Պոեզիա

Արարատ Մկրտումյան | Ալլեե՜․․․ հոպ

• 3 րոպե

Արարատ Մկրտումյան | Ալլեե՜․․․ հոպ

ԱԼԼԵԵ՜… ՀՈՊ

Նորից բարձրանում, նորից իջնում է լեգենդը Նոյի,
Ցոլք-ցոլք ծոծվում է տապանը դեմքին լուսաբացի.
Եթե մի բան կա դեռ այս օրերում իմ նախահորից,
Ի՞նչ է կոչվելու ձեր անպարագիծ ծփանքից բացի։

Ալլեե՜… հոպ

Փակիր աչքերդ, բացիր ափերդ, հիշիր երազը,
Երեկն անցյալ է, այսօրը՝ կիսատ, իսկ վաղը հեռու,
Մի քիչ ափսոս է, մի քիչ հերթապահ է, եղածը այս է,
Դու շփոթվում ես, նա ձանձրանում է, երրորդը՝ ներում։

Օրերն իզուր են, էլի իզուր են իրար վաղանցում,
Ցավը ցնդում է, հուշը հոգնում է, գինին է պղտոր,
Մութը սենյակ է, երգը խռպոտ է, օրը՝ տարկիսած,
Դու քրքջում ես, նա հեռանում է, երրորդը՝ հարբում։

Ոչ ոք չի ասի, թե դա նման է ցավին Հիսուսի,
Ոչ ոք չի ասի, թե այդ ամենը եղել է և կա,
Մեկին դու ես պարտք, իսկ մեկ ուրիշը պարտք է իր հույսին,
Մի քիչ անցյալ է, մի քիչ երազ է, մի քիչ էլ՝ ներկա։

Ալլեե՜… հոպ

Կողպիր բառերդ, բացիր աչքերդ, նայիր ուշակամ.
Եվ դեռ մեկն է նա, և դեռ նման է տաս ելևէջի,
Ուրիշ հնչյուններ այս երգ աշխարհում չեն լինի, չկան,
Վերջին երգն է սա, վերջին աղաղակն ու դարձը վերջին։

Նորից բարձրանում, նորից իջնում է լեգենդը Նոյի,
Ցոլք-ցոլք ծոծվում է տապանը դեմքին լուսաբացի,
Եթե տաք հուշ կա դեռ այս օրերում իմ նախահորից,
Ի՞նչ է կոչվելու ձեր անպարագա վախճանից բացի։
Ալլեե՜… հոպ
Ալլե՜…
Հո՜պ…

ՍԻՐԱՇԱԲԹԻ

Եվ կար երկինքը, և կար երկիրը և արևը կար,
Եվ դրախտն ի դուրս արդեն ցնդում էր հրաշքը գոյի,
Եվ տաք մի ձեռք էր արդեն տրոփում բառերում տկար,
Որոնք շուրթերից պիտի կախվեին շեկ երեկոյի։

Եվ փշաքաղման մի զով քամի էր քրքրվում անձայն,
Եվ Ադամն ի ներս արդեն մղվում էր նեռը գոռոցի,
Եվ քանի անգամ պիտի կրկնվեր ամենն այս դարձյալ,
Մինչ խնձորենին իր պտղած ցավը ընծայեր օձին։

Եվ լինելության ճեպ-ճերմակ էջին կաթում էր նոր գույն,
Եվ Եվան ի շրջոջ արդեն ծաղկում էր լույսն առեղծվածի,
Եվ մի ցոլանք, և պիտի տրվեր մեղքին թողություն,
Եվ կաթիլ-կաթիլ պիտի մզանար իմաստն եղածի։

Եվ կար երկինքը, և կար երկիրը և արևը կար,
Եվ Երկուսն ի մեջ արդեն ծոփում էր հրճվանքը գոյի,
Եվ արարիչը մինչ կատարվածի հրաշքը կզգար,
Նրանք կորել էին պեծ-պեծ ցոլքերում շեկ երեկոյի։

ՊԱՏԱՀԱՐ

Օրը սովորական է,
ինչպես ժամացույցի միալար չխկչխկոցը
հոգսի և պարտականության ճկուն ոռնաշարում։
Եվ տղամարդիկ ելնում են անկողնուց,
շտապ հագնվում են,
շտապ նախաճաշում,
հապճեպ համբուրում են քնած երեխաներին,
մի թեթև կմկում են
իրենց կնոջ այտը
և շտապում գործի…

Եվ լուրջ— ինքնավստահ,
և լուրջ— մտազբաղ,
և լուրջ— գործնական
Գլորվում է օրը
տղամարդկանց ուսերի վրայով։

Եվ հանկարծ տղամարդկանցից մեկը
չգիտես ինչու հիշում է,
որ ինքը հարևանի աղջկան համբուրելիս
բարձրացել էր թաթերին,
և շունչը կտրվում էր…
Եվ հանկարծ տղամարդկանցից մեկ ուրիշը
չգիտես ինչու հիշում է,
որ ինքը սիրում էր պեպենոտ մի աղջկա,
որը 14 տարեկանում վթարի ենթարկվեց
և մեռավ…
Եվ հանկարծ տղամարդկանցից երրորդի
աչքերը սառում են,
և նա շփոթված ծխախոտ է փնտրում
գրպաններում…
և հանկարծ…
և տղամարդկանցից շատերը…
և հանկարծ…
և բոլոր տղամարդիկ…

Եվ քիչ հետո
քաղաքը լցվում է պարապ տղամարդկանցով,
որոնք շփոթված են և տխուր,
որոնք ծխախոտ են ճմռում գրպաններում
և քիչ է մնում «Դու ողջ լինես» ասեն՝
իրար ձեռք սեղմելով…

Եվ բոլորը միասին քայլում են
դեպի գարեջրատուն,
որտեղ գարեջուրը դառն է,
ծխախոտը՝ կծու,
և բոլորը միասին են,
և միասին լինելը հեշտ է…

Եվ հետո շփոթված ու տխուր,
և հետո առանձին ու տխուր
շտապում են տուն՝
իրենց երեխաներին համբուրելու
և սպանելու իրենց կանանց,
որոնք շփոթված ու տխուր
հավաքվել են ինչ-որ սրճարանում
և ինչ-որ բան են հիշում,
և ինչ-որ բան են հիշում,
և ինչ-որ բան են հիշում…

Թողնել մեկնաբանություն