Ռազմիկ Գրիգորյան | Աշնան երգ

Ռազմիկ Գրիգորյան

Աշնան երգ

Տերևների խշշոցը կարապի երգ է հիշեցնում,
Աշունը երգելով է մեռնում անտառում,
Ծիծեռնակի դատարկ բույնը մրսում է գոմում,
Գինի դառնալու համար տակառում խաղողն է եռոմ:
Պարտեզում փակվող վերջին ծաղիկի հետ
Գալիս, հանգչում եմ կտուրիդ,
Որ երազիդ մեջ շոշափեմ ձմռան այն օրը
Երբ այգի մտար ու ծաղկեցին բոլոր ծառերը:

 

***
Պատկերդ պատիս ժամացուցն է դարձել,
լարել չի լինում,
կտուրին թառած կարոտը սղոցում է օրերս,
գնում գալիս մռմռում ես դռանս առջև,
ծիածանը քեզ համար հագուստ չի ասեղնագործում այլևս,
երկինքը անշուք է մնում:

 

***
Տարածիդ չափը դու գիտեիր միայն
որը կշռում էր շուրթերիդ ետևում ծրարված լռությունդ,
իսկ փողոցում պակասող գույնը
ինձանից բացի ոչ ոք չնկատեց:

 

***
Առանց քեզ սկսել եմ ինձանից հեռու ապրել,
դրսում մոռանալը հեշտ է,
ներսում`բռնկուն ես
մութ բանտախցում լացող ազատության պես:

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Երբ կյանքը դուրս եկավ ռմբաապաստարաններից
արևը խորթ թվաց մեզ,
յուրաքանչյուրս մեր կյանքից ինչ-որ մասնիկ գետնի տակ թողած
քայլում էինք ծխացող փողոցում ոչնինչ չնկատելով,
վառվող հողը ոտքերիս տակ հորովել էր երգում,
եկեղեցու պոկված զանգերի խո՜ւլ հառաչանքը
ավելին էր քան աղոթքը,
հետո իրենց ավերված տների շուրջը
մարդիկ սկսեցին պարել
կարծեցի խելագարվել են բոլորը
ու հիմա էլի կկրակեն մեզ վրա…
Մեր նոր կառուցվող տան պատի առաջին քարը տատս դրեց,
այդ օրը հասկացա որ ինձանից բացի ոչ ոք չի սպասում հորս,
և կարող էի հանգիստ խաղալ արդեն ավերակների վրա,
էլ ոչ ոք չեր կրակի,
իսկ խաղաղության ետևից լեռը բարձրացողները
տուն չեն գա այլևս,
երկնքոմ են մնացել նրանք:

 

***
Ազատության համար
եկեղեցում լացող աղոթքս
փողոցում լսելի է դառնում Աստծուն:

 

***
Մերկ ծառերի ճյուղերին մրսում է աշունը,
Կռունկների թևերից կախված գնում են գույնզգույն օրերը,
Երկինքն անհանգիստ է, ձյունով է հղի,
Կանաչի ոչ մի կաթիլ չի մնացել վերարկուիս գրպաններում,
Իսկ գարունը վերջացավ կայարանում
Որտեղից նստեցիր մեկնող գնացքը:

 

***
Մեր միջև եղած տարածության մեջ
թափառում են քեզանից սնվող երազներս,
և ամեն անգամ ժայռը բարձրանալիս
բարձիս տակ փշրվում է գիշերը,
մոտդ բերող կամուրջն անավարտ է մնում նորից:

 

***
Հեռացող, բայց երբեք չմոռացվող
սիրո պես անհանգիտս վերարկուդ
թաքուն արտասվում է զգեստապահարանում,
ուզում է դուրս գալ, ձյունը տեսնել:

 

***
Կտուրի ձյունը
ամոթից արտասվում է հալոցքի տեսքով,
մահացողին բոլոր հալածողները
հիմա վիճում են
դագաղը վերցնելո համար:

 

***
Քամու բերանում
անձրևն իր բյուրեղյա
բառերն է հոլովում,
վարդի թերթերում չորացած
մատնահետքերիցդ վերջինին
գողացավ չարաճճի առվակն
ու այգուց դուրս վազեց,
ինձ ո՞ւր ես տարել,
չգիտեմ ետևիցդ գամ
թե նստեմ տանը
և ինձ սպասեմ:

 

***
Տեսա զբոսնում էիր ջրի մոտ
ողջ գիշեր լուսնի հետ
վազեցի գետի ետևից,
գնացել էիր:

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՕՐ

Հազարամյա տաճարները
մոմե ժիտներով
ցավ են փոխանակում միմյանց հետ,
փակ պատուհանների ետևում թառամում են
գործազուրկ օրերը,
քանի տարի է արդեն
երիասարդները ամուսնության
ոչ մի պատճառ չեն գտնում

 

****
Կիսամերկ ծառերին խրտնում է աշունը,
Իրիկունը անխնա տրորում է տերևները,
Սպասումն է թեյնիկում եռացողը,
Գոլորշու փոխարեն հույսը բարձրանում
Տարրալուծվում է օդում,
Ամեն գիշեր երազիս մեջ ծաղիկներ ես ցանում,
Ոչ մեկը չեմ կարողանում քաղել:

 

***
Անձրևը կեղծ է թվում
միայն հոգեհանգիստին մասնակցող բարեկամի պես,
ձեռքերս չգիտեն ինչ են անում,
ոտքերս չգիտեն ուր են գնում,
սպասում եմ մարեն փողոցի լույսերը
որ վառվես երազներիս մեջ տեղդ իմանամ,
քեզանից բացի ոչ մեկին
չեմ կարողանում վերաբնակեցնել իմ օրերում:

 

ԱՆՁՐԵՎ

Երկինքը պատարագ է մատուցում,
աշունը մեռոն է քսում ծառերին,
արթնանում են օրերիս կտակարանում չորացած
խնկահոտ արցունքներդ:

 

***
Ես եկել եմ արդեն,
անցել եմ այն ճանապարհով
որտեղից ոչ ոք մենակ չի վերադառնում,
սենյակիս փակ դռան ետևում
աղի նման վերքիս ես քսվում,
ներս չեմ մտնում,
չգիտեմ ինչու բոլորովին այլ գնացք նստեցիր
և հիմա անհնար է մոռանալ վերարկուիդ գրպանում
թողած ժամանակս…
Քանի ժամ է արդեն արևը լույս է փորագրում
դատարկ ջրափոսի ճաքած շուրթերին,
լուսինը վաղուց ննջում է լճում,
դժվարանում եմ պառկել,
երբ անունդ քոր է գալիս բարձիս տակ
երազներս մռմռում են երկնքում:

 

***
Սիրում եմ քեզ,
որովհետև չգիտեմ ինչ եմ զգում
երբ միասին ենք,
որովհետև հասկանում եմ
առանց քեզ ուրիշ ցանկացածի կողքին
մենակությանս չափը:
Այդպես էլ չիմացա
իմ կյանքում քո ով լինելը,
համոզված եմ սակայն
որ բերածդ չի վերջանա
մեզանից հետո անգամ,
և ամեն տարի գանանը կծաղկի
այն ծիրանենու ճյուղերին
որի տակ առաջին անգամ հանդիպեցինք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *