Մարիամ Կարապետյան | Արծաթ

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

***
Դասվարի ձեռագիր՝
պարզ, հատիկավոր․
ձյուն է գալիս․․․

Մասի՛վ,
քեզ հետ իսպաներեն կխոսեի
ուրիշ տեղ գնալու նման,
ուրիշ բան ասելու եղանակով․․․

Աստվա՛ծ իմ,
թարգմանի՛ր ինձ․․․

 

***
Փաթիլները՝
հին պատրույգներ
ճրթոցով։

Աստծո հին ժամանակները՝
կլոր, ինչպես զրո։

Շուրջառ հալվող ձյան տակ։

Բոլորակի գիծը՝
երկար։

Աստծո նոր ժամանակներին՝
շուրջպար․․․

 

***
Առանց նախշերի տուն,
նախշերով տուն,
տարբեր պահերի գնացածները,
ցանցառ ձյուն․․․

Սկավառակ նետողները

Սկավառակ նետողնե՜րը․․․
Ես հեռվից նրանց
համակրում եմ,
անունները չեմ տալիս։

Տղաներս են,
ձյան կոշտերն են նետում
հարթ,
ես նրանց չեմ կանչում։

Նրանց քիչ-քիչ
տուն եմ տանում․․․

 

Երկար տուն

Դուռը հեռու է,
և չարքերը երկար կվախեցնեն
մինչև հասնելը․․․

Տան երկարության վերջից՝
տղաներիս ձայները՝
վազող տող․․․

Ձևի համար մի պոչ․

ես պատմություններով ընկա
առավոտյան․․․

 

Հայելի

Տղաս վազում է կրկնակ խաչմերուկով՝
անձրևի մեջ արտացոլվածին,
աղավնիների հետևից։
Ցեխաջրից հազիվ եմ հանում
նրա թաթախած ծաղիկը
փետրվարի՝

ծաղկավաճառ տղայի կապտած աչքը։
Ո՞րերորդը
հայելու մեջ
փետրվարին․․․

 

***
Մասիվները զուգադիպում են։
Իրար վրա
ստվեր են ձգում․
ստվերից ստվեր,
պատուհանից պատուհան։
Բարձր ու ցածր քամիներ։

Իմ պատուհանից ամպ է,
քո պատուհանից՝ արև,
քո պատուհանից ամպ է,
իմ պատուհանից՝ արև,

իմ պատուհանի քամին
քո պատուհանի քամուց
հեռու է․․․

 

***
Քամու դիմաց վարագույր ունենք
մանուշակագույն․
առանց ապակու տեսարան՝
հնդկացու պատմության կինոն․․․

Եվս մեկ սուրճ
մինչև առավոտի խորքը․․․

 

 

Տոներն էին մոտենում

1․
Առավոտ էր։
Մասիվն՝ ինչպես նոր պատմած բան։

Պատմություններն ավելացան
ծեսի օրը։

Պատրաստ պահածի ժամ․․․

2․
Բառերը մեջտեղից դուրս եկան․
երկար տող
կիսատ։

Տներն անցան պատմություններով։

Մշտական ժամ․․․

3․
Խորն ընկած տների գիշերները,
նրանց, որ արդեն հանգցրել են լույսերը։

Զարդարելու օրը՝ ամենահեռվի տանը։

Գիշերը, երբ վերացնում էր ապակիները ․․․

Կեսօր

Մատանին, որը սիրում եմ,
փայլում է:

Եզրերին քարեր կան:

Մատանու ակը շրջան է,

մեջտեղում աստղ կա:

Ես այն ամեն օր սիրում եմ:

Արծա՜թս
դրսում լինելու ժամերին…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *