Կարեն Անտաշյան | Դավադրություն Արևելյան ճեպընթացում


2011-ի ամռանը ես ու Նարեն մի օր ամենքս մեր գործից դուրս եկանք ընդմիջման ժամին ու գնացինք զագս՝ մեր ամուսնությունը գրանցելու, և սա ոչ թե ռոմանտիկ պոռթկում էր, այլ ակնկալվող ընտանիքի ակնկալվող կեցավայրի ակնկալվող հիփոթեքի համար թղթաբանական պատրաստություն։ Էդ հիփոթեքը խրոխտ մերժեցին, ու եղած սուղ միջոցներով նախատեսվածից վատթար ու հեռանիստ մի բնակարան գնեցինք, որի վիճակն էնքան վատ էր, որ անգամ չեղած միջոցներով այն պետք էր հիմնավորապես վերանորոգել՝ ապրելու տեղի նմանեցնելու համար։ Մի խոսքով՝ թղթերում ներկա, բայց իրականում դեռ գոյություն չունեցող ընտանիքի հիմնարկեքը առկախված էր այս բնակարանի դանդաղընթաց վերանորոգման վազվզոցով։ Նարեն դեռ իր վարձով տանն էր ապրում, ես՝ իմ, ու էդքան էլ պարզ չէր՝ ի վերջո ամուսնացած ենք, թե դեռ՝ չէ։
Էս վիճակում մեկ էլ լրիվ անսպասելի Ֆրանսիայի գրքի ազգային կենտրոնից մի գրական փառատոնի մասնակցության հրավեր եմ ստանում։ Փառատոնը պետք է մեկնարկեր Մարսելից ու Վալանս – Ավինյոն – Լիոն – Փարիզ երթուղով՝ հռչակավոր պատմական արևելյան ճեպընթացով մասնակից գրողներին տաներ մոգական անուններով այդ մոգական քաղաքները։ Ամեն քաղաքում մեկ-երկու օր հանգրվանելով, տեղում ընթերցումներ ու հանդիպումներ ունենալով՝ բարձրաշխարհիկ ռեստորաններով ու բարձրաստղանի հյուրանոցներով պետք է անցնեինք երկրի հարավից հյուսիս։ Մի խոսքով՝ ոչ թե փառատոն, այլ հեքիաթային դիպված։
Բոլոր հնարավոր տեղերից ու ձևերով շինարարության համար փող քերելու ու երանելի ընտանեկան կյանքը սկսելու իմ շուստրիության ալգորիթմում այս առիթը ներկայանում է որպես փառահեղ ճակատագրական հնարավորություն։ Մտածում եմ, որ եթե այնպես ստացվի՝ երկուսով գնանք, սա կարելի է ամուսնական ճամփորդության տեղ անցկացնել, այսպես ասած՝ Ֆրանսիայի ժողովրդի կողմից աջակցություն հայ երիտասարդ ընտանիքին։ Այս դավադիր պլանով խանդավառված, իմ հին հայկական բիթիությունը գործադրելով՝ հրավիրող կողմի պատասխանատուին նամակ եմ գրում, բա՝ հարգելի Մարտին, այսպես-այսպես, Հայաստանում շատ ցածր վստահություն ու հեղինակություն ունի գրականությունը, եթե մեր կողմից մի լրագրողի էլ հրավիրեք, որ այստեղի համար կլուսաբանի փառատոնը, սա մեծ նվեր կլինի գրականության հանրահռչակման մեր ջանքերին, բլա-բլա։
Սրտատրոփ սպասում եմ մի քանի օր, մեկ էլ Մարտինը գրում է, որ չէ, գիտեք, մեր կանոնադրությամբ գրողներից բացի ոչ ոք չի կարող մասնակցել փառատոնին։ Ես հուսահատվում եմ, բայց չեմ հանձնվում, նորից մի սրտաճմլիկ նամակ եմ գրում, համոզում։ Էս կինը քաղաքավարությունից դրդված, ասում է՝ լավ, առաջիկա օրերին մեր ղեկավարության ժողովն է, հարցը կդնեմ քննարկման, դուք էդ ընթացքում ուղարկեք թեկնածու լրագրողների ռեզյումեներն ու անձնագրերը։
Նարեն էլ թարսի պես լրագրող չէ, ֆինանսիստ է։ Էդ ժամանակ իմ տարերային տնտեսական գործունեության բերումով «Գրանիշ»-ից բացի նաև մի քանի կայքեր ունեմ պատվերով սարքած, որոնց ադմիններին մուտք ունեմ դեռ։ Ինձ հասանելի մի քանի կայքում դնում եմ իր անունով հետին թվով հոդվածներ հրապարակում՝ գրական ինտերվյուներ, վերլուծություններ և այլն, ու անձնագրի հետ ուղարկում եմ Մարտինին։
Ձեռքիցս եկածն արել, սրտատրոփ ու հուսավառ սպասում եմ՝ երկու օր, երեք օր, վեց, մի շաբաթ․․․ Պատկերացրեք ամեն օրվա հետ աճող հուզմունքիս աստիճանը, արդեն մտածում եմ, որ հաստատ արդեն այլ թեկնածու են գտել իմ անհեթեթ համառության պատճառով, ու շուտով անգամ իմ մասնակցությունը չեղարկող նամակ եմ ստանալու։ Մի շաբաթից հետևյալ նամակն է գալիս՝ «Հարգելի մսյո Անտաշյան, մենք, իհարկե, հասկանում ենք ձեր մտահոգությունը Հայաստանում գրականության հանրահռչակման առնչությամբ, բայց այս փառատոնին հիմնադրման օրից ի վեր արդեն բազում տարիներ կարող են մասնակցել միայն հրավիրյալ հեղինակներն ու նրանց ընտանիքի անդամները․․․»
«Ու նրանց ընտանիքի անդամները․․․» Այ քեզ շրջադարձ․ շփոթմունքից, ուրախությունից ու ամոթից գետինն եմ մտնում, քանի որ հաջորդիվ ստիպված եմ գրել, որ հասկանում եմ, կներեք անհանգստություն պատճառելու համար, փառատոնին կմասնակցենք ես և կինս, ու Նարեի անձնագիրն եմ ուղարկում․․․ երկրորդ անգամ։
Մարտինը, որ, ինչպես պարզվեց հետո, բալզակյան տարիքի կայտառ ու բոհեմական ֆրանսուհի է, երբեք ոչ մի կերպ չհասկացրեց, որ գլխի է ընկել իմ դավադիր պլանի մասին։ Մեզ ընդունեց մի առանձնահատուկ սիրով, մտերմացանք, հետո էլ, իհարկե, տարիներ անց մեզ հյուր եկավ Հայաստան, ու մենք իրեն Գառնի-Գեղարդ տարանք, ոնց պահանջում է հեփի էնդով ամեն մի իրեն հարգող հայկական պատմություն։

Նշանաբառ՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով