Ռուզան Հովասափյան | Կյանքս երկտող էր երկրիս

***
Լուսաբացը
Իմ խոստովանանքն է քեզ,
Երկիր.
Դատարկվող շեներդ՝
Քո մերժումն է:

Ծիածանը
Իմ սիրային նամակն է քեզ,
Երկիր.
Բնակիչներիդ տխրամած դեմքերը՝
Քո մերժումն է:

Թռչներգը
Իմ սիրային նամակն է քեզ,
Երկիր.
Երգերս՝
Քո մերժումն է:

Երազներս
Իմ սիրային նամակն է քեզ,
Երկիր.
Կյանքս՝
Քո մերժումն է…

 

***
Բացի ճակատագրից՝
Դու իմ սրտի գիրն էիր, երկիր,
Իսկ ես քո ի՞նչն էի,
Որ այս կյանքից
Ետ մնալս շատ կարծեցիր,
Ու ես կյանքից
Մնացի դուրս:

Մուրացկանի պես սպասում եմ`
Քեզ
Ո՞վ կդնի ափիս մեջ…

 

***
Ի՜նչ լուսաբացներ ինձ հարսնատես եկան,
Բայց դու բախտիս հետ խաղացիր, երկիր.
Բախտս ներել է,
Բառս` չի ներում:

Ի՜նչ հրեշտակներ ինձ սուրբ կոչեցին,
Բայց դու իմ խաչը ուրացար, երկիր.
Խաչս ներել է,
Խիղճս` չի ներում:

Ի՜նչ սատանաներ հերթով կանչեցին,
Բայց դու իմ տեղը չիմացար, երկիր.
Տերս ներել է,
Տունս` չի ներում…

 

***
Իմ հայրենիքում, երբ ավետիս ես լսելու,
Սիրտդ մի կողմից է կանչում,
Կաչաղակը` մյուս:

Իմ հայրենիքում, երբ տխրելու ես,
Սիրտդ մի կողմից է լռում,
Կաչաղակը` մյուս:

Իմ հայրենիքում, երբ սիրելու ես,
Սիրտդ մի կողմից է թռչում,
Կաչաղակը՝ մյուս:

Իմ հայրենիքում, երբ մեռնելու ես,
Սիրտդ մի ուսիդ է թառում,
Կաչաղակը` մյուս…

 

***
Կյանքս
Եկվոր էր երկրիս –
Բա տունս ի՞նչ էր։

Կյանքս
Երկտող էր երկրիս –
Բա երգս ի՞նչ էր։

Կյանքս
Երազ էր երկրիս –
Բա դարձս ի՞նչ էր։

Կյանքս
Եվա էր երկրիս –
Բա մենությունս ի՞նչ էր․․․

 

***
Մուրացիկ տեսնելիս
Կապույտ երազս
Առաջ է ընկնում –
Ձեռքինը հաց է…

Լցված սիրտ տեսնելիս
Կապույտ երազս
Առաջ է ընկնում –
Կապույտը թաց է…

Լքված տուն տեսնելիս
Կապույտ երազս
Առաջ է ընկնում –
Տան դուռը բաց է…

Տիրոջը տեսնելիս
Կապույտ երազս
Առաջ է ընկնում –
Մեջքինը խաչ է…

 

***
Աչքս մնում է.
Կարո՞ղ է, երկիր,
Լավ օրերդ են գալու:

Աչքս մնում է.
Կարո՞ղ է, երկիր,
Երկար են մնալու:

Աչքս մնում է.
Կարո՞ղ է, երկիր,
Էլ չեն գնալու…

Եվ քո դրախտում
Միայն
Աստծո աչքն է մնալու…

 

***
Ձմռան կարճ օրը
Հազիվ է ծածկում
Հայրենիքիս ծնկները,
Իսկ օրերը
Դեռ կարճանալու են:

Եվ հայրենիքս
Ծնկի իջած՝ լուռ
Ինձ համար է աղոթում
Աստծուն…

 

***
Դու
Իմ տեսած
Ամենափայլուն ներկայացումն ես,
Երկիր.
Այն տեսնելու համար ես
Կյանքով եմ վճարել…

Նեղ օրվա համար
Մի քիչ կյանք ունեմ պահած,
Երկիր –
Մի բան էլ
Իմ սրտով խաղա…

 

***
Չեմ ասում`
Ինձ սիրիր, երկիր.
Պաղությունդ ինձ հերիք է…

Չեմ ասում`
Ինձ պահիր, երկիր.
Խորթությունդ ինձ հերիք է…

Չեմ ասում`
Ինձ պատվիր, երկիր.
Քամահրանքդ ինձ հերիք է…

Չեմ ասում`
Ինձ մարդու տեղ դիր.
Շան տեղ դնելդ էլ հերիք է.–

Այդպես գոնե առաջինը
Ապագայիդ հոտը
Կառնեմ…

 

***
Այս ժամանակի հետ
Չէի կարող քեզ մենակ թողնել, երկիր,
Չէի կարող` չգալ…

Թռչուններդ,
Որոնց հետ ես պիտի գայի
(Ով գիտի` երբ),
Փարվել ինձ ու չէին թողնում` թողնելու պես…

Եվ ես եկա,
Եկա, երկիր,
Որ այնքան է՝
Քո երկնքում թևեր բացվեն,
Որ այնքան է՝ երգդ
Հնչի…
Մինչև թռչուններդ կգան…

 

***
Դու ամենաերկար
Գողգոթայի ճամփան էիր,
Երկիր,
Իսկ Գողգոթան դեռ չի էլ երևում –
Ես հասնողը չեմ…

Էլ ի՞նչ հարություն,
Եթե խաչվելու ճամփին եմ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *