Մանե Գրիգորյան | Էրիկա, իմ վայրի բույս

Մանե Գրիգորյան

էրիկա, իմ վայրի բույս, քեզ ունենալու համար
երկրեերկիր, քաղաքեքաղաք, գետից գետ,
փորձեցի ընտրել ամենաազնիվ կաթիլը՝ հորդ՝ ազնիվ մետաղ
խարույկի մեջ հայտնված փայտ էր սիրտս,
դու ինձ կմեղադրես, որ չզսպեցի այն,
կրակը լափեց մորդ,
ու ամեն կաթիլ ջրի բացակայության հետ
դու հեռանում էիր ինձնից
ինչպես կիսված ամպ ես տխուր էի, էրիկա
վայրի մացառներում սպիտակ գայլերին պատմում էի.
-աղջիկս կախարդուհի է լինելու,
եթե մազեր ունենա՝ ցից-ցից ճյուղեր կլինեն,
վրան անգղեր կթառեն
-աղջիկս գնչու է լինելու,-
ասում էի փախստական ծտերին, ու գիտեի՝
բերներբերան վշտով լցված փոքր մարմինները նրանց
չեն տեղավորի լացս
ու ձկները կհրաժարվեն այն կաթիլ առ կաթիլ
կրել օվկիանոսներում
-աղջիկս փահլևան է լինելու,
ու հենց սայթաքի՝ պազրվելու է՝
աշխարհը հեչ էլ կլոր չէ,
խորն է ու անտակ, խորն է ու անտակ
խելագար շշնջում էի տերհոր ականջին,
մինչ նա 100 անգամ խաչակնքում էր
-բու, քույրս, այս գիշերվա մեջ պարզ տեսնում եմ՝
մի օր մեղադրելու է ինձ, որ իրեն դաշտերում ծնեցի…
ներսում մեկ տոն է լինելու, մեկ` կոտորած
վայ ինձ, բու,կրակը լափում է մարմինս
ներիր, էրիկա, չկարողացա հորդ գտնել մաքուր ջրերի մեջ

 

***
ու մարդը՝ որպես որսորդ, ի սկզբանե պարտված էր,
որովհետև ամեն անգամ հրացանը հոլի պես պտտվում էր նրա առանցքի շուրջ,
ու, թեպետ կրակում էր, գիտեր՝ մեծ անտառներում,
վայրի թփերի տակ են մի օր գտնելու մարմինը իր, և եթե անգամ մեռած չլինի,
դաշտում սլացող փոքր ու փափուկ ճագարները
մարգարտահատիկների պես շարվելու են կողքին` պատմելու հեքիաթներ` սրտի պես տրոփող, առողջ մահվան մասին
ու մարդը՝ որպես մարդ, ձախողված էր ու տխուր,
որովհետև ներսը չընդհատվող ցավերի շատրվան էր, ու ոչ մի ցավ մյուսին չէր կրկնում,
և կնոջ կծկումները շարժում էին ամուսնու ժպիտը,
կինը` մեղմ ու կանացի, օձի խայթոցով, օդի պես թեթև նետում էր.
-հուդա’, սիրտս վերքերի մեջ է
տղամարդը մտովի փչեց ծննդյան տորթը, կիսաձայն ասաց՝
ուզում եմ այնքան փոխվես, որ քեզնից բան չմնա.
թող ջնջվեն աչքերդ,
և ներքին, մերկ տեսողությամբ տեսնես՝ քանի գետ է հոսում իմ ու քո միջև,
երբ ուզում եմ գրկել ուսերդ
մայրդ ասում է՝ սիրելի տիկնիկ չես ունեցել,
ու որ ոտքերդ ու ձեռքերդ միշտ թաց են եղել.
երանի ձուկ դառնաիր, քեզ չունենայի
կինը լուռ էր, տղամարդը գիտեր՝ ծառը, որ տնկել է, իր այգունը չէ.
տերև առ տերև հեռանում է տնից
-տղադ աչքերդ է ժառանգել
-հոր պես մենակ է լինելու,- ասաց տղամարդը,
հրացանը ուսին գցեց, թաքնվեց վայրի թուփ ու ծաղկի տակ

 

***
սիրելիս, հանդիպածս բոլոր տները
կոտրված կախիչներ եղան ինձ համար,
ու կրեցին մարմինս ամեն թուլությամբ
այնքան անփույթ ու սառը
ես մեկ առաստաղից կախվող,
քայլելու անհրաժեշտությունից հիվանդացած ոտքերով,
չհավաքվող շարժումներով երեխա էի,
որին կարեկցում էին տնեցիները
և արհամարհում հյուրերը
մեկ կին էի, որ դռնիցդ զանգակի պես կախվեց,
և փորձեց ամեն ներս մտնելուդ հետ
հիմար ծտի պես ծլվլալ,որ
մեջդ մի խրտնած ու ամաչկոտ ծաղիկ
ծանրացած աչքերից գոնե մեկը թեթևակի բարձրացնի
չնայած ոչ մի գույն չի խոսելու քո մասին
իմ հանդիպած բոլոր տներում ես էմիգրանտ եղա
ու որոշեցի մենակությանս պես երկար
երկրներ անցնել, որպեսզի գտնեմ քեզ,
որպեսզի օձագալար փաթաթվեմ թափանցիկ մարմնիդ
ու դառնամ ճակատագիրդ
ու երակներովդ հոսող բոլոր ձկներին
հատիկ-հատիկ կերակրել սովորեցի,
ու երբ ոտքս քաշեցին մոլախոտերդ՝
ողնաշարիդ մերկությունից երկար ու համառ մոլախոտերը,
ես անփութորեն լռեցի, որ չկորցնեմ քեզ
մահվան չափ պակասում էիր, սեր իմ,
և կոկորդս խզող բառերը,որոնք այդպես էլ
երգեր չդարձան,
դրանք ես էի՝մենակ ու սարսափած քեզ չունենալու վախից
իմ ու քո միջև էլբան էր՝լցված բառերով,
որ նավերը ճնշել չկարողացան
երանի պատահական երկինքներից
կախարդները գան ու ավլեն,
ցախավելները քշեն ու տանեն,
թռչունները կտցահարեն,
և որսորդերը կրակեն նրանց
շիշ շշի ետևից մոռանում եմ գիշերդ,
եղածն այս կարմիր բազմոցն է
տողադարձվող այսքան հեզորեն,
այսքան խեղճ,
այսքան անվերադարձ, սեր իմ

***
առաջին ձյան պես մաքուր իմ սեր,
կարծես ոչ ոք վրայովդ չի քայլել,
նուրբ փշաքաղումի փաթիլներ կան երեսիդ, աչքերիդ, մարմնիդ
ինձ սարսափելի վախեցնում է մաքրությունը քո
ես պիղծ եմ ու մենակ,
սեփական ճանկերը ներսս խրած,
ես իշամեղու եմ, սեր իմ,
կամ մեկ այլ մի բան,բայց
ոչ կին,
ոչ երբեք կին
ասում ես՝ ես բաց եմ, այսինքն՝ կանաչ,
իսկ դու աչքերիդ ծալքերում չորացող արցունքի պես կաս ու չկաս
սերը էդպես չի, փոքրիկս, ես քեզ երբեք չեմ խաբի,
չեմ ասի նայի,
տես, ձեռքերս կապում է ժամանակը,
երբ ոչ մի ժամացույց չկա ու ոչ մի պատարագ չկա առանց քեզ
եթե երկնքից աստված էլ իջնի,
ու աստղերը շուռ գան կտուրիդ,
փոթորիկները պոկեն տանդ դռները,
միևնույն է, դու պետք է կանգուն մնաս,
և ոչ այդքան հեղուկ, այդքան ծորուն, սեր իմ
ինձնից պերճախոս տղամարդիկ կհայտնվեն,
կխոսեն երկար, շատ երկար
քեզ համար սարքած գրապահարանները կլցվեն
ուրիշ կանանցից ունեցած երեխաներիս խաղալիքներով,
նրանց ձայներով,
քո բացակայությամբ
ներիր, սեր իմ,
ես պիղծ եմ ու մենակ,
քո անկողինը կիսելու համար
հիվանդ եմ ու տխուր
և ոչ մի դեպքում կին սիրելիս,
միայն թե ոչ կին

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *