Արսեն Ներսես | Իբրև Նոյ

1.

Աշխարհը կործանվում է
կործանվածների համար,
աշխարհը փրկված է
փրկվածներով…

Մենք իրար չենք խղճում,
չենք փրկում,
մեր աշխարհներում,
մեր մահկանացու
փրկության մասին
երգեր ենք երգում։

Ես կործանվում եմ
ձեր աշխարհում,
ձեր աշխարհն
իմ մեջ է կործանվում:

Աշխարհը կործանվում է
կործանվածների համար,
աշխարհը փրկված է
փրկվածներով…

 

2.

Ամեն վայրկյանը գերեզմանոցն է՝
տարիներից հորդող երազների,
Ոչնչությունը աղաղակում է
քո փառքի ամեն գագաթներից:

Ցնծում ես ինքնագոհ խնջույքում՝
մինչև խումհար ու գլխացավ,
հետո` մղձավանջ-իսկություն.
և խրախճանքը վերջացավ։

Ուղված են հայացքներ մանկաբար
վեհությանն ամեն հաղթողի,
մինչ պարտությունն է դիվաբար
քարշ տալիս հատուցման անկողին։

Ամենուր վխտում է վայրաբար
ավարտի մի կարոտ հանապազօր,
մինչ դիմակներով սիրահար՝
խաղամոլներ են ծնվում նոր։

 

3.

Կրքի աշխարհում,
աղոթքներից զուրկ ու ցամաք
հայացքներում,
թե արքան է քո թշնամին,_
պարզի՛ր
քո մերկ թիկունքը
դավված սուսերին
ու վերցրու գինին…

Մա՛հն է միայն գաղջության մեջ
հույսի հատիկներ սփռելու,
մա՛հն է միայն
սնանկացած հայացքներում
լույսի որդիք ծնելու։

Վերցրո՛ւ գինին.
աղոթքներից
զուրկ ու ցամաք
հայացքներում
թե արքան է քո թշնամին,_
լցրո՛ւ,
խմիր ցմրո՛ւր…

 

4.

Հիացե՛ք,
կայսեր հանճարն է փայլում,

խոնարհվե՛ք,
կայսեր փառքն է որոտում,

և՝ ծնկի՛,
կայսրը հրամայում է,

ծափահարեցե՛ք,
կայսրը մեռնում է.

ու տեսե՛ք,
դատարկ հայացքներում
ինչպիսի՜ դերասաններ են
մեռնում…

 

5.

Անզորությունը ճիչն է
անարդարության։
Ես կանգնել եմ հրապարակում
ու ճչում եմ։

Ես ծնունդն եմ ձեր արդարության։

Երջանիկ են աշխարհի ընտրյալները.
նրանք են փրկությունն աշխարհի.
երջանիկ են փրկության որդեգիրները.
փրկվածները փառքն են փրկիչների։

Ես աննկատ եմ,
ես կուրությունն եմ
ու խլությունը
ձեր աշխարհի:

 

6.

Ամպերն անտարբեր են
ցավի քմայքին,
շիկնել-գեղեցկացել են
մայրամուտին։

Կապույտն արծաթանում է
տապի մեջ քաղաքի,
բարձրացող զովը երգ է
փրկության մասին։

Իմ տխրությունն անգամ
գեղեցիկ է
երջանկության մեջ,
որ մայրամուտն է։

Աշխարհը կործանվում է
կործանվածների համար,
աշխարհը փրկված է
փրկվածներով…

 

7.

Հնազանդության մեջ՝
հպարտություն,
արժանապատվության մեջ՝
գոռոզություն,
ճախրանքի մեջ՝ սողանք՝
հանուն փառքի.

սա բետոնե կուռքն է
Բաբելոնի։

Երջանկության մեջ՝
պղծության կիրք,
ազատության մեջ՝
կամազուրկ սիրտ,
երգի մեջ՝ աղմուկ
աններելի.

սա բետոնե կուռքն է
Բաբելոնի։

 

8.

Հավերժական խրախճանքում
Բաբելոնի
երազի դրախտն անվերջանալի՝
կյանք չէ.
արթնության դժոխք անվերջանալի՝
կյանք չէ։
Ուրեմն ապրում եք
առանց կյանքի…

Հավերժական խրախճանքում
Բաբելոնի՝
մահկանացու բջիջի մեջ
ժառանգվող
հավերժական ցնորքներ։

Հավերժական խրախճանքում
Բաբելոնի`

աշխարհը կործանվում է
կործանվածների համար,
աշխարհը փրկված է
փրկվածներով…

2015-17թթ.

ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՄԵԼԲՈՒՌՆ, ՍԻԴՆԵՅ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *