Առաքել Սեմերջյան | Հարսանիք

Երբ Տիրոն երկրորդ կնգանը տուն բերեց, գյուղի սաղ կնանիքի բերանների ջուրը չորացավ: Նենց չէր, որ թաքուն ստեղ-ընդեղ լևի գնար, որ պատերի տակ ազգովի փսփսային, այլ հենց ըտենց պրյամոյ բռնեց գեղամեջի կլուբի կողքի ամենալավ սարքած տունը գյուղապետից վարձով վերցրեց ու նոր կնգան բերեց դրեց տան մեջը:
էդ նոր կնիկն էլ հո նոր չէր` մի էրեխա էլ նախորդ մարդուց ուներ, ու ասում էին՝ լավ էլ ֆռռացող էր եղել մինչև Տիրոյին հասնելը:
Բայց չէ ու չէ, էդ կնիկը պետք ա կլուբի կողքի տանը ապրի, Տիրոն երկու ոտը մի կոշիկի մեջ խրեց, իսկ Տիրոյի քսան տարվա կնիկն ու երեխեքը գյուղի ծայրամասի գոմի կողքի՝ իրա պապենական տանը:
Կնանիքի բերանները չորացել էին, վախն էլ մտել ջանները: Արդեն իրանց մարդկանց վրայից եկող օղու հոտից չէին բողոքում, ոչ էլ հանդերից ու շուկաներից անփող տուն գալուց էին մուննաթ գալիս, արդեն գիշերները հետևները պատին չէին անում ու ասում՝ հոգնած ենք կամ գլուխներս է ցավում, արդեն իրանք հնազանդ էին, իսկ գեղի մեջտեղը ապրող կնիկը՝ բոզ:
Հա, կային դիմադրության որոշակի օջախներ, որ իբր գյուղում որևէ բան չի պատահել, ու կարան իրանց մարդկանց վրա նախորդ ժամանակների պես մուննաթ գան, բայց հո մենք գիտեինք, որ էդ մուննաթի տակ սարսափն էր թաքնված, որ մարդը չհելնի ասի՝ փասա փուսեդ հավաքի ու հելի սիքտիր էլի տնից, ես ուրիշ կնիկ եմ բերելու:
Գյուղապետի կնիկը հավաքեց գյուղի կնանիքին, թե բա սենց չի լինի, մի բան պետք ա անենք, մեր մարդերը որ տեսան՝ Տիրոյի արածը անցավ, իրանց աչքն էլ դուս կընկնի ու փոխանակ ավանդապաշտ ձևով տարին մի քանի անգամ խոպանում մեզ դավաճանեն, կբռնեն ու գյուղ մարդա մի նոր կնիկ կբերեն:
Գյուղապետի տեքոր կնիկն էլ, թե բա ինչ ըլնում ա՝ թող ըլնի, ես էլ նոր մարդ կբերեմ։
– Այ աղջի, ի՞նչ նոր մարդ էդ, արդեն ամեն տեղիդ մազերը սիպտկել ա, թե քեզ ո՞վ կառնի, էն էլ թե.-Ռսաստան տեղ մենակ սև կնանիքի են սիրում, էնքան են ջահել ու սիփտակ ոռ տեսել, որ հիմա սևի համար գյուլլա են տալիս։
Գյուլլեն չգիտեմ, բայց խեղճիս ոչ ոք չհավատաց ու ինքն էլ մնացած կնանիքի հետ լծվեցին Տիրոյի վերադարձիր տուն ծրագրի իրականացմանը։ Էսի էն գյուղի ջրբազ Հրուշ տոտայի ծրագիրը չէր, որ սոված փորին մի բաժակ քյարաուզ խմում ու արի տուն էր ասում, ու գեղի տղամարդիկ խոպանից վազելով գալիս էին:
Էս ծրագիրը լուրջ պլանավորում էր պահանջում։ Նախ պետք ա պարզեին՝ ով ա թուղթ ու գիր անողը: Իսկ եթե թուղթ ու գրով չէին կախարդել մեր անմեղ Տիրոյին, այլ կոֆեի բաժակով, կամ էլ մեղա-մեղա հիպնոսով, կամ էլ դաշտանի արյուն են խմացրել, որ թազա կնգան նենց ա սիրահարվել, որ պատրաստ ա գեղամիջում իրա համար ամենալավ տունը վարձի: Կամ էլ ավելի դաժան մոգություն են արել, որ էն տակի մասերի մազերից վառել ու բորշի մեջ են լցրել, էս միամիտս էլ կերել ա ու սիրուց խփնվել ա։
Հրուշ տոտան էս դեպքի համար ոչ մի խորհուրդ չուներ տալու, բայց գյուղապետի կնիկը ռուսական կանալով մի հատ Մալախով անունով մեկի հաղորդումն էր նայել, որտեղ էդ մարդը ասում էր, որ ցանկացած հիվանդություն բուժվում ա հենց էդ նույն հիվանդության միջոցով. եթե կյանքի ընթացքում քիչ դոզաներով էդ հիվանդությունից օգտագործեք, ապա շատի դեպքում հարցը լուծված ա։ էն որ վակցինացիա անում են, էդ էլ ա նույնը, երբ հիվանդ վիրուսին սրսկում են ու մարմնի իմուն համակարգը դրան սատկացնում ա, հետո որ ավելի ուժեղն ա գալիս, արդեն մարմինը դուխով դրան էլ ա սատկացնում. ուրեմն Տիրոյին պետք ա նենց ձևով բուժել, ինչ ձևով իրան էս օրին են գցել, որ սաղ սալամաթ կնգած թողած՝ գյուղամիջի ամենալավ տուն մի հատ ուրիշ կնիկ ա բերել։
Էս ժողովից հետո գեղամիջի կնանիք սկսեցին Տիրոյին օր ու մեջ իրենց տները կոֆեի հրավիրել։ Ով ինչ ֆանտազիա ուներ էդ ընթացքում լցնում էր կոֆեի բաժակի մեջ, իսկ մեր ախպերն էլ, հասկանալով, որ մի բան էն չի, էլի շարունակում էր հյուրության գնալ, որ վերջապես ջոգի՝ ինչ կարա անի, որ իրա ու իրա թազա կնգա կյանքը գյուղամիջում դժոխքի չվերածվի։
Գեղի կնանիքի հետ խոսում էր էս ու էն թեմաներից, փորձում էր ավելի բարեկիրթ երևալ, նրանք էլ՝ մի փաղաքշանք, մի հոգատարություն, թե մարդ ես, սերը աթարին էլ ա կպնում, բայց դե նախկին կնգադ ու երեխեքին էլ որ չես մոռանում ու շաբաթը մեկ ուտելիք ես ղրկում, էլի մեծ բան ա։ Ու էդ գեղամիջի կնանիքից ոչ մեկ էլ չգիտեր, որ Տիրոն իրա կնգա հետ համաձայնեցրել ա իրա հեռացումը ու ոչ մի բան էլ տուն չի ուղարկում, ու նախկին կնիկը չի էլ անիծում Տիրոյին հեռացման համար, որովհետև Տիրոյի մնալով համ իրա, համ էլ նախկին կնգա ու երեխեքի կյանքը անտանելի էր դառնալու, իսկ սենց գոնե տնեցիքից մեկը կամ բոլորը փրկվեցին։
Բայց ի՞նչ փրկվել, եթե ամիսը չանցած Տիրոյի մոտ անտանելի փորացավեր սկսեցին, ու հրավիրված բժիշկները գլուխ չհանելով մեր ազատամիտ ախպերիկին տեղափոխեցին քաղաքի հիվանդանոց՝ ամենահայտնի աղիքաբանի մոտ։ Էս աղիքաբանն էլ ոչ մի բան չհասկացավ ու ասեց՝ երևի թուղթ ու գիր են արել։ Անալիզներն էլ արյան մեջ տարբեր տեսակի նյութեր հայտնաբերեցին, այդ թվում տարբեր տեսակի դաշտանի ու թռչունների արյուն, բայց արդեն դիահերձումից հետո, որովհետև ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ու կիրակի տվեցին նրա ինքնահողը։
Թաղմանը մենակ հին կնիկն էր լացում ու երեխեքը, ու երբ մոտենում էին նրանց ցավակցելու, նա մենակ մի բան էր շշնջում.
-Դե թողնեիք մարդս ապրեր էլի, խի՞ մարդ իրավունք չունի իրա սեփական կյանքը ունենա ու ուրիշին սիրի։
Բայց գյուղի կնանիք չէին լսում: Նրանք արդեն լծվել էին մի նոր պլան մշակելու, թե ինչպես գեղի էն լավ տղու գլուխը էդ բոզը կերավ, ու ոնց դրա վրեժը լուծեն։
Իսկ դիակի անալիզներից դատաբժիշկն ու անասնաբույժը ամեն տեսակի արյուն հայտնաբերեցին, բացի էդ գյուղապետարանի ժողովի որոշումով հաստատված բոզի ու Տիրոյի նախկին կնգա արյունից։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *