Մարիամ Կարապետյան | Վերաբերություններ

Լույս է տեսել Մարիամ Կարապետյանի «Վերաբերություններ» ժողովածուն: Հեղինակի երկրորդ ժողովածուն է: «Պաստառներ խաղաղ օրերի համար» գրքից հետո փորձել է սկսել այնտեղից, որտեղ գեղագիտական ճգնաժամ-հարց էր առաջացել: Ցանկացել է ավելի ամուր կապել տեսածը:
Գիրքը չորս շարքից է կազմված ՝ «Բացիկ», «Քորոց», «Բացատանիշ», «Դեղին թուղթ»: Գիրքն առաջին անգամ թերթելիս հիմնականում առաջինը բացվող մեջտեղի էջերը հիմնականում «Բացատանիշ» շարքից են: Ըստ տրամադրության՝ սա ամենից մտածկոտ շարքն է: Իսկ հիմնականում գիրքը դեղին է:
Մնացածը՝ գրքում և գրքի շապիկին:

 

Բանաստեղծություններ տարբեր շարքերից

 

ՉՈՒ

Թարմ առավոտ
հնարավոր վերջերում,

պատուհանների ծածանվող
կիսադեմերը…

Անունները, երամները
անցանք:

Պարտադիր հասնելու երամները…

 

ՏԱՂԱՎԱՐ

Կեսից միացանք
պատմությանը՝
չափավոր մոտիկ
հովարան:

Ամառվա հեշտ
հագուստ՝
տաղավարը,
մեջտեղ եկավ.

բոլո՜ր
հնարները
դաշնակցելիս…

 

***
Պատմությունների ձիերը
հնացան:
Կողքից տեսնողները
մի ձայնով
ձայն տվին…

Պատմություն
անդադար ծանոթների…

 

***

Ինձ մեծացրած բազմոցն է,
վարագույրը, որ նոր բան չէ.

ոչ մի տեղ չեն նահանջում:

Հին ձևը:
Նրանք հին ձևով են հնացել
և շարունակում են:

Ինչը նրանց պակասում է,
նրանց շուրջ չէ:

Նրանք պարզապես չեն հաղթում.
սա չլինելու պես լավ է…

 

ԳԻՇԵՐԱՅԻՆ

Ամենից հեռավոր գիշերները.

մինչև օրորոց ու հետ,
մինչև օրորոց ու հետ…

Ամենից հեռավոր գիշերները:
Խաղաղ քնածների Մասիվները

բարձրանում էին:
Սաստի՜կ վերամբարձ գիշերները…

 

ՀՈՎԱՐԱՆՔ

Նվիրվել մի անձրևի՝
ոչ շատ վարար,
խոնարհության մի պահի.

հուշերը
նախընթաց քամուց են
միայն:

Ջրափոսի կղզի՜ն,
ջրափոսի կղզի՜ն՝
մաշկի տակ քամի՝
սև ջուր…

 

ՄԱՂԹԱՆՔ

Դեմքն ուրի՛շ դարձնող մի իրիկուն
մեր երազած կապույտ շորերը
մեր դեմքերի հետ մեկ արեց…

Լայնացած բիբերը, լուսինը
չպատմեցին…

Բարեբանե՜լ
մարդկանց, նրանց իրիկունները.

կապույտ շո՜ր ծանոթ պատմողներին…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *