Հովհաննես Գրիգորյան | Հայրերի երկիր

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

ԱՂՈԹՔ

Չորս քայլ վեր….սահման է:
Չորս քայլ վար…սահման:
Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ հայրենիք,
այսքան էլ փոքրիկ
Հայաստան,
նորածնի բարուր է իսկական…
Աստված իմ, մոլորվել, կանգնել եմ,
ասա ինձ, ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ –
Չորս քայլ վեր` ավեր է ու մահ է,
Չորս քայլ վար` ավար ու թալան…

 

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

 

ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵՐ ԱՍՏՎԱԾ

Եվ Աստված ցանկացավ գրել
Ե Ր Ջ Ա Ն Կ Ու Թ Յ Ու Ն
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց բառն այդ շատ էր երկար
և չտեղավորվեց քո փոքրիկ հողի վրա…

Եվ Աստված ցանկացավ գրել
Խ Ա Ղ Ա Ղ Ու Թ Յ Ու Ն
բայց, ավաղ,
այդ բառն էլ դարձյալ շատ երկար էր
ու կեսն անգամ չտեղավորվեց
քո փոքրիկ հողի վրա…

Եվ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈւԳ-ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար
քո փոքրիկ հողի համար…

 

ՀԱՅՐԵՐԻ ՀՈՂ

Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,
և կարոտից արտասվում են օտար սրճարաններում
և չգիտես թե ուր լողացող նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Պարզվեց, մեր փոքրիկ երկրի բնակչությունն ընդամենը
մեկ մարդով է ավելի բոլոր այն երկրների թվից, որոնց հետ
կապվել ենք սերտ համագործակցությամբ դիվանագիտական:
Եվ երբ բոլոր դեսպանները մեկնեցին, աշխատելու վերո-
հիշյալ բարեկամական երկրներում, և երբ ինքնաթիռները
բարձրացան երկինք` դեսպանների, նրանց ընտանիքների և
վիթխարի ճամպրուկների հետ միասին, պարզվեց, որ
հայրենի հողում մնացել եմ միայն ես, որովհետև պարզվեց,
որ հենց ես եմ եղել այն մեկ մարդը, որն ավելի է եղել
բարեկամական երկրների թվից…
Արտակարգ գորշ ու տաղտկալի է միակ բնակչի առօրյան`
առավոտյան արթնանում եմ, լիցքային վարժություններ եմ
կատարում, ապա գնում եմ խանութ` գնելու ինձ համար
թխված միակ հացը, հետո գնում եմ մեկ տպաքանակով
տպված թերթերը, որոնց մի մասն ինձ` իշխանափոխության կոչ է
անում, իսկ մյուսն, ընդհակառակը, մղում է սխրանքների…
Հետո հեռուստահաղորդումներն են սկսվում, և հաղորդա-
վարը, դիմելով միակ հեռուստադիտողին, հայտնում է.
«Հարգելի Հովհաննես Գրիգորյան, այսօր դուք կդիտեք
«Վայրի Ռոզայի» 455-րդ սերիան»… : Ամենադժվարն
իրիկունն է, չկա մեկը, որի հետ քննարկես, ի՞նչ անել`
իշխանափոխությո՞ւն, թե՞ լծվել աշխատանքային նոր
սխրանքների…: Միակ հույսս այն է, որ ապարդյուն
թափառումներից հետո շուտով հայրենի երկիր կվերադառնա
ևս մեկը, որին սխալմամբ /արտգործնախարարի մեղքով/
դեսպան էին ուղարկել
Ասորեստան:

 

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՈւ

Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն.-
20 – րդ դարի վերջին, ժամը 16-ն անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել…
Արտաքին նշանները` բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ,
սիրտը կոտրված մի քանի տեղից…
Տեսնողներին խնդրում ենք
շտապ հայտնել պառլամենտ,
որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար…

 

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՆ
ԵՎ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ

Հանրապետության գլխավոր քաղաքի գլխավոր դահլիճը
զարդարված էր տոնականորեն, բայց զուսպ ու ճաշակով,
առանց ճչացող ու աչք ծակող շռայլությունների, ինչը
բնորոշ է նոր զարգացող երկրներին,- դրվատանքով
նշեցին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները`
հարգալիր սեղմելով պրեզիդենտի ձեռքը, սրտառուչ
ժպտալով` անկեղծ հուզմունքը մի կերպ տեղավորելով
դիվանագիտության նեղլիկ շրջանակների մեջ: Դահլիճը
լեփ-լեցուն էր, իսկ մարդիկ լցվում էին, լցվում: Չափազանց
մեծ էր հետաքրքրությունը. ի վերջո, ավարտվում էր ոչ թե
առանձին վերցրած մի երկիր, այլ` առաջին և միգուցե
վերջին անգամ` աշխարհն ամբողջությամբ:
Դրսում դեռևս շարունակվում էր հրավիրատոմսերի
վաճառքը` ֆանտաստիկի մոտեցող գներով:
Աշխարհը վերջանում է առանց ընդդիմության,- բողոքի
միտինգ էր հրապարակում,- ընդամենը մի հրավիրատոմս
ընդդիմադիր կուսակցությանը…
Վերջապես հնչեց հիմներգը և պետական դրոշը դողաց
և ապա` դանդաղ խոնարհվեց: Խորը աշուն էր, և
առաջինը լռությունը խզեց Սրբազան Հայրը:
Նա օրհնեց վերջը աշխարհի և աղոթքի հրավիրեց
հավատացյալներին: Մանր անձրև էր մաղում և աղոթում էին
բոլորը` ԱԺ պատգամավորները, նախարարները և առավել ջերմեռանդ` անհավատները, ինչպես նաև սովորական խաբեբաներն ու քաղաքապետն իր բոլոր տեղակալներով…
Երկրագնդի ընթացքը նկատելիորեն դանդաղում էր, երբ
ընթերցվեց Ազգերի Առաջնորդի ուղերձը, որի մեջ
մասնավորապես ասվում էր, որ չնայած մարդկության
պատմությունը խճճված է պատերազմներով, ահաբեկչու-
թյուններով, այնուհանդերձ, այն ավարտվում է լիակատար
ներդաշնակությամբ, որը, չի կարելի մոռանալ, նվաճվել է
Ազգերի միացյալ ջանքերով: Այնուհետև , բուռն ծափահարությունների ուղեկցությամբ բեմ բարձրացավ
կառավարության ղեկավարը և խոսեց կարճ, բայց հուզիչ:
Նա հպարտությամբ նշեց` կայացած

 

ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈւՆ

Գարնանը ծառերը ծաղկում են,
գարնանը նախագահ ենք ընտրում ու սպասում,
հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի ամռանը:

Ամռանը մրգերը հասունանում են:
Ամռանը Ազգային Ժողով ենք ընտրում ու սպասում,
հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի աշնանը:

Աշնանը ճտերն ենք հաշվում,
հաշվում ենք ու հետն էլ սպասում,
հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի ձմռանը:

Ձմռանը ձյուն է գալիս:
Ձմռանն ամեն ինչ մեռնում է` հանգում:
Եվ մենք ենք մեռնում ու հանգում,
հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի մյուս կյանքում:

ԲԱԶՄԱԿՈւՍԱԿՑԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ա կուսակցությունը սիրում է ժողովրդին
և ջանասիրաբար պայքարում է
ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

Բ կուսակցությունը սիրում է ժողովրդին
և ջանասիրությամբ պայքարում է Ա կուսակցության դեմ
ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար

Գ կուսակցությունը չափազանց շատ է սիրում ժողովրդին
և ջանասիրությամբ պայքարում Ա և Բ կուսակցությունների դեմ
ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

Դ կուսակցությունը բոլորից շատ է սիրում ժողովրդին
և ջանասիրությամբ պայքարում է Ա, Բ և Գ կուսակցությունների դեմ ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

Ահա, շքեղ, բազմագույն ծաղկեպսակների միջից հազիվ երևում է աչքերն հավիտյան փակած, ոսկրացած, մի բուռ ԺՈՂՈՎՈւՐԴԸ`
Ա, Բ, Գ, Դ…կուսակցությունների
համընդհանուր սիրով շրջապատված

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ

Ես` ՀՀ քաղաքացի Հովհաննես Գրիգորյանս,
իրավունք ունեմ պետական գործիչների հետ
միասին արթնանալ վաղ առավոտյան,
վստահ, որ իշխանություններն արել են ամեն ինչ,
որպեսզի արևը ծագի արևելքից
ամպերը շարժվեն քամուն համընթաց
և թռչունները երգեն պատուհանիս տակ
նույն երգը, որի մեղեդին ու տեքստը
հաստատվել են համաժողովրդական հանրաքվեով…
Ես իրավունք ունեմ շրջելու քաղաքի բոլոր
փողոցներով, առավել խրախուսելի տարբերակը
ոտքովն է, բայց ես իրավունք ունեմ
բոլոր նրանց մասին, ովքեր շրջում են մերսեդեսներով,
ԲՄՎ-ներով և զանազան այլ ջիփերով,
ազատորեն արտահայտել կարծիքս մտովի,
թեև առավել տարածված տարբերակը`
բարձրաձայն հայհոյելն է…
Ես իրավունք ունեմ անարգել նայելու
ռեստորանների, բարերի, կազինոների պատուհաններից
ներս, հիանալու նրանց սքանչելի ինտերիերով,
կահույքով…Վարագույրի արանքից հետևելու,
թե ինչպես է զվարճանում քաղաքական,
տնտեսական, մի խոսքով` քրեական էլիտան,
իսկ երբ նրանք ևս, օգտվելով սահմանադրությամբ
իրենց ընձեռված իրավունքից,
ինձ հեռու քշեն թիկնապահների օգնությամբ –
ես իրավունք ունեմ ներկայացնելու իմ
վերաբերմունքը գոռգոռոցով, թեև առավել
ընդունելի տարբերակը` գլխահակ հեռանալն է…
Վստահ եմ, որ պետությունն ապահովելու է
ծերանալու իմ իրավունքը, և վստահ եմ,
որ կյանքիս վերջին օրերն ապահով կանցկացնեմ
նրա հովանավորած ծերանոցներից որևէ մեկում,
և վստահ եմ, որ ինձ իրավունք է վերապահված
թաղվել, ծերանոցի անծայրածիր
բակի ետնախորշերից մեկում, երբ գա ժամանակը
օգտվելու իմ ամենակարևոր իրավունքից`
ապրե՞լ, թե՞ մեռնել, և ես, անշուշտ, կընտրեմ մեռնելը,
թեև առավել տարածված տարբերակը`

 

 

 

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՁԵՌՆԱՐԿ
ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՀԱՍՏԱՓՈՐ ԳՐՔԵՐ ԿԱՐԴԱԼՈՒ
ՈՉ ԺԱՄԱՆԱԿ ՈւՆԵՆ, ՈՉ ԷԼ ՑԱՆԿՈւԹՅՈւՆ

գլուխ առաջին. վաղ նախնադար

Ահա, սկսած վաղ նախնադարից ապրում եմ ես
իմ ժողովրդի հետ այս քարերի վրա,
այս ժայռերի մեջ ու ծերպերից մի կերպ կառչած,
որովհետև արոտներն ու դաշտերը,
բերրի հողերը տարել են վաղուց…
Ձեր ինչի՞ն է պետք հողը, ասել են,
արոտներն ու դաշտերը ձեր ինչի՞ն են պետք,
չէ՞ որ դուք խելացի ու աշխատասեր ժողովուրդ եք
և կարող եք քարից հաց քամել
և միրգ` ժայռերից ու ծերպերից…

գլուխ երկրորդ. քարե դար

Հետո ծովերն են տարել և ասել են.
չէ՞ որ դուք խելացի, աշխատասեր մարդիկ եք,
դուք կարող եք երկնքից ջուր քամել
և լողալ մտքերի ծովում ազատորեն…
Ապա ճանապարհներն են տարել,
բացատրելով, որ մենք
հարուստ երևակայություն ունենք
և կարող ենք ճանապարհորդել մտովի…ընդ որում,
մեծ հաճույք ստանալով
նվազագույն ծախսերի պարագայում…

գլուխ երրորդ. թե ինչեր են տարել բրոնզե դարում

Իսկ հետո սկսեցին հացը տանել,
որը քարից էինք քամել – ասացին`
դուք Աստծո սիրասուն զավակներն եք
և առաջապահն եք նրա նվիրական զորքի,
գթացեք ձեր հարևաններին, որ չեն կարողանում
կշտանալ առանց ձեր հացի,
իսկ դուք, քանի որ հին ու տառապած ժողովուրդ եք,
ուրեմն, դիմացկուն եք և հետևաբար,
կարող եք ապրել առանց հացի,
օգտվելով առավել սննդարար հոգևոր հացից…

գլուխ չորրորդ. թե ինչեր են տարել միջնադարում

Իսկ հետո դռները տարան`
ծխնիներից տեղահան անելով,
հետն էլ ամոթով տվեցին և կշտամբեցին`
ասելով – Ձեր ունեցվածքը փակի տակ եք դրել
դիտավորյալ, որպեսզի մութ բնազդներ արթնացնեք
ձեր պարզհոգի հարևանների պարզ հոգիներում,
ստիպելով նրանց` վտանգի ենթարկվելով
լուսամուտից տանել այն,
ինչը կարելի էր շատ հանգիստ
անցկացնել լայն բացված դռներով…

գլուխ հինգերորդ. նոր ժամանակներ` 19-20-21-րդ դարեր

Ասացին նաև – դուք, որ հյուրասեր ու խաղաղ
ժողովրդի համբավ եք վայելում,
այնուհանդերձ, դիմադրության փորձ եք արել`
հնարամիտ ու խորամանկ քայլ,
որպեսզի ձեր հարևանները,
բնության այդ պարզ ու անմիջական զավակները
հարկադրված կոտորեն ձեզ և դրանով իսկ
խայտառակվեն աշխարհով մեկ,
ինչը և ձեր նպատակն է եղել հետին….

գլուխ վերջին. բարոյական հաղթանակների և
նյութական կորուստների հետևանքը

…Եղել են նաև ուրիշ օրեր`
բաց են եղել դռները երկնքի,
մանանա է իջել թանձր ու խիտ
քաղցր մեղրի նման
և հաստ շերտով նստել է արոտների,
դաշտերի, սար ու ձորերի վրա
և մազանոթներով թափանցել է խորքերը հողի –
հարձակվել են չորս կողմից,
պատառ-պատառ են արել,
հոշոտել են մոլուցքով
քաղցր բույրից խենթացած
վայրի զեռուն ու գազան…
…Մնացել է ափիս մեջ նշխարաչափ մի պատառ`
ամեն կողմից կրծոտած մեղրաբլիթ…Հայաստան:

 

ՉԳԻՏԵՍԹԵԻՆՉ – 2

Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում, և ինչքան
թշվառ են ու խեղճ, այնքան ավելի շատ են հայրենիք:
Իսկ զորեղ ու հարուստ երկրները սովորաբար կոչվում են
անունով, ասենք` Անգլիա, կամ Միացյալ Նահանգներ,
և սովորաբար ոչ ոք չի մեռնում նրանց կարոտից և
հալումաշ լինում` ա~խ, իմ թշվառ հայրենիք կանչելով, այլ,
ցանկության դեպքում, տոմսեր են պատվիրում հարմար մի
ժամի և մեկնում են իրենց երկիր, սովորաբար թերթ
կարդալով և կամ սուրճ խմելով:
Հայրենիքները սովորաբար հեռու են լինում, քարքարոտ
ու անտերանոց մի տեղ, Աստծու աչքից հեռու, սպասման մեջ
պիտի բազում օրեր քնես ու զարթնես անհրապույր ու
լքված կայարանների չորչորուկ աթոռներին, և ապա, մեծ
հաջողության դեպքում` ճանապարհ պիտի ընկնես անպատեհ
մի ժամի, սովորաբար խորը գիշերով, իրար վրա թափված
բազմության մեջ կորցնելով ոտիդ և հաճախ նաև գլխիդ տեղը,
և տեղ պիտի հասնես սովորաբար գիշերվա անհայտ մի ժամի,
որպեսզի այնուհետև ճանապարհի մյուս կեսն անցնես քայլելով`
երբեմն պիտի բարձունքներ հաղթահարես, կառչելով ծերպե-
րից, երբեմն չոքեչոք ու սողեսող գնաս, պիտի ձորեր մտնես,
ուր հնարավոր չէ իջնել առանց պարանի օգնության…
Հայրենի տները սովորաբար կիսաքանդ են լինում` ի՞նչ
իմաստ ունի նորոգելը, եթե փլվելու է նորից երկրաշարժից
հերթական և կամ առօրյա ռմբակոծությունից…: Կիսաքանդ
տներ, բերնեբերան լցված տնքտնքացող պառավներով,
անմարդ կնանիքով և անթրաշ տղամարդկանցով, որոնց
կյանքի մի կեսը բանտերում է անցնում, մյուսը` օտարության մեջ
և կամ հիվանդանոցներում, որտեղից սովորաբար գերեզմանոց են
տանում` չստուգելով անգամ ո՞ղջ են, թե՞ մեռած…

Հայրենիքում օրը սովորաբար մի եղանակ է ունենում`
ցուրտ, դաժան ձմեռ, որը վերջանում է քեզ հետ միասին,
և հետո, տարբեր ինչ-որ կարճ շրջան, որ համակված է
ձմռան սպասման տագնապ ու վախով…

Հայրենիքն այնտեղ է, ուր սովորաբար խռմփոց է հնչում,
կամ էլ` քնելուց զզված երեխայի լաց…: Բոլորն են քնած:
Հայրենիքները ահա թե ինչու երազներով են բերնեբերան
լցված…
Բոլորն են քնած:

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Ուղիղ մի կոշիկի չափ երկիր`
ահա թե ինչ էր մնացել
նախկին բավականին ընդարձակ Հայաստանից.
ընդամենը մի,
այն էլ 29,8 համարի կոշիկի չափ երկիր,
և երկար տասնամյակներ արագիլի նման
մի ոտի վրա ցցված ժողովուրդ,
որն ահա արդեն
երկու տասնամյակ է, ինչ պայքարում է
ևս մի կոշիկի չափ տարածության համար,
որպեսզի, ի վերջո, կարողանա մյուս բոլոր
ժողովուրդների նման
երկու ոտքով կանգնել
մայր հողին:

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՋՐՀԵՂԵՂ

Հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,
ամեն օր գոնե կես ժամ պառկենք ջրով լի վաննայի
հատակին և հետո չեք էլ նկատի, թե կեսն ինչպես
կդառնա մի ժամ, ապա երկու, երեք… և հանկարծ
կզգաք, որ ջրի տակ շնչում եք չգիտես, թե երբ
ձևավորված խռիկներով, և հետո այլևս չեք ուզենա
դուրս գալ ջրի երես…Հարմարվեք ջրին և վարժվեք
ապրել նրա խորքերում, շտապեք, որովհետև շուտով
բոլոր ծովերը կմիանան, բոլոր օվկիանոսներն ու լճերը,
գետերն ու գետակները…: Եվ միայն երջանիկ
նորածինները հարմարվելու կարիք չեն զգա` կծնվեն
հարմարված և անմիջապես կհեռանան խորքերը ջրի,
հուսահատության մատնելով բարեպաշտ ծնողներին,
որոնք երազում էին դաստիարակել նրանց և դարձնել
հայրենի երկրի օրինավոր քաղաքացի, որը երբեք չի
խախտի փողոցային երթևեկության կանոնները և
հավատարիմ կմնա բիզնեսի տասը պատվիրաններին`
մի շնանա, մի սպանիր, մի խաբիր, մի ստիր իրավապահ
մարմինների աչքի առաջ, և ընդհանրապես, ստուգիր
դրամը առանց դրամարկղից հեռանալու, մինչև
վերջնականապես չհամոզվես, որ գանձապահը
անշնչացած է…և ամենակարևորը, ինչքան ուզում եք
սիրեցեք զմիմեանս, բայց երբեք չմոռանալով, որ միայն
հայրենական արտադրության ապահովիչներն ու
կարմիր խնձորներն են փրկելու մեր ազգը 20, 21 և
հետագա բոլոր դարերի ժանտախտներից…: Ինչևէ,
հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,
հոգեպես պատրաստ լինենք դիմագրավելու բոլոր
անակնկալները, և սա հատկապես վերաբերում է
երաշտից հավերժ տառապող հողագործներին, որոնք
կարող է ցնորվեն ջրի այդ անսպասելի առատությունից
և չդիմանալով ծովից-ծով երջանկությանը, խրվեն
հարբեցողության մեջ և գարնանացանը տապալեն
սիլիկոնե ստինքներով ջրահարսերի հմայքներով
պարուրված…: Ահա, տեսնում եմ օրը` անափ, անծայր
օվկիանոս, իսկ ջրերի երեսին լող են տալիս ցանուցիր
հիշողություններն անցյալի` դասական գրականությամբ
լի գրապահարաններ, տան վարձի գրքույկներ, վերջին
սերնդի համակարգիչներ, սիրային նամակներ, վարկային ներդրումներ, կոլեկտիվ բողոքներ, մարդահամարի
տվյալներ, և ղեկը կորցրած մի նավ` բերնեբերան լցված
պրեզիդենտներով, նախարարներով, սենատորներով
և այլ բարձրաստիճան այրերով, որոնք գիրկընդխառը
լալիս էին իրենց կորուսյալ երկրների, փոխադարձ
այցելությունների, արդյունավետ բանակցությունների,
երկուստեք շահավետ ծրագրերի, անվերջ բարեփոխվող
սահմանադրությունների, ահաբեկչության դեմ միասնական
պայքարի, նախընտրական խոստումների, բուռն,
երկարատև ծափահարությունների համար…: Թշշալով
հանգել են դժոխքի բոլոր կարասները:
Իսկ ո՞ւր է դրախտը,- հարցնում է մի հավատացյալ
քաղաքացի, թաց մորուքով քահանային` երկուսն էլ
գերանից կառչած.
Այդ միայն Նա գիտե, զավակս,- պատասխանում է
քահանան…:
Իսկ Նա սովորականի պես անշտապ քայլում էր
ջրերի վրայով` բարձրահասակ, գեղեցիկ…: Եվ ի՞նչն է
հետաքրքիրը` զարմանալի բարի ու պայծառ ժպիտ էր
փայլում դեմքին, զարմանալի բարի ու պայծառ…

 

ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՀՆԱՐ ԳՏԵՔ…
Ինչ-որ մի հնար գտեք, որ ես չհեռանամ
այս փոքրիկ երկրից: Ինչ-որ սխալ գտեք
անձնագրիս մեջ և ետ դարձրեք սահմանագլխից:
Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք,
որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից.
թող առատ ձյուն տեղա, և անհուսորեն փակվեն
ավտոմայրուղիները, և դադարեցվեն թռիչքները
ինքնաթիռների, և գնացքները կանգնեն
անորոշ ժամանակով…
Ի՞նչ մի դժվար բան է՝ արգելափակոցներ դրեք,
որ ես չհեռանամ այս փոքրիկ փողոցից,
հայտարարեք համաճարակ՝ խոզի կամ այծի գրիպի,
զգուշացրեք, որ կվտանգեմ ձեր և այլոց կյանքերը,
եթե մի ոտք անգամ դուրս դնեմ
այս փոքրիկ փողոցից, որի բոլոր ծառերին, թփերին
և մայթեզրի քարերին և նույնիսկ անտեր շներին
վարժվել եմ անդառնալիորեն:
Եվ ո՞վ ասաց, որ չի կարելի օրենք ընդունել
և կտրականապես թույլ չտալ գոնե մեկ մարդու՝
այսինքն գոնե ինձ, – դուրս չգալ իր փոքրիկ տանից,
ասենք՝ երթևեկությունը խցանումներից
ազատելու նպատակով:
Ոստիկան կկարգեք հենց դռանս առաջ,
և նա թող բամբակ խցկի ականջների մեջ,
որպեսզի չլսի իմ աղաչանք-պաղատանքը
և չբացի դուռը, ինչքան էլ խնդրեմ ու համոզեմ…
Ահա արդեն քանի օր է
ես ոչ մի պատճառ չեմ կարողանում գտնել արթնանալու համար:
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *