Արփի Ստեփանյան | Ինձ կին ստեղծիր

քեզ սեփական հայրդ չի ողջունում,
ուր մնաց արցախը.
հարևանդ ամեն անգամ դուրս գալուց
թքում է դռանդ դիմաց դրված շորին,
դու դրել, գոռում ես՝ հո՜ղ, հո՜ղ,
տանդ խոնավությունը քեզ ամեն աշուն
լա մինոր հազ է նվիրում,
իսկ դու հենվում ես թաց աթոռներին ու
հառաչում՝ մի՛-ա՛-ցու՛մ .
ես չեմ խրատում ոչ մեկին,
ոչ էլ մեղադրում,
անտարբեր էլ չեմ, չնայած
ամեն բան դրան է տանում՝ քայլ
առ քայլ,
շրջան առ շրջան,
զոհ առ զոհ.
մեզ այլևս ոչինչ չի փրկի,
նույնիսկ փախուստը բոլոր տեսակ թշնամիներից՝
ինքդ քեզնից հատկապես.
ապրել, որ ուղղակի մեռնե՞լ,
թե՞ բաներ կան, որոնք դեռ հասկանալ է պետք

 

***

միայն թե խնդրում եմ
հաջորդ բոլոր կյանքերում էլ
ինձ կին ստեղծիր,
որ նորից կարողանամ վայելել
մայրամուտի հետ եկող բույրը,
սուրճի փափկությունը,
ոտքը ոտքին գցած, աչքերը փակ արև խմելը։
հաջորդ կյանքերում էլ ինձ կին ստեղծիր,
որ ամեն ամիս մի քանի օր մեռնեմ դանդաղորեն,
իսկ հետո վերածնվեմ ամենակրքոտ ցանկություններով ու
վայելեմ կին լինելը․ հագնեմ
սև ու թեթև զգեստը, կարմիր շրթներկի մեջ թաթախվեմ ու
մեկ ժամ անիմաստ քայլեմ փողոցներում սիրահարվելով կյանքին։
հաջորդ կյանքերում էլ ինձ կին ստեղծիր,
որ գոռամ, թե ում են պետք էդ տղամարդիկ, իսկ երեկոյան
գրկեմ նրան ու պարեմ անձրևի տակ՝
չմտածելով վաղը ջերմության մեջ արթնանալու մասին,
իսկ հաջորդ առավոտ
նրա հետ էլ վիճեմ ու էլի չհասկանամ, թե
ում են պետք,
ում են պետք,
ում են պետք։
հաջորդ կյանքերում էլ ինձ կին ստեղծիր,
որ խմած ժամանակ զուգարանում երեք անծանոթ
կանանցով իրար ամենակարևոր խորհուրդները տանք,
ապշենք միմյանց գեղեցկությունից ու
հետո չհիշենք դրա մասին․
ախր, գոնե մի կյանքում պետք է
լինել կին, որ հասկանաս ուժը ներսիդ,
որ հասկանաս, թե
ինչքան կապ չունես բոլոր էն դերերի հետ, որոնք քեզ
տրվում են ամեն պատահած առավոտվա հետ։
միայն թե խնդրում եմ, հաջորդ բոլոր կյանքերում էլ ինձ կին ստեղծիր,
որ չդադարեմ ասել, թե ինչքան բարդ է լինել կին,
հատկապես առավոտյան, երբ բոլորն ուզում են խոսել հետդ,
իսկ դու չես հասկանում՝ ամանները լվանաս, վերացնես կապիտալիզմը,
թե՞ սուրճ խմես վեմակիդ տակ։

 

զիզիբիզի

դու ինձ կտանես ծով, ծարավ հետ կբերես
իմ ինչի՞ն ա պետք քո ծարավ լինելը, ընգեր,
որ սկսես փիլիսոփայել, ու ես հասկանամ,
որ ԱԺ նիստ ավելի սիրով կլսեի՞ , թե՞
որ ձայնիդ պատճառով ուզեմ գտնել մոտակա մոխրամանը՝
գլխիդ ջարդելու համար
էս քաղաքում բոլորը ժամանակակից են,
բայց էնքան փտած են, ընգեր
որ իրենց քայլվածքից իմ մեջքն ա ցավում,
որդեր եմ զգում ոտքերիս մեջ ու աջ ձեռքս ճյուղի նման ուզում ա ջարդվի,
վրայի ծտերը ափսոս են, մի բան մտածի՝չջարդվի
ծառեր են կտրում, արնոտում են իրենց ձեռքերը՝դեռ չգիտեն, ոչինչ
էս քաղաքը իրա տուֆով չէ՞ր վարդագույն,
ի՞նչ կարիք կա զիզիբիզի ծառերի, որոնք
ստվեր չեն գցելու էս երկրի մեղսագործների համար
իրանց գործն ա, մեկ ա սրանք Հիսուսի վախտերից էլ չէին ջոկում` ինչ էին անում –
ներիր նրանց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում
ներե՞ց
ես քեզ լուրջ եմ ասում՝ սրանց էլ ոչ մի բան չի փրկելու,
հատկապես սառնարանի վրա մագնիսներով կպցրած Հայր Մերը,
նրանց հայրը տնից վաղուց է գնացել՝սաղմը դեռ չէր ձևավորվել

 

***

Ես Հիսուսը չեմ, բայց գիտեմ
ով կմատնի ինձ.
ծանոթ, ընկեր, բարեկամ ու հարազատ,
միշտ էլ կա մեկը, ով
30-ից քիչ արծաթով կվաճառվի ու
հետո ժպիտով կնայի քեզ:
Հիմա մատնիչները մեղավոր չեն զգում իրենց,
ոչ էլ ապաշխարում են քո առաջ –
արդարանում են,
չարախոսում են ու
սպասում. սպասում են ավել արծաթի,
ու նոր մարդու՝մատնելու:
Էս մատնիչների մեջ մի փրկիչն ի՞նչ է, չկա,
գուցե ես էլ եմ մատնում ինձ. մեզ
մատնում են մեր ձեռքերն անգամ՝ կնոջ տարիքը
միանգամից երևում է ձեռքի ծալքերից,
աչքերը գոռում են տխրության մասին, իսկ
ճակատին քսված ներկը մատնում սպիտակած
վարսերի փակման մասին:
Ես Հիսուսը չեմ ու հավես չունեմ բոլոր կյանքերում
եկեղեցու դիմաց նստած մուրացկանին բացատրել, որ
ինչ էլ անեմ, մեկ է, Նա ինձ հետ չի լինի,
չի օգնի ոչ մի հարցում,
նույնիսկ մատաղի փող հավաքելու,
դժվար է մի քիչ, շատ մի քիչ՝
բացատրել մեկին, ով չի լսում ու
սպասում է, թե երբ պիտի առնես մոմը, որ
էդ գումարով ինքը էսօր երեկոյան մատնություն անի:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *