Գևորգ Թումանյան | Հերթական անգամ չզոհվեցի

հայրը

150 օր
կգտնենք քեզ որդիս կվերադառնաս տուն
այսօր 140-րդ օրն է
հույսով հրաշքի սպասմամբ
վերջին կապը որդուս հետ ունեցել է
ծառայակից ընկերը սեպտեմբերի 26-ի երեկոյան
ընկերոջ փոխանցմամբ նա հանգիստ էր խաղաղ
լրացնում էր դիրքին վերաբերվող ինչ-որ թղթեր
փնտրում եմ Թալիշի 156 դիրքում սեպտեմբերի 25-ին
մարտական հերթապահություն կատարող
7 զինվորներից մեկի ծնողնին
գոնե 10 օրը մեկ հրապարակեք
դնթ-ն չհաստատված մարմինների թիվը
զգացողություններս խառն են իրարամերժ
տեր ողորմիր
ամենափրկիչ
դու ես իմ միակ հույսը
որոնումների 130-րդ օրն է արդեն
անճարության 130 օր
հույսի և հուսահատությունների 130 օր
հավատի աղոթքների պաղատանքների 130 օր
Դավս տուն արի
որոնումների 95 դաժան օրեր
փնտրում ենք
Համբարյան Դավիթ Մամիկոնի
2001թ. կրտ. սերժանտ Մատաղիս
սեպտեմբերի 25-ից եղել է
Թալիշի մարտական դիրքում
դիրքի ավագ գյումրեցի
դեկտեմբերի 16
բալես այսօր լրացավ ծառայությանդ 1 տարին
և քեզ որոնելու 80 օրը
առողջապահության նախարարություն
չե՞ք կարող մի քանի դնթ-անալիզատոր ևս ձեռք բերել
չկա այլևս հոգեկան էմոցիոնալ ֆիզիկական վիճակ
դիմակայելն անհնար է
հնարավոր չէ մի դիահերձարանից մյուսը վազել
ամեն մի նկարը մանրակրկիտ զննել
ոտքերդ ու մարմինդ հրաժարվում են ենթարկվել
է լավ ինչքա՞ն և մինչև ե՞րբ
թող էդ սարքերից էլի բերեն
ասում են նույնականացման պրոցեսը
կարող է ամիսներ տևի
մի կին էր զանգել
հուղարկավորել էին իրենց որդուն
բայց կարծում էր որ քնած զինվորն
իրենց որդուն էր նման
վերադարձիր ողջ իմ զինվոր բալա
ծառայակից եղբայրներ բարի վերադարձ
արձագանքեք խնդրում եմ
Դավիթ Մամիկոնի Համբարյան
կրտ. սերժանտ
ծառայել է Մատաղիսում
I գումարտակ I վաշտ ջոկի ավագ
իրականացրել է հերթապահություն Թալիշի 156 դիրքում
հոկտեմբերի 7-ի զոհվածների ցուցակում է
նոյեմբերի 12-ին հաջողվեց կապվել գնդի հրամանատարի հետ
ըստ իր հայտնած տեղեկության
գունդը հոկտեմբերի 7-ին մարտի է բռնվել
որի ժամանակ Դավիթս զոհվել է
փնտրում ենք ականատեսների
դեպքի մանրամասներն իմանալու
մահը հաստատելու կամ հերքելու համար
մեր ստացած տեղեկությունները իրարամերժ
հակասական են
հոկտեմբերի 7
Դավոս չկաաաաաաա

 

***

ձեր վախերը
ձեր սրտի թրթիռը
ձեր հույսերը
ձեր կարոտները
ձեր վերջին հայացքը
ձեր մարմինների ծվեն-ծվեն լինելը
ձեր ողջակիզումը
ձեր փտումը

 

***

լավագույններին տվեցի
ինչպես միշտ մատղաշներին
ինչպես միշտ պեծկլտացող
մաքրամաքուր արյուն ունեցողներին
ինչպես միշտ լուսեղեն
մարմին կրողներին
թող
լուսատուները
շարունակեն իրենց անշեղ ընթացքը
թող Ծառը
երբեք չչորանա

 

***

հերթական անգամ
չզոհվեցի
թեպետ 12 ժամ հնարավոր էր
հերթական անգամ
ընդհատ պայծառացումներ ունեցա
ոչ զոհվել ենք
ոչ հայրենիք ենք կորցրել

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *