Երբ մարդկանց ասում եմ, որ չգիտեմ՝ ինչպես է բուրում օսմանթուսը, նրանք շատ են զարմանում։ Բայց ես մանկուց տառապել եմ ալերգիկ ռինիտից, և բույրերը տարբերելն իմ ամենաուժեղ կողմը չէ։ Երբ պատահում է, որ աշնանը ինչ-որ մեկի հետ քայլում եմ փողոցով, նա մեկ էլ կանգնում է մայթի մեջտեղում կամ փողոցի անկյունում և հանկարծակի փոխված ձայնով ուրախ ասում․ «Ա՜խ, օսմանթուսն ինչ լավ է բուրում»։
Ինձ հոգնեցնում է ամեն անգամ բացատրելը, որ մանուկ հասակում քթաբորբս բուժելու համար հաճախ էի գնում բժշկի, որտեղ քթանցքերիս մեջ երկար ու բարակ գործիք էին մտցնում, որը տարօրինակ բզզոցով դուրս էր քաշում լորձը, և ես, ձանձրանալով այդ տհաճ ձայնից ու զգացողությունից, ինչպես նաև հիվանդանոց գնալու անվերջանալի արարողությունից, որոշեցի թողնել բուժումն ու քթաբորբս մի կերպ կառավարել դեղատան դեղերով։ Ուստի միշտ պատասխանում եմ՝ «Իսկապես, ինչ լավ բույր է», բայց իրականում գաղափար չունեմ, թե ինչպես է այն բուրում։
Երբեմն մտածում եմ՝ տեսնես այդ ի՞նչ բույր ունի օսմանթուսը, որ բոլորին այդպես խելքահան է անում։ Երբ խոստովանում եմ, որ այդ բույրը չեմ զգում, մարդիկ այնպես են արձագանքում, կարծես ես քարե սիրտ ունեմ։ Մյուս ծաղիկների դեպքում նման բուռն արձագանք չեմ նկատել, ուստի կարելի է ենթադրել, որ օսմանթուսն իսկապես առանձնահատուկ է։
Հանդիպել եմ նաև մարդկանց, որոնք ցանկություն են հայտնել օսմանթուսի բույրով օծանելիք ունենալ, բայց ես օծանելիքների բույրից առանձնապես գլուխ չեմ հանում։ Երբեք, ոչ մի անգամ չեմ գնել։ Ինչո՞ւ գնեմ, չէ՞ որ բույրերը չեմ տարբերում։ Մի քանի անգամ նվեր եմ ստացել և օգտագործել, բայց հետո, զգալով, որ հիմարություն է կրել մի բույր, որը դու չես զգում, դադարել եմ օգտագործելուց։
Հոտերը տարբերելու անկարողությունը զրկում է կյանքի շատ կողմերից։ Օրինակ՝ արոմաթերապիան ու խունկերը, որոնք հիմա նորաձև են, ինձ բնավ չեն հետաքրքրում։ Բուրավետ մոմեր նույնպես ոչ մի անգամ չեմ գնել։ Ամսագրերում ու գովազդային հոլովակներում հաճախ ասվում է, որ երբ առօրյայում նման բաներ ես օգտագործում, նրանք օգնում են ամոքվել, լիցքաթափվել։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է, որ ես երբեք չեմ ամոքվել։ Տեսնես մարդիկ ամոքվելիս ի՞նչ են զգում։
Բայց չկա չարիք առանց բարիք։ Վերջերս համացանցում մի հոդված եմ կարդացել, որում գրված էր, որ արոմաթերապիան վտանգավոր է կատուների համար։ Փիսոյիս կենդանության օրոք տանը երբեք հոտավետ նյութեր չեմ ունեցել, բայց եթե հոտառություն ունենայի, գուցե գնեի՝ առանց դրա վնասի մասին իմանալու։ Ճիշտ է, ես առանց համացանցի էլ կարող եմ ապրել, բայց ամեն դեպքում շատ օգտակար բան է։ Ըստ համացանցի՝ անանուխի բույրն էլ է վնասակար կատուների համար։ Սակայն իմ քթի խնդիրների շնորհիվ բուրավետ բույսերը նույնպես երբեք տեղ չեն գտել իմ կյանքում։ Եվ դա բախտավորություն էր։
Իհարկե, ոչ միշտ է բախտս բերում։ Վերջերս մրսել էի, թեև մրսածության եղանակ չէր, և մինչ պառկած էի անկողնում ու ապաքինվում էի, տնային զոհասեղանի խունկը վերջացավ։ Ծուլանալով դուրս գալ տնից՝ բուդդայական խորանի խունկ գնելու համար, ես մտա հորս սենյակ, որտեղ շատ վաղուց չէի եղել, դարակների մեջ ձողիկավոր խունկ գտա և խորանի մոտ վառեցի։ Հորս մահից հետո նրա սենյակը չի փոխվել։ Գուցե հոտառությանս բացակայությունն էր պատճառը, որ դեմ չեղա բուրավետ խունկ վառելուն։ Ի վերջո, եթե հոտը չես զգում, ուզում է սովորական խունկ լինի, ուզում է՝ բուրավետ, միևնույն է՝ դրանք իրարից չես տարբերում։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը պարզապես բարակ ձողիկներ են, որոնցից ծուխը բարձրանում է վեր և տարածվում շուրջբոլորը՝ առաջացնելով էլ ավելի նուրբ թելիկներ։ Խնկի ծուխը մարմնից անջատվող հոգու է նման։ Թույլ հոգու։ Երբեմն ձեռքս պարզում եմ, որ շոյեմ այդ տկար հոգին, բայց այն խուսափում է մատներիցս, բարձրանում վեր ու անհետանում։ Տեսնես ո՞ւր է գնում հոգին անհետանալուց հետո…
Ինչևէ, խնկի ոչ նպատակային օգտագործումն ինձ չէր շփոթեցնում, սովորական խունկի փոխարեն շարունակում էի վառել բուրավետը։ Ես անփույթ մարդ եմ։ Չգիտեմ, թե որքան վաղուց էին դրանք այնտեղ դրված, բայց տուփի մեջ դեռ գրեթե կեսը մնացել էր։ Շուտով ես ապաքինվեցի ու գրեթե ամեն օր գնում էի առևտուր անելու և տեսնում էի, որ խունկ են վաճառում, բայց չէի գնում. չէ՞ որ տանը դեռ ունեի։ Ինձ շատ ավելի հետաքրքրում էր ութսունութ իենով վաճառվող ծնեբեկի կապոցը։
Մի օր սովորականի պես զոհասեղանի վրա մի ձողիկ խունկ վառեցի և հենց նոր էի սկսում ծալել լվացքս, երբ լսեցի, թե ինչպես ինչ-որ մեկը տանջված ձայնով ասաց.
— Ներողություն եմ խնդրում ձեզ գործից կտրելու համար։
Քանի որ ձայնը հստակ էր լսվում, կարծեցի՝ բակի կողմից մարդ է եկել՝ գումար խնդրելու կամ ինչ-որ բան քարոզելու։ Նայեցի պատուհանից, բայց այնտեղ ոչ ոք չկար։
— Օ՛հ, կներեք, ես այստեղ եմ, խորանի վերևում նայեք։
Գլուխս շրջեցի, իսկ այնտեղ՝ օդի մեջ, սև շրջանակավոր ակնոցով ու կոստյումով մի տղամարդ էր լողում։ Բարեբախտաբար, արդեն նստած էի տատամիին, ուստի մեջքի վրա ընկնելու բախտին չարժանացա և միայն զարմացած վեր նայեցի նրան։
— Խնդրում եմ, մի՛ վախեցեք։ Ես ուրվական չեմ։ Ես բուրավետ խունկն արտադրող ընկերության ներկայացուցիչն եմ։
Նկատեցի, որ նրա կրծքին անվանապիտակ կա՝ դժվարընթեռնելի հիերոգլիֆով։
— Ձեր անունը Միգիվա՞ է,— վարանելով հարցրի ես։
— Ոչ, անունս Տեյ է։
Եվ իսկապես, նրա արտասանությունը մի փոքր առանձնահատուկ է, պետք է գլխի ընկնեի, որ չինացի է։
— Տեյ սա՛ն, շատ լավ եք խոսում ճապոներեն։
— Այո՛, կարելի է այդպես ասել,— անվրդով ձայնով պատասխանեց Տեյը և շարունակեց.— Սովորաբար նման դեպքերում այցեքարտս եմ փոխանցում, բայց այժմ հանգամանքները թույլ չեն տալիս: Խնդրում եմ՝ ներողամիտ եղեք:
Ինձ համար չափազանց տարօրինակ էր լսել նման ծայրահեղ քաղաքավարի խոսքեր մի կերպարից, որը բառացիորեն լողալով դուրս էր եկել իմ զոհասեղանից, բայց որոշեցի չկենտրոնանալ դրա վրա։
— Ուզում էի ձեզ մեր ընկերության արտադրանքի մասին հարցնել։ Որքան հասկանում եմ, մեր բուրավետ մոմերի ազդեցությունը դեռ չեք զգում։
— Ազդեցությո՞ւնը։
— Այո՛: Ճիշտ է, այն ոչ միշտ է արդյունավետ լինում, բայց սովորաբար, օգտագործելուց մեկ-երկու շաբաթ անց, մարդիկ սկսում են տեսնել նրանց, որոնց սիրել են կենդանության օրոք:
— Ահա՛ թե ինչ․ փաստորեն, այս խունկերը դրա համար են։
Ես հազիվ էի հավատում նրա ասածներին։
— Այո՛, հենց այդպես։ Չեմ կարծում, թե ձեր ձեռքի տակ եղած արտադրանքը խոտան է, ուստի այսօր եկել եմ պարզելու պատճառը, թե ինչու մինչ օրս չեք զգացել դրա ազդեցությունը։ Ես կփորձեմ ամեն ինչ պարզել. կարո՞ղ եք նշել ձեր սիրելի անձնավորության անունը։ Գիտեք՝ այսօր հաճախորդները չափազանց խիստ են ապրանքի գնահատման հարցում, ուստի մենք ջանում ենք բավարարել բոլոր պահանջները։
Տեյի դեմքը կատարելապես լուրջ էր: Իմ սիրելի մարդիկ․․․ Երևի թե ծնողներս են, բայց եթե նույնիսկ հիմա հայտնվեն, չեմ իմանա՝ ինչ խոսել նրանց հետ, հատկապես՝ հորս։ Թեև մայրս շուտ է մահացել, և ես երկար տարիներ եմ անցկացրել հորս հետ, սակայն այնքան երկար եմ ապրել այդ լռակյաց արարածի կողքին, որ նրա մահից հետո էլ միայնակություն չզգացի: Հիմա էլ երբեմն ինձ թվում է, թե զգում եմ այդ լռակյացի շունչը։ Ճիշտ է, երիտասարդ տարիներին ժամադրությունների գնացել եմ, բայց չեմ ամուսնացել և ոչ մեկի հանդեպ առանձնահատուկ զգացմունքներ չունեմ: Այդ պահին ես հիշեցի ևս մեկ լռակյաց էակի, որը նախկինում ապրել է այս տանը․ Միկե։
— Միկե սա՞նը։
Տեյի ձայնում տարակուսանք նկատվեց, բայց դեմքը շարունակում էր անփոփոխ մնալ։ Անարտահայտիչ մարդ էր, բայց քանի որ ձայնը շատ փափուկ է, նրան լսելիս հանդարտություն էի զգում։
— Այո՛, Միկեն։ Կատուս։ Ես երեսունին մոտ էի, երբ մեր տուն եկավ ու տասնինը տարի՝ մինչև խոր ծերություն, ապրեց ինձ հետ։ Երբ հայրս մահացավ, նա ինձ հետ էր։ Ես հոտառություն չունեմ և բույրերի մեջ երբեք սփոփանք չեմ գտել, բայց տասնինը տարի անընդմեջ Միկեն է ինձ սփոփել ու ամոքել։ Ամոքել է ինձ իր փափուկ մորթով, մեջքիս ու ծնկներիս նստող փոքրիկ մարմնով, չափազանց կատվային մլավոցներով, պատուհանից դուրս նայող կերպարանքով։ Ինձ խաղաղեցնում էր անգամ նրա քնաթաթախ արթնանալն ու մարմինը դանդաղ ձգելու կերպը. իրականում նրա ցանկացած գործողություն սփոփում էր ինձ։ Նույնիսկ ծերանալուց ու հիվանդանալուց հետո, երբ նրան հաճախ անասնաբույժի մոտ էի տանում և տանը դեղեր տալիս, նա շարունակում էր ինձ ամոքել։ Միկեն հրաշալի էակ էր։ Հավանաբար՝ ինչպես բոլոր կատուները:
Տեյն անակնկալի եկածի պես ինձ նայեց և հանկարծ արագ-արագ խոսեց․
— Աստվա՛ծ իմ, այո, դուք իրավացի եք։ Իրոք, ոչ մի արդարացում չկա մեզ համար։ Դուք իրավացի եք։ Տարօրինակ է կարծել, որ սիրելի էակը պարտադիր պետք է մարդ լինի։ Մեր կազմակերպությունն անուշադիր է եղել այդ հարցում։ Ծրագրավորման սխալ է։ Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ ներողությունը։ Ես անմիջապես այդ մասին կտեղեկացնեմ մեր տեխնիկական թիմին։ Խնդրում եմ մեկ շաբաթ սպասեք։ Անպայման այնպես կանեմ, որպեսզի դուք տեսնեք Միկեին։
— Ահ, շատ լավ։
Թեև այս ամենն ինձ համար խիստ անսպասելի էր, սակայն Միկեին կրկին տեսնելու լուրը չափազանց ուրախացրել էր ինձ: Նույնիսկ եթե չկարողանայի նրան դիպչել, մեկ է՝ ինձ երջանիկ կզգայի՝ պարզապես նրան նայելով:
Շարունակելով սավառնել օդում՝ Տեյն ինչ-որ նշումներ արեց և իր աշխատանքին նվիրված մարդու հայացքով նայեց ինձ:
— Ի դեպ, մեր կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև բույրերին։
Այդ պատճառով խնկերը մտածված են այնպես, որ հարմարվեն ձեր նախասիրություններին: Սակայն ձեր դեպքում տվյալների հավաքումն այդպես էլ տեղի չունեցավ: Եթե ունեք սիրելի բույր, խնդրում եմ ասեք։
— Օ՜հ, ես բույրերից բան չեմ հասկանում, քթի հետ կապված խնդիրներ ունեմ։
— Իսկապե՞ս,— մտածկոտ դեմքով ասաց Տեյը։
— Այո, ես նույնիսկ օսմանթուսի բույրը չեմ զգում։
— Օսմանթուսի՞։ Ճիշտն ասած, ինձ համար օսմանթուսի բույրը նման է մուշմուլայի համին։ Քաղցրավուն է, բայց ոչ շատ, թարմություն ունի, նաև կարոտ է արթնացնում։ «Մուշմուլայի համը»,— մտածեցի ես։ Մի ակնթարթ քթանցքերիս շուրջը ծակծկոց զգացի. կարծես բույրի հեռավոր արձագանք լիներ։ «Գուցե հենց օսմանթո՞ւսն է»,— անցավ մտքովս։ Առաջին անգամ էին ինձ բառերով բացատրում, թե ինչ է բույրը․ դա իսկական հայտնություն էր։ Ես կարծես մի քայլ մոտեցա մի նոր բան բացահայտելուն։ Զարմացած նայեցի Տեյին, բայց նրա դեմքը կրկին անվրդով էր ու ոչինչ չէր հայտնում։
— Այդ դեպքում, խնդրում եմ, այնպես արեք, որ խունկից օսմանթուսի բույր գա,— ասացի ես։
— Վստա՞հ եք։
— Այո՛։
— Շատ լավ։ Ինչպես քիչ առաջ ասացի, ստիպված ենք ձեզ մեկ շաբաթ սպասեցնել։ Ներողամիտ եղեք։
Տեյը քաղաքավարի խոնարհվեց և անհետացավ։
Հաջորդ օրերին ես շարունակեցի օգտագործել այդ բուրավետ խունկը։ Համացանցում ստուգեցի ու պարզեցի, որ դրանք վաճառվում են ամենուր․ երբ վերջանա, ցանկացած պահի կարող եմ նորը գնել։ Մտածում եմ՝ քանի որ խունկը գտել եմ հորս սենյակում, նա նույնպես ժամանակ առ ժամանակ օգտագործել է այն՝ մորս տեսնելու հույսով։ Հուզիչ էր մտածել, որ նա երբեմն-երբեմն դա անում էր՝ այդ մասին ինձ ոչ մի բառ չասելով։
Երկու օրից կլրանա Տեյի խոստացած մեկ շաբաթը։
Թարգմանությունը ճապոներենից՝ Աստղիկ Հովհաննիսյանի


