Նարեկ Կոսմոս | Ես կորել եմ ձեզնից՝ ինձ գտնելու հույսով

Նկարը՝ Սեդա Հովսեփյանի

չմնացիր,
որովհետև
մի քանի րոպե չէիր․․
ու քեզնից հետո
նոր տարի չէր գալու․․․
չեղար սեր,
չեղար ինչպես
պատերազմից հետո
ծնունդս․․․
բայց ես մնացի,
մնացի վաճառողուհու սեղանին
տասը թե քսան դրամանոց
չեմ հիշում․․․
ինձ չվերցրիր,
չվերցրիր վարկի պես
որովհետև գիտեիր,
որ չես փակելու․․․
հիմա անցել եմ սեր
քո մտքով, քո փողոցով
ու ընկել եմ
արագ երթևեկող
տրամադրությանդ տակ․․․
Հ․Գ
(տրամադրությունդ ընկա՞վ,
ընկա՞վ բանտ)

 

***
երբ քո մասին պատմեցին,
ուշադիր լսում էի,
իսկ երբ պատմեցին քեզ
քնեցի….

 

***
ես բաց թողնված հեռախոսազանգ եմ,
չհասցրիր ինձ վերցնել,
միևնույն ժամանակ վերցրիր ինձնից․․․
իմ հուսահատությունն անցավ
քո գծած զեբրաներով,
քո լուսացույցը դարձավ
երկրիս եռագույնը․․․
բայց արի ու տես,
սերերն ինչպես և նախագահները
նախկին չեն լինում․․․
լինում են պատահած։
ու ի՞նչ կուզենամ ասել քեզ,
չգիտեեմ..
գուցե այն,
որ
ի վերջո
մենակությունդ
մենակությանս հետ
մնում է մենակ․․․․

 

***
ես ինձ ավտոբուսում
դպրոց գնացող քնատ երեխայի
տրամադրություն եմ զգում:
ես ինձ զգում եմ դեղատան էն
կանաչ լույսը,
որ միշտ թրթռում է,
ու երբեք վառված չի մնում,
ու որ երբեք մարած չի մնում:
ես ինձ զգում եմ
յոգայի գնացող հարբեցող
ես ինձ զգում եմ քեզ
էս կարդալուց ու ծիծաղելուց:
ես ինձ զգում եմ տասնիներորդ
կյանքն ապրող կատու:
ես ինձ զգում եմ
ծնողներիս պատճառով,
ու ծնողներս իրար զգում են
իմ պատճառով…
ես ինձ զգում եմ
գողացված դրամապանակ,
որի մեջ շատ փող
ու քիչ դարակներ կան:
ես ինձ զգում եմ կորած
ինքնություն
որի մեջ լիքը
չպարզված հարցեր կան:
ես ինձ զգում եմ
բանաստեղծություն գրելուց հետո,
և դա ինձ
թույլ է տալիս
դռանը փակցնել հետևյալ գրությունը
«ես կորել եմ ձեզնից, ինձ գտնելու հույսով»
ես ինձ զգում եմ ծույլիկ դասարան,
բայց զգում եմ նաև
թե ինչ է զգում ուսուցիչը:
ես զգում եմ
ինչ ներկա է բացական:
ու ինչ բացակա է ներկան:
ես ինձ զգում եմ
բանաստեղծություն,
որի վերջին հասնելու համար,
ստիպված եմ միշտ
կիսատ մնալ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *