Վարդան Հակոբյան | Ես ոչ մի տեղ չունեմ հեռանալու, երկիր

Վարդան Հակոբյան

ԱՄԵՆ ԻՆՉՆ ՈՒ ՈՉԻՆՉԸ

Մի փոշմանիր, որ եկել ես,
դու շատ փոքր մարդ ես՝ չգալու համար,
մի փոշմանիր, որ գնալու ես,
դու շատ փոքր մարդ ես չգնալու համար:
Ամենահզոր կամքով Վերին
գետը հոսում է հորդաբուխ ու անկասելի,
մի ալիք ծնվում է ճիչով,
մի ալիք ձուլվում հոսանքին, կորչում է,
և այն, ինչ դու ես անում,
դա խաղն է պարզապես ջինջ ալիքների,
դու՝ ձուլված կամքին
արարման,
կյանքին,
լույսին ու մութին,
ապրիր քո հոսքով մեծ ու տիեզերական
և այն ամենով, ինչը քեզանով եղել է ու կա:
Դու՝ ամեն ինչ ես, բացարձակապես՝ ոչինչ:

 

***

Տեսնես մարդու մեջ ով է գծում
համբերության սահմանը։ Երկու
խոսք ունեմ նրան ասելու։ Բայց
չիմանամ էլ՝ պիտի ասեմ։ Գոնե
մի քիչ մեծ գծեր, շատ չեմ ասում ՝
որքան իմ երկրի սահմանները…
2020թ․

 

***
Ես միշտ էլ հավատում եմ
ավելի,
քան հարկավոր է, թեև
ինչքան էլ հավատաս՝
հարկավոր է։
Մի սպիտակ ձի անընդհատ
իմ տեսլականում
մաքառում է հայոց
արցախական լեռներն ի վեր,
բայց ու՞ր է Զորավարը։
Երկնքից մանանա է
իջնում
սպասման ճամփաներին։

 

***

Ես ոչ մի տեղ չունեմ հեռանալու, երկիր,
ավելին, ինձ ու քեզ թողնելու սիրտ չունեմ,
սուտ դուրս եկան երազ, խորհուրդ ու գիր,
խինդ ու ցավիդ բիհրից կապված շուն եմ։

Կմաքառեմ, կհսկեմ ՝ մինչև շունչս վերջին,
անշիրիմ մեր զոհերի ոգեղեն սրբությունը։
Կսպասեմ, գա Ամենակարողը, իմ ականջին
շրշա բաղձալի երկու բառ՝ փրկված է տունը։

 

***
Արցախը հիմա բոլորի բերանում է՝
և հերոսի, և սրիկայի, և զոհի…
ժամանակի մեջ ամեն ինչ վերանում է,
ու նոր գաղափարներ են նետվում գրոհի։
Խավարում վաղն ու գալիքը մեռնում են,
հորիզոնը հանգչոմ է բութ կրնկի տակ,
հազար տարվա խոցերը կրկին հառնում են,
փոշի է կյանքը մեղքերի մեջ անհատակ։
Ընդդիմանում են զոհերն արդեն արթնացած,
ճահիճ է, չկան մեզ մեկնած ձեռք ու հենակ .․․
Մեռոնով օծված հողիս արյուն կա լերդացած,
ուսիս դրեք երկիրս, տանեմ մեն-մենակ։

 

***
ոչ մի վայրկյան դարձ չունի
եթե հունտ
չի ընդունել իր մեջ
հեռացումն առմիշտ է որպես
սիրո անբեկանելի շարունակություն
այն ամենուր է
ամեն ինչի մեջ
իսկ մոռացման վարդեր աճում են
այնտեղ
ուր դրանք չեն ցանվել երբևէ
ինքս ինձ ժպտում եմ
ուրեմն քո պատկերն է աչքիս առաջ
և երկնքում ծիծեռնակներ կան

 

***
Ամեն մեկիս ներսում կա մի
անսահման խոր փակված մարդ՝
մեր հակապատկերը,
նա, ով չի աղարտվում երբեք,
ում ձայնն ընջուկվեր ենք անում։
Թե հնար լիներ նրա հետ փոխեինք
մեր տեղերը,
երկիրը կդառնար անզուգական
դրախտավայր։ Ինչ ուղղությամբ էլ քայլենք,
մենք հեռանում ենք մեր ներսի մարդուց։

 

***
Երբ մոտեցավ, այնժամ
զգացի, թե
որքան հեռու եմ իրենից։
Ինչ գեղեցիկ, անսահման է
հեռուն՝
տիեզերքից մեծ։
Ես ծնվել եմ հեռվում,
հեռուն իմ հայրենիքն է։

 

ԵԹԵ ԻՄ ՇՈՒՆԸ ՕՐԱԳԻՐ ՈՒՆԵՆԱՐ

Բառեր չեն լսվում, մարդիկ խոսում են
պարզապես՝ ամեն մեկն իր սենյակում,
ստվարաթղթի պես թափանցիկ ու բարակ,
բաժանարար միջնորմների ետևում։

Իմ շունը շարունակում է անորոշ նայել
անհասկանալի ձայների կողմը և լռել,
ես կիսում եմ, անշուշտ, շան լռությունը։

Ես իմ շան հետ փողոց կգնայի սիրով՝
ոչ թե զբոսնելու,
որը վատ չէր լինի ուրիշ դեպքերում,
այլ ընդամենը փողոցը
դատարկությունից փրկելու համար։

Բայց քանի որ շունս տեղեկանք չունի,
ստիպված ահա
բաց պատշգամբ ենք դուրս գալիս,
որտեղից շունը նայում
ու ցավով, զարմանքով հաչում է
փողոցի անմարդ ու անշուն լինելու վրա։

Մարդ սկսում է սիրել անգամ ատելի
մարդուն և առիթ է գտնում մտածելու,
որ իր ժամանակը, դա միայն մարդն է՝
համաճարակված երկրագնդում ,
իսկ սիրո պահանջարկն աշխարհում ուղղակի
չափազանց մեծ է,
ու այն մի քիչ, մի քիչ բոլորին չի հերիքում։

Եթե իմ շունը օրագիր ունենար,
ես նրան կնվիրեի եբենոսյա գրիչ,
և նա կդիմավորեր
Եսենինին, գուցե՝ նաև ինձ… բայրոնավարի։

 

***
Տեսնես մարդու մեջ ով է գծում
համբերության սահմանը։ Երկու
խոսք ունեմ նրան ասելու։ Բայց
չիմանամ էլ՝ պիտի ասեմ։ Գոնե
մի քիչ մեծ գծեր, շատ չեմ ասում ՝
որքան իմ երկրի սահմանները…
2020թ․

 

• Աշնան տերևի վերջին թռիչքը
թարմացնում է գարնան հիշողությունը։
Ձյունը ամեն-ամեն ինչ սկսում է սկզբից։

• Ծաղիկն իրենով պայմանավորում է երկինքը։
Ես փորձում եմ քայլել՝ ոչնչի չխառնվելով,
ժայռի հայացքը իմ թիկունքին ծանրանում է։

• Մայրամուտի մեջ հայացքներն իրարից խուսափում են
և ցավից ոչ ոքի ետ չեն պահում օրվա զղջումները․
ուր որ է խավարը կրկին կբացի հանդիպման դռները։

• Մութը խաղաղության ինքնավստահություն է փռում,
աստղերը հեռանում են ավելի, քան հեռու են մեզանից,
վերջին հնարավորությունը՝ ինքնախոստովանության։

• Ոչ մեկը չի փորձում ոչ մեկի հայացքն ընթերցել,
աշնան մայրամուտը թանձրանում է օրվա վրա,
մի ձիավոր չի հիշում, թե այդ երբ էր, որ ջահել էր։

• Թիթեռն իջավ արեգակի վերջին, վերջին շողի վրա՝
ծաղկուն դաշտերն իր թևերին․․․ Հանգան, շուտով թռիչք ու գույն։
Սև խավարի մեջ կայծոռիկը հուշն է նրանց՝ տաք ու տխուր։

 

***
Երբ բառեր չենք գրում իրար
ավելի ամբողջական է լինում
իմ ու քո
ներքնախոսությունը և կատարյալ

երբ իրար չենք նայում ես ու դու
ավելի ամբողջական է լինում
իմ ու քո
ներքնատեսությունը և կատարյալ

երբ իմ ու քո միջև նավարկում են
կարոտն ու սերը
ավելի ամբողջական է դառնում
մեզ կապող ծովը և անսահման

երբ չենք միանում
մնում ենք
հավերժ անբաժանելի

 

ՓՆՏՐՏՈՒՔ

Չգիտեմ՝ դու հիմա իմ չգրած ո՞ր երգի մեջ ես։
Հաշտվել չի լինում իրականության հետ։
Ուզում եմ տեսնել անհնարին ծաղիկներ, որ
աճում են անմատչելի ժայռածերպերին,
մռակած երկինքներում ՝
գուցե քո լռելը հասկանամ։
Ինչո՞ւ վայրի մեղուները հենց այնտեղ են
տնավորվում,
ուր արեգակի վաղորդյան ցոլքերը
ուրվագծում են ծագող օրվա պատկերը։
Հազար տարի է ՝
տող չեմ գրում։
Անտառներում ամենուրեք թափառում են
քո ոտնաձայնը փնտրող անմոռուկները,
թռչուները ծառերով շյուղ առ ճյուղ անցնում,
որոնում են քեզ։
Հավքերն իրենց հրեղեն կտուցներին փորձում են
բոլոր այն բառերը, որ դեռ գրչածայր չեն տեսել։

Գաղտնիքը գիտեն միայն ու միայն աստղերը։ Եվ ես
դարձել եմ գիշերաշրջիկ, ափիս մեջ՝ մի փոքրիկ մոմ, որ
աչքերիդ հրով վառվում է՝ խոսելով երկնքի հետ։

 

ՈՒՐԱԽ ԵՎ ՏԽՈՒՐ ՀՈՒՇ

Տուն մտնելիս առաջինը մորս աչքերին էի նայում,
տխուր լիներ՝ տխրում էի, ուրախ լիներ՝ ժպտում էի։
Մի օր, թեև կրկին ցեխակոլոլ էի խաղից եկել,
մայրս իմ դեմքին չնայեց, երևի խնայեց ինձ։ Հիվանդ էր,
իսկ ես սպասում էի հերթական «ծեծի», որ մի փոքր
սուտարցունք լաց լացեմ,
շորերս փոխեմ,
հետո հաց ուտեմ՝
մորս համբույրը վայելելով. «Էլ շորերդ չկեղտոտես»։
-Մամ,-ասի,-ինձ ծեծիր, շորերս տես ինչ եմ արել…
Նա միայն ներողամտաբար ժպտաց։ Բայց ես
համառ էի, ուզում էի ելներ տեղից, ինձ «դաս» տար,
թող որ՝ նույնիսկ իսկական,
միայն թե մոռանար, որ հիվանդ է… Մայրս չէր լսում,
և ես՝ լացելով, սկսեցի ինքս ինձ ծեծել, այնքան, որ
մայրս ստիպված վեր թռավ ու ինձ փրկեց ինձնից.
-Շան տղա, գժվել ե՞ս…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *