Նարինե Կռոյան| Կրկնվող երազ

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

Ես բացում եմ բառերիս դարակները,
հանում, թափում եմ գետնին,
հագցնում եմ հերթով
մերկիրան տողերիս սարսուռին
և նայում անսթափ ու անկեղծ.
Չի սազում….
ինչպես չի սազում զգեստը մեռելի
ոստրեից հառնած մերկ Վեներային:

 

Կրկնվող երազ

Պատուհանիս տակով
անցնող գնացքներում
հայրս` հավերժ մի ուղևոր…
Նրա հայացքը լուռ
պատուհանիս լույսին,
աչքեր, աչքեր, աչքեր
ինձ որոնող…
Ու…կրկնվող երազ
թույլ ճախրանքով լաթի,
հրաժեշտի շնչով
ճերմակաթել…
թաշկինակից կախված
անարտասուք լացի
ու…հոգեհաց
չվող գնացքի հետ…

 

***
Քամի, փչիր ծնկներիս վերքերի վրա`
անխոս, քույրաբար…
Միայն դու գիտես, որ
աղոթելիս են ծնկներս ցավում:
Իսկ երբ հեռանաս,
մազերս խառնիր
քո թափառական,
փոշոտ մատներով,
որ ես հավատամ,
թե ինձ սիրում են,
թե դեռ սիրում են ….
ու դու ուրիշի աղոթքն ես
բերել շուրթերիդ վրա:

 

***
Տեր, թող, որ հանդգնեմ
ու գլուխս լուռ դնեմ ուսիդ,
ինչպես սիրածին են դիպչում,
ավտոբոսում,
իբր ննջում են….

 

***
Ես հանում եմ փշերս գիշերը`
թողնելով մաշկս` իբրև գիշերանոց.
դու երազում ես գալու`
ոտաբոբիկ:

 

***
Տերևաթափ, ծածկիր ինձ
անտրտունջ,
թող մոռանա օրը գոյությունս
ունայն,
ցավս թաղիր խաշամիդ
թմբիրի տակ նեխող,
գուցե մինչև գարուն
ծաղիկ ծնի վերքս:

 

***
Ես քեզ սպասում եմ Երևանի ժամանակով,
հետո՝ «եղբայրական» Մոսկվայի,
հետո եվրոպական բոլոր ժամերով՝
մինչև Գրինվիչ, մինչև զրո ու
… նորից՝ Երևանով….
Ընթացքում հասցնում եմ քեզ սպանել,
մեքենայի տակ գցել,
անօգնական պառկեցնել ինչ-որ մութ փողոցում
ու …. վախենալ, ու աղոթել քեզ համար …

 

***
Այս թուխպ օրերին
ինձ սիրելու համար
Աստված լինելը պարտադիր չէ:
Վերարկու եղիր,
իջիր ուսերիս՝թեթև-թեթև, տաք-տաք…

 

***
Փողոցը
անցորդների վրայից
քաշում-պոկում է անձրևի կաթիլները՝
թողնելով մռայլ մի թացություն
(ես այդ դիմախաղի անունը չգիտեմ):
Քամին հավաքում է մաշկը
նրանց հոնքերի միջև. ցուրտ է:
Մի տղա է միայն ժպտում:
Նրա ժպիտը անձեռոցիկի նման է.
հանում ես տուփից, մյուսն է հայտնվում,
հանում ես՝ կրկին նորը….
Սառած փողոցը նրան խելառ է անվանում:
Փողոցներըը չգիտեն, որ
արևներըը դեռ միայն խելառների համար են
վերադառնում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *