Պատմվածք

Փոխիլ ի Տէր…

Ի՞նչ է լինում, երբ հայրդ այրում է գրքերդ, որ «մարդ դառնաս», իսկ պատերազմը ջնջում է կյանքի ու մահվան սահմանները։ Պատմություն՝ երեք սերունդների տրավմաների, չմեռնող հիշողության և հողի կանչի մասին։

• 28 րոպե

Փոխիլ ի Տէր…

(հոգեբանական դրամա)

Նվիրում եմ Շոթային և Գրետային, Վերային և Սարգսին։

Ես դեռ կամ, — ասում էր հայրական պապս ու առանց թարթելու նայում դեմքիս թափված ոսկեգույն գանգուրներին։ Շիրմաքարը սառն էր, իսկ նրա աչքերում դեռ խաղում էր կյանքի կրակը… Թեկուզ հանգած, տառապած ու քաղցած մանկության, չսիրող հոր ու հույս տվող մոր, գրքասեր ու սովորել սիրող, բայց ամբողջ կյանքում բանվորական գործ անողի կյանքի կրակը։

— Մա՛, իսկ պապին ինչո՞ւ բանվոր դարձավ, եթե շատ էր սիրում գիրք կարդալ, — հարցիս պատասխանը մնաց օդում կախված։

— «Երևի հայրիկս էր մեղավոր», — պատասխանեց պապին ու թվաց՝ անգամ ժպտաց։

— Ինչո՞ւ։

— «Որովհետև այրում, պատռում էր գրքերս, ինձ էլ ապտակում էր՝ ասելով․ «Մարդ դարձիր, ոչ թե գիրք կարդա»։

— Պապի՛, նշանակում է՝ ես էլ մարդ չե՞մ դառնա։

— Դե ինչպես ես դարձա, այնպես էլ դու կդառնաս, բալե՜ս, չմտածես։

Պապին այլևս չխոսեց հետս։ Երևի անդրշիրիմյան աշխարհում շատ գործեր ուներ։ Կապը խափանվեց։

Մայրիկը բռնեց ձեռքս։ Ոտք գցեցի ինչ-որ անծանոթ հանգուցյալի հողի վրա, հետո պարզվեց, որ անծանոթը պապիի մոտ ընկեր Ստեփանն էր, որը զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

— Էս խեղճ մարդուն, ախր, էստեղ չպիտի թաղեին, — հառաչեց հայրս, իսկ մայրս՝ սովորության համաձայն, մոտեցավ Ստեփանի շիրիմին ու ձեռքի թաց կտորով մաքրեց շիրմաքարը։

— Անկարգ թոռների բան ու գործն ի՜նչ է, որ էս մարդու շիրիմը չեն խնամում, — մայրիկը բարկանում էր միայն այն ժամանակ, երբ հասկանում էր, որ պետք է բարկանա։

Օտար շիրմաքարերը նայում էին ինձ, ես էլ՝ իրենց։ Լուրջ եմ ասում՝ մեր միջև փոխադարձ հարգանք էր, այնքան, որ սկսեցի անգամ հերթով մոտենալ ու կարդալ անուն-ազգանունները։

…Աստղիկ… Աստղի՜կ… Ընդամենը ութ տարի էր ապրել․ տեսնես՝ ինչի՞ց է մահացել։ Նստեցի Աստղիկի կողքին, Աստղիկն իր գեղեցիկ աչքերով ժպտաց ինձ ու երևի ինքն էլ նստեց կողքիս։

— Վե՛ր կաց, Դավի՛թ, գնում ենք, — այս անգամ պապան բարկացավ։ Բոլորը բարկանում էին, իսկ ես հանգիստ էի, երևի դեռ չէի հասկանում՝ ինչ է բարկությունը։

«Աստղի՛կ, ես անպայման կգամ։ Լսո՞ւմ ես։ Կգամ ու կպատմես, թե ինչի ես հայտնվել այստեղ։ Իսկ հիմա ներիր, պիտի գնամ»։

— Վաղն էլ գնանք մամայի մոտ, — մեքենան շարժվեց, իսկ ես լսում էի հերթական հուշը՝ մայրական տատիս մասին։

Ասում են՝ տատս երբեք չի հասկացել, թե ինչպես են սիրում։ Երևի իրեն ևս չհասկանալով են սիրել։ Կարմիր լուսացույցը վառվեց։ Տան դիմացի ծառը կտրեցին։ Մերկացավ տարածքը։ Ծառը մահացավ։ Տարան հերձման։ Ոչ մի հետաքրքիր բան չկար այնտեղ։ Գեղեցիկ շարված էին օրգանները։ Միայն սիրտը չէր աշխատում, կտրվեց աորտալ երակն այնպես, ինչպես այն ծառի արմատները, որոնք թաղապետարանը արյունոտ ձեռքերով վերացրեց։

— Վա՜յ, անամո՜թ, բա երկրիդ ծառը կտրես ու հետո գնաս, հանգիստ գլուխդ դնես բարձին, քնե՞ս։ Գոնե հասկանո՞ւմ ես, որ դա թթվածին է, որ իմ ծեր թոքերը թթվածին են ուզում։

Մեկ էլ մայրական տատս ուզում էր ասել, որ՝ «բակում վիրավոր ծառի կողքին կանգնած ու որբ աչքերով ծառահատմանը հետևող երեխաների թոքերը կկարոտեն այդ կենսատու ծառին»։ Հա, հաստատ սա էլ կասեր։

Տատիս՝ պատուհանից գոռացող ձայնը մշտական էր ու անսպառ։ Բա՜յց դե ծառն էլ կտրեցին, արմատներն էլ ոչնչացրին, տատիս էլ տարան դիահերձարան։

Ասում են՝ երբ մարդ ամեն ինչից հոգնում է, սկսում է սիրել իր ժամանակը, վամպիրի պես ծծում է վայրկյանների թարմ արյունն ու սարսափում «մահվան քրտինքից»։ Բայց դա մայրական տատիս մասին չէր։ Նա առհասարակ չէր սիրում, երբ ինքն էր սիրում, այլ սիրում էր, երբ իրեն էին սիրում։

Հեռուստացույցի սև էկրանին հայտնվեցին Արցախյան առաջին պատերազմի մասին պատմող փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի կադրերը։ Ստեփանն էլ կար այնտեղ։

«Արցախյան առաջին պատերազմն իսկապես արթնություն էր։ Այն հայի ուժի, տոկուն կամքի ու հաղթական պայքարի խորհրդանիշն էր», — ասաց լրագրողն ու հետո տխուր ձայնով շարունակեց, — «Բայց Արցախյան երկրորդ պատերազմն, ավա՜ղ, իր պատմության էջերում գրանցեց միայն հաղթած զինվորների հերոսական մահն ու փակեց Արցախի պատմության վերջին էջը»։ Հաջորդեցին Մոնթեի կադրերը։ Ահա՝ զինվորներն ուս-ուսի տված պարում են հաղթական քոչարին, գրկում ու շնորհավորում են միմյանց՝ չմտածելով հետագա դավաճանության ու սերունդների կործանման մասին։

Արցախի պատմության թեման դեռևս դպրոցում չեմ անցնում։ Բայց լրագրողի խոսքերը որոշեցի իմ ձևով արտագրել թղթի վրա ու ուղղակի պահել գրպանումս։ Թող տարիներ անցնեն, կբացեմ թուղթը, կկարդամ ու կպատռեմ այն ժամանակ, երբ կկանգնեմ Տատիկ-Պապիկ արձանի մոտ։ Ու վերջ կտամ պարտությանը։ Հենց այդպես էլ կանեմ։

I. Երբ դեռ չէր ծնվել Ադամը…

Պապին վիճում էր, որ իմ անունը պիտի Ադամ դնեին, ոչ թե՝ Դավիթ։

— Դավի՜թ, — հեգնում էր պապին, — էդ ի՜նչ անուն է, որ էս երեխուն դրեցիք։

— Պա՛, մեր հերոսապատումից է… Նայի՜ր, անգամ գանգուրներն են Դավթի նման, — սկսեց գանգուրներս քաշել։ Ատում էի, որ գանգուրներիս ձեռք էին տալիս։

— Բա ի՜նչ դնեինք անունը, — հայրս հուսահատ աչքերով հետևում էր պապիի թեյ խմելուն։

— Վիճելու հավես չունեմ։ Թեյս էլ սառեց։

Հայրիկը վեր թռավ բազմոցից։ Մի պահ մտածեցի, որ մեղուն խայթեց, բայց պարզվեց, որ ավելի վատ բան է եղել՝ խաշլամայի ջուրն է թափվում, իսկ տանտիկինը տանը չէր։

— Ձեր տանը միշտ էսպես է, — հառաչեց պապին, — միշտ հայրդ սպասում է մորդ, իսկ մայրդ տանը չէ։ Կինս ողջ լիներ, էսպես չէր լինի։

Պապին նայեց ինձ։ Թեթև ժպտաց։ Գդալով մեղրը դրեց թեյիս մեջ։ Մեղրը դանդաղ հալչում էր տաք թեյի կարմրադեղին ալիքներում։

— Ես գնդակ էի խաղում, երբ ռադիոյով լսեցի, որ ֆաշիստները պատերազմ են հայտարարել, — պապին նայեց չորսկողմն ու ինձ ձեռքով նշան արեց, որ մոտենամ իրեն, ապա շշուկով ավելացրեց, — անկեղծ ասած, ես այդ օրը մի քիչ ուրախացա։

Հայրիկը գոհունակ ու հաղթական ժպիտով նստեց բազմոցին։ Խաշլամայի ջրի հետ պայքարում հաղթել էր։

— Հեսա բոլորով խաշլաման կվայելենք, — հայրիկը շատ երջանիկ էր։

— Իմ ժամանակներում կնիկն էր խաշլամայի դեմ մենամարտի դուրս գալիս, իսկ տղամարդը աշխատում էր։

— Էդ քո ժամանակներում էր այդպես։

— Իմ ու քո չկա։ Կա ՄԵՐ, — պապի ձայնը հաստատ էր ու բարկացած։

— Բոլոր ժամանակները մե՜րն են, — քմծիծաղեց պապան ու մի լա՜վ ձգվեց բազմոցին։

— Իհարկե։ Ժամանակը ուրվականի նման շրջում է բոլորիս հետ։ Ու հետո՝ ժամանակը մի հատ է, հազար հատ չէ։

Պապան ծիծաղեց, ես անհանգստացա, պապին հավեսով մի կում արեց թեյից։ Հեռուստացույցը երգում էր։ Իսկ ես ուզում էի իմանալ, թե պապին ինչու ուրախացավ, երբ ֆաշիստները պատերազմ հայտարարեցին։

Առաջին էջ․ Փոշոտ գնդակի ակտիվ շարժումները կանգ առան այն ժամանակ, երբ դեռ պատանի Խաչատուրը տան բաց պատուհանից հնչող ռադիոյի ձայնը լսեց։ Ռադիոն աղաղակում էր՝ «Ընկերնե՛ր, պատերազմ է»։ Հետո պատանի Խաչատուրը, թևի տակ դնելով փոշոտ գնդակը, վազում է տուն ու նկատում, որ իր մայրը, արցունքները սրբելով, ճաշ է պատրաստում։ Հետո եկավ հայրը՝ բարկացած, հոգնած ու քաղցած։ Խաչատուրը դռան արանքից հետևում էր մոր ձեռքերի ու շրթունքների անհանգիստ ու չդադարող շարժումներին։ Հետո հայրը կանգնեց, գլուխը կախեց ու դուրս եկավ խոհանոցից։ Խաչատուրն արդեն այդ ժամանակ հասցրել էր փախչել տնից ու նստել դռան դիմացի քարին։ Նա նկատեց, որ հայրը արագ քայլերով գնաց հարևանի տուն։

Մայրը դուրս եկավ տնից ու գրկեց Խաչատուրին։ Տղան հասկացավ, որ հորը տանում են ռազմաճակատ։

— Երբ նրան տարան, ես մի քիչ հավաքած փող ունեի։ Գնացի մեր գյուղի միակ գրավաճառ Աբոյի մոտ ու առա «Երկիր Նաիրին»։ Ո՜նց էի կարդում։ Ծարավել էի, գիրքը հագեցնում էր ծարավս։ Հետո, երբ իմացա, որ հայրիկը (պապին երբեք չէր ասում՝ պապա) զոհվել էր, իմ ձեռքերով գրադարակ պատրաստեցի ու բոլոր գրքերս՝ ըստ այբբենական կարգի, սիրուն շարեցի։ Վերածնվել էի։

— Իսկ գրքեր գողացե՞լ ես։

— Դպրոցական տարիներին գրադարանում ինչ գիրք հավանում էի՝ խոթում էի շալվարս։ Մի անգամ էլ բռնվեցի։ Բայց գրադարանավարուհին բարի կին էր, ասաց՝ «Գրքի գողը գող չէ»։

Երկրորդ էջ․ Այդ օրը երկնագույն վերևում սպիտակ ու միմյանց վրա կուչ եկած բամբակները շատ դանդաղ էին շարժվում։ Երբ մայրիկին հասավ հայրիկի մահվան բոթը, նա բռնեց ձեռքս, ու գնացինք դաշտ։ Հավաքում էր ուրցն ու լաց լինում, լաց էր լինում ու հավաքում ուրցը։ Ուրցն անգամ խոնավացավ, բայց մայրիկի բաց կանաչ աչքերը շարունակում էին համառորեն խեղդվել իրականության ու հիշողության սահմաններում։

Իսկ ի՞նչ կլիներ այն ժամանակ, եթե հայրիկը չզոհվեր, վերադառնար տուն ու կրկին շարունակեր ճնշել տան անդամներին ու ինձ։

«Հա՛, թո՛ղ ճնշեր, բայց վերադառնար», — մտածում էր մայրիկը, իսկ ես մահացել էի սեփական անորոշ մտքերի հորձանուտում։

«Մա՜, գիտես՝ ես երբեք ի սրտե չեմ ցանկացել հայրիկի մահը, բայց, ախր, կարդալն ավելի շատ եմ սիրում… Ա՜խր, բամբակե ամպերը, անուշահոտ ուրցը, հեռվից նշմարվող գառնուկի փոքրիկ ստվերը, իմ սրտխփոցն ու քո երակներում հոսող տաք արյունը, ռադիոյի ճիչն ու քո արցունքների դավաճան հոսքը… Էդ մենակ, ա՜խր, կարդացողն է զգում։ Ես անգամ զգում եմ ամպերի հոտը, մա՜, անգամ տեսնում եմ տան պատերի հիշողությունը»։

Երրորդ էջ․ Հայրիկը փայտյա դագաղն իր ամուր բռունցքներով ջարդեց, հետո հաղթահարեց թաց հողակտորի հետ մենամարտը, գլխով կոտրեց շիրմաքարն ու դուրս եկավ լույս աշխարհ։ Գերեզմանների կողքին գտավ ցայտաղբյուր։ Կուշտ ջուր խմեց։ Քայլեց տուն՝ իր ետևից թողնելով մահվան փոշու հետքերը։ Նա քայլում էր դանդաղ, մտածելով։ Զարմանում էր անգամ, որ թաղված է․ չէ՞ որ մեռած էլ չէր։ Նրան թաղել էին մտքերով, օղորմաթաս խմել ու մի պատառ հիշողություն կերել, խնկել նրա կենդանի հիշատակը։

Խաչատուրը զգում էր հայրիկի փոշոտ վերադարձը։ Նա անգամ վազեց կանաչազարդ դաշտով ու գրկեց մայրիկին։ Մարմինը դողում էր, ճակատի սառը քրտինքը քսեց մայրիկի փեշին ու նայեց դաշտին։ Խոհանոցի պատուհանից դաշտն այնքա՜ն պարզ ու մաքուր էր, ու հանկարծ Խաչատուրն իր ականջներում լսեց Բեթհովենի «Ճակատագրի սիմֆոնիան»։ Նա չգիտեր՝ ով է Բեթհովենը, չէր լսել «Ճակատագրի սիմֆոնիան», բայց հստակ գիտեր, որ այն հնչում է։ Տակնուվրա եղած սիրտ։ Զարկերակի արագ չափն ու երաժշտության տակտը համահունչ էին։ Դաշտի ամենահեռվից նկատվեց փոշոտ, կեղտոտ ու ջղային ստվերը։ Մայրը կարկամած էր, Խաչատուրը՝ երկյուղած։ Սև ստվերը դանդաղ մոտենում էր, Խաչատուրը մտածում էր, որ իր գրքերն ուր որ է կհայտնվեն գոմի կողքին դրված աղբանոցում։

«Հայրիկը դանդաղ էր քայլում, մտամոլոր։ Չէր նայում շուրջբոլորը, նրան հետաքրքրում էր իր տունն ու տան դրվածքը։ Ես պոկվեցի մայրիկի թևերից ու վազեցի տուն։ Բղավեցի մայրիկին, որ տուն գար, դուռը կողպեինք, որ մահացած հայրս ներս չգար։ Մայրս խլացել էր»։

— Մա՜մ, շո՛ւտ ներս արի։ Հայրիկը մեռել է։

Ո՛չ, մայրիկը չէր հավատում, որ հայրիկը մահացել է, բայց հավատում էր, որ նրան թաղել էին։ Ու հավատում էր, որ իր սեփական ձեռքերով հող է լցրել դագաղին։ Հավատում էր, որ գլխի տակ դրել էր հորս սիրած իրերն ու նրա սիրած հագուստը։ Չգիտեմ։ Երևի նրա համար, որ անդրաշխարհում իր սիրած հագուստներով ման գար։ Երևի իր հարազատներին էլ ցույց կտար անձնական իրերն ու երևի կբաժաներ, չգիտեր։

Հայրիկն արդեն մոտ էր։ Իսկ ես, վերցնելով Դյումայի ու Չարենցի գրքերը, թաքնվեցի մահճակալի տակ։ Գո՜նե էդ երկու գիրքը կփրկեի։

Լսվեց դռան ճռռոցը։ Ծանր քայլերը շրջում էին տնով։ Հետո ծանրությունը մոտեցավ սենյակիս, կանգնեց ուղիղ դիմացս ու փորձում էր լսել անհանգիստ շնչառությունս։ Ոտքերը չէին շնչում։ Ծանրություն տարածողն էլ չէր լսում իմ շնչառությունը։ Ես փակեցի աչքերս ու որոշեցի տրվել այս մղձավանջին, որը, ցավոք սրտի, իրականություն էր։

Չորրորդ էջ․ Երեկոյի կարմրադեղին երկինքը ծածկել էր տունն ու փողոցը։ Տան ռադիոն շարունակում էր խոսել ինքն իր հետ, իսկ ես հետևում էի, թե ինչպես է հայրիկը արագորեն կուլ տալիս խաշլամայի մեծ կտորները։ Մայրիկը չէր ուտում։ Նրա աչքերը հառված էին հայրիկի սևացած, չորացած ու հողոտ ձեռքերին։

— Օղի չկա՞, — լիքը բերանով հարցրեց հայրիկը։

— Դե՜, քեզնից հետո… — մայրիկին ընդհատեց կոկորդում լցված մի ամբողջ կորստի ցավը։

— Տեսնում ես, որ հետ եմ եկել, տանն արդեն պիտի օղի լինի, — հայրիկը բարկացած ինձ նայեց։ Հայացքս փախցրի յուղոտ մսերի ու փոշոտ մսաջրի անդունդում։

— Մա՜, — համարձակվեցի ձայն հանել, — ա՜յ մա, երազ է, չէ՞։ Հիմա կարթնանամ, չէ՞։

Մայրիկը գլուխն օրորեց։ Ես վեր թռա ու վազեցի դաշտի փոքրիկ առվակի մոտ։ Գլուխս մի քանի անգամ թաղեցի առվակի սառը ջրերում։ Անօգուտ էր։ Ես քնած չէի։ Ու հայրիկն էլ մեռած չէր։

II. Աստված մեռավ

Նիցշեն հաստատեց այն թեզը, որ Աստված կա ու անգամ հասցրեց մեռնել։ Անգամ Աստված մեռավ, բայց Խաչատուրի հայրը այդպես էլ չմեռավ։ Սեփական գերեզմանահորից դուրս գալուց հետո Խաչատուրի հայրը տասը տարի էլ ապրեց։ Իսկ Խաչատուրը ստիպված դարձավ բանվոր, որովհետև դա «մարդավայել» աշխատանք էր։ Խաչատուրի անկողնու տակ ննջում էին Դյուման ու Չարենցը, իսկ Խաչատուրի հայրը ոչնչացրեց այն, ինչը Չարենցն անվանում էր «անեզր տիեզերք»։

Գիտե՞ք, անգամ մի պահ պատկերացրի այդ տեսարանը։ Խաչատուրի հայրը մտնում է որդու սենյակ։ Ձեռքում պահում է ծանր մուրճը։ Զննում է չորսկողմը։ Ունքերը կիտում ու մտածում, որ «լակոտը քիչ չէ՝ թաղել էր իրեն, մի հատ էլ գրադարակ էր ստեղծել»։ «Ճակատագրի սիմֆոնիան» սկսում է հնչել այն ժամանակ, երբ հայրը ջարդում է գրադարակն ու հերթով պատռում գրքերը։ «Մեսրոպ Մաշտոցը, ցավոք սրտի, մասնատվեց», — հայտարարեց ռադիոն։ «Մեկ րոպե, հենց հիմա մենք նկատում ենք, թե ինչպես է չարագործը պատռում «Հայոց պատմությունն» ու այրում Նարեկացու «Մատյան ողբերգությունը» (Գո՜նե «Մատյանը» չայրեիր։ Գո՜նե թաղեիր հողի տակ այնպես, ինչպես քեզ թաղեցինք)։ Իրանական գրականությունը ևս ունեցավ իր տխուր վախճանը, իսկ Պուշկինը շարունակում էր թաքնվել գրադարակի ջարդոտված փայտերի ետևում։ Իսկ Տոլստոյը պահարանի կիսաբաց դռնից թաքուն հետևում էր «զվարճանքին» ու երևի երջանկանում աննկատ մնալու իրականությունից։

Նա այդ օրը կոտրեց ո՛չ միայն գրադարակն ու այրեց նրանում եղած «բերքը», այլ նաև ստիպեց հավատալ, որ չկա առավել երանելի կյանք, քան մահվանից անդին եղած մռայլ կամ լուսավոր «իրականությունը»։

«Տե՛ս՝ որ ասում եմ՝ «Աստված մեռավ», հո՞ չեմ ասում՝ չեմ հավատում նրան, ընդհակառակը՝ հավատում եմ, ու դրա համար մեռավ։ Մեռավ ու այրվեց՝ քեզ հետ միաձուլվելով, մեռավ քո մտքերում ու քո մեջ, մեռավ այն ժամանակ, երբ գնացիր ծառայության ու ողջ ընթացքում կրկնեցիր՝ «Թող վերադառնամ, ու նա կրկին թո՛ղ մեռած լինի»։ Մեռավ, երբ կրկին որոշեցիր գրադարակ կառուցել ու ինքդ քո ձեռքով այն ոչնչացրիր, որ հայրիկի ձեռքով հանկարծ չպղծվեին գրքերդ։ Մեռավ, երբ տեսար հողից ծնված, հողում թաղված ու հողից հարություն առած հայրիկիդ մռայլ իրականությունը։ Մեռավ, երբ ինքնահողի չորացած հողը լցվեց խաշլամայի յուղի մեջ»։

III. Ներել չի կարելի սպանել

Կետադրի՛ր, ինչպես ուզում ես։ Կետադրի՛ր այնպես, ինչպես սիրտդ կկամենա։ Կետադրի՛ր այնպես, որ ներես։ Կետադրի՛ր, եթե ուզում ես սպանել։

Մի գիշեր Խաչատուրը մտավ ննջասենյակ ու կանգնեց գլխիս վերևում։ Նրա շնչառությունը ծանր էր, իսկ քրտնաթոր ճակատի սառը կաթիլները մերթընդմերթ թափվում էին չորացած շրթունքներիս վրա։

— Արի՛ գնանք, փոս փորենք, — պապին չէր զառանցում, այլ ստիպում էր։

Փոս փորելու համար հարկավոր էր բահ, ուժ ու անվախություն։ Պապին բահ ու անվախություն ուներ, իսկ ես՝ ուժ։ Ես պապիին պետք էի, որովհետև ուժ ունեի… Պատանեկության ու առույգության ուժ էր, որը պապի մոտ մարեց, երբ գիտակցեց, որ ծեր է։ Այդպես «մահացան» նաև Ադամն ու Եվան, երբ գիտակցեցին, որ մերկ են… Երբ ԳԻՏԱԿՑԵՑԻՆ… Մինչ այդ խենթ էին իրենց միամտության մեջ ու չար՝ իրենց բարությամբ։

— Զգո՜ւյշ, կանգնեցիր Սարգսի գերեզմանի վրա, — պապին նպատակասլաց ու հետևողական էր այդ գիշեր (Սարգիսն ինձ կների, որ տրորեցի իր ոսկրոտ հողը)։

— Սա էլ Աշխենի ու Հարութի գերեզմանն է, — պապին լապտերն առավել մոտ պահեց Աշխենի կիսաժպտացող աչքերին, մի պահ շոյեց, կարոտով նայեց նրան ու, ծանր հոգոց հանելով, շարունակեց մահվան ճանապարհը։

— «Աշխենին շա՞տ էիր սիրում, պապի՛», — մտածեցի ես։

— «Հա՜, էն էլ ո՜նց էի սիրում։ Ինքը իմ սիրածը չէր, մենք իրար սիրում էինք նախքան նրա պսակվելը։ Ուղղակի չսպասեց։ Չհամբերեց։ ՉԳԻՏԱԿՑԵՑ։ Չգիտեր, որ հայրիկի նման հետ կգամ մահվան սահմաններից», — մտածեց պապին։

— «Ափսո՜ս, որ սպասեր, լավ կլիներ երևի», — մտածեցի ես։

…Եվ մեր մտածումների թելը կտրվեց այն ժամանակ, երբ պապին կանգնեց տատիս գերեզմանի մոտ։ Պապին մեկնեց բահը։

— Ա՜ռ, փոսը փորի՛։

— Ինչո՞ւ, պապի՛։

— Ուղղակի փորի՛։ Թող էդպես փորած մնա։ Մի՛ անհանգստացիր, ես շա՜տ շունն եմ, ես դեռ մի հարյուր տարի էլ պատրաստվում եմ ապրել, — պապին ժպտաց, ես հավատացի ու սկսեցի փորել։

Պապին նստեց փոսի կողքին գտնվող տուֆից պատրաստված նստարանին, վառեց ծխախոտն ու սկսեց մտածել տատի մասին։ Աչքերով խոսում էր հետը, երբեմն ընդհատում էին իրար, վիճում (երևի տատին իմացել էր Աշխենի մասին)։

— Որ գնաս ծառայության, առաջին հերթին ինչի՞ մասին կմտածես, — հարցը հասկանալի էր, իսկ պատասխանելը՝ դժվար։

Փոս փորելն ու ծառայության մասին մտածելն ինձ համար քույր դժբախտություններ էին, իսկ պապի համար՝ սովորական ու անգամ զվարճալի։

— Չարենցի մասին կմտածեմ, պապի՛։

— Ինչո՞ւ։

— Խեղճը այդպես էլ գերեզման չունեցավ։

— Է՜, Աբովյանն էլ չունի։

— Աբովյանը ունի… Ես ուսումնասիրել եմ ու հասկացել եմ, որ Աբովյանը ունի։

— Որտե՞ղ։

— Դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ ունի։

— Եթե չգիտես, ապա ինչպե՞ս գիտես, որ ունի։

— Գիտե՜մ էլի… Զգում եմ։ Չարենցինը մենակ չեմ զգում։

Տիրեց ծանր լռություն։ Պապին նայում էր հողոտ կոշիկներիս ու երևի հիշում հողոտ ձեռքերով հորը։ Հիշում, որ այն ձեռքերով, որոնցով նա տվյալ պահին ծխախոտն է բռնել, մի ժամանակ փոս է փորել ու մտել մեջը, պաշտպանվել, հետո ընկերոջը փրկել՝ գցելով նույն փոսը։ Հետո Չարենցի «Դանթեականը» բարձր արտասանելով կռվել ու երևի հաղթել… Երևի հաղթել։

— Վե՛րջ, — այո՜, վերջ։ Փոսը փորված էր։ Հողը՝ տաք։ Իսկ պապի հայացքը սառել էր։

— Ես քեզ ասացի, չէ՞, որ մեռնողը չեմ։

— Իհարկե, պապի՛։ Հիշում եմ։

Պապին վեր կացավ։ Ես փոսից մի կերպ դուրս եկա։ Հետո մոտեցավ ինձ, աչքերով ժպտաց ու ասաց․

— Գնա՛ տուն, ես մի գործ էլ ունեմ։ Անեմ՝ գամ։

— Մութ է, պապի՛։ Թո՛ղ վաղը մնա։

— Վաղն անպայման կգա, բայց այսօրն արդեն մահացավ։

Պապին թեթևակի հրեց ինձ՝ հասկացնելով, որ շուտափույթ հեռանամ։ Ես մե՛կ քայլում էի, մե՛կ ետ նայում։ Պապին նստեց։ Հիմա կանգնեց։ Նորից նստեց։ Հիմա ինչ-որ մտքերի մեջ է։ Հետո մոտեցավ կնոջ շիրմաքարին։ Ու… ընկավ փոսի մեջ։

«Ամեն ինչ բաժանված է արդեն,

և՛ աստղերը, և՛ արևը, և՛ լուսինը:

Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,

ես ամաչում եմ սարսափելի,

որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու…»։

IV. Հողից ծնվածին՝ հողն էլ կտանի

Խաչատուրը հասկանում էր, որ վերջը եկել է։ Թոքերից լսվում էին վազքի անհանգիստ սրտխփոցները։ Հասկանում էր, որ եթե հայրիկը կանչում է, ուրեմն վերջը մոտ է։ Իր վերջն է մոտ։ Հասկացավ այն ժամանակ, երբ իր մանկության ընկեր Սարգիսը հայտնեց «չարաբաստիկ» լուրը։ Երբ ոտքերը սկսեցին անհնազանդ դողալ, իսկ ուղեղը գոռում էր, հրամայում, ստիպում՝ շտապել։

Խաչատուրը վազում էր ու աղոթում։ Աղոթում էր ու վազում։

— Մայրդ լավ չի զգում իրեն… Կողքը նստի՛ր։ Ես էլ գնում եմ։

Հայրիկի ձայնը հանգիստ էր։ Իսկ մայրիկը այդքան էլ լավ չէր։ Խաչատուրի խենթ սրտխփոցը հանդարտվեց։ Փաստորեն մայրիկի համար էր ստիպում տուն շտապել։

— Խաչատո՛ւր ջան, գիտե՞ս՝ ինչու եմ այսքա՜ն վատ։

Մտքում պատասխանեց, որ չգիտի։

— Քույր կամ եղբայր կունենաս…

— Կունենամ, բայց որտեղի՞ց։

— Ա՜յ էստեղից, — մայրը տաք ձեռքով բռնեց Խաչատուրի կիսաթաց, կեղտոտ ձեռքերն ու դանդաղ քսեց որովայնին։ Թվում էր, որ եթե նման փաղաքշանքով չքսեր, երեխան կարող է չծնվեր։

— Ուրա՞խ ես, — սպասում էր պատասխանի։

«Չէ՛, ուրախ չեմ, մա՜։ Մեզ պետք չէ քույր կամ եղբայր։ Մեզ պետք չեն անհավասարություններ, վեճեր, մեղադրանքներ։ Այլ սեր է պետք, սեր, որը չի լինի, որովհետև չկար էլ։ Ես ատում եմ հայրիկին, որովհետև զոհաբերեց գրքերս՝ շաղախելով քո մեջ քրոջս կամ եղբորս սերմը։ Ես ատում եմ այն րոպեն, երբ ստեղծվեց ծնելիության մասին գաղափարը, ու այն վայրկյանը, երբ բարձրաձայնվեց։ Ատում եմ լուսնոտ գիշերը կամ արևոտ առավոտը, երբ այն իրականացավ։ Ատում եմ այս պահը, երբ ասվեց»։

— Ուրախ եմ, մա՜։

Մայրիկը գրկեց Խաչատուրին ու իր թաքուն մտքերը։

«Հունիսի վեցին, ժամը վեցին, երբ Աստված աշխարհը ստեղծեց՝ մտածելով, որ անպայման յոթերորդ օրը պիտի հանգստանա, երբ տիեզերքում մոլորակներն արդեն ընդունել էին իրենց կատարյալ դիրքը, երբ արևը որոշեց, որ պիտի ավելի վառ շողա, իսկ լուսինը՝ առավել հանգիստ տեսք ընդունի, ու երբ թիթեռնիկը հասկացավ, որ կարող է երկու օր էլ ապրել… Հայրիկը մահացավ… Վերջապե՜ս մահացավ։

Մարմինն իջեցնում էին փոսը։ Մայրիկին պառկեցրին խոտերի մեջ։ Քահանան աղոթում էր հոգու փրկության համար։ Կնճռոտ կինը հորդորում էր մորս լսել իր հրահանգները։ Հայրիկը, աչքերը փակ, վայելում էր իր մենակությունն ու հանգստանում աշխարհից։ Մայրիկը փակել էր աչքերն ու արտասվելով աղոթում… Ո՞ւմ համար… Պարզ չէր։

Հայրիկի ոտքերին հող լցրեցին, իսկ մայրիկի ջրերն արդեն ցամաքել էին այդ հողի մեջ։ Տղամարդիկ հողոտ վերմակը քաշեցին հայրիկի վրա։ Երբ երեխան լույս աշխարհ եկավ, հայրիկը այդ ժամանակ էլ մահացավ»։

— Օղո՜րմի… Հազար օղորմի։

— Առողջ լինես ու վայելես մանկությունդ, պստի՜կ ջան։

— Հետաքրքիր է, որ հարություն առավ ու նորից մեռավ։ Հիսուսն էլ էլի տենց եղավ։

— Լույս աշխարհ եկար, որ մայրիկի դարդը փափկեցնես։

— Խիստ մարդ էր… Հազար օղորմի։

— Աղջիկ է։ Կանաչ աչքերով աղջիկ։

Նայեցի քույրիկի բաց կանաչ աչքերի մեջ, ու երկինքը կանաչոտվեց, լցվեց քույրիկի մարմնի մեջ ու անհետացավ։

Հայրիկը լռեց, երբ նորածին Հասմիկը ճչաց, որ լույս աշխարհ է եկել։

V. Փոշոտ անցյալի լայն ոտնահետքերը

Հասմիկի պեպենոտ դեմքն այրվում էր արևի տակ։ Նրա մարմինն անվերջ ակտիվ շարժումների մեջ էր։ Մեկ գետնին էր գցում տիկնիկներն ու վերցնում իմ մանկության տանկերն ու զինվորիկները, մեկ էլ զինվորիկին արհամարհանքով դեն նետում ու վերադառնում իր վարդագույն շորերով տիկնիկներին։

— Ես լավ գիտեմ՝ ի՜նչ ես մտածում, — բարձրաձայնեց Հասմիկը։ Հետո գլուխը պտտեց իմ կողմն ու լայն ժպտաց՝ շողացնելով սպիտակ ատամները։

— Հետաքրքիր է՝ դու գիտես, իսկ ես չգիտեմ։

— Չգիտես, որովհետև գրքերդ ու անցյալդ չեն թողնում, որ վերադառնաս ներկա։

— Ա՜յ պստլո, դու որտեղի՞ց գիտես էդ ամեն ինչը։

Պստլոն լռեց։ Իսկ ես մտահոգ փակեցի գիրքն ու անհամբեր սպասում էի պատասխանին։

Հետո Հասմիկը հոգնեց խաղերից ու մոտեցավ ինձ։ Կուչ եկավ ոտքերիս մոտ, հետո կատվի նման ձգվեց, հետո դժգոհ հայացք ընդունեց ու հեռացավ։

Մայրիկը նստել էր խոհանոցում։ Ծանր մտքերը խոնարհել էր ափերի մեջ ու աչքերը պատուհանից դուրս հանել։ Ջրի կաթիլները սահում էին նրա նիհար, սպիտակ պարանոցի երակներով։ Լսում էի նրա մտքերը։ Զգում էի, որ մարմինը փոշոտվել էր։ Տեսնում էի, որ հայրիկը գրկել է։ Ու միայն նրան էր գրկել։

— Պա՜, բա ինձ չե՞ս ուզում գրկել։

— Լակո՜տ, գիտես՝ չե՞մ տեսել, որ գրապահարանիդ գրքերը շատացել են։

— Էդ գրքերի շնորհիվ եմ հիմա քո հետ խոսում։ Տեսնում եմ, որ գրկել ես մայրիկին, իսկ աչքերդ բարկացած են՝ ոչ մայրիկի վրա։

— Էն աշխարհից էլ կանիծեմ քեզ… Կանիծեմ, բայց չեմ սիրի։

Հայրիկը գնաց։ Մայրիկը սկսեց մաքրել այն, ինչի պատճառով Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից։ Ինչին նման են մոլորակներն ու ինչի շնորհիվ Նյուտոնը բացահայտեց տիեզերքի ողջ գաղտնիքը։ Հետո մայրիկը դանակով երկու կես արեց մեղքը։ Ա՜յ քեզ կախարդանք։ Մեղքից մեկը որոշեց տալ Հասմիկին։ Արագորեն հասա խոհանոց ու խլեցի նրա ձեռքից այդ մի պատառ մեղքը, կերա, հետո խլեցի բոլոր մեղքերն ու կերա։ Հասմիկը լաց եղավ։ Իսկ ես երջանիկ էի։

Մնաց ինը րոպե

Ռադիոն երգում էր հայրենասիրական ինչ-որ երգ։ Հասմիկը փորձում էր հասկանալ՝ որտեղից է գալիս ձայնը։ Գրկեցի նրան ու բարձրացրի պատին ամրացված ռադիոյի մոտ։ Նրա կանաչ աչքերը զննում էին ռադիոյի խորշում թաքնված անտեսանելի հաղորդակապը։ Նա որսում էր երգող տղամարդու խրոխտ ձայնն ու երջանկանում, երբ ամեն բան հասկանում էր։

Ու երբ եկեղեցիներն ու վանահայրերը փլվում էին ներկայի երկրաշարժում, ու երբ ամպերը բարկացել էին պետությունների վրա, ու երբ աղոթելը դարձել էր լոկ փրկության հենարան, ես վազում էի։ Վազում էի՝ Չարենցի «Դանթեականը» շուրթերիս, վազում էի ու դանակահարում իմ պետությանը դեմ ջհուդներին, վազում էի ու հաշվում Հասմիկի դեմքի փոքրիկ պեպենները, լռում էի, որ ցավից չգոռայի, գոռում էի, որ լռությունից չխենթանամ։

— Խաչատո՛ւր, էն ջրով տարրան որտե՞ղ ես դրել։

— Ջուր չի մնացել, ցամաքել ենք արդեն։

— Մենք՝ ոչինչ, ասա՛՝ մեր հողը չցամաքի։

— Ո՞ւմ է պետք էս հողը, ո՞վ է մեր տերը, — Անդրանիկը բարկացավ իր զինակից ընկերների վրա ու մեջքով շրջվեց։

— Ափսո՜ս է էդ անունը, որով կնքել են քեզ։

— Անվանս հետ ի՞նչ գործ ունես։

— Արի՛ փոխվենք անուններով։

Անդրանիկի դեմքի ամեն ուրվագիծը պատմեց նրա մտքերը։ Պատմեց, որ նա այսօր հազիվ է փրկվել մահվան ճիրաններից ու այդ պատճառով է ատում իր հայրենիքը։ Պատմեց, որ Անդրանիկն այսօր քաղցած է մնացել ու երևակայեց, որ ուտում է իրենց տան դիմացի այգում շենացած ծառերի վրայի խնձորները։

— Առաջարկում եմ Անդրանիկի դարդը չլացել ու հասկանալ, թե որ ուղղությամբ ենք շարժվելու։

— Ծարավ եմ։ Դժվա՜ր թե կարողանամ շարժվել։

— Տղամա՛րդ եղեք էլի։ Ջուրն էլ կգտնենք, հայրենիքն էլ կփրկենք, Անդրանիկին էլ զոհ կտանք՝ կգնանք, — բոլորը ծիծաղեցին, իսկ Անդրանիկը մի պահ պատկերացրեց, թե ինչպես պիտի տեղի ունենար իր զոհաբերության արարողակարգը։

— Աղը չմոռանա՛ս լցնել բերանը, — հավելեց մեկը։

— Չէ՛, Անդրանիկը անալի ուտող է։

— Անհամ տղա է էլի։

Լուսնի մեղմ կլորը շարունակում էր հետևել մեզ։ Նա ծիծաղում էր մեզ վրա այնպես, ինչպես մենք էինք ծիծաղում Անդրանիկի վախկոտության, թուլության, դավաճան մտքերի ու անհամապատասխան անվան վրա։ Լուսինը մոլորեցնում էր ու սթափեցնում, ստիպում էր առավել ուշադիր լինել, ստիպում էր չքայլել արյունոտ, օրերով նեխած դիակների վրայով։ Դիակները մի ժամանակ շնչում էին, ապրում իրենց սովորական օրը, միգուցե զբոսնում սիրելիի կամ ընտանիքի անդամների հետ։ Նրանք ծիծաղում ու լաց էին լինում, պատմում հետաքրքիր պատմություններ ու տխրում, երբ որևէ դժբախտություն էր պատահում։ Նրանք մտածում էին ու երբեմն էլ զղջում։ Նրանցից մեկը հաստատ սիրում էր նկարելը, մյուսը՝ երգելը, իսկ էն մյուսը՝ միգուցե պաշտպանել հայրենիքը, ու երևի դրա համար եկավ սահման, ու երևի դրա համար դիակ դարձավ։

«Չէ՛, ես էս օրին չեմ ընկնի», — մտածում էի, երբ Անդրանիկը կանգնեց դիմացս ու ապտակեց ինձ։

— Շեղեցի քեզ դիակներից, — Անդրանիկն ապտակեց ինձ… Վախկոտ Անդրանիկի մեջ միգուցե այդ պահին զարթնեց Զորավարն ու հրամայեց՝ արյան գնով պաշտպանել…

«Զորավա՛ր, ինչո՞ւ պաշտպանեմ… Ա՜խր մեկ կյանք եմ ապրում, հասկանո՞ւմ ես։ Ուզում եմ վայելել ու սիրել էս կյանքը, քամել նրա հյութերն ու ընկղմվել նրա խոր անտառներում։ Ուզում եմ գրկել ու այնպե՜ս պինդ սեղմել, որ կյանքն էլ ինձ սիրահարվի։ Իսկ եթե կյանքը սիրահարվում է քեզ՝ էլ պոկ չի գա։ Խենթ սիրահարի նման գիշերուզօր կապրի քեզնով ու անգամ կմահանա քեզ համար»։

Զորավարին երևի դուր չեկան մտքերս։ Զորավարն ասաց՝ «Լսի՛ր, ա՛յ խենթ։ Հայրենիքդ սիրի՛ր, որ կյանքն էլ քեզ հարգի ու սկսի ապրել քեզ համար։ Դու գոնե գիտե՞ս, որ մի ժամանակ սեփական հայրենիքում ապրածները՝ չսիրելով իրենց հողը, դարձան թափառաշրջիկ մի ճղճիմ կույտ։ Ես էլ մի ժամանակ քեզ պես էի մտածում։ Մտածում, որ իմ պապն ու նրա պապն են ստեղծել հայրենիք սիրելու անտեսանելի թեզը, բայց հետո հասկացա, որ ինչպես թույլին կպաշտպանես ուժեղից ու մի լա՜վ կհասցնես թույլին հարվածող ուժեղի մռութին, այնպես էլ սեփական հայրենիքդ պիտի պաշտպանես, որովհետև նա քեզնով է իմաստավորվում։ Բա՜լա ջան, ամոթ է։ Խելքդ գլուխդ հավաքի՛ր ու ապտակի՛ր Անդրանիկին։ Որովհետև նրա անունը պատիվ չի բերում իրեն։ Ու առհասարակ, է՛ս ախմախին իմ անունը չպիտի դնեին։ Մի սրա՛ն նայիր։ Վախկոտ, պոչը ներս մտցրած ողորմելի է»։

Ես ու Զորավարը ծիծաղեցինք Անդրանիկի վրա, ու պատասխան ապտակեցի նրան։ Անդրանիկի աչքերում նկատվեց ուժեղ հարվածի կայծը։ Զորավարը դրական նշան տվեց ինձ։ Ու շարունակեցինք մեր ճամփան։ Քայլում էինք մտամոլոր՝ հիշելով ու սիրելով մեր հիշողությունները։ Ես լսում էի Հասմիկի մանկական քրքիջն ու ինքնաբերաբար ժպտում։ Խոստանում՝ չծնկել մահվան առաջ։ Խոստանում՝ չդավաճանել ինքս ինձ։

— Հա՛յկ, — նրա մտամոլոր աչքերն իմ կողմ հառվեցին․ — Դանթեի «Աստվածային կատակերգությունը» կարդացե՞լ ես։

— Ես դրա ժամանակը չունեմ, Խաչատո՛ւր։ Ի՞նչ կա որ։

— Դե, եթե չես կարդացել, իմաստ չունի խոսել։

— Ա՜յ մարդ, դու բացատրի՛, ես կհասկանամ՝ կարդացե՞լ եմ, թե՞ ոչ։

Կապուտաչյա Արան ծիծաղեց։ Իսկ շիկահեր Հայկը այդպես էլ չհասկացավ Արայի անբռնազբոս ծիծաղը։

Ոտքերս թմրել էին։ Նստեցի մեծ, սառը քարին։ Տղաները աշակերտի պես նստեցին դիմացս ու անհամբեր սպասում էին։ Երևի շատ էին ուզում տեղափոխվել Դանթեի դրախտն ու անտեսել սահմանների քավարանն ու դժոխքը։

— Ես դպրոցում ուրիշ բան եմ անցել, — Արան լրջացավ։ Եթե Արան լուրջ էր, ուրեմն ամեն բան դեռ կորած չէր։

— Ի՞նչ ես անցել։

— Չեմ հիշում՝ որ գրողն էր… Ֆրանսիացի էր… Հա, ֆրանսիացի էր, — գլուխը քորեց, որ լավ հիշի։

— Երևի Դյումա եք անցել։

Արան հիացած էր։ Երևի Դյումայով։

— Խելքի կտո՛ր ես է՜։

— Դյումայի «Հրացանակիրնե՞րն» ես կարդացել։

— Հա, բայց կիսատ մնաց։ Կպատմե՞ս ավարտը։

— Բա՜ Դանթե՞ն։

— Թո՛ղ քավարանում սպասի, մինչև կգանք հետևից, — տղաները սկսեցին քրքջալ, ու միայն Անդրանիկն էր լուռ ու անտրամադիր։

— Դե լա՜վ, մռութներդ մի՛ կախիր։ Դու հայ ես, դրա համար էլ ներում ենք քեզ ու քո վախկոտությունը։

— Հա, բայց ես վախկոտ չեմ։ Երեկ երեք հատ թուրք եմ խփել։

— Որտե՞ղ… Երազո՞ւմ, — ծիծաղի բոթը լսեցին մեզ շրջապատած լեռներն ու երևի ամոթանք տվեցին։

Անդրանիկը վեր կացավ։ Ուզում էր հեռանալ։ Հետո փոշմանեց։ Անհանգստացավ։ Մի քիչ մտածեց։ Հասկացավ, որ ավելի լավ է մնա։ Մնաց ու շարունակեց մտքում երգել իր տխրության երգը։

— Դանթեն ասում է, որ կա մեղքերի շրջան, որոնցից ծայրագույնը իններորդն է…

— Որի պատճառով կործանվեցին գերհզոր պետություններն ու նորածիններ վիժեցին արգանդում։ Որի պատճառով մահը դարձավ քաղցր մեռոն, իսկ կյանքը՝ անտանելի գոյաբանություն։ Որի պատճառով ես սկսեցի չհավատալ ինքս ինձ ու պայքարել սեփական մտքերիս դեմ։ Որի պատճառով հայրս մեռավ, ու կրկին վերածնվեց, ու կրկին մեռավ, իսկ մայրս փակվեց իր փշոտ ու փոշոտ ներքին սենյակում։ Որի պատճառով Հասմիկը կոտրեց իր բոլոր խաղալիքներն ու նայեց պատուհանից դուրս՝ փնտրելու իմ ստվերը։ Որի պատճառով իմ երկրի քահանան հանձնեց սեփական գերտերության դարպասի բանալիներն ու տապալվեց խաչի հարվածից։ Որի պատճառով անտեսանելի Մարդը ներեց Հիսուսին, իսկ մահկանացուները շարունակեցին արդարացնել մեկ այլ գող սրիկայի։

Գիտակցված դավաճանություն… Սեփական անձի հանդեպ։ Գիտակցված դավաճանություն՝ մարմնիդ ու հոգու դեմ։ Դավաճանություն, որը մարդուն թաղեց հողում։ Ու որոշեց ստեղծել կլորի «անկյուններում»։

Տղաները հասկացան, որ հայտնվել են դիակապատված սահմանում, որովհետև դա դավաճանության դեմքն էր։ Նրանք ատեցին այդ դեմքն ու որոշեցին ջարդել դավաճանության մռութը։

Մնաց ութ րոպե

Ժամի սլաքները կանգնեցին, երբ մահացավ Արան։ Իսկ երբ մահացավ Հայկը, թռչունները սկսեցին երգել…

Օղո՜րմի քեզ, Արա՛… Օղո՜րմի քեզ, Հա՛յկ։

Անդրանիկը փախավ։ Զորավարն էլ իր ձիով վազեց Անդրանիկի հետևից ու գլուխը երկու մասի բաժանեց, այնպես, ինչպես մայրս էր խնձորը կիսում։ Փոշոտ հոգեվարքի ամեն վայրկյանը ստիպում էր գոյատևել։

Չէ՜, ես շատ շունն եմ, ես մեռնողը չեմ։ Հետ եկա անդրաշխարհից ու շարունակեցի քայլել՝ որպես միայնակ ճամփորդ՝ ետևում թողնելով Արայի ծիծաղն ու Հայկի ոսկյա գանգուրները։

Մնաց յոթ րոպե

Յոթերորդ րոպեին ես հասկացա, որ գրքի քսաներորդ էջը պատմում էր ոչ թե հեղինակը, այլ հերոսը։ Հերոսը հանձն էր առել կատարելու հեղինակի աշխատանքը։ Ու կատարել այն ճիշտ, գրագետ, առանց սխալի ու պահպանելով գեղարվեստական առանձնահատկությունը։

Երբ դագաղագործը հայտարարեց, որ դագաղները պատրաստ են օգտագործման համար ու անգամ լկտիաբար շեշտեց․ «Ոչ մի մեռել դեռևս դժգոհ չի մնացել իր պատրաստած դագաղից», հենց այդ ժամանակ ես լռեցի ու ներեցի նրան։ Ներեցի ու համբուրեցի Արայի լայն ճակատը, ներեցի ու շոյեցի Հայկի գանգուրները։ Ներեցի հայրիկին ու զգացի նրա փոշոտ ներկայությունը… Այնքա՜ն փոշոտ ու այնքա՜ն խռոված։

Մնաց վեց րոպե

— Խաչատո՛ւր, տե՛ս՝ չգնաս ու Աբովյանի նման այլևս հետ չվերադառնաս։

Մայրիկը կատակում էր, իսկ Հասմիկը հավաքում էր փոքրիկ աստղածաղիկները։

Խաչատուրն իր ամուր բազուկներով տեղափոխեց գրադարակը մեկ այլ անկյուն։ Հայրը նայում էր նրան, բարկանում, բղավում, որ տեղափոխություններ չանի։ Խաչատուրը չէր լսում։ Առավել եռանդուն էր աշխատում։

«Դու այն ես, ինչ կարդում ես։ Բայց հայրիկը ոչինչ չէր կարդում։ Ուրեմն գոյություն էլ չի ունեցել։ Բայց մտածել գիտեր։ Ուրեմն մարդ էր, այն էլ ինչպիսի՛ մարդ… Բանական։ Երևի արդեն անցել է քավարանով ու սպասում է դրախտի իր հերթին։ Դրախտում լիքը տեղ կար։ Որովհետև մարդիկ երբեք չեն սիրել ենթարկվել օրենքներին»։

Երբ մութ էր ու անձրև էր գալիս, Խաչատուրն արդեն դիմացի այգում պառկած էր ու հանձնվել էր բնության աղմուկին։ Նա գիտեր, որ աղմուկից է ստեղծվում ցանկացած բան։ Որ աղմուկից է ստեղծվել տիեզերքն ու շնչավոր էակը։ Որ աղմուկի մեջ է ձևավորվում երեխան ու աճում Հասմիկի քաղած աստղածաղիկը։ Որ աղմուկի մեջ է ձևավորվում լռությունը, ու լռությունը մահանում է հենց իր ստեղծած աղմուկի ձեռքով։ Նրա չորս պատերում աղմուկ էր, ու անգամ նրա մեռած մտքերն էին աղմուկի մեջ։

Մնաց հինգ րոպե

Խաչատուրը լա՜վ գիտեր, թե ինչպես պիտի պատմեր սեփական պատմությունները։ Երբ ընկավ փորված փոսի մեջ, նա մի պահ ժպտաց ու մտքում կրկնեց, որ՝ «ես մեռնող պտուղը չեմ»։ Իհարկե։ Գիտեմ, որ չես մահացել։ Այնքան կենդանի են աչքերդ, ու գորովանքով են նայում աշխարհին գերեզմանաքարիդ կողքին աճած փոքրիկ աստղածաղիկները։

Ասո՜ւմ ես, որ չես սիրում իմ անունը։ Ասում ես՝ «չեմ սիրում խնձոր ու բանվորական աշխատանքս»։ Ասում են, որ կոտրում էիր թաղի բոլոր խնձորենիները, որ երեխաները հանկարծ չճաշակեին քաղցր պտուղը։ Ասում ես, որ սպիտակը չպիտի խառնվեր սևի հետ ու ստանար աշխարհի բոլոր գույները։ Ասում էիր, որ աշխարհն անգույն է, որ մենք էինք գունավոր ակնոցներով ման գալիս։

Արան ու Հայկը այդ գիշեր պայքարեցին քեզ հետ ու երևի մահվան ու կյանքի ճամփաբաժանում հանդիպեցին Դանթեին։ Դանթեն ևս հիացավ Արայի կապույտ աչքերով ու շոյեց Հայկի գանգուրները։ Նա երևի հայտնեց, որ նրանք պիտի անցնեն բազում շրջաններով ու հասցնեն ապրել… Մեռնելով ապրել այդ շրջաններում։

Մնաց չորս րոպե

Երբ թաղեցի Հասմիկին, չէի մտածում, որ նա հողը լցնելու ժամանակ կգրկեր ինձ ու կշշնջար ապրելու ցանկության մասին։

Երբ նրա աչքերը նայում էին անգույն առաստաղին, թվում էր՝ չվում է, պատեպատ տալիս իր փոքրիկ գլուխն ու արյունոտում պեպենները։ Մայրիկը ցամաքել էր, իսկ մազերն այլևս չէին ենթարկվում կյանքի օրենքներին ու, պատժվելով, սպիտակեցին։

Երբ շոյեցի Հասմիկի սառը ձեռքը, խնկաբույրը գրկեց մեզ ու կտրեց անցյալի թելը։

Մնաց երեք րոպե

Խաչատուրի թաղմանը ներկա էին բոլոր բարեկամներն ու հարևանները, և անգամ անծանոթները։ Միգուցե անծանոթները Խաչատուրին առավել հարազատ էին (դատելով արցունքների չավարտվող հոսքից), քան բարեկամները, բայց այն, ինչը կոչվում էր ընկերություն, երբեմն անհասկանալի ու շատ հաճախ նաև բարդ է։

Խաչատուրն այդ ժամանակ մտածում էր ամեն ինչի մասին։ Մտածում էր, թե ինչ ճակատագրի կարժանանար նրա հոգին, մտածում էր, թե հետոն ինչ է լինելու։ Նա գիտեր, որ հետո չուներ, սակայն հոգին հիշողություն ունի և շատ էլ լավ հիշում է այդ հետոն։ Պապիս հողը ծանր նստեց իր վրա։ Չէ՞ որ ես էի փորել այդ հողը։ Ինձ մարդասպան էի զգում, ու թվում էր, թե պապիին ո՛չ թե կյանքն է սպանել, այլ ես՝ մրոտ ու քրտնաթոր ձեռքերով։

— Մի՛ մտածիր։ Ես կկարողանամ պաշտպանել քեզ անգամ վերևից։

— Պապի՛, բայց դու ասում էիր, որ մեռնողը չես։ Բա ո՞նց մեռար։

— Դե կյանք է, ամեն ինչ էլ պատահում է։ Ա՛յ, օրինակ, ծաղիկն էլ, երբ աճում է, մտածում է հավիտենական կյանք ունենալու մասին, մինչդեռ նրան ինչ-որ մեկն այդ պահին արդեն ճզմեց, ու կտրվեց նրա կենսատու թելը։

— Իսկ էդտե՞ղ… Վերևո՞ւմ… Ո՞նց է։

— Ինչպե՞ս բացատրեմ, որ հասկանաս։ Ամեն բան շատ լավ է ու շատ վատ…

— Ծայրահե՞ղ է, պապի՛։

— Անտրամաբանական է։ Անորոշ է։ Երբեմն՝ մռայլ, երբեմն՝ լուսավոր։ Այսօր, օրինակ, թռել եմ երկնքում, այնքա՜ն լավ էր։ Երբ մեծանաս ու մեռնես, կհասկանաս՝ ինչ եմ ասում։

— Կներե՛ս, որ փորեցի քո փոսը։ Կներե՛ս, որ ստիպեցիր ինձ թաղել քեզ։

— Բալե՜ս, էն Սահակին ասա՛, որ քիչ լաց լինի։ Ամոթ է։ Տղամարդ է, հո կնիկ չէ՞։

— Դե Սահակը մի քիչ զգացմունքային մարդ է, պապի՛։

— Անունդ Ադամ պիտի լիներ, բալե՛ս։

— Ինչո՞ւ։

— Որովհետև… Որովհետև…

Կապն ընդհատվեց։ Ես հասկացա, որ այլևս երբեք չեմ կարողանա խոսել Խաչատուրի հետ։

Խաչատուրը ազնիվ ու լավ մարդ էր։ Իսկապես։ Հանկարծ չմտածեք, որ չափազանցնում եմ։ Գիտե՞ք՝ ի՜նչ պայքար է մղել Արցախի հողերի համար։ Գիտե՞ք, որ զոհված ընկերոջ դին շալակած հասցրել է մոր տուն, որ ողբային վրան։ Չգիտեք, բայց ես հո՜ լավ գիտեի։ Գիտեի, որ Զորավարի հետ մշտապես երկխոսության մեջ էր։ Որ Զորավարը հպարտանում ու հիանում էր Խաչատուրի արիությամբ, նրա ծուռ լինելով, նրա տոկուն կամքով ու անվախ բնավորությամբ։

Այն օրը, երբ Խաչատուրը միայնակ վերադարձավ սահմանից, նա հստակ գիտեր, որ հայրենիքում պակասեց թշնամին ու ավելացավ կորստի ցավը։ Այդպիսի բան է հայրենիքը։ Զոհաբերի՛ր, որ չզոհաբերվի երկիրդ, պաշտի՛ր քո հողը, որ ստիպված չլինես պաշտել մեկ ուրիշինը, ձգտի՛ր չդառնալ անհայրենիք թափառական, ձգտի՛ր սիրել ու պատվել հերոսներիդ, որ հետո այլ երկրում հպարտանալու բան ունենաս։ Այդպիսին է հայրենիքը։ Դաժան է ու անգութ։ Սիրում է արյուն ծծել ու քամել կյանքիդ վերջին ժամերը… Որ հետո լավ լինի։

Մնաց երկու րոպե

Երկու րոպեում ես հասցրեցի պատմել հայրենիքի, Տատիկ-Պապիկի, Զորավարի, Խաչատուրի մեռած, հետո վերակենդանացած ու կրկին մեռած հոր մասին։

Խաչատուրը երևի հիմա էլ պահում է իր գրքերը հոր աչքից… Հետոյի համար է պահում։ Այդպես մենք ենք սերունդների հետոյի համար պահում հայրենիքը ու միգուցե խստորեն (ինչպես Խաչատուրի հայրը) հետևում, որ հանկարծ փոփոխություններ չկատարվեն։ Որ հետոն արյունալի ու դիակապատ չլինի։ Այդ հետոն, որ երբեք չի տեղավորվում այսօրվա մեջ։

Մեկ րոպե ու յոթ վայրկյան

Աստղիկը, որ մահացել էր, շատ էր սիրում իր երկար, ծաղկավոր հագուստով թավալվել խոտերի մեջ։ Նրա աչքերն այդ օրը շատ ուրախ էին։ Սև աչքերը հետևում էին թիթեռնիկի ու սպիտակ ամպերի խաղաղ թռիչքին։

Իսկ հետո երկնքում՝ ամպերից անդին, նկատեց մեծ սպիտակ աչքի, որը լողում էր իր կողմն ու հետևում կյանքի հոսքին։

Հետո կանաչ անծայրածիր դաշտում հայտնվեց Խաչատուրն ու սկսեց հետևել մեծ աչքի խորհրդավոր թռիչքին։

— Պապի՛, բա ինչո՞ւ պիտի անունս Ադամ դնեին։

— Որովհետև այն «հողն» ու «երկիրն» է… Որովհետև այն հզոր անվանակոչողն է…

ՎԵՐՋ

Թողնել մեկնաբանություն