Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպչի հավակնորդի մրցույթ

Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպչի հավակնորդ դառնալու համար շտապեք դիմել մշակույթի նախարարություն. հայտերն ընդունվում են մինչև ս. թ. հուլիսի 15-ը

Մշակույթի նախարարությունը շահույթ չհետապնդող կազմակերպությունների շրջանում հայտարարում է Գրքի երևանյան 2-րդ եռօրյա փառատոնի կազմակերպիչ դառնալու
մրցույթ: Փառատոնը նախատեսվում է անցկացնել ս. թ. հոկտեմբերին:

Փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կհանդիպեն գրողը, ընթերցողն ու հրատարակիչը: Այն միտված է հայ գրականության հանրահռչակմանը և հրատարակչական գործի խթանմանը:

Ծրագրի պարտադիր բաղադրիչներն են.

– հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ գրքի ցուցահանդես-տոնավաճառ,
– գրողների, գրքի ձևավորողների, նկարազարդողների ստեղծագործական մրցույթ (անվանակարգերը տե՛ս ստորև),
– շնորհանդեսներ (պարտադիր նաև 2017 թվականին կայացած Գրքի երևանյան փառատոնի շրջանակում հաղթած գրքերի):

Ցանկալի է փառատոնի ծրագրում ընդգրկել նաև.

– քննարկումներ,
– վարպետության դասեր,
– ընթերցումներ,
– կենդանի երաժշտություն և այլն:

Ստեղծագործական մրցույթի անվանակարգերն են.

– արձակ,
– պոեզիա,
– դրամատուրգիա,
– մանկապատանեկան գրականություն,
– գրքի շապիկի ձևավորում,
– գրքի նկարազարդում:

Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նախկինում չհրատարակված: Մրցութային անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Մրցանակային ֆոնդի գումարը կհատկացնի մշակույթի նախարարությունը:

Հայտատուն պետք է ներկայացնի ստեղծագործական մրցույթի անցկացվման հնարավորինս թափանցիկ և անաչառ կանոնակարգ:

Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպչի հավակնորդ դառնալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել՝ yerevanbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկելով կազմակերպության գործունեության մասին տեղեկություն, պետական գրանցման վկայականի պատճենը, կանոնադրությունը, կոնտակտային տվյալներ՝ նամակի վերնագիր տողում (subject) նշելով՝ «Կազմակերպիչ դառնալու հավակնորդ»։

Հայտ կարող է ներկայացնել Հայաստանում գրանցված, շահույթ չհետապնդող այն կազմակերպությունը, որն ունի գրական կամ մշակութային գործունեության նվազագույնը երկու տարվա արդյունավետ փորձ:

Հայտի փաթեթում պետք է ներառված լինի Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական հաշվարկը (հաղթողների մրցանակային գումարները՝ ներառյալ): Նախապատվությունը կտրվի համաֆինանսավորում ունեցող ծրագրերին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի հուլիսի 15-ն է։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 011-52-39-38 հեռախոսահամարով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *