Նուարդ Ավե | Առանց չակերտի

Առանց չակերտի

«Ես քեզ սիրում եմ»
էս խոսքերը քանի՞սն են ասել,
ու մի էդքան էլ լսող է եղել։
Եւ, ահա, ես էլ կանգնած եմ պատի առաջ
ու վախենում եմ, որ ասածս հերթական է հնչելու,
բայց համարձակվում եմ՝
ես քեզ սիրում եմ։

Դու տեսե՞լ ես ամուսնու գերեզմանին ծնկի եկած
էն կնոջ ձեռքը դողացող, որ քար է շոյում,
հողի ականջին շշնջում է՝ «սիրում եմ քեզ»։
Լսե՞լ ես դեպի երկինք նայող այդ աթեիստին։
Տեսե՞լ ես աղջնակին շոյող հոր մատները,
որ աչքերի մեջ իր դստեր մոր դեմքն է տեսնում։
Լսե՞լ ես՝ ինչպե՞ս է ասում «աղջիկս»։
Դու տեսե՞լ ես էն կնոջը թաթար մոնղոլի աչքերով,
որն ասում է՝ ամուսնուն հանդիպելու համար արժեր մի ամբողջ մարդու պատառոտելու գնով ծնվել և ապրել:
Դու տեսե՞լ ես եկեղեցում ծնկաչոք աղոթող այն մարդուն։
Լսե՞լ ես՝ ինչպես է խոսում Աստծո հետ։
Եւ, ահա,
եթե հարյուր անգամ էլ ապրելու լինեմ,
ես համարձակվում եմ ասել՝
ես քեզ սիրում եմ իմ բոլոր կյանքերում։
Եւ համարձակվում եմ
Աստծուն աղոթելու փոխարեն՝
ես քեզ եմ սիրում։
Եւ եթե հանկարծ ստացվի, թե Նա կա,
ապա մեռնելիս, այնտեղ՝ երկնքում
ես կժպտամ, որովհետեւ
Աստված սեր է։

 

Ծովի ու ցամաքի մեջտեղում

Ծովի ու ցամաքի մեջտեղում
անցավ մեկ տարի:
Այգին, որտեղ նստած էինք,
այս տարի էլ է կանաչել,
ճանապարհը, որով անցանք,
երկկողմանի է կրկին,
լուսացույցի վրա երեք գույներ են,
կոշիկներս, որով հասա,
աջ ու ձախ են՝ արդեն մաշված,
ջինսը, որն այնքան սազում էր,
տնային է դարձել,
երկինքը կապույտ է,
ամառը սկսվում է հունիսի մեկով,
դրսում համավարակ է,
տիեզերքը՝ նվաճված:
Ամեն բան նույնն է,
ամեն բան փոխվել է հիմնովին,
մեկ տարի առաջ այգի էինք գնում,
այսօր արդեն՝ իրար տուն:
Ամեն բան փոխվել է տիեզերքում,
թեեւ երկինքը կապույտ է,
քանի՞ փոթորիկ էր պետք մեզ՝
հասկանալու համար, որ ծովի վրա տուն չես սարքի,
քանի՞ տուն պիտի իրար մեջ քանդեինք այս մեկը կառուցելու համար:

Ցամաքդ ես եմ,
գցիր խարիսխդ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *