Արփի Ստեփանյան | ԱռօրԷական – խոսակցային

առօրԷական – խոսակցային

էական տարբերություն չկա
աշխատանք փնտրելու ու
ոչինչ չսովորելու մեջ,
որովհետև առօրյան քանդվում ա վազվզուքից
ու ինքդ քեզ աջ-ձախ շպրտելուց, երբ պետք չես ոչ ոքի:
Մռայլ քաղաքի քանդվող փողոցներում
սիրելով շներին, որոնք հացի կարիք ունեն,
հաց տալով տղամարդկանց, որոնք
սիրո կարիք ունեն
դու մնում ես անհայտության մեջ ու
չլսելով զարթուցիչիդ ձայնը
միշտ ուշանում ես այնտեղից, ուր երբեք, ոչ ոք,
ժամանակին չի գնում:
Մեկը կար, որ վայելում էր կյանքը մինչև վերջ,
օրվանից գողանում էր ամեն ինչը՝մեռավ,
էնքան էլ ջահել էր, որ մարդիկ կային չիմացան, թե ոնց
բոլորիցս շատ ապրեց,
բոլորիցս շատ սիրեց,
բոլորիցս շատ երազեց,
բոլորիցս շատ ստեղծեց:
Դու նայում ես ծառի վրա ինքն իրեն լիզող կատվին
ու ոչինչ չես հասկանում,
որովհետև, դե, ի՞նչ կա էդտեղ հասկանալու՝
մենք բոլորս ունենք մեր սովորական պահանջները,
բայց ինչի՞ ա նենց, որ չես կարող թակել առաջին պատահած դուռը,
տալ ինչ-որ հարց ու անկեղծ պատասխան ստանալ:
Ինչի՞ ենք բոլորս գիժ մեկս մյուսի համար,
դիմացինն ինչի՞ համար ա միշտ խելագար,
երբ իր արածը թեյին շաքարավազ խառնելու պես մի բան ա,
թեկուզև հինգ գդալ:
Ես չգիտեմ ինչ էր մտածում ամենահայտնի գժերից մեկը
կնոջ գերեզմանը գիշերով ու ձեռքերով քանդելիս,
եղունգների մեջ էլ, երևի, հող էր լցվում,
բայց ինքը մի բան գիտեր. հա, հա, հաստատ գիտեր.
ինքը տեղյակ էր
(կամ էլ ես ուղղակի ուզում եմ վերջացնեմ էս փչոցին)
որ էս կյանքը հողի տակ չի վերջանում ու
ոչ էլ սկսվում ա մոր արգանդում.
էս ամենի սկիզբը մի ուրիշ,
մի այլ վախենալու տեղից ա սկսվում,
ուր ոչ ես,
ոչ դու,
ոչ շները,
ոչ բուդդան,
ոչ էլ իրենց կանանց գերեզմանները փորող տղամարդիկ՝
տեղ չունենք:

 

անսեր

Երանի մամաներին,
իրենք միանգամից գտել են պապաներին
ու հայտնվել ենք մենք՝կորածներս՝
առանց մեր կամքի,
առանց համաձայնության,
առանց երկար-բարակ կռիվների:
Եկել ենք էս խաչմերուկալիքը կյանք
իրար փրկելու, բայց կործանում ենք,
կործանում ենք,
կործանում ենք՝ քաղաքներ,
լեռներ,
սրտեր,
իրար:
Աշխարհից նեղացած կանայք
հանդիպում են աշխարհը քանդող տղամարդկանց,
ունենում երեխաներ, որոնք չեն սիրելու,
չեն սիրելու ոչ ոքի,
իրենք ասելու են՝սեր չկա,
իրենք մեռնելու են սիրո պակասից,
իսկ կանայք ու տղամարդիկ դեռ հանդիպելու են,
փորձելու են սիրել՝չհավատալով դրան:
Մամաներն ու պապաները փորձելու են հավատալ,
փորձելու են ուրախանալ,
փորձելու են չպատկերացնել իրենց կյանքը
առանց ընտանիք,
առանց երեխաներ,
առանց էն ամենի, ինչ եղավ,
առանց էն ամենի, ինչ ապրեցին,
որովհետև
նրանք չեն ուզում հասկանալ, որ ամեն բան
կարող էր լինել ավելի լավ:
Մենք էլ փորձելու ենք
գտնել իրար,
փրկել իրար,
ոչնչացնել իրար,
իսկ մեզ մոտ միայն
սիրելն է ստացվելու, որովհետև
էս աշխարհում ամեն բան
սիրո ծնունդ է,
թեկուզ մի քանի րոպեանոց սիրո,
որից հետո կինը հասկանում է,
որ մենակ մնալը ավելի լավ է:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *