Արփի Ոսկանյան | Կյանք կա՞ նրանից հետո

Լուսանկարը՝ Համելտ Վարդանյանի

ԻՆՉՈ՞Ւ ԻՆՁ ԼՔԵՑԻՐ, ԱՍՏՎԱԾ ԻՄ

Ինչո՞ւ ինձ լքեցիր, Աստված իմ,
եւ չհեռացրիր ինձից այս բաժակը դատարկ,
որի մեջ այլեւս ոչ մի կում չկա…
Ինչո՞ւ էլ չես հետեւում ինձ աննկատ,
մի՞թե չես փրկելու հերթական փորձանքից
ու հեռացնես դեպքի վայրից՝ գրկիդ մեջ սեղմած…
Մարմինս անկամ ՝ պատրաստ փռվելու քո տակ,
չե՞ս դնելու անկողնում ու ծածկելու խնամքով,
քունքս չե՞ս շոյելու անէանալուց առաջ…
Ինչու ինձ լքեցիր, Աստված իմ,
Էլ չես սպասում ինձ համբերատար՝
կես ժամ, մի ժամ, ամբողջ օր,
էլ ուր մնաց՝ մի կյանք…
էլ չես գրում անանուն նամակներ,
երգեր չես հորինում ինձ համար,
չես դարձնում ինձ վեպիդ հերոսուհին…
Իմ շքամուտքում գիշերներ չես լուսացնում
եւ ծաղիկներ չես թողնում դռանս մոտ,
երբ հատկապես տխուր ու մենակ եմ լինում։
Եվ երբ նայում եմ մարդկանց ու կյանքին
ու զգում, թե ինչպես է ամենը հեռանում ինձնից
տիեզերքի ընդարձակման արագությամբ,
էլ չես փակում աչքերս հետեւից ու շշնջում ականջիս,
որ կյանք չունես առանց ինձ,
որ առանց ինձ չկաս…
Ինչո՞ւ, ինչո՞ւ լքեցիր ինձ, Աստված իմ,
Եւ չհեռացրիր ինձնից բաժակն այս դատարկ,
Որի մեջ այլեւս ոչ մի կում չկա…

 

ԵՍ ԿՆՎԻՐԵՄ ԻՆՁ ԾԱՂԻԿՆԵՐ

Ամուսինս վաղուց ինձ ծաղիկ չի նվիրում,
Էլ չի ուզում ինձ կապել,
Երեւի կարծում է քարկապ եմ ընկած։
Էլ չկան քնքույշ բառեր եւ հայացքներ սիրատոչոր,
Եվ իմ մեջ դանդաղ մեռնում է
Խոշոր աչքերով ու երկար մազերով գեղեցկուհին։
Ես ուզում եմ մի վերջին անգամ տեսնել նրան,
Բայց շատ բարձր է կախված տան միակ հայելին,
Որի մեջ ամուսինս սափրվում է։
Ես ինչ իմանամ, գուցե այդ գեղեցկուհին
Վացուց մեռել ու նեխում է անթաղ.
Ինչ զարհուրելի տեսարան…
Երբեմն այնպիսի կարեկցանքով եմ լցվում,
Ուզում եմ բռնել ամուսնուս ձեռքն ու ցավակցել նրան,
Բայց նրա աչքերում ցավ չկա…
Չէ, երեւի այնուամենայնիվ չի մեռել
Խոշոր աչքերով ու երկար մազերով գեղեցուհին,
Այլապես ամուսինս… ծաղիկներով կգար…
-Չմեռնես հանկարծ,- ասում եմ ինքս ինձ,-
Էդ ապուշ ծաղիկների համար չմեռնես,
Ես ինքս քեզ… ինքս ինձ…
Ես կնվիրեմ ինձ ծաղիկներ…

 

ԱՊՐԻԼ, ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ

Պայթող ռումբերի մեջ, ողբի, վշտի,
Ամենօրյա չարչարանքի մեջ,
Տքնաջան երազանքի մեջ,
Առանց հերոսության անկման,
Լուրերի չդադարող հոսքի մեջ,
Անդադար հեղվող արյան մեջ,
Անդադար հեղվող արցունքներիս,
Աման լվանալու հեղուկի մեջ,
Լվացքի փոշու հոտի մեջ
Ես պառկել էի սպիտակ սավանին
Ու արագ վազքով փախչելու նման
Մտածում էի անծանոթ տղամարդու մասին,
Անցյալում չսկսված սիրո մասին,
Կյանքի մասին, որ ուրիշ մեկինն է
Եվ մահվան մասին, որով չեմ մեռնելու։
Սպիտակ սավանին պառկած՝
Ես արյան լերդացող կաթիլ էի,
Որ երազում էր հոսել երակներով։

 

ԿՅԱՆՔ ԿԱ՞ ՆՐԱՆԻՑ ՀԵՏՈ

Ինչքա՞ն լինել քսանամյա աղջիկ,
ձիգ ոտքերով տրորել երկրագունդը
եւ մազերը ծածանել,
եւ թավշյա հայացք նետել
մեկ աջ, մեկ ձախ…
Գերվել, գերվել, գերվել այդ կերպարին՝
ավելի, քան բոլոր տղամարդիկ՝ նրան գերված,
եւ բաժանումը նրանից ավելի ծանր տանել,
քան բոլորը, բոլոր-բոլորը,
ում լքել է նա։
Կառչել նրա փեշից, ոտքերից ու թեւերից,
նրա երկար-երկար վարսերից,
նրա ժպիտից աննման,
գլխարկի ծաղիկներից,
աղաչել, պաղատել, որ չգնա․․․
Ինչպե՞ս ապրել՝ առանց նրա,
ինչպե՞ս սիրել մարմինն այս ծերացող
եւ հոգին՝ չորացած հաց,
կա՞ կյանք նրանից հետո,
կյանք կա՞։

 

ԵՍ ՉԵՄ ՄԵՌՆԵԼՈՒ, ՈՒՐ ՄՆԱՑ՝ ՍԻՐՈՒՑ

Ես էլի կգտնեմ ապրելու ձևը,
Ես կփոխեմ քեզ բառի,
Կփոխեմ գույնի ու գծի,
Կփոխեմ հնչյունի։
Իմ մեջ մեծացող ցավին
թույլ կտամ, որ ծաղկի։
Ես գիտեմ՝ ոնց վերածել կսկիծը խնդության,
ոնց կորստից նվաճում քամել։
Ես գիտեմ՝ ոնց թաղել սերը մեռնող,
ինչքան ջրել այն արցունքով,
որ նրանից սիրո մի ամբողջ արտ աճի,
եւ կողքը՝ անտառ բաոբաբներով։
Ես գիտեմ՝ ինչպես պայթել մահվան ժամին
եւ թե ոնց բոցավառվել նորից,
ես գիտեմ սիրտս դարձնել տիեզերք՝
լցված անհասցե սիրով։

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Արմեն Սարգսյան says:

    Ինչո՞ւ ինձ լքեցիր, Աստված իմ,
    եւ չհեռացրիր ինձից այս բաժակը դատարկ,
    որի մեջ այլեւս ոչ մի կում չկա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *