Մարիամ Սարգսյան | Ականջներիս մեջ դեռ ռումբերի որոտն է

Սիրելի ընթերցողներ, մեր երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, առժամանակ ընդմիջում ենք մեր հիմնական հրապարակումները: Փոխարենն առաջարկում ենք կարդալ արցախցիների պատմությունները: «Պատերազմի ձայնը» խորագրի տակ ներկայացվող բոլոր այս վկայագրությունները մեր ներկայի ողբերգական իրադարձությունների բառավորումն են, անչափ կարևոր փաստական նյութեր՝ մեզ հետ տեղի ունեցածը գիտակցելու, վերապրելու, չմոռանալու համար։
Եթե ունեք նման գիր առնված տեքստեր, լուսանկարների հետո ուղարկեք մեզ granish@ymail.com հասցեին, մեր խմբագրակազմը նախնական ծանոթությունից հետո կհրապարակի կայքում:
Ականջներիս մեջ դեռ ռումբերի որոտն է, որ թափվեցին գլխներիս օրը ցերեկով։ Երկրորդ անգամ փոքրիկի գրկած վազում էի(առաջին անգամ քրոջս որդուն,այս անգամ՝իմ աղջկան), թաքստոցի տեղ անգամ չգիտեի։ Խուճապը, անսպասելիությունը ջնջում են նույնիսկ հիշողությունդ ու գիտակցումդ։
Մի տղա գրկեց Սաթէին ու վազեց նկուղ,մինչ կհասնեի նրանց հետեւից մի քանի րոպեն ժամեր տեւեց, այդ պահին թվում էր՝չեմ հասնի, կմնամ ռումբերի տակ։ Հայտնվեցինք մի նկուղում, որտեղ կիսամերկ երեխաներ էին՝ պատրաստվում էին քնել։ 60-ից ավել երեխաները լացում եւ գոռում էին՝«մա՜մա»։
Այդ ժխորի մեջ դայակ, դաստիարակները հագցնում էին երեխաներին միաժամանակ լացում իրենց իսկ երեխաների համար,ովքեր դիրքերում էին։ Անընդհատ նկուղում էին հայտնվում երեխաների ծնողները՝ռումբերի տակ վազելով,հասնում,որ գրկեն իրենց երեխային։ Չգիտեմ ինչ ուժով են օժտված Արցախում ապրող ծնողները։ Ծնող դառնալուց հետո երեխայի կորստի մասին մտածելը անտանելի է։
4 ժամ անց, երբ արդեն նկուղում մնացել էինք «հիմնական կազմը» սպասում էինք,որ գիշերը տուն կգնանք։ Արդեն երեկոյան գուժում էին անդառնալի կորուստների մասին…
Ազնավուրը… Ազնավուրը եղբայր է, հարազատ, ում չլինելուն չենք հավատում ոչ մեկս… տառապանքը շշուկների միջով շրջում էր նկուղում։ Մի քանի ժամ առաջ քաղաքապետը շրջել էր բոլոր նկուղներում, իսկ մի քանի ժամից,նա, որ պիտի պարզապես կազմակերպչական աշխատանքներ աներ՝իր մարմնով վահան դարձավ քաղաքին։
Այս անգամ զենք բռնած ցանկացած տղա գիտեր,որ գնում է 99%-անոց մահվան, ով փրկվել է՝ հաջողակ է երրորդ, չորրորդ անգամ։
Գիշերն ու ցերեկը խառնվել էին իրար։ Ամեն զարկի հետ սեղմում էինք ատամներս,որ չճչանք,չարթնացնենք «որոտից» վախեցած փոքրիկներին։ Ամեն զարկի հետ մարմնով փակում էինք մեր երեխաներին, աղոթում էինք,եւ ինչպես աղջիկներից մեկը շշնջաց, իրոք՝ աշխարհի ամենաանկեղծ աղոթքները հնչում են նկուղներում։
Ձայներից փորձում էինք հասկանալ՝ մերոնք են, թե՞ իրենք։
Ամեն րոպե մտածում էինք,որ սա վերջն է։ Ընդհատվող ձայներից հետո վախն ավելի շատ էր, սպասում էինք,որ նկուղ կարող է մտնել նրանցից որեւէ մեկը եւ…. եւ երեխաս կարող է ապրել ընդամենը 9 ամի՞ս։ Մեղավոր եմ զգում ինձ,որ ռոմանտիզմս բերեց մեզ այստեղ։ Հավատն էր,որ հայկական ենք պահում Արցախը։ Իսկ հիմա, իրոք, մեր երեսունամյա երիտասարդ պետությունն էլ զոհվեց խրամատում։
Շարունակելի…
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *