Շաքե Ղազարյան | Մարիամի և Հրայրի մասին

Մեկուսացում, նամանավանդ ինքնամեկուսացում. արտասանում ես այդ բառերը ու տհաճ սառնություն ես զգում, ամբողջ մարմնով փշաքաղվում, խորթանում բոլորից ու ինքդ քեզնից ու փակվում ես քո խեցու մեջ։
Այո, այդ բառը գույն ունի՝ սառը ջրից սրսրթալով, մի կերպ դուրս եկած, սրբիչով փաթաթված երեխայի շրթունքների գույնը… սառույց կապույտ։ Իսկ ո՞վ է ասում, որ քովիդը միայն մարդկանց է սպանում։ Որքա՜ն սերեր չդիմացան հեռավորությանն ու ժամանակին, քանի՜ զույգեր մեկուսացան իրարից, ինչքա՜ն երեխաներ էլ չի ծնվի…
Հրայրը արվեստագետ էր՝ չնայած երիտասարդ տարիքին՝ տեղ-տեղ արծաթազօծված մազերով, հարդարած բեղ-մորուսով, լայնեզր գլխարկով, միշտ դասական հագնված, բոյով, համաչափ դիմագծերով, կիրթ ու առաքինի մի անձնավորություն։ Նա ապրում էր իր աշխարհում, որտեղ բոլորը բարի էին, որտեղ ազատ ժամանակ ինքն էլ բարություն էր անում ու միշտ ամենքին օգնում էր և չնայած կյանքի դժվարություններին՝ չէր դադարում հավատալ Աստծուն ու ինչի որ հասել էր, համարում էր Աստծո պարգև և բավարարվում էր դրանով։
Մարիամը ցածրահասակ, ոչ այդքան համաչափ դիմագծերով, նիհար, լայնեզր գլխարկներ չսիրող, դասական կյանքում 2-3 անգամ հագնված (այն էլ ավարտական հանդեսներին կամ հարցազրույցների ժամանակ), սպորտային ոճով, նպատակասլաց, այս ու այն կողմ իրեն գցող, երբեք եղածով չբավարարվող, երբեմն ավելի ու ավելիին ձգտող, հաճախ Աստծուց նեղացող, բայց հոգու խորքում բարի ու կամեցող, նույնպես կիրթ ու գրագետ, համեստ աղջիկ էր։
Հրայրը պաշտում էր Մարիամին, իսկ Մարիամը պաշտում էր Հրայրի՝ իրեն պաշտելը։
Նրանք հակապատկերներ էին շատ հարցերում՝ ինչպես ժայթքող լավան ու հանգած հրաբուխը, ռոմանտիկն ու ռեալիստը, բայց իրենք միասին էին, որովհետև Մարիամը արևն էր, իսկ լուսինը շղթայի տեսքով նվեր էր ստացել Հրայրից. առանց արև ու լույսի մարդն ի՞նչ կանի…
Մարիամը բավականին փոքր էր տարիքով, և աղջնակի մանկական բնավորություն դեռ ուներ, ինքը ցանկանում էր խաղալ, զվարճանալ, ապրել, լինել ազատ, ունենալ կարիերա, բայց Հրայրը լուրջ էր և ցանկանում էր ընտանիք։
Մի քանի օր էր մնում պայմանավորված ժամկետին, Մարիամը պետք է վերջնական որոշում կայացներ, կյանքի որոշում։
Բայց մի քանի օրը դարձավ ամիս, ամիսը երկու ամիս… և այդ մեկուսացումը….
Արևն ու լուսինը այժմ խավարել են, քանի որ երբեք ամեն մի արհավիրք, ամեն մի պատահական զուգադիպած հանգամանք չի կարելի ընդունել որպես վերևից տրված նշան, պետք է լսել սրտի ու բանակամության թելադրանքը, ամեն նեղություն օգտագործել լավ օրերը գնահատելու, արժևորելու համար, չէ՞ որ ամեն սև գծին հաջորդում է սպիտակը, ամեն գիշերը վերջանում է լուսաբացով, բոլոր լուսիններին հերթափոխում է արևը։
Թող երբեք այլևս ոչ մի տարածութուն ու ժամանակ, ոչ մի մեկուսացում ու սոցիալական հեռավորություն չխախտի ձեր ներաշխարհը, եղեք բարի, համբերատար ու միշտ հիշեք այս պատմությունը, որովհետև մի օր հասկանալու եք, որ այն արևը, որը ձեր մեջ էին տեսել, ձեզ ավելի շատ էր ջերմացնում…. դուք էլ չեք ջերմանա, նոր արև կբացվի նրա կյանքում, իսկ դուք էդպես էլ կապրեք՝ լուսինը ձեռքերումդ ամուր սեղմած։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *