Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Քարկտիկ» պատմվածքն առաջին տեղը գրավեց «Արմկոն» ֆանտաստ գրողների «Քաղաք» մրցույթում: Այն կընդգրկվի «Գրանիշ» հրատարակչության կողմից ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ 2027 թ. հրատարակվելիք «Դեկավիրոն» ժողովածուում:
Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Քարկտիկ» ստեղծագործությունը, որը ֆանտաստիկ ժանրի հատկանիշներ ունեցող պատմվածք է, ժամանակակից հայ գրականության ուշագրավ օրինակներից է, որտեղ ֆանտաստիկական տարրը հանդես է գալիս որպես մարդու, հասարակության և ժամանակի մասին խորքային խորհրդածությունների միջոց։ Պատմվածքն ունի ժամանակակից հայ արձակին բնորոշ մի շարք հատկանիշներ, որոնցից են հիշողության վրա հիմնված պատումը, ինքնահեգնական պատմողականությունը, հասարակական-քաղաքական անդրադարձները և ֆանտաստիկական տարրի ինքնատիպ կիրառությունը։
Պատումը կառուցված է հիշողությունների և հերոսի ներքին մտորումների շուրջ, ինչի շնորհիվ անցյալն ու ներկան անընդհատ միահյուսվում են։ Սյուժեի մեկնակետը Թորգոմի կողմից Սյոմիկին հիշեցնող մարդուն նկատելն է, սակայն այդ առաջին հայացքից աննշան թվացող դրվագը վերածվում է երկար հիշողությունների շղթայի, որի միջոցով ընթերցողը ծանոթանում է հերոսների կենսագրություններին, նրանց ընկերությանը, գաղափարական տարաձայնություններին և հետագա ճակատագրերին։ Այսպիսով, սյուժեի զարգացումը պայմանավորված է ոչ այնքան սյուժետային իրադարձություններով, որքան հիշողությունների վերակենդանացմամբ և կերպարների ներաշխարհների բացահայտմամբ։
Պատմվածքն ունի մոզաիկային կառուցվածք․ առանձին դրվագները, հիշողություններն ու պատմությունները սկզբում կարող են թվալ ինքնուրույն հատվածներ, սակայն աստիճանաբար միավորվում են մեկ ամբողջական պատումի մեջ։ Հեղինակը հաճախ ընդհատում է գործողությունների ընթացքը՝ անցնելով անցյալի որևէ դրվագի, քաղաքական կամ մշակութային անդրադարձի, ինչի արդյունքում ստեղծվում է բազմաշերտ պատմողական հյուսվածք։ Այս կառուցվածքը հնարավորություն է տալիս ներկայացնելու ոչ միայն առանձին հերոսների ճակատագրերը, այլև անկախության շրջանի հայկական հասարակության լայն համայնապատկերը։
Այսպիսով, պատմվածքը կարելի է դիտարկել միկրոպատմության տեսանկյունից ևս, քանի որ այն կառուցված է փոքր, առօրյա թվացող դրվագի շուրջ, որն առաջին հայացքից չունի մեծ պատմական կամ դրամատիկ նշանակություն, սակայն խորքային մակարդակում բացահայտում է սոցիալական և մշակութային ամբողջական պատկեր։ Միկրոպատմության մոտեցումը ենթադրում է ուշադրության կենտրոնացում ոչ թե լայն պատմական իրադարձությունների, այլ փոքր միջավայրերի և կոնկրետ իրավիճակների վրա, որտեղ արտահայտվում են հասարակության մտածողության ձևերը, վարքագծային կանոնները և հիշողության մեխանիզմները։ Այս պատմվածքում հենց այդ փոքր դետալը դառնում է մի կետ, որի միջոցով երևում են համայնքային կյանքի կառուցվածքը, մարդկային փոխհարաբերությունները և նրանց ներքին հոգեբանական պատկերները։
Պատմվածքի կարևոր առանձնահատկություններից է ֆանտաստիկական տարրի կիրառումը։ Թորգոմը կարողանում է օդից քար ստեղծել, սակայն այդ ունակությունը ներկայացված չէ որպես հերոսական ուժ։ Սյոմիկի հեգնական խոսքերը՝ «Քար ա, էլի, սաղ։ Քարի երկիր։ Գոնե ծառ բսնցնեիր», ընդգծում են այդ պարադոքսը։ Հեղինակը ֆանտաստիկական մոտիվը օգտագործում է ոչ թե հրաշքի գաղափարը հաստատելու նպատակով, այլ ընդհակառակը, որքան զարգանում է պատումը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ այդ շնորհը չի փոխում ո՛չ պատմության ընթացքը, ո՛չ մարդկանց ճակատագրերը, ո՛չ էլ հերոսի ներքին աշխարհը։ Քարը դառնում է ոչ թե ուժի, այլ սահմանափակության խորհրդանիշ։
Հատկանշական է կերպարների հոգեբանական խորությունը։ Սյոմիկի և Թորգոմի հարաբերությունները ներկայացված են ոչ թե որպես պարզ հակադրություն, այլ որպես բարդ մարդկային դրամա։ Այդ հարաբերությունների առանցքում ընկած է փոխադարձ օտարացումը, որն արտահայտվում է նույնիսկ անվան շուրջ առաջացած վեճի միջոցով։ Սյոմիկի խոսքերը՝ «Ես արդեն քեզնից պահանջել եմ, որ դու ինձ Սյոմիկ չասես», առաջին հայացքից մանրուք են թվում, սակայն իրականում խորհրդանշում են ինքնության ճանաչման և դիմացինի կողմից ընկալված լինելու խնդիրը։ Հետագայում Թորգոմի ինքնաքննադատությունը՝ «Անուշադիր է մարդկանց հանդեպ, անտարբեր, արհամարհող. միայն ինքն իրեն է տեսնում», բացահայտում է կերպարի ներքին բարդությունը։
Սյոմիկը պատմվածքի կարևորագույն կերպարներից է, որի ճակատագիրը կարելի է ընկալել որպես հետխորհրդային մտավորականի ողբերգական պատկեր։ Սկզբում նա ներկայացվում է որպես յուրօրինակ, ազատ մտածող անձնավորություն, սակայն ժամանակի ընթացքում վերածվում է դավադրապաշտի և հասարակական կյանքից օտարված մարդու։ Հեղինակը նրան չի ներկայացնում որպես ծաղրական կերպար. ընդհակառակը, Սյոմիկի պատմության մեջ զգացվում է կարեկցանք և ցավ։ Նրա կերպարի միջոցով բացահայտվում է այն հոգեբանական և գաղափարական ճգնաժամը, որի միջով անցել է անկախության շրջանի մի ամբողջ սերունդ։ Սյոմիկի և Թորգոմի հարաբերությունները պատմվածքի ամենահուզիչ գծերից են, քանի որ դրանք ցույց են տալիս, թե ինչպես կարող են գաղափարական տարբերությունները ոչնչացնել երկարամյա ընկերությունը, բայց միևնույն ժամանակ երբեք ամբողջությամբ չջնջել անցյալի կապերը։
Առահասարակ այս ստեղծագործության գեղարվեստական ուժը դրսևորվում է կերպարային համակարգում։ Արմանը, Սյոմիկը, Վարդանը և Թորգոմը ներկայացնում են նույն սերնդի տարբեր հնարավորություններն ու տարբեր աշխարհայացքները։ Արմանը հաջողակ գործարար է, ով հասել է ֆինանսական բարեկեցության, սակայն նրա կյանքը նույնպես լի է անորոշություններով և կորստի զգացողությամբ։ Վարդանը մարմնավորում է ազգային-հայրենասիրական մտածողությունը և զոհվում է պատերազմում։ Թորգոմը կանգնած է այս բևեռների միջև՝ մշտապես դիտորդի դիրքում։ Նա ավելի շատ մտածող է, քան գործող, ավելի շատ վերլուծող, քան պայքարող։ Այս կերպարային հակադրությունների միջոցով հեղինակը ներկայացնում է ժամանակակից հայկական հասարակության գաղափարական բազմաձայնությունը։
Հատկապես ուշագրավ է պատերազմի թեմայի ներկայացումը։ Հեղինակը չի կենտրոնանում մարտական գործողությունների նկարագրության վրա, այլ ուշադրություն է դարձնում պատերազմի մարդկային հետևանքներին։ Վարդանի մահվան դրվագում կարևորվում է ոչ թե հերոսացման գաղափարը, այլ կորստի փորձառությունը։ Թորգոմի գործողությունը՝ սեփական ստեղծած քարը դագաղի վրա դնելը, վերածվում է խորհրդանշական հրաժեշտի արարքի։ Այս տեսարանը վկայում է, որ հիշողությունը և մահացածի հետ կապը պահպանվում են ոչ միայն խոսքերի, այլև նյութական խորհրդանիշների միջոցով։ Այս մոտեցումը հիշեցնում է ժամանակակից մարդաբանության այն ուղղությունները, որոնք ուսումնասիրում են հիշողության և վշտի մշակութային ձևերը։ Վարդանի կերպարը, օրինակ, իր կենսագրական սահմաններից դուրս վերածվում է կոլեկտիվ հիշողության մասի, իսկ նրա բացակայությունը շարունակում է ազդել կենդանի մնացած հերոսների հարաբերությունների և ինքնընկալման վրա։
Մարդաբանական տեսանկյունից «Քարկտիկը» կարելի է դիտարկել որպես հետխորհրդային հայկական հասարակության մշակութային ինքնապատկերման յուրօրինակ փորձ։ Այստեղ անհատական կենսագրությունները մշտապես հատվում են կոլեկտիվ փորձառությունների հետ՝ խորհրդային անցյալի, անկախության շրջանի, պատերազմի, համավարակի (պսակաժահր) և զանգվածային տեղաշարժերի համատեքստում։ Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես են պատմական իրադարձությունները ներթափանցում առօրյա կյանք և ձևավորում մարդկային ինքնությունը, հարաբերություններն ու աշխարհընկալումը։ Հիշողության դերը հանդես է գալիս ոչ միայն որպես անհատական վերապրում, այլև որպես մշակութային պրակտիկա։ Թորգոմի հիշողությունները վերածվում են այն տարածության, որտեղ պահպանվում են ընկերության, կորստի, գաղափարական հակասությունների և սերնդային փորձառությունների հետքերը։
Քարի խորհրդանիշը նույնպես կարող է մեկնաբանվել մարդաբանական դիտանկյունից։ Հայկական մշակույթում քարը վաղուց կապված է հիշողության, տարածքի և ինքնության գաղափարների հետ․ այն առկա է եկեղեցիներում, խաչքարերում, տապանաքարերում և պատմական հուշարձաններում։ Թորգոմի կողմից օդից ստեղծվող քարերը կարծես վերարտադրում են այդ մշակութային խորհրդանիշը, սակայն միաժամանակ զրկված են ավանդական գործառույթներից։ Դրանք չեն դառնում ո՛չ շինանյութ, ո՛չ հուշարձան, ո՛չ էլ ազգային փրկության միջոց։ Այդպիսով հեղինակը վերաիմաստավորում է քարի մշակութային նշանակությունը՝ այն դարձնելով մարդու ներքին փորձառության, հիշողության և գոյաբանական միայնության խորհրդանիշ։
Այսպիսով, «Քարկտիկը» ոչ միայն ֆանտաստիկ ժանրի պատմվածք է, այլև հիշողության, ինքնության, ընկերության, կորստի և հետխորհրդային հայկական իրականության մասին խորքային գրական ստեղծագործություն։ Դրա արժեքը պայմանավորված է ոչ թե արտասովոր երևույթների նկարագրությամբ, այլ մարդկային հարաբերությունների, պատմական փորձառության և մշակութային հիշողության նուրբ ու բազմաշերտ ներկայացմամբ։ Հենց դա է պատճառը, որ այս ստեղծագործությունը կարելի է դիտարկել միաժամանակ որպես գրական, մշակութաբանական և նույնիսկ մարդաբանական ուսումնասիրության հարուստ նյութ։
Մշակութաբան, մշակութային մարդաբան, ազգագրագետ