Անահիտ Աղոյան | «25»


25-ում մտքերդ հասուն են։
Սուտ։ Երբեք հասուն չես եղել ու չես լինի, ամեն տարիք անհասուն է, իսկ երբ հասունանում ես՝ գալիս է հաջորդը, ու այսպիսով դու երբեք էլ չես հասցնի հասունանալ ու երևի թե այդպես էլ կկնքես քո մահկանացուն։
Բայց ես այդքան չար ծյոծյա չեմ, այնպես որ երեխաներ հավաքվե՛ք, խոսելու բան կա։
Հասցնելու մասին երևի մի առանձին էսսե կգրեի, բայց այսօրվա հերոսը տարիքն է՝ քսանհինգը։
Իմ սերունդը տարօրինակ է, ընդունում եմ։
Բոլորի կողմից «սիրված» GEN Z-ն։
Այս տարի բոլոր 2001 թվականին ծնված չքնաղ էակները կդառնան կամ արդեն դարձել են 25 տարեկան և հպարտությամբ կկարողանան հայտարարել, որ նրանց նախաճակատային կեղևը վերջապես լիովին զարգացավ։ Ուռա՜ բարեկամներ, ուռա՜։ Հիմա մեր ուղեղը արդեն ձևավորված է և պատրաստ է մի կողմ նետելու պուբերտատյան անգստը՝ տեղ ազատելով հանգստության, ազատության, ինքնավստահության, կանոնավորության ու կյանքի հստակ ծրագրերի և նպատակների համար։
Հավատացի՞ք։
Ոչ իհարկե։ Մենք՝ 25 տարեկաններս, ցավոք ստացանք վահանաձև գեղձի խնդիրներ, հոգեբանական մի շարք տրավմաներ, էս ամեն ինչին գումարենք, որ մեզնից շատերը երբեք չեն եղել հարաբերություններում ու չեն էլ հասկանում, թե ինչ են ընդհանրապես ցանկանում իրենց երկրորդ կեսից։ Մեզ խեղդում են անտերի մնացած անհաջողակի համախտանիշները, անվերջ սթրեսն ու ավելին անելու վազքը, տոքսիկ պրոդուկտիվությունն, իսկ տիկտոկի ու ինստագրամի երեսից իմ քսանհինգամյա ընկերները ցավոք կորցրել են կենտրոնանալու կարողությունը։
Տխրո՞ւմ եմ։
Հա, բայց կարևորը մոռացա նշեմ. արհեստական բանականության երեսից աշխատանք գտնելը գնալով դառնում է գիտաֆանտաստիկ ֆիլմի ժանրից։
Ստորագրե՛ք սրա տակ կամ ուղղակի լոլիկներ նետե՛ք ինձ վրա, եթե ես սխալվում եմ։ (Եթե կարողանաք Անահիտ սորտի լոլիկ գտնել՝ ձեր ճակատն էլ կպաչեմ, շնորհակալ եմ գլոբալիստներին Հայասատանի բանջարեղենաբոստանային կուլտուրաների քայքայման համար):
Չեմ փորձի լինել Քերի Բրեդշոու, քանի որ 25-ում միայն բացահայտեցի թե ինչ տոքսիկ ա մեր Նյու Յորքի արքայադուստրն իրականում, ու ինչքան բան կա նրանից Չ-սովորելու։ Փոխարենը՝ կփորձեմ լինել անդեմ մի ընկեր, որը ապրում է խառը կյանք, հիմա Մյունխենում է, օրական խմում է միայն մեկ հայկական սև սուրճ, քանի որ ափսոսում է, փորձում է համատեղել մագիստրատուրան ու կարիերան, ԱՂՋԿՈՒԹՅՈՒՆ փոդքաստն ու դեբյուտային վեպը վերջապես ավարտելը, առողջ սնվելն ու երբեմն ի հայտ եկող ակնեի դեմ պայքարը, ու․․․ապրե՞լը։
Ապրո՞ւմ ենք 25-ում։
Երևի ապրում ենք, բայց 25-ից հետո լիքը բան փոխվում է։ Նախ՝ բոլորը կա՛մ զուգընկեր ունեն, կա՛մ ամուսնանում են, կա՛մ էլ հղի են։ Արդյո՞ք ես պատրաստ էի մորքուրի տիտողսին․․․ոչ, արդյո՞ք դեռ նեղվում եմ, որ ավտոբուսում մեկ անգամ երիտասարդ մայրիկին տեղս զիջելուց հետո լսեցի․ «Բալես գնա ես ծյոծյաի տեղը նստի»։
Ամենևին։
(Նեղվել եմ, բա ինչ եմ արել։)
Գիտեք, 25-ը ծայրահեղությունների սուր բույր ունի, որը միայն ավտոբուսի միջադեպից չզգացի, այլ ընդհանրապես շուրջս նայելով։ Այ նայում եմ շուրջս ու բոլորը կա՛մ կատարյալ են, կա՛մ կտրականապես մոլորված։ Կատարյալների մասսան ունի հստակ տեսք, որի որոշ մասնիկներ փորձում են իրենց կյանքում ավելացնել նաև կտրականապես մոլորվածները։ Օրինակ՝ կատարյալ շպար ու դեմք, կատարյալ կոստյումներ ու կատարյալ արդուկված վերնաշապիկներ, նիշային զարդեր, ետ լիզված պոչ, որն ինստագրամյան նկարներում ճիշտ ֆոնի և լույսի տակ ստեղծում է ուրբանիստական մի էստետիկա, և 25-ը տոնող լայն 28-ատամյա ժպիտ, որի ետևում վայ թե ինչքան ցավ ու տառապանք եմ տեսնում։
Ցավերի մասին խոսեցի ու հիշեցի։ Հիշո՞ւմ եք, երբ ինը տարեկան էինք ու կյանքի հոգսերը դեռ չէին հասել մեր ամպային դղյակներ, մեր ոսկրերը ցավում էին, որովհետև մեր կյանքի միակ նպատակը աճելն էր։ 25-ին հասնելիս այդ «ցավերը» չեն անցնում, փոխարենը՝ վերափոխվում են պայքարի ցավերի։ Ամեն քայլ, ամեն աջ կամ ձախ շրջադարձ իր հետ բերում է ցավ ու երևի ձախողում։ Կշտապեմ հանգստացնել․ 25-ի ցավերը նույնպես օգնում են աճել։ Որքան ցավ ունես՝ այդքան աճել ես։
Ցավոք անցավ չանցավ (ասեք որ էս պահը լավ եմ բռնացրել), նաև իմ ուղին դեպի 25-ը։ Ձախողումներ, մերժումներ, հոգեբանական բարդ ու խառը ապրումներ, որտեղ քեզ 2000-ականների ռոմկոմի կամ coming of age վեպի հերոս ես զգում, à la Հոլդեն Քոլֆիլդ, որ հիմա հասել է այդ ոսկեգույն ու թվում է՝ բաղձալի 25-ին, պատրաստ է արդեն կանգնել այդ տարեկանի դաշտում ու բռնել դեռ ուղին չհատածներին։
Կցանկանյի՞ սակայն որ ինձ բռնեին ու ես մնայի այդ ամպերում․․․իհարկե ոչ։
Այդ իսկ պատճառով ցանկանում եմ առաջ բերել 3 ուսմունք, որի զոհերն ենք դարձել մենք՝ 25-ամյաներս ու որոնց հետևելու կամ չհետևելու իրավունքը տալիս եմ բոլոր ճստոներին։
Ոսմունք առաջինը հետևյալն է․ «Մինչև 25-ը արա՛»։ Մինչև 25-ը մեզ սովորեցնում են, որ ձախողվելը կամ սխալվելը ճիշտ է։ Արա՛ այն ինչ սիրտդ ուզում է, ձախողվի՛ր, սխալվի՛ր, ցեխոտվի՛ր ու վերջապես ստացի՛ր այդ վարորդական իրավունքը։ Իսկ հետո, երբ 25-դ գա հասնի՝ լրջացի՛ր։ Համ էլ ուղեղդ վերջապես ամբողջական է, այնպես որ փախչելու տեղ չունես, իսկ պատանեկական անգստիդ մասին արդեն վաղուց մոռացի՛ր։
Ուսմունք երկու՝ «Գտիր քեզ»-ը։ Մինչև 37-ը ձգվող արտահայտություն, որը հիշեցնեմ՝ օգտագործում են վերոնշյալ կտրականապես մոլորվածները։ Բայց էսպես որ կարդում եմ, ոնց որ Քերի Բրեդշոուին եմ հա նմանվում․․․իմ էս վարդագույն փոմփոն-գրիչով, որով հիմա էս ամեն ինչը խզբզում եմ։ Ինչևիցե, էդ «գտիր քեզ»-ը ասում են սկսվում է 18-ի երկրորդ քառորդից ու ըստ օրենքի պետք է ավարտվի 25-ին 7 պակաս, երբ տորթիդ մոմերը վախեցած վառվում են՝ այրելով քո կողմից, կամ երևի բնության, կամայական սահմանված վերջնաժամկետը, որը դու քո սեփական պրոկրաստինացիայով էլ հենց բաց թողեցիր։
Եվ վերջապես ուսմունք երեք՝ «Կյանքի քառորդի ճգնաժամը»։ Տերմին, որը վերջերս շատ հաճախ եմ հանդիպում սոցիալական հարթակներում, հատկապես արևմտյան, որը կարծես թե առաջացել է հենց իմ 2001-ականներին ծնվածների համար, և փորձում է «պատրաստել» մեզ միջին տարիքի ճգնաժամին։ Երանի թե ճգնաժամերը միայն ֆինանասական աշխարհում լինեին, բայց ցավոք մենք՝ մարդկային ցեղի էակներս, պատրաստ ենք հնարել մի նոր տերմին ամեն փոքրիկ ու մանր երևույթի համար։
Եվ հիմա կյանքի քառորդի ճգնաժամը իր հետ բերում է թերևս մի ուլունքաշար, այնպես որ եկե՛ք բոլորովս նստենք ու տեսնենք, թե ով ինչից ունի։
Անորոշություն, ապագայի հանդեպ վախ, գերճնշվածություն, ինքնակոչի համախտանիշ, տագնապ ու կրթական լճացում, դժվարություններ կարիերայում, բա որ մոլորակը պայթի։
Վերջինը ինձ մոտ տարօրինակորեն հաճախ է հանդիպում, նույնիսկ չգիտեմ թե ինչու։
25․․․տարիք, երբ պինդ ու անփոփոխ թվացող կառույցները, որոնք մեր շուրջ աճել էին կարող են մեկ ակնթարթում քանդվել, իսկ մեր կայացրած ընտրություններն ու որոշումները առաջին անգամ պինդ են ու․․․արդեն վերջնական։ Ու վերջնական են ոչ թե այն պատճառով, որ մենք ենք հանկարծակի այնքան հասուն, որ կարող ենք միշտ ճիշտ որոշումներ կայացնել, այլ միայն հասարակության ակնկալիքների պատճառով։ Թվում է՝ դարձար 25, ուրեմն բարի եղի՛ր լուծել երկրագնդի բոլոր խնդիրները, կամ եթե այդքանը չես կարող, ապա հստակ որոշի՛ր, թե քո խղճուկ առօրյայում, որ տեսակի մակարոնեղենն ես նախընտրանում։ Սպագետտին ընտրողներին՝ տալիս եմ մեկ միավոր։
Գիտեք, մեր 25 տարեկանները ժառանգել են հետ-սովետական մի հստակ անհանգստություն, որը միևնույն ժամանակ ճնշվում է արևմուտքից եկող Gen Z-յան ակնկալիքների կողմից։ Կոչենք սա երկակի ժառանգությո՞ւն․․․երևի թե այո։ Մեր ծնողները ունեին հստակ պատկեր, թե ինչպիսի տեսք պետք է ունենա մեր հասուն տարիքը, Gen Z-յանը սակայն փոխվում է ալգորիթմներին զուգընթաց, ցավոք անկանգ ու շատ վառ գույներով։
Ու 25-ում դու հանկարծ նկատում ես, որ այն տարբերությունները, որոնք քեզ «թվում էր» չկային քո ու քո ընկերների միջև, հանկարծակի իրական են դառնում։ Այ օրինակ այն, որ 25-ում բոլորը շատ հանկարծ կարիերա ունեն։ Որտե՞ղից գտավ նա, կամ նա, կամ այս, կամ այն, կամ այն պրակտիկան, ու որ ամենակարևորն է․ «Ինչպե՞ս հասցրեց աշխատանքի անցնել»։ Ու այդ երկակի ժառանգության խնդրում, հենց մեր պասիվ ագրեսիվ հետ-սովետական մտքերն են, պասիֆիստ Gen Z-իի ապրելաոճը ու անվերջ ցուցադրումը, որ դու կարող ես ամեն ինչ։
Ամեն ինչ։ Չնայած, դա ուղղակի ներկայացում է։ Ներկայացում է նաև այն քաոսը, որը մենք 25-ում դեռ անվերջ փորձում ենք կարգավորել սոցիալական ցանցերում գեղեցիկ պատկերներ հրապարակելով ու ցավոք հենց այդ պատկերների պատճառով ինքնախարազանվելով։
Հայաստանում 25-ը Ջեյն Օստինյան դրամայի կանաչ պաստառների, ժամը 5-յան Էռլ Գրեյի ու մի հատ անգլիական չոլում տարեկան 15․000 ֆունտ ստեռլինգ եկամուտ ունեցող ջենթլմենի մասին երկխոսությունների երանգ է ստանում։ Բամբասանք կամ Spill the Tea։ Ով որքա՛ն է վաստակում, ով ո՛ւր ճամփորդեց, ով ի՛նչ մեքենա գնեց, ով ե՛րբ բնակարանի վարկ ստացավ։
Քանի՞ տարեկանից սկսեցինք այդքան հոգ տանել, թե ով ինչ արեց։
Ե՞րբ կոտրվեց կյանքի պարզ երջանկությունը։
Ե՞րբ դադարեցինք ուղղակի լինել։
Ե՞րբ ամեն բան այսքան լրջացավ ու ե՞րբ սկսեցինք վախենալ պարզ ու ձանձրալի թվալուց։
Ո՞ր պահից սկսեցինք վախենալ ծերանալուց։ Ու ես ի նկատի չունեմ կնճիռները, մենք վախենում ենք չհասցնելուց։ Վախենում ենք մեր կատարյալ ես-ին չհասնելուց, չնայած գիտենք, որ ոչ թե մենք ենք վախենում, այլ մեր ներքին ես-ը։
Ես կարծում եմ, որ այսօր 25 լինելը ավելի բարդ է, քան 25 տարի առաջ՝ 2001 թվականին։ Այսօր 25-ում դու դառնում ես պատասխանատու մի կյանքի համար, որ ավելի արագ է զարգանում, քան դու ինքդ։ Իմ սերունդը տեսավ ամեն ինչ, ապրեց ամեն ինչ՝ պանդեմիայից մինչև պատերազմ․․․Ախ հա էս վերջինը։ Իմ շատ հասակակիցներ 25-ին նույնիսկ չհասան։ Շատերին չեմ էլ ճանաչել, բայց գիտեմ, որ եթե կարողանայի, ապա կբռնեի նրանց այդ տարեկանի դաշտում ու կասեի, որ անհողդողդ քայլեն․․․
Իսկ մենք 25-ում դեռ խաղում ենք չափահասի դերը։ Լիքը անավարտ երազանքներով ու նպատակներով, մինչ ինքնուրույնությունդ ծովի ալիքների պես ալեկոծվում է քո շուրջը։
25-ում լրջությունը կախվում է գլխիդ վերևում ինչպես Դամոկլյան սուրը, ու գուցե խոսքերիդ սուր ու դիպուկ աղեղները վախեցնեն քեզ՝ գլխատվելու նուրբ սպառնալիքներով, բայց հենց 25-ում պիտի չկանգնես։
25-ում դու և՛ հասել ես, և՛ դեռ ուշանում ես։
Բայց երևի միշտ էլ այդպես է եղել։
Բոլոր տարիքներում։

Xoxo
Ձեր Անահիտ

Նշանաբառ՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով