Մարտուն Հովհաննիսյան | Հոսք

– Եվ եթե մինչևիսկ հավատքն ունենամ սարերը շարժելու, բայց չունեմ չափի զգացում…
– Դե լսի՛ր:
– Սպասի՛ր…ուրեմն ես թողեցի սարերն իրենց տեղում՝ հավատալով, որ արդեն շարժել եմ:

Գիշե ՜ր աստղազարդ: Ավելի անհաս գեղեցկություն երբևէ չի մտածվել, քան գիշերվա երկինքն է: Ինչ գույն ասես, որ չես կարողանա որսալ հեռվում անհամաչափ վառվող–մարող լույսի հատիկի մեջ: Առավել հարուստ թանգարան չկա, որն իր գրկում ամբարած լիներ այնքան գեղեցկություն, որքան այդժամ երկնքում է: Այն ավելի կենդանի է և գույներով հարուստ, քան ցերեկը:
Աստղերը գիշերով մաղվում են վար ու ամեն ինչ լույսի վերածում՝ որպես ակնեղենով զարդված մի դաշտ: Տպավորություն կա, թե մեկն իր ձեռքն է առել վրձինը ու կապույտով, դեղինով թնդացրել կամարը՝ հետք գցելով ողջ քաղաքի վրա…

– …Ի՞նչ էի ասում…սպասի՛ր:

Սրճարանը եզակի քաղաքի եզակի վայրերից էր, ուր մարդկանց չի բերում ո՛չ նրբաճաշակությունը, ո՛չ ճաշացուցակը, ո՛չ էլ սնափառ բարձրաշխարհիկությունը. մարդիկ այդտեղ համենում էին, որովհետև հանգիստ էր: Չնայած իր բացությանը, սրճարանը թվում էր կտրված գիշերային աղմուկից ու անցուդարձից:

– Ասում էի… Այն տունը, որտեղ իշխում է չափ ու սահմանն անցած սերը, ամեն ինչ սպասում է իր ավերմանը,– Նարեկը խոսքն ընդհատեց մի պահ (ինչ-որ բան կարծես մտքին եկավ), վայրկյաններ անց շարունակեց:– Տուն, որտեղ ամեն քայլափոխի լոկ սիրո փոխադարձ հայացքներ են, ամեն ինչ կանգնած է անդունդի պռնկին…

Այցելուների թիվը հազիվ հասներ մեկուկես տասնյակին: Ամեն մեկն իր զրույցով էր և դժվար թե ուշադիր լիներ, թե կողքբոլորը ինչով են զբաղված: Լապտերները լույսը գցում էին հանդարտ, առանց շտապելու` հակադրվելով երկնքում վառվռող լուսատուների անհանգստությանը: Սրճարանին հարող մայթը սակավամարդ էր. գիշերվա ժամին քաղաքի այդ հատվածում միշտ այդպես է լինում:

– …Տուն, որտեղ ամեն քայլափոխի լոկ սիրո փոխադարձ հայացքներ են, պետք է փախչել այդտեղից…

Սրահում մատուցողն անընդհատ շարժման մեջ էր: Մոտենում էր սեղաններին, մի քանի խոսք փոխանակում ու էլի գնում ու էլի գալիս: Բայց այդտեղ մի թեթև տարօրինակություն կար: Սինին ձեռքին մարդը ավելի շուտ նմանվում էր մարդասիրական կազմակերպության աշխատակցի՝ փոքրիկ քառանկյուն սև գլխարկով, որից հնում էին կրում, ոտքից մինչև գլուխ սպիտակ զգեստ ու շփոթված, բայց անբռնազբոս ժպիտ: Քիչ կհանդիպի, որ տեսնես մատուցողի նման հանդերձանքով և, ընդհանրապես, մատուցողների ժպիտը երբեք անբռնազբոս չի լինում:

– …Ու այդտեղ բոլորին թվում է՝ ինչ տրված է` դրված է վերևից: Այնինչ մեկ հոգու կորստով մնացած բոլորի հոգիները կմեռնեն: Ամեն ինչ կվերածվի մոխիրի: Էլ ինչե՜ր ասես: Վերջացե՜լ է: Արդեն գինին քացախ է:
– Աղոթքիդ ուշադիր լինիր,– սպասելով խոսողի տրամաբանական դադարին՝ զրուցակիցը վրա բերեց:– Ես ամեն գիշեր արթուն եմ մնում…

Զրուցակիցներից մեկը մատուցողին անընդհատ դառնալ նայելով շարունակում էր կիսատ մնացածը՝ կարծես չուզենալով էլ լսել խոսակցի մտքին եկածը: Մատուցողը, որ արդեն մոտեցել էր մյուս սեղաններին, առաջացավ դեպի նրանց:

– Գինի եմ բերել:
– Չէ՛, կներե՛ք, մեզ համար չէ, մենք գինի չենք պատվիրել:
Մեր այցելուները շփոթված նայեցին մատուցողին ու նույն հայացքով էլ ճանապարհեցին նրան դեպի մյուս սեղանը:

– Ես իրիկունները արթուն եմ մնում ու աղոթում: Ամեն ինչի մեջ պիտո է հավատ դնել: Բանիվ, Նարե՛կ, բանի՛վ մարդ կկեցցե:
– Ես չգիտեմ դա: Չափն անցար՝ ամեն ինչ քացախ է… Կապս այսօր ընկերներիս հետ էլ եմ կտրել: Մարդիկ, որոնց հոգիները, եթե դրախտ էլ գոյություն չունի, պիտի տեսնեն այդ: Եվ նույնիսկ ինչ էլ պատահի, եթե երբևէ այդպիսի մի բան մտքիցս անցնի, կնության կառնեմ մեկին, որին բնավ չեմ սիրում և համոզված կլինեմ, որ երբեք էլ չեմ սիրելու:
– Չէ՛, չէ՛, այդպես չէ, այդպես պարզ չէ:
– Պատասխանները հիմարության աստիճան պարզ են: Ու դա բոլորը հարցերի համար…
– Էլի չես թողնում ասեմ: Լսի՛ր:

Այսպես իրենց հերթին չսպասելով խոսք էին սկսել երկու անձ: Նրանցից առաջինը խոսում էր անհանգիստ, մի խոսքից մյուսը թռչելով, ոգևորված ձայնով ու նստած տեղը անընդհատ ոտքերը ետ ու առաջ էր գցում:
Մյուսի ձայնը, չնայած ամեն խոսքի վրա ընդհատվելուն, միջավայրին ամենևին համապատասխանում էր:
Կարենի` տեղում անհանգիստ թռչողի հագուստից կարելի էր ենթադրել, որ հավանաբար արվեստին մոտ է կանգնած: Մտքերը՝ ցրիվ, հագնվածքը՝ խառնիվրա, շորերը՝ հին ոճի, անցյալ դարից մնացած: Հավանաբար տանը առաջին պատահած հագուստը հագն էր: Ուներ տաղանդի կայծ, բայց ոչնչով աչքի չէր ընկել, բացի թերևս սեփականի հանդեպ անվստահությունից:

– Եթե ես գիտենամ ամեն խորհուրդներն ու գիտությունները, բայց չունենամ հավատ, ես եղա ոչնչի մեջ նետված թրջված ածուխի մի կտոր:
– Դարձի ՛ր իմ կողմ, լսի ՛ր մի: Քեզ ուզում եմ ասել, Նարե՛կ, անընդհատ սկսում եմ, բայց չես ուզում ականջ դնել: Ինչ էի ասում: Նայի՛ր: Հիմա: Ինչպես արևի լույսը հավասարապես լուսավորում է բոլորին, բայց տեսողության անպատշաճության պատճառով թվում է… թվում է,– մտքից թռավ,– թե ոմանց ավելի լավ է լուսավորում և ոմանց` պակաս, որովհետև ոմանց աչքերը առողջ են, իսկ ոմանցը` տկար, և դրա պատճատով թվում է, թե ոմանց ավելի լավ է լուսավորում, իսկ ոմանց` պակաս, այնպես և աստվածային բնությունը երբեք չի հեռացնում իրեն մարդուց, այլ, այլ,– մոռացավ,– բոլորին հավասարապես է խնամում, բայց այս խնամքն ընդունողի տկարության և կրքերից ազատ չլինելու պատճառով թվում է, թե աստվածային բնությունը իրեն հեռացնում է նրանից: Հասկացա՞ր:

– Դու այս տողերը անգիր ես արել ու այդքանը: Հաստատ մի տեղից կարդացել ես, բայց ոչ մի բան էլ չգիտես: Դու լռի՛ր: Լո՛ւռ մնա…
– Բանականությունդ տրված է սրանք հասկանալու համար: Բանականությունդ տրված է սրանք հասկանալու համար, այլ ոչ թե…,– այստեղ խոսքը ընդհատեց անհանգիստ նստածը, դողի մի քանի ալիք անցավ մարմնով:– Սպասի ՛ր:
– Ինչի՞ն սպասեմ:
– Սպասի՛ր, կասեմ,– Կարենը՝ անհանգիստ նստածը նկատեց, որ սրճարանին հարող մայթին կանգնած մի օրիորդ հայացքը գցեց իրենց սեղանին, իր աչքերին, իր հոգո՜ւն ու ստիպեց տեղից վեր կենալ ու կանգնել ու մոտենալ սրճարան–մայթ սահմանին:

– Կներե՛ք… ներեցե՛ք ինձ:
– …,– օրիորդը՝ զարմացական հայացքով:
– Կներե՛ք, ու… ուղղակի, մի խոսք էի ուզում ասել… Ուղղակի… զգացում ունեմ, որ եթե լիներ մի նկարիչ, որ ուզենար այս ակնթարթը գրավել, ներկապնակը ձեռքում դող կգար և գցելով վար՝ կվազեր դեպի արևներ:
…,– օրիորդն՝ էլ ավելի զարմացական հայացքով:
– Ի..ինչ եմ ասում,– լրիվ շփոթված,– ու…ուղղակի…

Պատահե՞լ է երբևէ, որ ձեր ճանապարհին ընկնի ….–յան պուրակը: Թե պատահել է, ավելի ցայտուն կպատկերացնեք ամեն ինչ: Այդտեղով անցնելիս կտեսնես նկարներ, որոնք կներկայանան արվեստի իսկական ստեղծագործություններ: Թերևս հեռվից: Օրինակ այս մեկը: Նկարը հավանաբար արտանկարի արտանկարի արտանկարի արտանկար է: «Գիշերային տեռասում»… լավ գուցե չասենք, թե ինչպես է արտանկարվել La obra maestra–ն, թե ինչ գույներ են բանեցվել ու լղոզվել այդտեղ: Միայն նկատենք, որ արտանկարչի գյուտը եղել է միայն այն, որ կարողացել է պահպանել եռաչափ տարածության տպավորությունը:
– Կուզենա՞ք: Առաջին արտանկար է: Մի շքեզութ…
Չէ՛, չենք ուզում… Շարժվենք առաջ: Այստեղ կան ուրիշ այլ և այլ նկարներ: Օրինակ, այս մեկում արև է, ծառեր, ծաղիկ… Իսկ սա ինչ–որ կնոջ դիմանակար է: Բայց այստեղ գոնե ահագին բաներ հարաբերականորեն նման են արվեստի մասնիկ կոչվելուն, միայն թե կնոջ աչքերը նայում են ոչ թե նկարը նայողին, կամ մի ուրիշ տեղ, այլ ոչ մի տեղ չեն նայում: Ուղղակի բաց աչքեր… Մի խոսքով՝ սրանք առողջ հոգեկան աշխարհ ունեցող մարդու, հոգեպես հավասարակշիռ մարդու վրձնի հարվածներ են: Կուզենայի ասել… ընդհանրապես, հոգեպես հավասարակշիռ մարդի՛կ, հեռու մնացե՛ք գրիչից, վրձինից, քանոնից, ստեղնից` ոչի՛նչ տարօրինակ, ոչի՛նչ յուրահատուկ չի ստացվի: Ամեն մեկն էլ բախվում է ճգնաժամի, բայց թող սխալ չթվա, թե բոցը ձեզ օղակի մեջ է առել: Ձեր «Ռոնի» վրա ոչ մի աստղ չի վառվռում:

– Ուղղակի, ես Ձեզ կարծես գիտեմ,– շարունակեց հմայվածը:
– …
– Չէ՛, դե այդպես:
– …
– Հա՛, կարելի է, կարելի է:
– …
– Հնարավոր է:

Չնայած ոչ արտասովոր հայացքին ու ոչ յուրահատուկ աչքերին, այսինքն՝ չնայած կարծես լինելուն առողջ հոգեկան աշխարհ ունեցող նկարչի վրձնի հարված՝ աղջկա աչքերում ինչ–որ հիվանդ բան կար:

– Դե… ասել: Հա՛: Բայց…
– …
– Նույնիսկ եթե…
– …
– Չէ չէ, հավատացեք:
– …
– Հա, կա նման բան:
– …
– Կարելի է: Բայց և:
– …
Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ մայթին կանգնած օրիորդի խոսքերը բացարձակապես բացակայում են գրվածքում: Կա երկու ծանրակշիռ պատճառ, առաջինը առաջին հայացքից նկատելի չէ, իսկ երկրորդը աչքերիս առաջ է, բայց չենք ուզեցել նկատել: Սո՛ւտը: Իսկ ո՞րն է այդտեղ սուտը՝ կհարցնի հարցասեր մարդը: Դարեր ի վեր պոետներ, մատենագիրներ, գիտնականներ, դոկտորներ գլորվել են մոլորության անդունդը և իրենց հետ էլ գլորել բոլոր իրենց հետևողներին: Գաղտնիք չէ, որ գրվածքներում երկխոսությունների մեծ մասը գրողի երևակայության արդյունքն են: Բայց ո՞վ կարող է ենթադրել, կամ ո՞ւմ է կարելի համարձակվել ենթադրել, թե ինչ կարող է ասել կինարմատը, ինչ է նրա մտքինը: Ո՞վ: Ո՞վ է այդքան մոտ կիսաստված լինելուն: Կամ եթե ուղղակի թղթին են հանձնվել իրական երկխոսություններ, ոչ ոք, ո՛չ ո՛ք չի կարող պնդել, թե լեզուն չի տրված մտքերը թաքցնելու համար: Էլ մնա՞ց իմաստ կնոջ խոսքերը թղթին հանձնելու:
Անիմաստ ծավալ չզբաղեցնելու համար մենք չենք հորինի, թե ինչ կարող է օրիորդն ասել ու նաև բաց կթողնենք մնացյալ խոսակցությունը, որը տևեց մոտ մի տասը րոպե, ինչի վերջում օրիորդը կորավ մեր պատմվածքից:

– Փղձուկը կապել է կոկորդս, ո՞ւր կորավ, գտնել է պետք,– ապուշացած հայացքով Կարենը մնացել էր կանգնած:
– Հիմա՛ր, կյանքի ալեկոծությունից այս ո՜ւր ես փախչում: Կյանքի անվերծանելի հանելուկից երբեք չի կարելի փախչել դեպի առավել անհայտը:
– Չէ՛, փղձուկը խեղդում է կոկորդս, ոչինչ էլ չմնաց: Իսկ ես ինձ այնպես երջանիկ զգացի նոր:
– Նա, ով իրեն զգում է իրոք երջանիկ՝ իրականությունից կտրվել է…Նստի՛ր,– փոքր ինչ հանգստանալուց հետո Նարեկը խոսեց,– լսի՛ր ասածս: Գոնե հիմա մի՛ խանգարիր:

Մատուցողը, որ էլի մոտեցել էր մյուսներին, էլի մոտեցավ իրենց սեղանին:
– Հաց եմ բերել:
– Չէ՛, կներեք, մեզ համար չէ, մենք հաց չենք պատվիրել:
Անհանգիստ նստածը էլի շփոփված հայացքով ճանապարհեց եկածին, իսկ մյուսը շարունակեց կիսատ թողածը:

– Իսկ գյուղում, որտեղ ամեն ինչ անտարբերության է մատնված (համատարած սեր չկա ու չի լինի, համատարածը անտարբերությունն է), մի կերպ է հնարավոր ողջ մնալ: Գուցե ասածս չափազանց է կամ բացարձակ հիմարություն, բայց մի, մի բան պետք է, չէ՞, դատել, թեկուզ սխալ: Մի բան պետք է:

– Ինչքան կարելի է: Դե ասա՛:
– Գյուղում, որտեղ երկաթ ու սառույց են բոլորի սրտերը, մի կերպ է հնարավոր փրկել մարդուն:– Մի պահ Նարեկը ծանր շունչ քաշեց ու շարունակեց:– Պատկերացրո՛ւ մի ժամագործ: Անհրաժեշտ չէ, որ լինի ժամագործ, կարող է լինել փայտագործ, դարբին կամ ուրիշ մեկը: Եթե նա՝ այդ ժամագործը, ուզում է փրկվել անտարբերության գյուղում, պիտի իր երազանքը, ծայրագույն գաղափարը դարձնի ստեղծել մի ժամացույց, մի, մի նոր բան, որի նմանը մարդկությունը դեռ չի տեսել: Հա, գուցե լավ չեմ ասում, այնպես չեմ ասում, որպես իսկական գրողը կարող էր ասել: Ու հիմա կմտածես, կմտածես ու կասես՝ հիմարություն է ասածս ու եթե այս իմ ասածը ինչ–որ թյուրիմացությամբ դառնար տիեզերական օրենք, բոլորը խելքները թռցնեին ու հետևեին ասածիս, ապա ողջ գյուղում կտիրեր բացարձակ մեկուսացում, բոլորը կդառնային մենակ: Բայց մի՞թե հիմա էլ մարդը մենակ չէ: Ինքն է ու իր ժամացույցը:

– Քո մեջ ապրող հոգին ավելին արժե, քան ողջ գյուղն է, աշխարհը, երևույթ տիեզերքը,– սրահի մեջտեղում կանգնած մատուցողը, ով սկզբից էլ լսել էր, էլ չլռեց,– ու դա երբեք կասկածի տակ չառնե՛ս: Ստեղծել իր համար մի այնպիսի դժոխք, որում չլինի հույսի որևէ նշույլ, մարդն ուզենաս էլ, չի կարող:

Նարեկը ցնցումով դարձավ մատուցողին.
– Ես քեզ չեմ ճանաչում, ո՞վ ես…դու…,– ուզեցավ շարունակել, բայց մնացածը միայն համր հնչյուններ էին: Կարծես ամեն ինչ կանգ էր առել: Ինքն իրեն վայրկենապես զգաց ավելորդ սրճարանում: Տպավորությունն այնպիսին էր, թե իրեն գրավել էին մի պատկերի մեջ, որին չէին կարողացել շարժում հաղորդել, բացի իրենից, իրենից ու «մատուցողից»:

Երևան, 2018 թվականի հուլիս

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *