BBC Լավագույն ռադիոպիես | Սեդա Ստեփանյան

Սեդա Ստեփանյան

Հայ մասնակցի ռադիոպիեսը լավագույնների շարքում է միջազգային մրցույթում

Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 13 աշխատանքների ցանկում:
BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ աշխարհի տարբեր անկյուններից: Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում` անգլերենը որպես մայրենիով գրված ռադիոպիես և անգլերենը որպես օտար լեզվով գրված ռադիոպիես: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC-ի համաշխարհային ծառայությամբ:
«Այս տարի հատուկ այս մրցույթի համար գրել եմ «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը, որը հիմնված է մեծամասամբ իրական դեպքերի վրա և կյանքի ու սիրո մասին է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Պիեսը առանձնանում է այն բանով, որ ներկայացնում է հայկական սովորույթներն ու կյանքը փոքրիկ սահմանամերձ գյուղում»,-ասաց Սեդա Ստեփանյանը:
Սեդան ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը, այժմ պրակտիկա է անցնում Ազատություն ռադիոկայանում: Իսկ դեկտեմբերին Երևանի պետական կամերային թատրոնում Գոռ Մարգարյանը կբեմադրի նրա հեղինակած «Ստրիպտիզ» պիեսը:
BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *