ԻՆՔՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ | Անդրեյ Տարկովսկին իր մասին

Անդրեյ Տարկովսկի

Մանկությունս ես լավ եմ հիշում: Դա ինձ համար ամենակարևորն է` կյանքիս ամենակարևոր տարիները:
Մանկական տպավորություններն ինձ համար ամենանշանակալիցն են հետագա, չափահաս ժամանակների համար, երբ հասունանում ես …
Ես ապրում էի մորս, տատիկիս, քրոջս հետ: Ընտանիք առանց տղամարդու: Դա էականորեն ազդեց իմ բնավորության վրա …
Տուն: Իմ մանկության տունը փոքրիկ ագարակ էր` Մոսկվայից 90-100 կիլոմետր հեռավորության վրա, Իգնատևո գյուղից ոչ հեռու, որտեղ պատերազմից առաջ մենք մի քանի տարի ապրեցինք` 35-ին, 36-ին, 37-ին …
Դժվար ժամանակներ էին: Ես միշտ զգում էի հորս պակասը: Երբ հայրս լքեց մեր ընտանիքը, ես երեք տարեկան էի: Կյանքն արտասովոր դժվար էր բոլոր իմաստներով: Եվ այնուամենայնիվ, ես շատ բան եմ ստացել կյանքում: Լավագույնի համար, ինչ ես ունեմ կյանքում, այն, որ ես ռեժիսոր դարձա, այդ ամենի համար ես մորս եմ պարտական: Չնայած այն սարսափելի վիճակին, որում մենք գտնվում էինք, մայրս ինձ երաժշտական դպրոց (դաշնամուր), գեղարվեստական դպրոց ուղարկեց: Այժմ ես բնավ չեմ հասկանում, թե ինչպես կարող էր մայրս հասնել դրան: Քանի որ դրա համար ոչ մի պայման չկար:
Ժամանակին ես շատ դժվար պահ եմ ապրել: Մի խոսքով, երիտասարդ լինելով` ես վատ շրջապատ էի ընկել: Մայրս ինձ շատ յուրօրինակ ձևով փրկեց. նա ինձ երկրաբանական խմբակում տեղավորեց: Ես այնտեղ հավաքիչ էի աշխատում, համարյա բանվոր` տայգայում, Սիբիրում: Եվ դա իմ կյանքի լավագույն հիշողություններից մեկը մնաց: Այդ ժամանակ ես 20 տարեկան էի …
Ինձ հարցնում են, թե չեմ զղջացել, արդյոք, որ երաժիշտ, դիրիժոր (ես կուզեի դիրիժոր լինել) կամ նկարիչ չեմ դարձել: Այո´, հիմա փոշմանում եմ: Ինձ թվում է, որ երաժշտությամբ զբաղվելն ինձ համար ավելի հեշտ կլիներ: Բայց մանկության տարիներին ես չէի ուզում լինել ո´չ երաժիշտ, ո´չ նկարիչ: Ո´չ: Մանուկ ժամանակ ես բավականին բուսական կենսակերպ էի վարում: Քիչ էի մտածում: Ավելի շատ զգում էի և ինչ-որ կերպ ընկալում: Մանկությունը միշտ հիասքանչ է. ինչպիսին էլ որ լինի մեզ համար` վատ կամ լավ, այն մեզ համար միշտ մնում է ամենաերջանիկ ժամանակահատվածը:
Ինձ համար, իհարկե, մեծ դեր է խաղացել այն, որ հայրս պոետ է: Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել թե´ իր պոեզիան, թե´ ռուսական գրականության, արվեստի մասին նրա հայացքները: Իմ հայրն այսօր, իհարկե, ամենամեծ ռուս պոետն է: Անկասկած` վիթխարի հոգևոր պաշարով: Պոետ, ում համար ամենից կարևորը կյանքի իր ներքին հոգևոր ըմբռնումն է: Նա երբեք ոչինչ չի գրել փառաբանվելու համար: Կար ժամանակ, որ Արսենի Ալեքսանդրովիչ Տարկովսկու բանաստեղծությունները չէին տպագրվում. այդ ժամանակ Ժդանովն էր հետևում մշակույթի վիճակին: Բոլորովին վերջերս հորս բանաստեղծությունները սկսեցին տպագրվել …
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոն: Շատերը, որ կինեմատոգրաֆի Ինստիտուտ էին գնում, արդեն գիտեին կինոն ինչ է: Ինձ համար դա առեղծված էր: Ավելին, երբ կինեմատոգրաֆիական ինստիտուտն ավարտեցի, արդեն ընդհանրապես չգիտեի, թե ինչ է կինոն. ես դա չէի զգում: Իմ կոչումն այդտեղ չէի տեսնում: Զգում էի, որ ինձ ինչ-որ մասնագիտություն են սովորեցրել, հասկանում էի, որ ինչ-որ գաղտնիք կա այդ մասնագիտության մեջ: Բայց որ կինոյի օգնությամբ մոտենալ պոեզիային, երաժշտությանը, գրականությանը … ինձ մոտ այդօրինակ զգացողություն չկար: Չկար: Ես սկսեցի նկարահանել «Իվանի մանկությունը» ֆիլմը և, ըստ էության, չգիտեի, թե ինչ է ռեժիսորությունը: Դա պոեզիայի հետ հարաբերվելու փնտրտուք էր: Այդ ֆիլմից հետո ես զգացի, որ կինոյի միջոցով կարելի է առնչվել հոգևոր ինչ-որ նախասկզբի հետ: Այդ պատճառով «Իվանի մանկության» փորձն ինձ համար բացառիկ կարևոր էր: Մինչ այդ ես բոլորովին չգիտեի` ինչ է կինոն: Ինձ հիմա էլ է թվում, որ դա մեծ գաղտնիք է: Ասենք` ինչպես յուրաքանչյուր արվեստ: Միայն «Նոստալգիա»-ում ես զգացի, որ կինոն ի վիճակի է մեծապես արտահայտել հեղինակի հոգեկան վիճակը: Առաջ չէի ենթադրում, որ դա հնարավոր է …
Վերջին ժամանակներում կինոյում ես առավել պարզության էի ձգտում: Ինձ թվում է, որ «Ստալկեր»-ում, «Նոստալգիա»-ում ես հասել եմ կառուցողական ինչ-որ ճգնավորության: Ինձ միշտ թվում էր, որ պարզությունն այն է, ինչին ստեղծագործողը պետք է ձգտի, քանզի գեղարվեստական պատկերի սկզբունքն հենց այն է, որ նյութական իմաստով սահմանափակի միջոցով մենք արտահայտում ենք անվերջի անսահմանափակ խնդիրը: Հենց այդ պատճառով էլ ես ձգտում եմ պարզության և ճգնավորության …
Ինձ շատ ավելի հաճելի է միկրո, քան թե մակրոաշխարհը: Օրինակ, ես սահմանափակ տարածություն եմ սիրում: Ինձ շատ է դուր գալիս տարածության նկատմամբ ճապոնացիների վերաբերմունքը, փոքրիկ տարածության մեջ անվերջության արտահայտություն գտնելու նրանց հմտությունը … Ջուրն էլ ինձ համար արտացոլանք է: Բայց ոչ միայն: Գուցե դա ինչ-որ վաղեմի հիշողություն է: Ջուրը, գետակը, վտակը ինձ շատ բան են ասում …
Ինձ համար` որպես ռեժիսորի, շատ կարևոր են Դովժենկոյի փորձն ու ֆիլմերը: Շատ: Իմ ուսուցիչը Միխայիլ Ռոմմն է եղել: Ուսուցիչն ուսուցիչ է: Մարդ, որ վեց տարի ինստիտուտում ինձ սովորեցրել է: Բայց ամենագլխավորը` նա ինձ սովորեցրել է հավատարիմ լինել ինքս ինձ: Ես դա պարտավոր եմ ասել, երբ խոսում եմ իմ ուսուցիչ Ռոմմի մասին …
Կինոն, թերևս, արվեստներից ամենադժբախտն է: Կինոյից օգտվում են այնպես, ինչպես մաստակից, ինչպես ծխախոտից, իրերից, որոնք գնում են: Դրա համար ընդունված է համարել. որպեսզի ֆիլմը լավը լինի, այն պետք է վաճառվի: Եթե մենք մտածում ենք կինոյի մասին որպես արվեստի, այդ մոտեցումն անհեթեթ է: Ես ինձ չեմ դասում ռեժիսորների թվին, ովքեր կհպարտանային կոմերցիոն հաջողությամբ: Բայց ես չեմ գանգատվում իմ ճակատագրից: Դա միայն սկզբում էր` կինոյի առաջացումից հետո, որ հանդիսատեսը հետաքրքրությամբ էր դիմավորում յուրաքանչյուր նոր ֆիլմ: Այսօր մենք չենք կարող համարել, որ միլիոնավոր հանդիսատեսներ միայն լավ ֆիլմ կդիտեն: Չափազանց դժվար է մտնել հանդիսատեսի մաշկի մեջ, ֆիլմը նրա աչքերով դիտել: Ինձ թվում է, որ դա պետք էլ չէ: Ռեժիսորի համար դեպի հանդիսատես միակ ուղին` լինել այնպիսին, ինչպիսին կաս:
Ես ոչ այնքան մտածում եմ իրականության մասին, որքան փորձում եմ զգալ այն. ես դրան վերաբերվում եմ ինչպես կենդանին, ինչպես երեխան …
Ինձ թվում է, որ ես բավականաչափ ինձ չեմ սիրում: Նա, ով բավականաչափ չի սիրում ինքն իրեն, չգիտի իր գոյության նպատակը, ըստ իս, չի կարող ուրիշներին սիրել: Եվ ինձ թվում է, որ ինքս ինձ բավականաչափ չեմ սիրում և, հետևաբար, բավականաչափ չեմ սիրում ինձ շրջապատողներին: Ես շատ լուրջ մի թերություն ունեմ` անհամբերությունը: Ես անընդհատ ուզում եմ ազատվել դրանից, բայց վախենամ, որ դա ինձ չի հաջողվի: Ինձ պակասում է համբերությունը, որը գալիս է հասունացման հետ: Ես դրանից շատ եմ տառապում և մտածում եմ, որ հենց դա ինձ թույլ չի տալիս մեծ համակրանքով վերաբերվել մարդկանց: Ես հոգնել եմ մարդկանցից …
Ես կենսուրախ մարդ չեմ: Հիմա շատ ծիծաղելու ժամանակը չէ` ըստ իս: Ծիծաղելն ինձ դուր չի գալիս: Եթե հանկարծ սկսում եմ ծիծաղել, անմիջապես սկսում եմ վերահսկել ինձ և զգում եմ, որ տեղին չեմ ծիծաղում:
Ես ինձ բոլորովին դուր չեմ գալիս: Ինձնից դժգոհությունն օգնում է ինձ հեռանալ ինքս ինձնից և ուժեր փնտրել ոչ միայն ինձանում, այլև նրանում, ինչ ինձ շրջապատում է, ինչը վեր է ինձնից …
Ինձ համար դժվար է կնոջ ներաշխարհը պատկերացնել, բայց ինձ թվում է, որ այն պետք է կապված լինի տղամարդու աշխարհի հետ: Միայնակ կին. դա նորմալ չէ: Եթե կնոջ աշխարհը մեկուսացած է տղամարդու աշխարհից, նշանակում է նրանց միջև ոչ մի ընդհանրություն չկա: Եթե աշխարհն ընդհանուր չի դառնում, հարաբերություններն անհույս են: Իսկական հարաբերությունները փոխում են ողջ ներաշխարհը, այլապես ընդհանրապես անհասկանալի է, թե ինչի համար է այդ ամենը: Ես համոզված եմ, որ ամեն դեպքում կնոջ ներաշխարհը կախված է զգացմունքներից, որոնք նա տածում է տղամարդու նկատմամբ, քանի որ կնոջ զգացմունքը համապարփակ է: Նա սիրո խորհրդանիշն է, իսկ սերը, ըստ իս, բոլոր իմաստներով բարձրագույնն է երկրի վրա մարդու ունեցածներից …
Ես շատ եմ սիրում իմ երկիրը, բնավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դրանից դուրս երկար ապրել:
Ես չափազանց սիրում եմ գյուղը, որտեղ ապրել եմ, որը համարում եմ իմ հայրենիքը: Չգիտեմ ինչու, բայց իմ գյուղը ես ավելի շատ եմ սիրում, քան Մոսկվան, որտեղ շատ երկար եմ ապրել: Գիտեմ, որ կուզեի բնության մեջ ապրել, բնությանը մոտ: Այն, որ մարդիկ ստիպված են մեծ քաղաքներում ապրել, մեր քաղաքակրթության զարգացման հետևանք է, բայց ինձ թվում է, որ մարդկությունն ի սկզբանե շատ սխալներ է թույլ տվել …
Ինձ համար շատ կարևոր ևս մեկ թեմա է փորձը: Չի կարելի օգտվել մեր հայրերի փորձից: Դա շատ հեշտ կլիներ: Հնարավոր չէ քո փորձը ուրիշին փոխանցել: Եվ հնարավոր չէ մարդուն ստիպել զգալ այլ կերպ, քան նա զգում է: Նա պետք է իր կյանքով ապրի:
Նախևառաջ, հարկ է պատկերացնել, թե ինչ է արվեստը: Ծառայու՞մ է այն մարդու հոգևոր զարգացմանը, թե՞ դա գայթակղություն է. այն, ինչ ռուսերենում կոչվում է «թովչանք» (ռուս.` прелесть): Դժվար է գլուխ հանել: Տոլստոյը համարում էր, որ մարդկանց ծառայելու անձերի վեհ նպատակների համար պետք չէ դրանով զբաղվել, այլ պետք է ինքնակատարելագործումով զբաղվել …
Արվեստի հայեցակարգ կառուցելու համար հարկ է, նախևառաջ, առավել կարևոր և ընդհանուր հարցի պատասխանել. «Ո՞րն է մեր գոյության իմաստը»: Ըստ իս` այստեղ` երկրի վրա մեր գոյության իմաստը հոգևոր առումով վեհանալն է: Իսկ դա նշանակում է, որ արվեստն էլ դրան պետք է ծառայի …
Եթե ես ինչ-որ ուրիշ սկզբունք հորինեի, արվեստի հայեցակարգն էլ պետք է այլ կերպ դիտարկեի: Բայց քանի որ մեր գոյության իմաստը ես հենց այդ կերպ եմ սահմանում, հավատում եմ, որ արվեստը պետք է նպաստի մարդու հոգևոր զարգացմանը: Արվեստը պետք է մարդուն օգնի հոգևոր առումով փոխվել, զարգանալ …
Այսպիսի տեսակետ կար. արվեստը նույնչափ ճանաչողական է, որչափ մեր մոլորակի բոլոր այլ (մտավոր, հոգևոր) կյանքի ձևերը: Գիտելիքն ավելի ու ավելի է շեղում գլխավոր նպատակից, հիմնական մտքից: Որքան շատ գիտենք, այնքան քիչ գիտենք: Եթե, օրինակ, խորանում ենք, դա մեզ խանգարում է լայնորեն տեսնել: Արվեստը մարդուն պետք է հոգևոր ճախրանքի, իրենից վեր բարձրանալու համար` օգտագործելով սեփական կամքը …
Ստեղծագործողը մշտապես ճնշման, ինչ-որ ճառագայթման է ենթարկվում: Մտածում եմ, որ ստեղծագործողը կատարյալ պայմաններում պարզապես չէր կարող աշխատել: Նա օդային տարածություն չէր ունենա: Ստեղծագործողն ինչ-որ ճնշում պետք է զգա: Ես չգիտեմ, թե հատկապես ինչպիսի, բայց պետք է: Եթե աշխարհը կարգին է, ներդաշնակ է, այն արվեստի կարիք չունի: Կարելի է ասել, որ արվեստը գոյություն ունի լոկ այն պատճառով, որ աշխահը վատ է կառուցված:
Յուրաքանչյուր ստեղծագործող յուրաքանչյուր ժանրում, նախևառաջ, ձգտում է արտահայտել մարդու ներաշխարհը: Ես անսպասելիորեն ինձ համար բացահայտեցի, որ այս տարիներին զբաղվել եմ միևնույն բանով. փորձել եմ պատմել մարդու ներքին կոնֆլիկտի մասին` ոգու և նյութի միջև եղած, հոգևոր պահանջների և այս նյութական աշխարհում գոյատևելու անհրաժեշտության միջև կոնֆլիկտի: Այդ կոնֆլիկտն ամենակարևորն է, որովհետև այն ծնում է ամեն ինչ, բոլոր խնդիրները, որ ունենում ենք մեր կյանքի ընթացքում …
Ինձ թվում է, որ կարող ենք ասել, որ պատմության ընթացքի արդյունքում հսկայական տարբերություն է առաջացել հոգևոր և նյութական, գիտական զարգացումների միջև: Եվ դա է մեր քաղաքակրթության այժմյան դրամատիկական կացության պատճառը: Մենք կանգնած ենք ատոմային ոչնչացման սահմանին հենց հոգևորի և նյութականի խզման հետևանքով …
Աշխարհի երեսն արդեն այլայլվել է: Ոչ ոք դրա դեմ չի պայքարում: Բայց ահա հարց. «Եթե մարդն անընդհատ փոխել է աշխարհի դեմքը, ինչու՞ է այս աշխարհը հազարամյակներ հետո հայտնվել այսչափ դրամատիկական կացության մեջ»: Ինձ թվում է այն պատճառով, որ նախքան աշխարհի դեմքը փոխելը, մարդը պետք է փոխի իր սեփական էությունը, իր անձնական աշխարհը: Ահա, թե որն է խնդիրը: Այնպիսի տպավորություն է, որ մենք ուզում ենք սովորեցնել ուրիշներին և չենք ուզում ինքներս սովորել:
Երբ ինձ հարցնում են` «Կարո՞ղ է, արդյոք, արվեստը փոխել աշխարհը», ես պատասխանում եմ. «Նախքան ինչ-որ բան փոխելը, ես պետք է ինքս փոխվեմ, առավել խորունկ դառնամ: Միայն դրանից հետո ես գուցե կարողանամ օգուտ բերել»: Մինչև մարդիկ և հասարակությունը ներդաշնակորեն չզարգանան, մինչև մարդկությունը չսկսի հոգևոր զարգացում ապրել, մարդը հանգիստ չի գտնի, և նրա ճակատագիրը ողբերգական կլինի: Խնդիրը հոգևոր և նյութական պահանջները հավասարակշռելն է: Իսկ ինչպե՞ս հույս դնել ինչ-որ փոփոխությունների վրա, եթե ինքներս մեզ հոգևոր առումով վսեմ չենք զգում: Որպեսզի վերափոխես ոչ միայն քեզ, հարկավոր է զոհաբերություն կատարել. միայն այդ ժամանակ կկարողանաս ծառայել մարդկանց:
Ես բոլորովին չէի կարողանա ապրել, եթե մարգարեական գիտելիք ունենայի սեփական կյանքիս վերաբերյալ: Ըստ երևույթին, կյանքն ամենայն իմաստ կորցնում է, եթե ես գիտեմ, թե ինչպես է այն ավարտվում. բնականաբար, նկատի ունեմ իմ անձնական ճակատագիրը: Այդ մանրամասնության մեջ ինչ-որ մեկի որոշակի անհավանական, անմարդկային վեհանձնությունը կա, ում առջև մարդն իրեն մանուկ, անօգնական և միևնույն ժամանակ պաշտպանված է զգում: Դա արված է, որպեսզի մեր գիտելիքն ամբողջական չլինի, որպեսզի անվերջությունը չպղծվի, որպեսզի հույս մնա: Չիմացությունը վեհություն է: Գիտելիքը գռեհիկ է:

Ռուսերենից թարգմանությունը` Դավիթ Մոսինյանի

Share Button

1 Կարծիք

  • david muradyan says:

    Կեցցե թարգմանիչը: Սակայն մանավանդ Տարկովսկու տեքստ վերատադրելիս ես կխուսափեի ,,փոշմանել,, բառից: Նա ,,Մեր բակը,, ֆիլմի պերսոնաժ չէ: Նա ռուսական մշակույթի, այդ թվում նաև՝ լեզվամշակույթի բարձրագույն աստիճանի վրա է: Ուստիև՝ ,,զղջալ,,:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *