Թագուհի Ղազարյան | Արքմենիկի տարածությունը…

Թագուհի Ղազարյան

Նյուտոնի բանաձևը գուցե այլևս ամենևին չի ներկայացնում, թե ինչպես է ընկնում խնձորը, այլ՝ ինչպես է գործում Նյուտոնի ուղեղը:
Ալեն Ռոբ Գրիյե

Արքմենիկ ՆիկողոսյանՄասնագետ ընթերցողի դատին ներկայացավ Արքմենիկ Նիկողոսյանի «Խոսքի տարածությունը»: Գիրքը նշանակալից է հատկապես այն առումով, որ ամփոփում է վերջին տասնամյանի՝ Արքմենիկի գրական սերնդի միտումներն ու հարցերը, հայտնագործություններն ու հարցադրումները՝ ամենևին չսպառելով այն հարցադրումները, որ առաջադրվում են գրական այս սերնդի կողմից, և հաճելիորեն ու հուսալիորեն նոր հեռանկար ու հարցադրումների նոր հնարավորություններ բացելով գրական-գրականագիտական որոնումների համար:
«Խոսքի տարածությունը» նախ և առաջ մի հրաշալի փաստաթուղթ է, որը վավերացնում է 21-րդ դարի սկզբի հայ գրականագիտական մտքի ընթացքն ու գրական մթնոլորտը: Գիրքը (բառիս ամենաիսկական իմաստով) կազմված է հետևյալ բաժիններից. «Դասական տարածություն», «Դիմանկարի տարածություն», «Գրախոսության տարածություն», «Տարեկան տեսության տարածություն», «Բանավեճի տարածություն» և «Խառնիխուռն տարածություն»: Ամենևին չցանկանալով անդրադառնալ բոլոր գրվածքներին ու նույնիսկ բաժիններին առանձին-առանձին (դա թերևս յուրաքանչյուր ընթերցողի ինքնուրույն անելիքն է)՝ ընդգծեմ միայն, որ բաժինների վերնագրերից արդեն իսկ երևում է գրքում տեղ գտած հարցադրումների ընդգրկուն բազմաշերտությունը՝ դասականներից մինչև ժամանակակիցներ, գրականագիտությունից ու քննադատությունից մինչև բանավեճեր, դիմանկարից մինչև գրախոսություն, անդրադարձ գրական բոլոր խոշոր ժանրերին (դա ընդգծված կերպով երևում է մասնավորապես տարեկան տեսություններում):
Ժամանակագրական առումով ամենավաղ հոդվածը, որ տեղ է գտել գրքում, գրված է 2006 թվականին («Գրախոսություն-2005. բանաստեղծական շարքեր»)՝ տասը տարի առաջ: Մի երկու խոսք այս տարեթվի մասին: Ըստ ամենայնի, հենց 2006-ն ուղենշային տարեթիվ դարձավ անկախ Հայաստանի գրական ընթացքի համար, ուրեմն նաև՝ անկախ Հայաստանի պատմության համար: Թվում է՝ պատմության մեջ բեկումնային տարեթվերը պայմանավորվում են միայն խոշոր քաղաքական իրադարձություններով, բայց խոշոր իրադարձություններն ու պատմությունն առհասարակ նախ և առաջ ծնվում են ուղեղներում և հետո միայն իրացվում: Որևէ հասարակության ուղեղը, որտեղ ծնվում է այդ հասարակության պատմությունը, մշակույթն է, կոնկրետ այս դեպքում՝ գրականությունը: Պատահականություն չէ՞ գուցե նաև այն, որ 2006-ին գրական դաշտ մուտք գործեց «Գրեթերթը», որն էլ հենց դարձավ Արքմենիկի սերնդի գրական միջավայրը:
Ընթերցողի դատին ներկայացավ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքի «տարածությունը»: Ընդգծում եմ՝ ընթերցողի, որովհետև այս գրքի ընթերցումը ոչ միայն կարող է բավարարել զուտ մասնագիտական հետաքրքրություններ, բացել մասնագիտական որոնումների ակունքներ, համաձայնելու ու հակադրվելու տեղիք տալ մասնագետ ընթերցողին, այլև հետաքրքրել ոչ մասնագետներին: Գիտական-քննադատական միտքը երբեմն սահուն կերպով վերաճում է գեղարվեստական-էսսեիստականի, հեղինակի դատողությունները վերափոխվում են ներանձնական խոհի ու ընթերցողի հետ զրույցի. «Ու ի՛մ արածի անհեթեթության նոխկալի զգացողությունը, համակարգչի կամ սպիտակ թղթի առջև նստել չկարողանալու ի՛մ լացացնող անզորությունը, ի՛մ գործադրած ջանքերի անիմաստության խեղդող տրտմությունը կենդանի մեռյալներին ես երբեք չեմ ներելու, ի՛մ թիկունքին փչող այս սառնությունը ես երբեք չեմ ներելու կենդանի մեռյալներին, թեպետ վստահ եմ, որ այդ ամենը ժամանակավոր է, քանզի վստահ եմ, որ ազատվելու ենք մեռյալներից , ու վստահ եմ, որ ձեր տաք շունչն է լինելու իմ թիկունքին, ու բոլորիս տաք շունչն է լինելու բոլորիս թիկունքին, տղե՜րք»: Միտումնավոր կերպով շեշտը չեմ դնում գրքի բովանդակության վրա, այլ ընդգծում դրա նշանակությունը գրապատմական ընթացքի մեջ, քանի որ չեմ ուզում ընթերցողի ուշադրությունը սևեռել ընթերցման այն կերպի վրա, որն ինձ է նախընտրելի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր հետաքրքրությունները բավարարող տեղեկություն ու ընթերցման նյութ:
Կարծում եմ, ոչ ոք չի վիճի, եթե ասեմ, որ տրված գնահատականների մեջ ավելի հաճախ ու ավելի լավ երևում է ոչ թե գնահատվողը, այլ գնահատողը, իսկ Արքմենիկ Նիկողոսյանը շատ հաճախ չի խուսափում գնահատական տալ քննարկվող նյութին ու ցույց տալ վերաբերմունքը: Ու թեև կարելի է ասել, որ սա մի տարածություն է, որտեղ հավաքվել են դասականերն ու ժամանակակիցները, գրականությունն ու գրաքննադատությունը, հներն ու նորերը, բայց այստեղ ամենից առաջ և ամենքից շատ «հավաքվել է» Արքմենիկը: Հովհաննես Թումանյանի ու Էդուարդ Հարենցի, Հակոբ Օշականի ու Վահե Արսենի, Ավետիք Իսահակյանի ու Լևոն Խեչոյանի, Եղիշե Չարենցի ու Հովհաննես Գրիգորյանի կողքին, իրենց չափ ու իրենցից նույնիսկ շատ ավելի այստեղ երևում է Արքմենիկ Նիկողոսյանը: Խոսքի այս տարածությունը Դիմանկարի ու գրախոսության, տարեկան տեսության ու բանավեճի, դասական ու խառնիխուռն տարածություն լինելուց առաջ և հետո Արքմենիկ Նիկողոսյանի գրական սերնդի և Արքմենիկի տարածությունն է…

Share Button

1 Կարծիք

  • Կոմս Էմմանուել՝ փետրավոր բերետը գլխին says:

    Արքմենիկի տարածությունը, ինչպես որ ներկայացրեց Սրբուհի Տյուսաբը.
    ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին կամ՝ a2+b2=c2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *