Գևորգ Թումանյան | Ունայնիկներ

 

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

հա խմեցինք
հա լսեցինք la mamma-ն
հա խմեցինք
հա լսեցինք la mamma-ն
հա խմեցինք
հա լսեցինք la mamma-ն
օղին պրծավ
մենք պրծանք
անցանք Isabelle-ին

*

Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում
Հայաստանում պոետներին
սպանում են
պալատական երգիչ են դարձնում
կամ լավագույն դեպքում
արհամարհում

*

Աստծո երգչախումբը համալրվեց
ևս մեկ ձայնով
նա տարիքով ամենապուճուրներից
տարիքով ամենամեծն է

*

էնքան գրեց
էնքան գրեց
որ իր բանաստեղծությունների շարանով
երկրից արև ճոպանուղի գցեց

*

ավելի հեշտ է
բանաստեղծության մասին մտմտալը
քան բանաստեղծություն գրելը

*

ավելի հեշտ է
բանաստեղծության մասին մտմտոցը
բանաստեղծություն դարձնելը
քան բանաստեղծություն գրելը

*

ավելի հեշտ է
բանաստեղծություն գրելը
քան մեղրամոմ կուլ տալը

*

չեն ազդվում միայն
մեռած բանաստեղծները

*

նրա սիրած զբաղմունքը
բանաստեղծություն գաղտնալսելն է

*

կես գիշերն անց
բանաստեղծության
ականապատ սահմանը հատելիս
գրչակների ահաբեկչական խումբ է պայթել

*

էս պատկերը
մեծահոգաբար նվիրում եմ
կարող եք հանգիստ օգտագործել

անկառավարելի հետույքով կին

*

չափի զգացողության
բոլոր հարմարություններով
ներշնչվելու արվեստով հանդերձ
շուկայականից շատ ցածր գներով
վաճառում եմ
բանաստեղծական ժողովածուների վերնագրեր

*

լեզվի
ոսկեղենիկ գանձարանը թալանելու
պատկերների հանքավայրերն
դաժանորեն շահագործելու
բանաստեղծության ստվերային տնտեսություն
ստեղծելու համար
հատուկ քննադատական ծառայությունները
բերման են ենթարկել
գրական աշխարհի ոմն հեղինակի

*

սիրով
ու հանդուրժողականությամբ
անհապաղ այրենք
ընթերցողների վստահությունը կորցրած
սեր ու հարգանք չվայելող
անպետք գրքերի պալատը

*

մեկ բանաստեղծություն գրելու
մեկ բանաստեղծություն լռելու համար
արժե այս կյանքը ապրել

*

նա
ժամանակ առ ժամանակ
գնում և փակվում էր
բանաստեղծության Ագռավաքարում

*

ես հոգնեցի բանաստեղծությունից
բանաստեղծությունն էլ ինձնից
միակ հույսս մնաց
բանաստեղծությունը

*

եթե չեմ կետադրում
դեռ չի նշանակում
թե կետադրել չգիտեմ
թեկուզև հոտառությամբ

*

ես այդպես էլ չեմ գրի
«կնոջիցս թաքուն բանաստեղծություններ» շարքը
իմ ամենապայծառ
ու գորովալից շարքը

*

ինձ խոսք տվեցի
բայց չգրեցի
«հետմահու բանաստեղծություններ» շարքս
ամենացնորական
խանդավառ շարքս

*

ինչ փառահեղ ժամանակներ են
գրականության համար
հատկապես արձակի
գլխավորապես արձակի
ախ արձակի համար

*

ո՞ր հեռաստաններում են դեգերում
չստացված բանաստեղծությունները
ո՞վ կմոտենա
ո՞վ կփարվի
ո՞վ կկազդուրի նրանց

*

խիստ մասնագիտական
տերմինները մի կողմ
ոչ բանաստեղծական
հակաբանաստեղծական բառեր չկան
կան
խելքից դուրս ոչ բանաստեղծական բանաստեղծություններ
ու լիքը հակաբանաստեղծական բանաստեղծներ

*

հենց հիմա
գիշերվա էս հազարին
երբ քունս չի տանում
ու չգիտեմ ինչու գրում եմ էս տողերը
մի քանի միլիոն
լուսատարի առաջ ապրած
այլմոլորակային մի ընթերցող
սրանք կարդում է

ողջ լեր

*

եթե C բանաստեղծը
գրագողություն է անում
B բանաստեղծից
B բանաստեղծն էլ իր հերթին
գրագողություն է անում
A բանաստեղծից
ապա կարելի՞ է պնդել
որ C բանաստեղծը
գրագողություն է անում
հենց առաջին ձեռքից
A բանաստեղծից

*

եթե A բանաստեղծը
որպես ընթերցող
զզվում է B բանաստեղծի բանաստեղծություններից
իսկ B բանաստեղծը
որպես ընթերցող
իր հերթին գարշում է
A-ի բանաստեղծություններից
ապա ինչո՞ւ է
գրողը տանի
C բանաստեղծը
որպես ընթերցող հավանում
և A-ի և B-ի բանաստեղծությունները

*

A արձակագիրը
որը սկսել էր չափածոյով
որպես օրինաչափություն
շարունակում է գրել
անհամ բանաստեղծություններ
B բանաստեղծը
իր ուժերը փորձում է նաև
արձակի մեջ
որպես օրինաչափություն
ստացվում է լավ

*

միառժամանակ
կամ ընդհանրապես
առանց բանաստեղծության
առանց ընդվզման
առանց ինքնաբզկտումների
հնարավոր է ապրել
մտմտաց բանաստեղծը
ու շարունակեց գրելը

*

հին աշխարհի
ոչ մի հանճարեղ բանաստեղծ չի տեսել
թե ինչպես է
ինքնաթիռը խազում
հոկտեմբերի կապույտ երկինքը

*

ես ասում եմ քառասուն
դուք հասկացեք հիսուն
ուրեմն քառասուն տարի առաջ
մեր բանաստեղծություն էր ներխուժել
գնչուների մի ահռելի թափոր

ես ասում եմ մի ահռելի թափոր
դուք պատկերացրեք
չգիտես ինչու
մի չնաշխարհիկ աննման գնչուհի

ուրեմն քառասուն տարի առաջ
չգիտես որտեղից
չգիտես ինչու
մեր բանաստեղծություն էր ներխուժել
մի չնաշխարհիկ աննման գնչուհի
ու բոլոր գործերը թողած
մեր տարաբախտ բանաստեղծների
բախտն էր գուշակում

տեսնես ի՞նչ եղավ
խեղճ բազմաչարչար գնչուհին
սիրատոչոր բանաստեղծները
նրան հիշու՞մ են

*
լավ լուր
մեր ընթերցողների համար
գենետիկորեն ձևափոխված ջրահարսերը
անվերադարձ լքել են
մեր բանաստեղծության ջրերը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *