Երբ մեռելները վերադարձան, իրավիճակն իսկապես անվերահսկելի դարձավ։ Փողոցները վերածվեցին իսկական մղձավանջի, իսկ քաղաքը դադարեց առաջվանը լինել։ Կատարյալ խառնաշփոթ էր։ Աշտարակներում համեմատաբար հանգիստ էր։ Բարեբախտաբար, դրանք նորակառույց էին, հատկապես մերը՝ «D» աշտարակը։ Այն ամենանորն էր, և այստեղ դեռ շատ մարդ չէր մահացել… բացի Ջերեմիից: Անցյալ Սուրբ Ծննդին նա ցած էր ընկել պատուհանից։ Այդ մասին ես թերթերից էլ շուտ իմացա, քանի որ անձամբ այնտեղ էի։ Հենց աչքիս առաջ նրան իջեցրին հարևանի մեքենայի տանիքից։ Այդ «Տոյոտայից» գրեթե բան չէր մնացել։ Մոխրագույն ամենագնաց էր՝ ճիշտ ասֆալտի գույնի… Այն ինձ իսկապես շատ էր դուր գալիս։ Ես նույնիսկ նրա հոգեհանգստին գնացի։ Արարողությունն աղոտ եմ հիշում, բայց աչքերս լցվեցին, երբ Ջերեմիի մայրը վերցրեց խոսափողը։ Իսկ հետո նրանք մի քանի անգամ կարաոկեի սարքով միացրին նրա սիրելի երգը։
Թաղումը՝ ընդհանրապես չեմ հիշում։ Միայն դագաղը։ Սպիտակ, հարթ, ոսկեգույն բռնակներով։ Հավանաբար ամենաթանկ բանը, որ Ջերեմին երբևէ ունեցել էր։
Հոգեհացի ընթացքում հիմնականում խմում էի։ Ես նրանց ազգային ուտելիքները չեմ սիրում։ Ինչ-որ դեղին բրինձ էին տվել, որն իրականում բրինձ էլ չէր, այլ ավելի մանր ու բարակ խառնուրդ՝ չորացրած մրգերի կտորներով։ Քաղաքավարությունից դրդված՝ պատառաքաղով դեսուդեն էի անում այն ու մտածում. «Դե, Ջերեմին հաստատ արդեն դժոխքում է»։
Նա լավ մարդ չէր։ Մեր աշտարակում բոլորը գիտեին, որ նա երբեմն ձեռք է բարձրացնում կնոջ վրա։ Ոչ հաճախ, բայց այնուամենայնիվ… Մի անգամ նույնիսկ պատուհանիցս անձամբ տեսա, թե ինչպես հարձակվեց պուդելին զբոսանքի հանած մի ծերունու վրա։ Այդ մարդուն նախկինում երբեք չէի հանդիպել։ Նա Ջերեմիին նկատողություն էր արել գետնին տրորած մնացորդի համար։
Ասաց… «Էս աղբամաններն այստեղ իզուր չեն դրված։ Գուցե Աֆրիկայում դրանցից չունեիք, բայց այստեղ մենք ծխուկները խոտերի մեջ չենք շպրտում։ Աֆրիկայում սիզամարգեր չկա՞ն, թե՞ ինչ։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այստեղ կարող ես ապրել այնպես, կարծես Աֆրիկայում ես»։
Այս խոսքերից անմիջապես հետո Ջերեմին մի հարվածով գետնին պառկեցրեց ծերունուն։
Այնուամենայնիվ զարմացա, երբ պարզվեց, որ Ջերեմին դրախտ է ընկել։ «Հինգերորդ ալիքով» դա բացատրեցին այսպես՝ վերադարձել են միայն դրախտում գտնվողները, քանի որ եթե դժոխքի դարպասներն էլ բացվեին, երկրի վրա ողջերի համար ուղղակի տեղ չէր մնա։ Նրանք միանգամից չէին գիտակցել, որ ստիպված են լինելու մարդկանց հետ բերել ալիք առ ալիք՝ խմբերով։ Երկրորդ օրվա երեկոյան նրանք վերջնական որոշում կայացրին. վերադարձնել միայն վերջին հինգ տարվա ընթացքում մահացածներին՝ ստեղծելով մի տեսակ փորձնական խումբ։ Սակայն մի բան որոշված էր հենց սկզբից՝ դժոխքից ոչ ոք չէր վերադառնալու։
Անցյալ երեքշաբթի հանդիպեցինք։ Երկու բանկա լագեր էի խմել, դուրս էի եկել աշտարակների շուրջը զբոսնելու ու ինձ համար մի գլանակ էի փաթաթել։ Հիմա այդպես եմ անում՝ ուրիշ ի՞նչ ճար ունեմ։ Տեսե՞լ եք իսկական ծխախոտի գները։ Սրանից հետո միայն նախարարներն ու բանկիրներն են դրանք ծխելու։
Եվ այսպես՝ երեքշաբթի։ Ծխելս վերջացրի ու աղբաման էի փնտրում. ես աղբը դեսուդեն չեմ շպրտում, փառք Աստծո, Աֆրիկայից չեմ։ Ինձ ճիշտ են դաստիարակել։
Ու հանկարծ… տեսնում եմ նրան։ Կանգնած է այնտեղ։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին մահանալուց առաջ էր։ Բարձրահասակ։ Մաքուր սափրված։ Ճաղատ։ Առոգանությունն էլ ոչ մի տեղ չէր կորել։ Նրա մեջ ամեն ինչ նույնն էր։
— Հե՜յ,— ասաց նա։
— Քեզ դրանով չէին թաղել,— արձագանքեցի ես։
— Չէ, տա չի,— գլխով արեց նա։
Ես լուռ սպասում էի։
— Չգիտեմ՝ ոնց տա եղավ,— մեղավոր տեսքով ասաց հարևանս։
— Դե… ո՞նց ես,— հարցրի ես։
— Լաֆ եմ, կարցում եմ։
Նա առաջ էլ էր այսպես խոսում։ Շեշտված «տ»-ով, «ց»-ով ու «ֆ»-ով։ Ինչ-որ աֆրիկյան առոգանությամբ։
— Կարո՞ղ եմ երկու-երեք օրով քեզ մոտ մնալ։ Մաման բնակարանս ծախել է։
— Երևի՝ հա,— ասացի ես առանց դժկամությունս թաքցնելու։
Եվ նա մնաց ամբողջ երեք օր։ Եթե մեկն ասում է «երկու-երեք», ուրեմն կլինի երեք։ Եթե «երեք-չորս» է՝ ուրեմն չորս։ Միշտ էլ այսպես է լինում։ Կապ չունի՝ մերոնք են, թե օտար, մեռած, թե կենդանի. ոչ ոք իր օգուտը բաց չի թողնում։ Բացի հիմարներից, բայց նրանք արդեն վաղուց վերացել են։ Մեր օրերում բոլոր հիմարները Կարմիր գրքում են։
Երրորդ օրը սկսվեց իսկական փորձանքը։ Մյուս կողմից՝ դրախտի դարպասների միջով, մարդկանց մի ամբողջ հեղեղ դուրս հորդեց։ Հոծ, անվերջանալի ամբոխներ։ Նրանք սկսեցին ետ պահանջել իրենց ունեցվածքը։ Սկզբում մի դուռ շրխկաց, հետո՝ մյուսը, ապա կրակոց հնչեց, իսկ արդեն կեսգիշերին մեքենաներ ու անվադողեր էին այրվում, և մայրուղիները փակվել էին։
Ողջերին կարելի էր հասկանալ, և հատկապես նրանց, ովքեր բնակարաններ էին գնել ժառանգներից։ Նրանք ամենազայրացածն էին։ Մարդիկ վրդովված էին, և միանգամայն տեղին։ Խոսք չկա, հարությունը լավ բան է, ուրախալի, բայց որտե՞ղ են բոլորն ապրելու։ Մարդկանց հետ ես բերում՝ լավ։ Ինչ-որ մի այրի գուցե նույնիսկ «շնորհակալություն» էլ ասի։ Բայց եթե բերում ես, գոնե ենթակառուցվածքներն էլ կարգավորիր, աշխատատեղերը և առաջին հերթին՝ բնակարանային հարցը։ Նրանց հետ միասին վերադարձրու նաև թոշակներն ու սոցիալական ապահովագրությունը։
Առաջինը բռնկվեց քաղաքի հյուսիսային կողմը։ Հարուստներն առաջինն էին այրվում՝ իրենց սիամական կատուներով, վարդերով ու կանաչ ցանկապատներով։ Լուսադեմին արդեն կրակի մեջ էին նաև հարավի հետնախորշերը։ Այնտեղ հյուրերին շատ ավելի կոպիտ էին դիմավորում. երկխոսության ժամանակ չկար, քանի որ ամեն ավելորդ բերան սպառնալիք էր։
Չորրորդ օրվա առավոտյան վիճակն ավելի վատացավ։ Լրատվական հեռարձակումն ընդհատվեց։ Ձախակողմյանները միացել էին վերադարձած մեռյալներին ու քայլում էին դեպի Ներքին գործերի նախարարություն։ Ողջերը վանկարկում էին՝ «Մեռյալների կյանքը կարևոր է», իսկ մեռյալները լռում էին։
Եվ հանուն արդարության՝ մեր մեջ ասած, մեռյալները հաճախ իրենց շատ ավելի պարկեշտ էին պահում։ Ողջերը հիմնականում պահանջում էին, իսկ մեռյալները՝ աղերսում։
Բայցևայնպես, աջերը հաղթեցին։ Քաոսի մեջ միշտ էլ աջերն են հաղթում։ Նրանց հավատացյալները գոռում էին. «Ո՞ւր է Թագավորների Թագավորը։ Ինչո՞ւ Ինքը չեկավ»։ Ու այդ հարցերը կամաց-կամաց վերածվեցին շատ ավելի պարզ ու հստակ մի բանի. մեկ անգամ արդեն մեռածին սպանելը մեղք չէ։ Ողջին սպանելն է մեղք, իսկ նրանց՝ ոչ։ Ու դրա դեմ օրենք էլ չկա։ Մեռելի վրա կրակելը գուցե տարօրինակ քմահաճույք է, գուցե էթիկապես այնքան էլ ճիշտ չէ, բայց հանցագործություն չէ։
Հա, ամեն ինչ շատ արագ գրողի ծոցը գնաց։ Խոսքն այլևս այն մասին չէր, որ ինչ-որ տատիկի չէին թողնում իր տուն մտնել։ Սա էն դեպքը չէր, որ ասես՝ «երաժշտության ձայնը բարձրացրու, գուցե թողնի գնա»։ Շատ մարդ մեռավ՝ էստեղից էլ, էնտեղից էլ։ Ոմանք երկու անգամ մեռան, ոմանք՝ նույնիսկ ավելի, բայց արյուն թափեցին բոլորը։
Մեր բարձրահարկերին նրանք չհասան։ Այստեղ բավականաչափ մեռելներ չկային՝ ամեն շենքում մեկից ոչ ավելի։ Հեղափոխության համար դա քիչ էր։
Ջերեմին պատուհանից գլուխը հանած ծխում էր․ այն գլանակը, որը ես էի փաթաթել նրա համար։ Հետո մեկն էլ ուզեց։ Ես մռայլ նստած էի։ Պարզապես նստած։
— Փողո՞վ ես հետ եկել, — հարցրի ես, — թե՞ էնտեղ ոնց ա էդ ամեն ինչը լինում։
Ես նրա համար մեկն էլ փաթաթեցի։ Փնթփնթալով, բայց արեցի։ Իրականում ես ժլատ չեմ։
— Ի՞նչ է կատարվում, — հարցրեց նա:
Դրսում՝ ցանկապատի երկայնքով, սայրերով մետաղալար էին քաշում։ Սովարական փշալար չէր ինչպես առաջ, այլ նոր տեսակի՝ մանկական գեղասահքի չմուշկների շեղբերով: Դարպասների մոտ արկղերից ու նստարաններից գնդացրային աշտարակ էին հավաքում։
— Ձերոնց ենք սպասում, — ասացի Ջերեմիին։
Նա հանկարծ մարեց։ Ասես կյանքի լույսը դուրս քաշեցին նրա միջից, բայց դա ո՞նց էր հնարավոր, չէ՞ որ նա արդեն մեռած էր։
— Սպասի՛ր, — գոռացի ես, երբ նա բարձրացավ պատուհանագոգին։
Դե, ինքներդ էլ կարող եք կռահել, թե դա ինչով ավարտվեց։ Ճիշտ ինչպես նախկինում։ Ու նորից մի «Տոյոտայի» վրա։ Բայց այս անգամ՝ ոչ մոխրագույնի։ Նրանք մի ուրիշն էին առել, ճիշտ նախորդի պես, բայց ոչ մոխրագույն։ Երկնագույն էր, կամ՝ գոնե ժամանակին այդպիսին էր եղել։
Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի
Աշտարակ D
2025 թ․ եղել է Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի Սարոյանի անվան պատմվածքի միջազգային մրցույթի անվանակարգորդ՝ ներառվելով կարճ ցանկում։
Թարգմանիչ՝ Հասմիկ Հակոբյան