Քո արվեստը դպրոցում | Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոց

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում եմ: Ակնհայտորեն քաղաքային դպրոցներում աշակերտներն ավելի համարձակ ու շփվող են, ավելի անմիջական ու քիչ կաշկանդված: Այս դեպքում առավել ևս, քանի որ ավագ դպրոց է, գրեթե ուսանողական տարիքի տղաներ ու աղջիկներ են դասարանում, որոնք արդեն ձևավորված սեփական տեսակետներ ունեն և կարող են քեզ հետ հավասար զրուցել այս կամ այն գրքի մասին:
Ինձ հետ հանդիպման է եկել հումանիտար, լեզվագիտական հոսքը, սովորողների գերակշիռ մասը աղջիկներն են (և ընդամենը երկու տղա 🙂 ): Ձևավորաված ավանդույթ է, թե ազգային մենթալիտետ, չգիտեմ, բայց ակնհայտ է՝ լեզվագիտական հոսքում գերակշռում են աղջիկները:
Աղջիկներն իրար հերթ չտալով ընթերցում են իմ առաջարկած բանաստեղծությունները. ասմունք չկա, սովորական, պարզ, հասարակ ընթերցում է, ինչն ինձ առանձնահատուկ բավականություն է պատճառում: Ընթերցումից հետո միասին քննարկում ենք բանաստեղծությունները, ընդհանուր գծերով ներկայացնում եմ ժամանակակից բանաստեղծության առանձնահատկությունները:
Առաջին շփումներից հետո, երբ արդեն կարողացել ենք քիչ թե շատ այսպես ասած՝ կոնկտակի մեջ մտնել միմյանց հետ, Միլենան, լսելով Գուրգեն Խանջյանի անունը, ասում է, որ ինքը ընթերցել է նրա «Տուր ձեռքդ, պստլո» վեպը (աննախադեպ իրադարձություն, ի վերջո, ինչ-որ մեկը ժամանակակից հայ գրողի ամբողջական գործ է ընթերցել 🙂 ): Գիրքը նվեր է ստացել, կարդացել ու շատ է հավանել: Ես ու Միլենան զրուցում ենք վեպի շուրջ, հուսով եմ, որ մեր զրույցը մյուս աշակերտների մոտ էլ հետաքրքրություն կառաջացնի ընթերցել վեպը: Առհասարակ, զգացվում է, որ գեղարվեստական գրականություն սիրում են կարդալ, տարբեր անուններ են շրջանառում դասարանում, անգամ ինձ խորհուրդ են տալիս Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» վեպը կարդալ: Խոստովանում եմ, որ վեպը դեռ չեմ կարդացել: «Անպայման կկարդա՛ք»,- հնչում է հրահանգը դասարանից: Եվ ինձ ոչինչ չի մնում անել, բացի ենթարկվելը բանիմաց ու ընթերցող աշակերտների կամքին:

Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտՀայաստան՝ սա իմ երկիրն էՍիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *