Քո արվեստը դպրոցում | Տավուշի մարզի Ակնաղբյուրի հիմանական դպրոց

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ հյուրընկալվել ենք Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում: Դպրոցն անչափ գեղատեսիլ մի վայրում է՝ լռության ու խաղաղության մեջ, բարձր ծառերի հովանու ներքո:  Դպրոցի շենքային պայմանները, գոնե առաջին հայացքից, բավարար են դասապրոցես անցկացնելու համար: Սովորող  աշակերտների ընդհանուր քանակը 42 է: Աշակերտների հետ զրույցը սկսում եմ հարց ու պատասխանով, արդյոք  սիրո՞ւմ են գեղարվեստական գրականություն ընթերցել և ի՞նչ գրականություն են առհասարակ սիրում կարդալ: Լիլիան՝ ընկալունակ ու խելացի աչքերով աշակերտուհին, պատասխանում է, որ ընթերցել սիրում է, սակայն դպրոցական գրադարանում գրքերի ընտրության հնարավորությունը խիստ սահմանափակ է, բազմազանություն չկա. կարդում են այն, ինչ կա գրադարանում: Բնականաբար նոր հրատարակված գրքերը մարզկենտրոններից հեռու դպրոցներում փնտրելը գրեթե անմտություն է: Առաջարկում եմ՝ համացանցով ընթերցել, ասում է, որ դժվարանում է  էկրանից երկար կարդալ:

Դպրոցներ կատարած իմ այցերի ժամանակ մշտապես հետաքրքրվում եմ, թե արդյոք թարմացվում են գրադարանները, և զգալի մասում բացասական  պատասխան է հնչել: Ակնհայտ էր, որ Մշակույթի նախարարության պատվերով, պետաջակցությամբ տպագրվող և գնումների քաղաքականության միջոցով ձեռք բերվող գրքերի բաշխման մեխանիզմները թերի են կամ շատ ընտրովի: Հավանաբար գրքերը ուղղորդվում են միայն մարզային գրադարաններ, և շատ հազվադեպ դեպքերում են հասնում գյուղական դպրոցներ: Այնինչ, կարծում եմ, որ առաջին հերթին մեր հոգածության ներքո պետք է լինեն հենց հեռավոր մարզերի դպրոցական գրադարանները: Ակնաղբյուր գյուղը, օրինակ, մարզկենտրոն Իջևանի հետ կապող միակ տրանսպորտը օրը միայն մեկ անգամ է քաղաք հասնում, այն էլ՝ ոչ ամեն օր: Գյուղում ապրող երեխաները հնարավորություն չունեն մարզային գրադարան կամ գրախանութներ հասնելու:  Հեռու՝ մարզկենտրոններից կտրված նման վայրերում, դպրոցը միակ մշակութային օջախն է, և անհրաժեշտություն կա հենց դպրոցին համապատասխան գրականություն հատկացնել: Եվ այս հարցը պետք է լինի մեր բոլորի ուշադրության ու հոգածության թիրախում:  Սեփական բյուջեով այս դպրոցները գրականություն գնել չեն կարող. սակավ ֆինանսավորում ունեն աշակերտների քիչ քանակ ունենալու պատճառով:
Հավանաբար անհրաժեշտություն կա, որ Մշակույթի նախարարություն ու  Ազգային գրադարանը նոր, կոնկրետ հասցեական ուղղվածությամբ մեխանիզմներ մշակեն՝ գրքերը գյուղական դպրոցների գրադարաններ հասցնելու համար:

Ես կարծում եմ, որ անկախ բնակության վայրից, բոլորն ունեն որակյալ ուսում ստանալու, գիրք ընթերցելու իրավունք. հավասար պայմանների ապահովումն ամենակարևոր ու հիմնարար սկզբունքներից մեկը պետք է լինի նաև գրքերի բաշխման գործընթացն իրականացնելիս: Համաշխարհային գրականության թարգմանություններն ու ժամանակակից հայ գրականությունը պետք է հասանելի լինեն նաև գյուղական դպրոցներին:
Եվ, այո,  այսօրվա իմ գրառումը ոչ թե դասի վերլուծություն է, այլ շատ կարևոր խնդրի բարձրաձայնում՝ բոլոր մարզային, գյուղական դպրոցների անունից. դպրոցական գրադարանները նոր գրքերով համալրելու լուրջ հրամայական ունեն:

 

Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտՀայաստան՝ սա իմ երկիրն էՍիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *