Պատմվածք

Սյուժեի ավարտ

Դեկտեմբերի կես։ Տարվա ավարտ։ Վերջ ուժերին։ Խավար ու քամի։ Կյանքում ինչ-որ հապաղում է․ ամեն բան վատ տեղում է կանգ առել, ասես անիվը տեղապտույտ է տալիս փոսի մեջ։

Թարգմանիչ՝ Էլիզա Ստեփանյան

• 13 րոպե

Սյուժեի ավարտ

Դեկտեմբերի կես։ Տարվա ավարտ։ Վերջ ուժերին։ Խավար ու քամի։ Կյանքում ինչ-որ հապաղում է․ ամեն բան վատ տեղում է կանգ առել, ասես անիվը տեղապտույտ է տալիս փոսի մեջ։ Եվ գլխում պտտվում են երկու բանաստեղծական տողեր․ «Երկրային կյանքի կեսն անցնելով՝ հայտնվել եմ մթին անտառում․․․»։ Կատարյալ մթություն է, ոչ մի լույսի նշույլ չկա։

Ամո՛թ է, Ժե՛նյա, ամո՛թ․․․ Փոքր սենյակում քնած են երկու փոքրիկ տղաներ՝ Սաշկան և Գրիշկան։ Որդիներդ։ Ահա սեղանը, վրան՝ աշխատանքը։ Նստի՛ր, գրիչով գրի՛ր։ Ահա հայելին․ դրա մեջ արտացոլվում է երեսունհինգամյա կին՝ խոշոր աչքերով, որոնց արտաքին անկյունները մի փոքր ներքև են հակված, փարթամ կրծքով, որը նույնպես փոքր-ինչ կախվել է, և բարակ կոճերով գեղեցիկ ոտքերով․ կին, որը տանից վռնդել է աշխարհի ոչ ամենավատ ամուսնուն, ընդ որում՝ ոչ թե առաջին, այլ արդեն երկրորդ․․․ Բացի այդ՝ մեծ հայելու մեջ երևում է նաև փոքրիկ, բայց սիրունիկ բնակարանի մի մասը, որը գտնվում է Մոսկվայի ամենահրաշալի վայրերից մեկում՝ Պովարսկայա փողոցի բակում․ կիսակլոր պատուհանը նայում է դեպի ճաղապատ փոքրիկ պարտեզը։ Հետագայում, իհարկե, կվտարեն նրանց, բայց այն ժամանակ՝ ութսունականների կեսին, դեռ մարդավարի էին ապրում․․․

Ժենյայի ընտանիքը նույնպես շատ լավն է։ Մեծ ընտանիք՝ հորեղբայրներով ու մորեղբայրներով, հորաքույրներով ու մորաքույրներով, զարմիկներով․ ամբողջովին բարձրակիրթ, հարգարժան մարդիկ․ եթե բժիշկ՝ ապա լավը, եթե գիտնական՝ խոստումնալից, եթե նկարիչ՝ դարձյալ խոստումնալից։ Դե՜, իհարկե, ոչ Գլազունովի[1] նման։ Բայց հրատարակչություններից լավ պատվերներ ունի, հիանալի գրքային գծանկարիչ է, գրեթե լավագույններից մեկը։ Իր ասպարեզում գնահատված է։ Հենց նրա մասին էլ խոսքը լինելու է։

Բացի հորեղբոր ու մորեղբոր, հորաքրոջ ու մորաքրոջ երեխաներից՝ արդեն ծնվել է զարմիկների մի ամբողջ նոր սերունդ՝ կատյաներ, մաշաներ, դաշաներ, սաշաներ, միշաներ, գրիշաներ։ Նրանցից մեկը Լյալյան է՝ տասներեք տարեկան։ Կուրծքն արդեն ձևավորվել է, բայց բշտիկները դեռ չեն անցել։ Եվ քիթն է երկար, իսկ դա արդեն ընդմիշտ է։ Իհարկե, ժամանակի ընթացքում կոսմետիկ շտկում կարելի է անել, բայց դա՝ ժամանակի ընթացքում։ Ոտքերը նույնպես երկար են։ Լավ ոտքեր են։ Բայց դեռևս ոչ ոք չի նկատում։ Իսկ կրքերն արդեն մոլեգնում են։ Աղջիկը խելահեղ սիրավեպի մեջ է նկարիչ ազգականի հետ։ Մի անգամ երկարոտն Լյալյան գալիս է բարեկամների տուն՝ զարմուհի Դաշային տեսնելու, և սիրահարվում է նրա հորը։ Նա տան խորքի սենյակում նստած նկարում է․ հիասքանչ նկարներ՝ թռչուններ վանդակների մեջ, ինչ-որ բանաստեղծություններ։ Նկարազարդող է։ Մազերը սև են, ալիքաձև, երկար՝ մինչև ուսերը հասնող։ Բաճկոնը կապույտ է, տակից հագել է կապտակարմիր վանդակավոր վերնաշապիկ։ Իսկ վզկապը ստորակետեր հիշեցնող մանրիկ ծաղիկներով է ծածկված։ Եվ նույնիսկ ո՛չ ծաղիկներով, ո՛չ էլ ստորակետերով, այլ ավելի շատ փոքրիկ վարունգներով։ Փոքրիկ-պստլիկ․․․ Սիրահարվել է։

Գալիս է աղջնակ Լյալյան մեծահասակ բարեկամուհու՝ Ժենյա մորաքրոջ մոտ, որը դեկտեմբերյան այդ օրերին ամենևին էլ տրամադրված չէ հեռավոր ազգականուհու հետ զրույցների։ Բայց Ժենյան նկարչի քույրն է՝ ոչ հարազատ, զարմուհին։ Եվ աղջնակ Լյալյան խոստովանում է, որ սիրահարված է։ Ու պատմում է ամբողջ պատմությունը․ թե ինչպես է եկել Դաշայի տուն, ինչպես էր նա նստած հեռավոր սենյակում ու թռչուններ նկարում, իսկ վզկապին վարունգներ էին։ Եվ թե ինչպես էր հաջորդ անգամ մենակ գնացել՝ առանց Դաշայի, նստել նրա սենյակում․ նա նկարում էր, իսկ Լյալյան լուռ նայում էր։ Անձայն։

Երեքշաբթի և հինգշաբթի օրերին Միլան՝ նկարչի կինը, առավոտյան ժամը ութից ընդունելություն ունի։ Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ երեկոյան։ Գինեկոլոգ է։ Դաշան ամեն օր դպրոց է գնում․ Միրի պողոտայով՝ ֆրանսիական թեքումով դպրոց։ Տանից յոթն անց քսանհինգ է դուրս գալիս։ Երեքշաբթի և հինգշաբթի օրերին (բայց ոչ ամեն շաբաթ․ մի շաբաթ՝ երեքշաբթի, մյուս շաբաթ՝ հինգշաբթի) Լյալյան ութն անց կես գալիս է խորքի սենյակ։ Մի անգամ բաց է թողնում պատմության և անգլերենի դասերը, հաջորդ անգամ՝ գրականության զույգ ժամերը: Այո՛, տասներեք տարեկան։ Իսկ ի՞նչ անես։ Դե՜, ի՞նչ կարող ես անել, եթե խելահեղ սեր է․․․ Նկարիչը մեռնում-խելագարվում է նրա համար։ Ձեռքերը դողում են, երբ հանում է շորերը․․․ Հիասքանչ է։ Կյանքում առաջին տղամարդն է։ Վստահ է, որ երկրորդը երբեք չի լինելու․․․ Հղիանա՞լ։ Ո՛չ, չեմ վախենում։ Այսինքն՝ առանձնապես չեմ էլ մտածել դրա մասին։ Բայց կարելի է ինչ-որ հաբեր խմել, չէ՞․․․ Իսկ դու չե՞ս կարող զանգել Միլային, որ դեղատոմս գրի՝ իբր թե քեզ համար․․․

Ժենյան այլայլված է։ Լյալկան Սաշայի հասակակիցն է։ Նույն տասներեք տարեկանը, ուղղակի աղջկական։ Պարզվում է՝ դա բոլորովին այլ մասշտաբ է։ Սաշկայի գլխում աստղագիտություն է։ Նա այնպիսի գրքեր է կարդում, որոնց վերնագրերն անգամ Ժենյան չի հասկանում։ Իսկ այս փոքրիկ հիմարի գլխում սերն է, ընդ որում՝ նրան՝ Ժենյային է ընտրել որպես իր սիրային գաղտնապահ։ Լա՜վ գաղտնիք է․ քառասունամյա կարգին մարդը սեփական տան մեջ կենակցում է անչափահաս զարմուհու՝ դստեր ընկերուհու հետ, քանի դեռ օրինական կինը տանից երեք թաղամաս այն կողմ՝ Մոլչանովկայում, ընդունելություն է անում, և ճիշտն ասած՝ ցանկացած պահի կարող է մի րոպեով տուն գալ՝ ասենք, թեյ խմելու․․․ Իսկ Լյալկայի ծնողնե՞րը։ Նրա մայրը՝ Ժենյայի քույր հաստահետույք Ստելլան, ի՞նչ է մտածում։ Որ դուստրը դպրո՞ց է գնացել՝ մաշված պայուսակը ճոճելով։ Իսկ հա՞յրը՝ Կոնստանտին Միխայլովիչը՝ խելքը թռցրած մաթեմատիկոսը, ի՞նչ է մտածում։ Իսկ թե ինչ կարող էր մտածել հանգուցյալ Էմմա հորաքույրը՝ Ժենյայի հոր հարազատ քույրը, սարսափելի է անգամ պատկերացնել․․․

Լյալկան բաց է թողնում առավոտյան դասերը։ Երբեմն, երբ Սաշկան և Գրիշան դպրոցում են լինում, գալիս է Ժենյայի մոտ՝ սուրճ խմելու։ Ըստ երևույթին՝ կա՛մ նկարիչն է զբաղված լինում, կա՛մ ինքը դասի գնալու սիրտ չի ունենում։ Վռնդել աղջկան անհնար է․ հանկարծ չգնա մի տեղից նետվի։ Ժենյան խոնարհաբար լսում է նրան։ Եվ հուսահատվում։ Իր հոգսերն իրեն հերիք չեն․ ամուսնուն վռնդել է, որովհետև սիրահարվել է միանգամայն անհասանելի մի պարոնի․․․ Մեծատառով դերասանի։ Ավելի ճիշտ՝ ռեժիսոր է։ Հրաշալի, գրեթե արտասահմանյան մի քաղաքից։ Ամեն օր զանգում է ու խնդրում գնալ իր մոտ։ Իսկ հիմա էլ՝ Լյալկան․․․

— Լյալե՛չկա, թանկագի՛նս, այդ հարաբերությունները պետք է անմիջապես դադարեցնել։ Խենթացե՞լ ես։

— Բայց ինչո՞ւ, Ժե՛նյա։ Խենթի պես սիրում եմ նրան։ Իսկ նա ինձ է սիրում։

Ժենյան հավատում է, որովհետև վերջին շրջանում Լյալյան շատ է գեղեցկացել։ Գեղեցիկ աչքեր ունի՝ խոշոր, մոխրագույն, սև թարթչաներկով ընդգծված։ Քիթը երկար է, բայց բարակ՝ փոքրիկ, ազնվական կորությամբ։ Մաշկը զգալիորեն մաքրվել է։ Իսկ վիզն ուղղակի հիասքանչ է, հազվագյուտ գեղեցկության․ բարակ, և որքան վերև՝ այնքան ավելի նրբագեղ, իսկ գլուխն այնքան գեղեցիկ է նստած այդ ճկուն ցողունին․․․ Թո՜ւհ։

— Լյա՛լեչկա, թանկագի՛նս, եթե քո մասին չես մտածում, գոնե նրա մասին մտածիր․ հասկանո՞ւմ ես՝ ինչ կլինի, եթե իմանան։ Միանգամից բանտ կնստեցնեն։ Մի՞թե չես խղճում։ Ութ տարով՝ բա՜նտ։

— Ո՛չ, Ժե՛նյա, ո՛չ։ Ոչ ոք չի նստեցնի։ Եթե Միլան գլխի ընկնի, կվռնդի, այո՛։ Կկողոպտի նրան։ Փողի հարցում նա չափազանց ագահ է։ Նա շատ փող է աշխատում։ Եթե բանտ ընկնի, ալիմենտ չի վճարի։ Ո՛չ, ո՛չ, աղմուկ չի բարձրացնի։ Ընդհակառակը՝ կծածկադմփոց անի, — շատ սառը և հաշվենկատ ձևով ապագան ներկայացնում է Լյալյան, և Ժենյան հասկանում է, որ որքան էլ սարսափելի լինի, ճշմարտությունն այդ է․ Միլկան իսկապես սարսափելի շահամոլ է։

— Իսկ ծնողնե՞րդ, մի՞թե չես անհանգստանում։ Մտածի՛ր, թե ինչ կլինի նրանց հետ, եթե իմանան, — Ժենյան փորձում է ուրիշ կողմից մոտենալ։

— Ավելի լավ է՝ լռեն։ Մայրիկս հորեղբայր Վասյայի հետ է քնում, — Ժենյայի աչքերը ճակատին ելան։ — Ի՞նչ է, չգիտեի՞ր։ Հայրիկիս եղբայրը, հարազատ հորեղբայրս՝ Վասյան։ Ամբողջ կյանքում խելքը գնում է նրա համար։ Միայն թե մի բան չգիտեմ՝ սիրահարվել է նրան մինչև հայրիկիս հետ ամուսնանա՞լը, թե՞ հետո․․․ Իսկ ինչ վերաբերում է հայրիկիս, նրան ընդհանրապես միևնույնն է, նա ընդհանրապես տղամարդ չէ։ Հասկանո՞ւմ ես։ Բանաձևերից բացի նրան ոչինչ չի հետաքրքրում․․․ Այդ թվում՝ ես ու Միշկան։

Ողորմա՛ծ Տեր, ի՞նչ անել այս անչափահաս հրեշի հետ։ Ի վերջո՝ ընդամենը տասներեք տարեկան է։ Երեխա է, որը պաշտպանության կարիք ունի։ Բայց ինչպիսի՜ն է մեր նկարիչը։ Այդ ձանձրալի գեղապա՜շտը։ Թավշակաշվե պիջա՜կ։ Վզկա՜պ։ Մաքուր ձեռքե՜ր։ Մատնահարդարը տուն է գալիս։ Մի անգամ Ժենյայի մոտ ասել էր, որ իր աշխատանքը դաշնակահարի ձեռքերի պես անթերի ձեռքեր է պահանջում։ Իրականում նա ավելի շատ միասեռականի է նման։ Բանից պարզվում է՝ մանկապիղծ․․․

Մյուս կողմից՝ Լյալկան երեխա չէ։ Հին ժամանակներում հրեաների մոտ աղջիկներին տասներկուսուկես տարեկանից էին ամուսնացնում։ Այդ տրամաբանությամբ, ֆիզիոլոգիապես նա մեծ է։ Ուղեղն էլ ավելի քան հասուն է․ այնպես, ինչպես Միլկայի մասին էր խոսում, նույնիսկ ամենափորձառու կինը չէր կարող։

Բայց ի՞նչ անի ինքը՝ Ժենյան։ Նա միակ հասուն մարդն է, որ տեղյակ է այս ողջ պատմությանը։ Հետևաբար՝ պատասխանատվությունն իր վրա է։ Ու չկա մեկը, ում հետ կարողանար խորհրդակցել։ Չէ՞ որ չի կարող այս պատմությունը ծնողների հետ քննարկել։ Մայրը կաթված կստանա։

Լյալյան գրեթե ամեն շաբաթ գալիս է Ժենյայի մոտ, պատմում նկարչի մասին, և նրա ասածներից Ժենյան համոզվում է, որ այդ սարսափելի կապը բավական ամուր է․ եթե ընտանիքավոր տղամարդը համարձակվում է ամեն շաբաթ տանն ընդունել անչափահաս սիրուհուն, ուրեմն իսկապես կորցրել է գլուխը։ Ընդ որում՝ հակաբեղմնավորիչները բավական թանկ էին, որոնք Ժենյան, իհարկե, գնել էր առանց Միլայի միջամտության, տվել Լյալկային ու հրամայել խմել ամեն օր՝ առանց բաց թողնելու․․․ Չնայած հաբերին՝ Ժենյան խիստ տագնապած է։ Հասկանում է, որ պետք է ինչ-որ բան անել, քանի դեռ սկանդալ չի պայթել, բայց չգիտի՝ որտեղից սկսել։ Ի վերջո որոշեց, որ միակ բանը, որ կարող է անել, նկարչի հետ խոսելն է, գրո՛ղը նրան տանի։

Իսկ ռեժիսորը զանգում է, աղաչում գոնե մեկ օրով գնալ իր մոտ։ Նոր ներկայացում ունի, օրական տասներկու ժամ աշխատում է․․․ Բայց եթե գնա այդ հրաշալի, տաք ու լուսավոր քաղաքը, իր վերջը կգա։ Իսկ եթե չգնա՞։

Պետք է մի բան անել Լյալկայի այս խելագար պատմության հետ։ Խնդիրն ամենևին էլ սոսկ աղմկոտ վիճաբանությունը չէ։ Ի վերջո՝ հասուն մարդը խորտակում է երեխայի կյանքը։ Աստվա՜ծ իմ, ինչ լավ է, որ իր երեխաները տղաներ են։ Ի՞նչ հոգս․ Սաշկայի աստղագիտակա՞ն խնդիրները․․․ Իսկ Գրիշկային ընդամենը պետք է գրքերից կտրել․ գիշերները վերմակի տակ լապտերով կարդում է․․․ Երբեմն վիճում են, բայց վերջերս՝ ավելի հազվադեպ․․․

Վերջապես վճռեց զանգել Լյալկայի սիրեցյալին։ Զանգահարեց ցերեկը՝ երկուսից հետո, երբ Միլկան երեկոյան հերթափոխի էր։ Նկարիչը խիստ ուրախացավ, անմիջապես հրավիրեց իրենց տուն․ փառք Աստծո, հեռու չէր։ Ժենյան ասաց, որ մեկ ուրիշ անգամ կգա, իսկ այս անգամ պետք է տանից դուրս՝ չեզոք մի տեղում հանդիպել։

Հանդիպեցին «Խուդոժեստվեննի» կինոթատրոնի մոտ, նկարիչն առաջարկեց մտնել «Պրահա» սրճարանը։

— Ի՞նչ է եղել, Ժե՛նյա։ Շփոթված տեսք ունես, — բարյացակամորեն հարցրեց նկարիչը, և Ժենյան հիշեց, որ նա միշտ էլ շատ լավ է եղել բարեկամների հանդեպ։ Մի անգամ օգնել էր հեռու բարեկամուհուն, երբ վերջինիս ծանր վիրահատություն էր պետք, մեկ ուրիշ անգամ փաստաբան էր վարձել անբան բարեկամի համար, երբ նա անհաջող փորձել էր մեքենա գողանալ։ Ահա թե որքան բարդ է կառուցված մարդը, որքան հակասական բաներ են համատեղվում նրա մեջ․․․

— Ներողություն, բայց տհաճ խոսակցություն է լինելու։ Խոսքը սիրուհուդ մասին է, — կտրուկ սկսեց Ժենյան, քանի որ վախենում էր, որ այս գարշելի պատմության հանդեպ վրդովմունքի պոռթկումը կհանդարտվի։

Նա երկար լռեց։ Համառորեն լռում էր։ Մանր մկանախաղ էր գնում այտերի բարակ մաշկի տակ։ Պարզվում է՝ այնքան էլ գեղեցիկ չէ, որքան նախկինում թվում էր։ Կամ գուցե ժամանակի ընթացքում կորցրել էր հմայքը․․․

— Ժե՛նյա, ես հասուն մարդ եմ, դու ո՛չ մայրս ես, ո՛չ տատս․․․ Կասե՞ս՝ ինչու պիտի հաշիվ տամ քեզ։

— Նրա համար, Արկա՛դի, — պայթեց Ժենյան, — որ բոլոր արարքների համար ի վերջո մենք ինքներս ենք պատասխան տալիս։ Եվ եթե հասուն մարդ ես, պետք է պատասխան տաս քո արածի համար․․․

Նկարիչը մի մեծ կում արեց սուրճի փոքրիկ բաժակից։ Դատարկ բաժակը դրեց սեղանի եզրին։

— Ժե՛նյա, ասա՛, քեզ ինչ-որ մեկն ուղարկե՞լ է, թե՞ ուղղակի բարոյախրատական նոպա է մոտդ։

— Ի՞նչ ես դուրս տալիս։ Ո՞վ պիտի ուղարկեր։ Կի՞նդ։ Լյալկայի ծնողնե՞րը։ Ինքը՝ Լյալկա՞ն։ Դե իհա՛րկե՝ իմ նախաձեռնությունն է։ Բարոյական, ինչպես դու ես ասում։ Այդ հիմար Լյալկան ամեն ինչ պատմել է ինձ։ Իհա՛րկե, ավելի լավ կլիներ՝ չիմանայի․․․ Բայց քանի որ գիտեմ, վախենում եմ․․․ Ե՛վ քեզ համար, և՛ նրա․․․ Վե՛րջ։

Նկարիչը հանկարծ թուլացավ և փոխեց տոնը․

— Անկեղծ ասած՝ գաղափար անգամ չունեի, որ շփվում եք։ Հետաքրքիր է․․․

— Հավատա՛, կնախընտրեի ընդհանրապես չշփվել նրա հետ, այն էլ այս թեմայով․․․

— Ժե՛ն, բացատրի՛ր, թե ինչ ես ուզում ինձանից։ Այս պատմությունն առաջին տարին չէ, որ կա։ Եվ ես ու դու, ների՛ր, բայց այնքան մտերիմ չենք, որ անձնական կյանքիս նման նուրբ հարցերը քննարկենք․․․

Եվ այդ պահին Ժենյան հասկացավ, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, և այդ խոսքերի ետևում ավելին կա, քան ինքը գիտի։ Իսկ Արկադին մասամբ մեղավոր տեսք ուներ, մասամբ էլ՝ տանջահար․․․

— Որքան գիտեմ՝ թարմ պատմություն է, իսկ դու ասում ես՝ առաջին տարին չէ․․․ — մի կերպ արտաբերեց Ժենյան՝ ինքն իրեն անիծելով, որ խառնվել է այս պատմությանը։

— Վատ քննիչ ես։ Ճիշտն ասած՝ արդեն երրորդ տարին է, — նա թոթվեց ուսերը։ — Միայն թե չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Լյալյան այդ ամենը քեզ հետ քննարկել։ Միլկան ամեն ինչ գիտի և ամեն ինչի պատրաստ է, միայն թե չբաժանվենք․․․

Նկարիչը շարժեց արմունկը, բաժակն ընկավ հատակին ու փշրվեց։ Նա կռացավ սեղանի տակ, երկար մատներով հավաքեց բեկորներն ու կույտով դրեց դիմացը։ Սկսեց դանդաղ տեղաշարժել ճենապակու սպիտակ կտորները, ասես սոսնձելու համար էր դասավորում․․․ Հետո բարձրացրեց գլուխը։ Ո՛չ, այնուամենայնիվ գեղեցիկ է։ Թավ հոնքեր, կանաչավուն աչքեր։

Երրորդ տարի՞ն։ Այսինքն՝ տասը տարեկան երեխայի՞ հետ է կապվել։ Եվ այդքան սովորական ձևո՞վ է ասում։ Այնուամենայնիվ՝ տղամարդիկ ուրիշ մոլորակից են․․․

— Լսի՛ր, Արկա՛դի, իսկապես չեմ հասկանում․․․ Այնքան հանգիստ ես խոսում։ Ուղղակի ուղեղումս չի տեղավորվում՝ հասուն տղամարդը քնում է տասը տարեկան երեխայի հետ․․․

— Ժե՛ն, ի՞նչ ես ասում։ Ի՞նչ երեխա։

— Մեկուկես ամիս առաջ է Լյալկան տասներե՜ք տարեկան դարձել։ Այդ դեպքում ո՞վ է․ է՞գ է, մորաքո՞ւյր, թե՞ կնիկ։

— Ո՞ւմ մասին ենք խոսում, Ժե՛նյա։

— Լյալկա Ռուբաշովայի։

— Ի՞նչ Ռուբաշովա, — անկեղծորեն զարմացավ Արկադին։

Հիմա՞ր է ձևանում։ Թե՞․․․

— Այո՛, Լյալկայի։ Ստելկա Կոգանի և Կոստյա Ռուբաշովի դստեր։

— Ա՜խ, Ստելկայի՜․․․ Հարյուր տարի է՝ չեմ տեսել նրան։ Դե՜, ոնց որ աղջիկ ուներ։ Իսկ ի՞նչ կապ ունի ինձ հետ։ Կարո՞ղ ես մարդավարի բացատրել։

Վերջ։ Սյուժեի ավարտ։ Հասկացավ։ Սարսափեց։ Սկսեց ծիծաղել։ Ցանկություն հայտնեց տեսնելու աղջկան, որը մտովի նման սիրավեպ էր հորինել իր հետ։ Քանի՜-քանի աղջիկներ են տուն մտնում՝ Դաշկայի ընկերուհիները։

Հետո սիրտը թեթևացավ, և Ժենյան նույնպես սկսեց ծիծաղել․

— Բայց հասկանում ես, չէ՞, թանկագի՛նս, որ, միևնույն է, բացահայտել եմ՝ սիրուհի ունես։

— Ինչ-որ չափով։ Բանն այն է, որ իսկապես սիրուհի ունեմ։ Ո՛չ տասը տարեկան է, ո՛չ էլ տասներեք, բայց որոշակի խնդիրներ, ինչպես արդեն գլխի ես ընկել, կան․․․ Ու սարսափելի զայրացա քեզ վրա, երբ․․․

Մատուցողը հավաքեց ճենապակու բեկորներն ու կանչեց մաքրուհուն՝ սեղանի տակը մաքրելու։

Ժենյան սպասում էր Լյալկայի հերթական այցին։ Լսեց նրա զեղումները։ Թույլ տվեց ավարտել ասելիքը։ Հետո ասաց․

— Լյալյա՛, ես շատ ուրախ եմ, որ այսքան ժամանակ գալիս էիր ինձ մոտ ու պատմում ապրումներիդ մասին։ Հավանաբար քեզ համար շատ կարևոր էր ինձ ներկայացնել այս պատմությունը, որն իրականում չի եղել։ Հետագայում դեռ ամեն ինչ կունենաս՝ և՛ սեր, և՛ հարաբերություններ, և՛ նկարիչ․․․

Ժենյան չհասցրեց ավարտել նախապատրաստած խոսքը։ Լյալկան արդեն նախասենյակում էր։ Առանց մի բառ ասելու՝ վերցրեց պայուսակն ու անհետացավ երկար տարիներով․․․

Ժենյան էլ նրանով զբաղվելու ժամանակ չուներ։ Մթության մեջ թաղված ձմեռը շարժվեց մեռյալ կետից։ Ռեժիսորը հանձնեց ներկայացումն ու եկավ Մոսկվա։ Նա միաժամանակ և՛ տխուր էր, և՛ ուրախ, անընդհատ շրջապատված էր երկրպագուներով՝ Թիֆլիսը կարոտող մոսկովյան վրացիներով և տեղացի մտավորականներով, որոնք սիրահարված էին Վրաստանին ու գինու ազատ ոգուն։ Երկու շաբաթ Ժենյան երջանիկ էր․ նրա խենթ կյանքի կեսօրյա կիսախավար անտառը լուսավորվեց, և մարտն ապրիլի նմանվեց՝ տաք ու պայծառ, ասես հեռավոր, վայրի Կուր գետի ափի քաղաքի արտացոլանքը լիներ։ Ժենյան հանդարտվեց։ Ոչ թե նրա համար, որ երկու շաբաթ երջանիկ էր եղել, այլ որ մինչև հոգու խորքը հասկացավ՝ տոնը չի կարող հավերժ տևել, իսկ այդ տոն-մարդը հանդիպել էր իրեն որպես նվեր՝ այնքան մեծ, որ կարելի էր մի պահ ձեռքերում պահել, բայց իր հետ տանել հնարավոր չէր․․․ Ժենյան պատմեց նրան Լյալյայի պատմությունը․ սկզբում ծիծաղեց, հետո ասաց, որ հիանալի սյուժե է․․․ Հետո նա հեռացավ, հետո Ժենյան էր մեկնում նրա մոտ՝ Վրաստան, նա՝ Մոսկվա, և ոչ մեկ անգամ։ Իսկ հետո ամեն ինչ միանգամից ավարտվեց, ասես ոչինչ էլ չէր եղել։ Եվ Ժենյան շարունակեց ապրել։ Նույնիսկ երկրորդ ամուսնու հետ հաշտվեց, որին, ինչպես պարզվեց, ուղղակի անհնար էր լքել․ նա ամուր կառչել էր իր կյանքից, ինչպես երեխաները․․․

Երկար ժամանակ չէր հանդիպել Լյալկային․ բարեկամական ոչ մի հավաքույթի չէր գնում, իսկ թաղումներին դրա ժամանակը չէր․․․

Միայն մի քանի տարի անց հանդիպեցին ընտանեկան ճաշկերույթի ժամանակ․ Լյալկան արդեն մեծացել էր, շատ գեղեցիկ երիտասարդ կին էր՝ ամուսնացած դաշնակահարի հետ։ Փոքրիկ դուստր ուներ։ Չորսամյա աղջնակը մոտեցավ Ժենյային ու ասաց, որ ինքն արքայադուստր է․․․

Վերջ։ Սյուժեի ավարտ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

[1] Խորհրդային և ռուս նկարիչ, մանկավարժ, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիայի հիմնադիր և ռեկտոր։

Թողնել մեկնաբանություն