Գրիշ Սարդարյան | Կանամբի վանականը

Լուսանկարը՝ Սարգիս Միրզոյանի

Ծնվել էր 1966 թվականին։ Հրեղեն ձի էր։ Ծնվել էր դեկտեմբերի 1-ին, աջ ուսին նստում էր աղեղնավորը։ Փաստաթղթերով ծնունդը գրանցվել էր նոյեմբերի 11-ին, ձախ ուսին տեղավորվում էր մի սև, մեծ կարիճ։ Վիճում էին։ Հանգիստ չէին տալիս խեղճ վանականին։
Տարիներ առաջ այս թեմի առաջնորդը վանականին բացառիկ շնորհ էր արել, ասելով՝ քանի որ վերջինն ես, կարող ես ամուսնանալ։ Դա դուր էր եկել սև կարիճին, ձախ ուսի վրայով գնում էր ու գալիս, գալիս էր ու թռչկոտում, պտտույտ էր անում ու մարտական դիրքով կանգնում էր նորից, պոչը ցից պահած, վանականը նեղվում էր, քորվում էր, քանի որ դա չէր կարող դուր գալ փոքրիկ աղեղնավորին և նա վզի հետևից ձգվել էր ու ոսկեգույն նետեր էր արձակում կարիճի ուղղությամբ, իսկ կարիճը սուր ցավից պոչը տանում էր ու բերում, բերում էր ու խածնում վանականիս մաշկը խո՜ր, խոր, քորը խենթության նոպայով բռնում էր վանականիս, ափերը խցկում էր հագուստից ներս, խառնում էր, իբր ինչ, իբր մոծակ է հիմա սատկացնելու, քաշելիս տեսնի ինչ՝ ափի չափ մեծ, սև կարիճ, չէր սատկացնում, նետում էր դեն։ Գիշերը կարիճը նորից էր տեղավորվում վանականիս ձախ ուսին և նոր թափ հավաքած, ծավալվում էր վեճը աջ ու ձախ կողմերի։
[Կարիճ] Կանամբի
[Աղեղնավոր] Վանական
Կանամբի…
Վանական…
Ուրեմն և երկու տարբեր էություն, ինչպես գլխում նստած երկու որդ, տանջում էին վանականիս։ Թեմի առաջնորդն ասում էր՝ ամուսնացի՛ր, դու հո վերջի՞նը չես։ Վերջն ու սկիզբը միանման են, դրանք երկուսն էլ կանամբի վանականիս ձեռքերում էին։
Ասես հնադարյան վանքի քարերին կանացի անուններ խզմզեին, անպարկեշտ հագնված զբոսաշրջիկները օրուգիշեր հանգիստ չտային։ Մղձավանձից զարթնում էր ու ներս ընկած առաջին շողի ցուցադրած տեղում ծնկում էր աղոթքի։ Դեմքով դեպի խորանը։ Իր հոգին բաց էր թողնում պեգասին, երկաթյա, փայտյա ձիուկները շպրտվում էին դեն, հրեղեն ձին լայնատարած դաշտի միջով ազատորեն վազ էր տալիս, կրակները շաղ էր տալիս, դոփյունի հետ թողնում էր մխացող սմբակի չափսերով փոսորակներ, դաշտավայրը լայնատարած մխում էր, վանականը հանդարտեցնում, ներս էր անում իր ձիուն, ախոռի դռները ծածկվում էին, նստում էր իր ուսուցիչների գերեզմաններին, սիրում էր նայել վանքի կարմիր կղմինդրերին։ Հիշում էր.
հեռավոր ամառ, ուսուցիչը դեռ կար, ինքը նստած էր աթոռին, ծերունին կնճռոտ թաթերով հենվել էր սեղանին, մատրյոշկա էր մերկացնում.
Սա հպարտությունն է։
Սա նախանձն է։
Սա բարկությունն է։
Սա ծուլությունն է։
Սա ագահությունն է։
Սա որկրամոլությունն է։
Սա բղջախոհությունն է։
Եվ ամենավերջում՝ այս փոքրիկը դու ես։
Ճերմա՜կ, ճերմակ, ինչքան ճերմակ էր այդ ծեր, իմաստուն վանականը, Աստված իմ, իր սքեմը եթե սև չլիներ, այդքան զուսպ ու կաշկանդող չլիներ, նա դեռ ինչեր պիտի գործեր, նա սիրում էր պատմել իր ուսուցիչ վանականի մասին, որի ժամանակ հրաշեկ վանքի կղմինդրերը նույնքան կարմիր էին, կանամբի վանականը տեղափոխվում էր կողքի գերեզմանաքարին, այդ նա էր, որ պայծառատեսությամբ անդրադարձել էր մերօրյա վանականին, երբ մի օր պատարագից հետո մոտեցել էր բակում կանգնած մանչուկի, ձեռքը մանկան գլխին դնելով իր աշակերտ ճերմակ վանականի հետ խոսել էր վերջին օրերի և ամենամեծ փորձության մասին, որ խայտառակ տիտղոսի պատճառով բաժին էին հասնելու կանամբի վանականին։ Վանականս տեղափոխվում էր հաջորդ քարի վրա, ավելի ցածր, տափակ, հողի տակ խրված նստատեղ, որտեղից վանքը փոքր-ինչ այլ տեսք ուներ, կղմինդրի կարմիրները փայլում էին արևի շողերի տակ, մամռակապ հատվածներ չէին նկատվում այս բացառիկ դիտանկյունից, նա համեստ, կլոր, կոր ու մոր տարեց մարդ էր, հրաշքներով աչքի չէր ընկել, երբեք չէր խոսում հայտնության լեզվով, նա էր վանքի շուրջ գտնվող ներկայիս պարիսպն ամրացրել, մոտերքում շինել էր դպրատուն, նա ներս էր առել բազմաթիվ որբ մանուկների, այդ թվում՝ վանականիս հորն ու մորը, հոգ էր տարել նրանց մասին, թևերի վրա էր մեծացրել, հավանություն էր տվել սաների մտադրությանը, օրհնել էր այդ պսակը և երբեք տարօրինակ քայլերի ականատես չէին եղել նրա կատարմամբ, ո՛չ հրաշքներ, ո՛չ որևէ կանխատեսում, փոխարենը նա գրի էր առել իր ուսուցիչ, ուսուցիչների ուսուցիչ, կարմիր վանքի մեծագույն վանականներից ամենամեծագույնի իմաստություններն ու խորհուրդները, բանավոր փոխանցվող անսպառ հարստությունները լցրել էին կաշեկազմ հատորներ ու ոսկեփորիկներ կազմել։ Վանականս տեղափոխվում էր բարձր քարին ու մեջքը դեմ անում սրընթաց վեր խոյացող տիեզերական տապանաքարին, աննկարագրելի հով էր, այստեղից գմբեթավոր վանքը կարելի էր տեսնել իր ամբողջության մեջ՝ գետնով տարածվող սալաքարերից մինչև նվազապաշտական խաչը, խանգարող հանգամանքներ չկային, արևը չէր խփում աչքերիդ, ընդհակառակը՝ վանքը լուսավոր կանգնած էր, իսկ դու դիտում էիր հարմարավետ, ստվերոտ անկյունից, մեծագույն վանականն ինքնուրույն էր մատնացույց արել թաղվելու վայրը, վեր էր կացել մի առավոտ, գավազանը ձեռքին, վեղարը գլխին քաշած շրջել էր խոտերի միջով ու գավազանը խրել էր այս անկյունում, որը հետագայում պարսպաշարի անկյունն էր դառնալու։ Նա անպատմելի, անուրանալի գործերի գլուխ կանգնած, անբասիր վարքով, անգերազանցելի մտքի տեր մի սուրբ էր, նրա խոսքերից էին սկիզբ առնում բոլոր պատկերավոր այլաբանությունները, մատրյոշկայի առակը, որն այն ժամանակ դեռևս մատրյոշկաներով չէր, և բազում, բազում ուրիշ մեծագործություններ, որոնց համեմատությամբ խամրում էին հաջորդիվ եկած վանականներիս, էլ չասած՝ մերօրյա վանականիս կյանքն ու խղճուկ գործերի հանրագումարը։ Բայց վանքը կանգուն էր նաև առանց նրա։ Այստեղ վանականս ձգվում էր և որոշ ժամանակ սառած մնում, քանզի մեծագույն վանականի քարի զորությունից սարսափած կարիճը դիվահար ճանկռում ու խայթում էր մաշկը։ Քարից պոկ գալով վանականը կանգնեց տասը-քսան րոպե, կարիճը վերջապես հանդարտվեց, ձախ թևը, ուսը թմրեցին։ Այդտեղով պարսպին կից ձգվում էին հնագույն բազմաթիվ քարերի մնացուկներ ու դրանց տեսքը թույլ էր տալիս վանականիս իրենց վրայով լոնքել ու անցնել, նույնիսկ կանգնել իրենց մակերեսին, համեստությամբ կլանված, մոռացության շեմին գտնվող քարաշարերը որևէ սխրագործ անձի չէին հիշեցնում, և միակ հետաքրքիր պատմությունը, որը գրի էին առել, նրանցից մեկի կրկնվող մղձավանջի նկարագրությունն էր. հրեղեն ձին բոցկլտալով մտնում էր վանքի բակ և քառատրոփ վարգում, վազում, կրակը չորս կողմից շուրջկալում էր կարմիր կղմինդրե տանիքով վանքը, գզգզված մազերով անիծյալ վանականը խենթացած նետվում էր դուրս, համաձայն մեծագույն վանականի մեկնության՝ նա տեսնում էր կարմիր վանքի կործանումը, և կանամբի վանականս համոզված էր, որ դա այդպես է, վերջը հասել է և այլևս անհնար է դիմակայել, մնում է ոռնալ՝ վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ…
Վանականս աչքի տակ պահում էր անհայտ ճգնավորի գերեզմանը, ո՞վ էր դա, ո՞ր դարերում էր ապրել, չգիտեին, շատ վաղուց անշուք քարին ծաղիկներ էին թողել ու անսպասելի հրաշքով ծաղկեփունջը թարմ էր մնացել, հետո ուրիշ ծաղիկներ էին դրել, որոնք նույն թարմությամբ հասել էին մինչև կանամբի վանականի օրեր, կարծել էին նշխարք է և մի քանիսը հանդիսավոր կերպով տարել էին խորանի ծաղկամանի մեջ հարմարեցրել։ Հաջորդ օրը ծաղիկները չոր-չոր էին, ասես մեկ ամսով առաջ էին տվել ժամանակը։ Այսպես կատարվել էր այն խոսքը թե՝ շատ հետիններ առաջինը կլինեն, և անհայտ, անշուք գերեզմանաքարի հռչակը գերազանցել էր մյուսներին։ Այս քարին պառկած ծաղիկը երբևէ չէր թառամում, եթե թառամեց, դա վատ նշան է, վանականը համոզվել է սեփական օրինակով, ուսուցիչների ուսուցիչ, կարմիր վանքի ամենամեծագույն վանականը սրա մասին ակնածանքով է խոսում, շռայլում է ամեն տեսակ ածականներ, նա ենթադրում է, որ անշուք քարի տակ ննջած է նախկին կուսանաց մենաստանի քույրերից, նրան անվանում է՝ ծաղկապաշտ կույսը և կապում խենթացած վանական եղբոր ժամանակներից հայտնի ավանդության հետ, համաձայն որի՝ կույսը տարատեսակ ծաղիկներ շատ է սիրել, սիրուց ելնելով՝ չի պոկել նույնիսկ որևէ ծաղկաթերթիկ, այլ մշտապես նստել է գետնին փռված բուսականության կողքին և ծաղիկներն այդ կույսի սիրուց խոնարհաբար գլուխ են իջեցրել, ձգվել են ու խռնվել նրա շուրջը, հետագայում, երբ քույրերը հեռանում են ու մենաստանում ապաստան են գտնում վանական եղբայրները, սկսվում է հավատի փորձության հենց այն չարաբաստիկ շրջանը, որը ոչ մի հիշարժան գործով աչքի չի ընկնում, բացի հրեղեն ձիու գուժկան ներխուժումներից, չէ որ լուսնոտությամբ զարկվել էին նաև գերեզմանաշարում պառկած մյուս եղբայրները, երազը կրկնվում էր այդ դժբախտներից յուրաքանչյուրի մոտ, հրեղեն ձին մտնում էր վանքի բակով և Կարմիր կղմինդրե տանիքով տաճարի շուրջը պտույտներ տալիս, կրակե շրջանը սեղմում է նրանց, և, ի վերջո, երազը անընդմեջ վերապրող վանականին խենթության դուռը հասցնում, հերթական մղձավանջից հետո նա դիմում է ինքնահրկիզման։ Կարմիր վանքում եղբայրության վերջը դրվել էր դեռևս այն օրերից, այդուհետ թույլատրվում էր ունենալ առավելագույնը մեկ վանական և մեկ աշակերտ։
Կանամբի վանականս ամբողջ պատմությունը տարուբերեց գլխում, այսօրվա պարտքը կատարեց, կարելի էր ելնել երթալ, կարիճի խլվրտոցը առավոտվանից հանգիստ չէր տալիս, ձեռքը տարավ և ուզեց ևս մեկ անգամ նայի, ինքն իր շոշափածից զարմացել էր, հանի տեսնի ինչ՝ այս ինչքա՞ն է կարիճը մեծացել, որ խեցգետին է դարձել, ինքն իր աչքին չէր հավատում, աջ ուսն էլ ճանկռում էր կատվի մի ձագ, հանի տեսնի՝ իսկական կորյուն, դե լավ, ինքնիրեն ասի վանականս, վայրի են՝ վայրի, ես կխնամեմ ու վանքի տարածքը թող կացարան դառնա առյուծի, խեցգետնի, կարիճների համար, հետո քաշեց աջ ուսը խրած նետի կտորը հանեց և որոշեց երբեք այլևս մարմինը չխեղել, վերքի տեղում թարախի բուշտ բացվեց։ Հետո վանականս ճնշող ցավից աղոթքի անհնարինությունը զգաց, հրեղեն ձիու տեսիլքներն ուժգնացան, նա ոտքի կանգնեց, ուսը մերկացրեց ու տեսավ, որ վերքը ջրահոսում է, մաքուր, զուլալ ջուր, փորձեց կապել, չոր կտորը վերածվեց թրջոցի, մերկացավ, կյանքում առաջին անգամ հետևն արած կանգնեց երկար հայելու դիմաց և ձախ ուսին եղջյուրներ նկատեց, սարսռաց, այծի տխրահռչակ գլուխն էր, կարծեց տեսիլքը վատ նշան է, ինչ որ է, վանականս լողացավ իր ներսից դուրս տվող զուլալ աղբյուրի ջրերով, մաքրվեց, դատարկվեց, հագնվեց, սքեմը վրայից հագավ, լանջախաչը անցկացրեց վիրավոր վզով ու միանգամից վերապրեց անտանելի սրթսռթոցը, փորձություն է, հառաչեց ինքն իրեն։ Նա արդեն գիտեր՝ հաջորդիվ ինչ է կատարվելու, այո՛, թեմի առաջնորդը եկավ, իր հետ բերեց մատաղացու մի խոյ, ասաց՝ մորթի՛ր, կշեռքը դրեց գետնին՝ կշռի՛ր, մնացածն էլ բաժանիր աղքատներին, միսը մուրացողներին չբավականացրեց և վանականս ստիպված եղավ խնդրել մի ձուկ, ձուկը ծոծրակով տարավ սքեմի տակ, թիկունքից հանեց երկրորդը, երրորդը, ինչպես հայտնի առակում, բոլորը լիուլի լցրեցին իրենց տոպրակներն ու դեռ ահագին էլ ավելացավ։
Կանամբի վանականը քնեց անհանգիստ մղձավանջային երազների հերթափոխով, լուսադեմին հրեղեն ցուլ տեսավ, երկար սպասեց ցուլը մուտքի հատվածում, ռունգերից ծուխ փչեց, սմբակը զարկեց սալահատակին, ոտքը քաշեց հետ, վայրկյաններ պահեց այդպես, վայրկյաններ անց ներխուժեց վանքի բակ ու Կարմիր կղմինդրե կտուրներով տաճարի շուրջը կատաղի արագությամբ պտտվեց, պտտվեց, կրակները կտրուկ մոտեցան, վանականը վեր թռավ քնից ու վանքի բակում տեսավ իրեն դիմացը կանգնած, երկու երեխա տեղավորվել էին ուսերին։
Այդպես կույսը երկվորյակ ծնեց։
Եվ մանուկները գլխավերևից կռվում էին, կանչում էին միմյանց հակադարձ։
Ձախ կողմից հնչում էր՝ կանամբի՜, կանամբի՜…
Աջից՝ վանական…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *