Արսեն Ներսես | Մի բաժին պատերազմ

ՀԱՅՐԵՆԻՔ

կրակների տակ,
կրակների մեջ
դու դարձյալ դրախտն ես
զինավոր ու անզեն սիրահարիդ,

ուր ցավից ու մահից գլորված
կաթիլներն արցունքի
դարձյալ հոսում են
ակոսների մեջ ժպիտների

ոչ ոք չի սպասում,
որ շռայլորեն խոստովանված
խոսքերից թուլացած
սեր խոստովանես

և ոչ ոք սերն իր
չի կոչում երբեք_
անպատասխան

1 10 2020 Ալեքսանդրիա

 

Գոյամարտ

խաղաղությունն առավել թանկ ու ատելի
չի լինում երբեք
երբ խլացնող աղմուկի մեջ
ամենացավոտը
մագիլներով մեր աչքերից կառչած
լռությունն է

երբ բառերից արյուն է հոսում
և սպիները հանում են
մոռացումի դիմակը
ու բացված վերքերից
բխում են կյանքով լեցուն_

և՛ ատելության
և՛ սիրո
աղոթք

3 10 2020 Ալեքսանդրիա

 

ԱՐՑԱԽ

մենք մանկությունդ տեսնում ենք
ծերությանդ շեմին
և ծերանում մանկությանդ մեջ

ու սիրում ենք իրար անշպար սիրով

քանզի
ավերված հայրենիք չի լինում
լինում են
ավերակներով լեցուն սրտեր

և
կորսված հայրենիք չի լինում
լինում են
ուրիշի հայրենիքներում
կորսված կարոտներ

5 10 2020 Ալեքսանդրիա

մի բաժին պատերազմ

…տարեգրության մեջ օրերիդ
հուշարձանի նման
նվիրական և անխնամ մի պատնեշ
քեզ կմասնատի
հուսահատորեն օտարացած
երկու աշխարհների միջև
որ կոչվում են՝

պատերազմից առաջ
և
պատերազմից հետո

11 10 2020 Ալեքսանդրիա

անավարտ պատերազմներ

այս բոլոր կրակներն արյունոտ
կիսատ մնացած սերեր են
որ տառապում են
անցյալ ու գալիք երկինքների տակ

ուր մոռացկոտ ու մեկուսի
երջանկությունն է
գուցե
անավարտ թողնում
պատերազմները բոլոր

19 10 2020 Ալեքսանդրիա

 

նոր Գողգոթան

մինչ խաղաղության մասին
ոսկեձույլ բառեր են
սողեսող հրճվում
կրակների տակ
և արյան մեջ

մինչ խոցված ու անպաշտպան
տաճարի վրեժն է
թափառում
հպարտ ու պաշտպանված
տաճարներում,_

նայի՛ր,
ինչ-որ տեղ
պիղատոսն ընկնում է
բարաբբա՛յի ձեռքով

որ պարսպապատ տաճարները
սարսափած տեսնեն
չեղարկո՛ւմը
վաղուց արդեն ծանոթ
Գողգոթայի

20 10 2020 Ալեքսանդրիա

 

Սրբադասում

դրախտի վրա
անհրավեր մի դժոխք է իջել

և ատելությունն այնտեղ
արդար է
ինչպես սերը

այնտեղ հայհոյանքն ու աղոթքն
այնքան հաշտ են
որ սրբացումն արհամարհում է
մեր իմացած բոլոր ճամփաները

…ու Երկինքն իջնում է
որոտից ցնցվող
և արյան մեջ խեղդված Հողի վրա

ընկածների մեջ
անմահներին փնտրելու

04 11 2020 Ալեքսանդրիա

 

պատերազմ և խաղաղություն

մի օր
խաղաղ արևիդ տակ
պիտի ընկնեմ արյունաքամ
ամենա անհավասար մարտում

միայն թե

այսօրվա սերդ
սրտիցս չհանեն
ու նորից տանեն թանգարան

05 11 2020 Ալեքսանդրիա

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *