես
Ասա
Արդյոք ճանապարհի կեսին
Որևէ նշան կամ ոտնահետք չտեսա՞ր նրանցից
Ովքեր չվերադարձան
Մեզ միայն նրանց մասունքները հասան

157.
Հիմա երբ եկել ես
Ես քեզ հետ համաձայն եմ որ
Եթե հարավի ճամփորդներն ուշադիր նայեն
Կլսեն արմավենիների և սահմանների
Չարտասանած բառերը

158.
Հիմա երբ եկել ես
Դարձյալ չգիտեմ արևածաղիկը
Մեծ մա՞րդ է թե
Մեծ պոետ

159.
Հիմա երբ եկել ես
Երկուսս էլ նույն բանն ենք ասում
Սահմանները մենք չենք գծել
Մեք ընդամենը զինվորների համար լաց ենք եղել

160.
Հիմա երբ եկել ես
Ոչ ոքից նեղացած չեմ
Բոլորին բարևում եմ
Անգամ նրանց ովքեր չեն ընթերցում
Իմ բանաստեղծությունները

161.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում
Նիման ապրեց իր բանաստեղծություններում
Սակայն այնքան շատ են նրանք
Ովքեր բանաստեղծություն են գրում
Որպեսզի տուն կառուցեն

162.
Հիմա երբ եկել ես
Վիշտս քեզ կպատմեմ
Բանաստեղծներին մրցանակ են տալիս
Որպեսզի բանաստեղծությանը հրաժեշտ տան

163.
Հիմա երբ եկել ես
Ինձ մի հարցրու
Օմրանի թագավորության պատմությունից
Ես քեզ ոչինչ չեմ ասի
Ամեն բան չէ որ կարելի է ասել

164.
Հիմա երբ եկել ես
Բոլոր մոլորված տարիներից դեպի
Այն փոքրիկ քաղաքն եմ վերադառնում
Դեպի այն հինավուրց փողոցը
Դեպի այն ճմրթված նամակը

165.
Հիմա երբ եկել ես
Վերադառնում եմ դեպի այն հեռավոր տարիները
Դեպի այն հիշարժան հրապարակը
Որտեղ կանգնած է մեզանից մեկը
Իսկ մյուսը շտապում է
Ինչ – որ տեղ հասնել

166.
Հիմա երբ եկել ես
Հարցնում ես
Իսկ եթե Բուդդան այն նավավարին չտեսնե՞ր
Իսկ եթե մենք այդ նավավարին տեսնեի՞նք

167.
Հիմա երբ եկել ես
Նորից նույն բանն ես ասում
Ինչո՞ւ ենք մենք հենց այնպես սպանվում
Իսկ ե՞րբ է բացահայտվելու այս բոլոր առասպելներում գոյություն ունեցող
Թաքնված իրականությունը

168.
Հիմա երբ եկել ես
Ընդունիր որ
Գալիլեյը սպանվեց որ Երկիր մոլորակը պտտվի
Եվ այսպես կսպանվեն նաև ուրիշները« որպեսզի
Հավանաբար այն թաքուն
Իրականության բացահայտման համար

169.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում
Մեր միջև տարածությունն այնքան մեծ չէ
Մեր միջև ընդամենը մի աղավնի է« որը
Երկու բույն ունի

170.
Հիմա երբ եկել ես
Նստիր կողքիս և
Ժպտա
Այլևս ծերանալու ժամանակ չկա

171.
Հիմա երբ եկել ես
Ես էլ հենց դա եմ ասում
Աստված արարեց մեզ
Մեր ինքնասիրահարվածությունը
Սահմանները

172.
Հիմա երբ եկել ես
Մի անհանգստացիր
Սիրտս դեռ բաբախում է
Եղբայրդ էլ է պոետ
Այս ուղին անավարտ չի մնա

173.
Հիմա երբ եկել ես
Քեզ եմ հարցնում
Սա աշուրայի ո՞րերորդ տարին է և ինչո՞ւ է
Հենց այնպես նահատակվում
Այդ հզոր գաղտնիքը

174.
Հիմա երբ եկել ես
Երբեմն Զահիր-օլ-դավալե[19] կգնանք
Երբեմն էլ Գոլեստան[20] Չմոռանաս որ ճանապարհի կեսին
Մեզ է սպասում նաև Փարվինը[21]

175.
Հիմա երբ եկել ես
Ազատիր ինձ այս կտրոններից
Շաքարը ոչ ինձ է օգտակար
Ոչ էլ քեզ
Մենք միայն բարություն ենք ուզում

176.
Հիմա երբ եկել ես
Հանգստացրու ինձ
Մնալո՞ւ ես
Թե ես արդեն մտածեմ
Ձեռնափայտի և ակնոցի մասին

177.
Հիմա երբ եկել ես
Մտածում եմ փոքրիկ աղավնիների մասին
Որոնք առանց հատիկի մնացին և ծերացան
Փոքրիկ աղավնիներ որ
Ընդամենը ծերացան

178.
Հիմա երբ եկել ես
Ծիծաղում եմ և արտասվում
Այս գնացքի ճամփորդներից
Ոմանք ժամանել են
Ոմանք էլ մեկնելու են

179.
Հիմա երբ եկել ես
Քեզ համար ոչ վզնոց կգնեմ
Ոչ էլ ապարանջան
Դու երբեք վանդակներ չես սիրել

180.
Հիմա երբ եկել ես
Երկուսս էլ ուրախ ենք
Դեռ չեն կարողացել նրան գերազանցել
Այն սպիտակ անսանձ նժույգին
Ոչ մեքենա և ոչ էլ մահ

181.
Հիմա երբ եկել ես
Կվերադառնամ սակայն
Եվ ինչ որ մեկը կմնա աչքերիս մեջ

182.
Հիմա երբ եկել ես
Խանդավառվիր
Հենց այս սիրահարի հետ և
Այս չարաճճի մանկիկի

183.
Հիմա երբ եկել ես
Առաջվանն ես նույնն ես
Առանց ցանկապատի և առանց պատերի
Ինչպիսին անտառն է
Ինչպիսին գարունն է

184.
Հիմա երբ եկել ես
Բոլոր կորսված անուններդ գտել եմ
Բաց գույներով
Լուսավոր անուններ
Գոհար
Ցորեն
Վարդաջուր

185.
Հիմա երբ եկել ես
Ոչ լույս է վառվում
Ոչ էլ աստղ է փայլում
Զարմացած եմ այս լուսնի վրա
Ինչպե՞ս է նորել

186.
Հիմա երբ եկել ես
Փուչիկներ վաճառող այն տղան
Ամենուրեք գույներով է ներկել
Բոլոր փողոցներն ու պողոտաները
Բոլոր աչքերն ու տեսարանները

187.
Հիմա երբ եկել ես
Սիրտս ցավում է այն մոլորյալ աքսորվածի համար
Եթե մեր միջև ծով չլիներ
Կամ եթե խատուտիկը ծովը կտրեր ու անցներ…

188.
Հիմա երբ եկել ես
Բոլոր անձրևներին ընդառաջ
Քեզ տեսնելու եմ գալիս
Ինքդ ես ինձ սովորեցրել որ
Ծովին տեսության գնալու համար
Միայն սիրտ է հարկավոր
Եվ ուրիշ ոչինչ

189.
Հիմա երբ եկել ես
Առանց քո կողմից ինչ – որ բան հարցնելու
Առանց քեզ որևէ բան ասելու
Զիբան նստել է հենց այստեղ
Բոլոր անվերջանալի տարիների դիմաց

190.
Հիմա երբ եկել ես
Նորից նույն բանն ես հարցնում
Եվ ես կրկին պատասխանում եմ
Զիբան բոլոր այն պոետների ճակատագիրն է
Որոնք նորից են ծնվում

191.
Հիմա երբ եկել ես
Բավական է միայն այն երկու բառը որ
Եկել ես

[1] Խնկաբույր բույս, որը խափանում է չար աչքը

[2] Քաղաք Իրանի հարավում

[3] Քաղաք Իրանի հարավում

[4] Թեհրանի ճանաչված մշակույթի կենտրոններից մեկը

[5] Իրանական նովռուզի ժամանակ պատրաստվող ավանդական սեղան

[6] Իսլամի առաքյալներին

[7] Գետ Իրանում

[8] Գետ Իրանում

[9] Գյուղ Իրանի հարավում

[10] Իրանի հյուսիսային քաղաքներից

[11] Հովսեփ մարգարեն

[12] Գյուղ Իրանի հյուսիսում

[13] Գետ Իրանում

[14] Գետ Իրանում

[15] Քաղաք Իրանում

[16] Քաղաք Իրանում

Շարքի առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ

Թարգմանությունը պարսկերենից` Աշխեն Մակարյանի

Share Button

1 Կարծիք

  • Գրիշ Դավթյան says:

    Grish Davtian · University of London

    Այդ անսկիզբ ու անավարտ, անկապակից նախադասությունների կուտակումը, «Հիմա երբ եկել ես» նախադասության տակ, գեղարվեստական գրականության աննպատակ փորձարկում է թվում լինել, որ ձանձրույթ է առաջացնում: Իսկ յուրաքանչյուրը առանձին՝ ընդամենը շուտասելուկ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *