Վարդան Հակոբյան | Ես բացակայում եմ ինձնից

ՓՈՂՈՑԸ

Փողոցով անցնում են բանաստեղծները,
կարդում են իրենց
քերթվածքները՝ ձեռք ու միրուք ճոճելով,
ոչ ոք, սակայն, չի նայում նրանց կողմը:

Փողոցով անցնում են օլիգարխները՝
իրենց կարևորությունը
ի ցույց դնելով թիկնազորի մեջ զինված,
ոչ ոք, սակայն, չի նայում նրանց կողմը:

Փողոցով անցնում են դերասանները՝
յուրաքանչյուրն ակամա
իր դերերից ամենալավագույնի գրիմով,
ոչ ոք, սակայն, չի նայում նրանց կողմը:

Փողոցով անցնում են մեր գեներալները՝
շքանշաններով պես-պես,
ուսադիրների ոսկե փայլ ու զրնգոցով,
ոչ ոք, սակայն, չի նայում նրանց կողմը:

Փողոցով անցնում է… Այն ո՞վ է… Սրունք ու թև,
կոնք ու մեջք բաց-կիսաբաց,
անծանոթ մի պոռնկուհի, և ամենքը՝ գեներալ,
գրող-մրող, մի աչք դառած՝ ուղեկցում են նրան:

 

ՈՏՔՍ ԳԺՎԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎՐԱ

երբեմն մոռանում էի դիմակս,
հիմա դեմքս եմ
անընդհատ մոռանում.
Իսկ ի՞նչ է փոխվում դրանից:

ափս ձեռքսեղմումից մաշել է,
և երբ հանդիպում եմ մեկին,
ձեռքս չեմ գտնում,
ձևացնում եմ, թե թևքիս մեջ է:

համբույրից շուրթս ցավում է,
երեսս շուռ եմ տալիս
հանդիպումներում, օդային
պաչիկներ հղում ջերմագին:

ուզում եմ դուրս գալ բոլոր
գնացված-եկված ձևերից՝
մնում եմ մենակ.
գնամ, բախեմ դուռն աստղի:

 

ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻ

Ես միշտ տանում եմ տվել հենց այնտեղ,
ուր թվացել է, թե
հաղթում եմ,
ուր ինքնավստահ եմ եղել գուցե ավելին:

Իմ սխալներն, ավաղ, չեն շտկվի արդեն,
մեղքի թողության
և ավելցուկի համար իմ սիրո, աղոթում եմ:

Սակայն մի ուրիշ ես կա, որ էլի ես եմ,
կուզեի նրան՝ իբրև ինձ,
երկու խոսք ասել մխիթարական.
– Ինչ էլ որ լինի, ինձ երգ է տրվել՝
ոսկեղենիկ ու սուրբ բանալին Աստծո տան:

Ինձ ոչինչ պետք չէ, ոչի՜նչ այլևս,
թող որ աշխարհում
թեկուզ մոռացված
մի կածան լինեմ, բայց միայն թե՝ Արցախում:

 

* * *
։եթե մենք չփորձենք
գեղեցկացնել աշխարհը,
այն
անհամեմատ ավելի
գեղեցիկ կլինի…

 

* * *
։ծննդից հետո
մեր բոլոր
քայլերը
լրացնում են
մեր գալը
անգամ
եթե գնում ենք

 

* * *
Այդ ես եմ իմ ձին,
իմ բեռնակիրը,
թռչնի կտուցին
երգ է իմ գիրը։
Իմ ամեն բառով,
իմ խոսքով ամեն,
թողած անգիրը՝
իր շրջագիծը
նորից է սկսում
այս հին երկիրը։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ո՞ր պտույտի մեջ
տեսնես ետ կգա
հայոց Էրգիրը։

 

* * *
։իմ չլինելուց հետո
այնքան էլ շատ ժամանակ
չի անցել
բայց արդեն տեսնում եմ
որ վայրկյանը
եւ հազար տարին հավասար են

ինչպիսի անհավասարություն

 

* * *
։եթե բառը
հասարակ է,
ուրեմն՝
ինքն է։

 

* * *
։բանաստեղծությանն աշխարհում ոչ մեկը
(եւ ոչինչ)
չի կարող հասնել
այն անհասանելի է անգամ ինքն իր համար

այլապես ինչու պիտի
չքնաղ դեզդեմոնային օթելլոն խեղդեր…

 

* * *
Երբ բառեր չենք գրում իրար
ավելի ամբողջական է լինում
իմ ու քո
ներքնախոսությունը և կատարյալ

երբ իրար չենք նայում ես ու դու
ավելի ամբողջական է լինում
իմ ու քո
ներքնատեսությունը և կատարյալ

երբ իմ ու քո միջև նավարկում են
կարոտն ու սերը
ավելի ամբողջական է դառնում
մեզ կապող ծովը և անսահման

երբ չենք միանում
մնում ենք
հավերժ անբաժանելի

 

* * *
Իմ ճանապարհը, որպես լար,
ձգվում է
անդունդների վրայով։ Բայց
ես լարախաղաց չեմ, այլ
լարագնաց,
ինչպես …հոսանքը։

Այնպես որ՝ միանգամից
կարող եք
սեղմել բոլոր կոճակները
հազար ու մեկ գիշերվա…

 

* * *

Սիրո մասին խոսքեր են
ասում նրանք,
ովքեր չգիտեն, թե ինչ է
սերը։
Իսկ ովքեր իմանում են,
նրանք անխոս
ծնկի են գալիս սիրո առաջ։

Ծնկահետքերում -հողի վրա-
կաքավները բույն են դնում։

 

ՄԱՆՈՒՇԱԿ

Ես վազում էի քո ետեւից՝
չէի հասնում, քո ստվերից
մանուշակի հոտ էր գալիս։

Ու պսակեցին քեզ մի օր,
մենակվեցի, քո կարոտից
մանուշակի հոտ էր գալիս։

Հիմա ծեր եմ, քեզ հիշելիս
փլվում եմ, եւ իմ արցունքից
մանուշակի հոտ է գալիս։

 

* * *
Սիրել
նշանակում է՝
խոստովանել
մեղքը։
2020թ․

 

* * *
Մենության մեջ մութը քաղցր է լինում ՝
թեեւերիդ մեջ ննջող այն աղջկա պես,
ում թեեւ ոչինչ դեռ չես հասցրել ասել,
բայց ամեն օր, անխոս ու լուռ, ինքդ քեզ
խոստովանում ես,
որ սիրում ես։
Բառը վիրավորում է թեժ գիշերվա
հմայքներով հյուսված քնքշությունը։

Իսկ առավոտյան, երբ լույսը բացվում է,
տեսնում ես հանկարծ, որ մահճակալիդ
երկաթե ձողերին վարդ է բուսել։

-Ախր զգում էի,-մտորում ես ինքդ քո մեջ,-
ամբողջ գիշեր ոնց որ մութը բուրում էր։
2020թ․

 

* * *
Օրվա մեջ հանգիստ տեղավորվելու համար
պետք էր իմ բեռը որոշ չափով թեթեւացնեի,
ինչ որ բաներ դեն նետեի,
ասենք, ուսապարկս ճամփորդական,
թեեւ այն դատարկ էր բացարձակապես,
ինձ վրա բեւեռված հայացքները,
որ աներեսաբար կպել էին թիկունքիս,
մտքերս, մանավանդ՝ դատարկությամբ լի,
հույսս, որքան էլ այն առանձնապես
տեղ չգրավի իմ ընդհանուր կառույցում,
բարությունս, որ ժառանգություն էր
հայրական, եւ որի շնորհիվ մարդիկ
մեկ-մեկ ինձ շփոթում էին
«Ապուշի» Լեւ Նիկոլաեւիչի հետ (թեեւ
համոզված եմ ՝ կյանքում Դոստոեւսկուն
շատերը չեն էլ կարդացել),
խիղճս, որ անգամ ինձ է խանգարում միշտ՝
տեղի-անտեղի գլուխը դուրս հանելով,
ճշմարտախոսությունս, որ ամենուրեք
իմ դեմ փակում է ճանապարհները…

Բոլորը չթվեմ, ուղղակի ասեմ, որ մի կերպ
ազատվեցի այս ամենից, բայց դարձյալ
օրն ինձ իր տիրույթներում չընդունեց,
պարզվեց, որ սերն է այն մեծագույն բեռը,
որը ես պիտի անհապաղ թոթափեի…
Սկզբում հեշտ էր թվում, բայց հետո տեսա, որ
դժվար է այն սրտից պոկել, չի ստացվում,
մնում էր ինքս ինձնից հրաժարական տալ,
ինչը եւ արեցի՝ անսալով ընկերներիս հորդորը։

Հիմա օրվա բոլոր տարածքները իմն են, բայց
ես բացակայում եմ ինձնից, ես արդեն ես չեմ։
2020թ․

 

* * *
։անմեկնելի է այն իրականությունը,
որ տիրում է սիրո մեջ,
փորձել այն հասկանալ, նույնն է, թե
մի անգամ ևս լինել Բաբելոնյան
աշտարակի
շինարարների դերում։ Բայց
բոլորս սիրով գնում ենք դրան։

Փրկեցեք քարը Սիզիփոսից․․․

 

ՀՈԳԻՆ ՀՈԳՈՒ ՄԵՋ

Ես գիտեի, որ իմ հոգին թռչուն է,
բայց երբեք չի երևում,
բացի այն վայրկյաններից,
երբ
համբուրում եմ քեզ,
երբ մատներս դողում են վարդի
սպիտակ թերթիկների վրա՝
առանց դիպչելու:

Եվ այսօր աստղերն ինձ հուշեցին,
որ հոգիս քո հոգու մեջ է,
հոգուս թևերը քո ուսերին են,
ու դու կարող ես
ցանկացած ուղեծրում լինել,
ուղղորդել և լուսնին,
որ, հիշո՞ւմ ես, միշտ մեզ հետ է լինում,
անգամ՝ ժամադրավայր մեկնելիս,
երկինքներին,
որ հեքիաթ են հյուսում մեզ համար՝
դրախտում չարգելված խնձորներով,
փոխել վայելչագրությունը թռիչքի:

Աստված կամեցել է քեզանով
իմ մարմնի և հոգու
ամբողջությունը պահպանել,
աշխարհը դարձնել անասելի գեղեցիկ,
որ իմ սրտի վրա՝ քո աչքերով,
երազը մաքո՜ւր, անբիծ լույս մանի:

Այնպես որ՝ ես առանց հոգի չեմ,
իմ հոգին
քո հոգում ավելի է իմ հոգին:

Եվ աղավնին հազար թեև ունի:

 

ՏԽՈՒՐ ԵՎ ԱՌԱՎԵԼ ՏԽՈՒՐ

Վաղ առավոտյան, երբ սպասում էի արեւի
առաջին ցոլքերից շառագունող այգին,
հանկարծ ինձ համար հայտնաբերեցի
մի տխուր
եւ
մի առավել տխուր ճշմարտություն.-
նրանց մեջ, ովքեր երբեք չեն փորձել
ու երբեք չեն փորձելու
բանաստեղծություն գրել,
անշուշտ, կա մի բանաստեղծ,
որի մասին ինքն էլ չի իմանում․
եւ առավել տխուրը՝
աշխարհում
բանաստեղծություն գրողներից ոչ մեկը
բացարձակապես բանաստեղծ չէ։
Այս մտքից երկար, շատ երկար տառապեցի,
չզգացի անգամ,
թե ինչպես է արեւը զենիթին հասել։

Բառերս հավաքեցի ու հեռացա՝ չգիտեմ ուր։

 

ԳԻՇԵՐ

Ճամփորդներին հոգնած գիշերն ընդունեց առանց ընտրության,
ծառերից ընկնող տե’րեւների համար լույս թե մութ արդեն մեկ էր։
Թռչունները լուռ են, գիշերը դռնբաց հյուրատուն է անտիրուհի,
քուն ու զարթուն՝ բոլորը հաշտ են, երբ որ իրար չեն հանդիպում։

Մոլորված մի աստղ էր, ինչ որ տեղից դուրս պրծավ անակնկալ,
եւ մութն իր վրա քաշած աղջնակի բաց կրծքին վարդեր նետեց։
Խաղաղ ու խոր լռությունն ամենուրեք ծավալվել է ծայրից ծայր,
անմրուր մութը քնաբեր հաշիշ է բաժանում անարգել անվճար։

Բոլորը գեղեցիկ են անասելի, սիրում են խորն ու անտեսանելի,
համաձայն են բոլորը բոլորի հետ, հանդուրժող են եւ անմերժում։
Բայց հենց բացվում է լույսը, տեսնում են՝ ով ով է, իրարով անցնում,
ականները լարում են, ձգանները ձգում են՝ իրարամերժ մշուշում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *