Մի քանի խոսք Գրքի երևանյան փառատոնի մասին

Օրեր առաջ տեղի ունեցած Գրքի երևանյան փառատոնը մեծ հաշվով շատ կարևոր առաքելություն ուներ, որի նշանակությունն ի սկզբանե, կարծում եմ, նույնիսկ կազմակերպիչները չէին կանխատեսել:
Առաջին հերթին փառատոնը հսկայական ինքնաիրացման հնարավորություններ ընձեռեց մեր գրական ու ընթերցասեր հանրությանը, մասնավորապես՝ գրահրատարակչական դաշտին, արդեն կայացած գրողներին ու նոր ստեղծագործողներին: Եվ խոսքս ոչ այնքան փառատոնի մարկետինգային կողմին է վերաբերում, որքան մարդկային, պարզ շփումներին: Փառատոնի երեք օրերի ընթացքում, նման մեծ ընդգրկումով երևի թե առաջին անգամ իրար հանդիպեցին գրողը, գրականություն ստեղծող մարդը, հրատարակիչն իր հրատարակչական ամբողջ աշխատակազմով և ընթերցողը՝ լավ ընթերցողը, պատրաստված ընթերցողը, դրական էներգիա փոխանցող ընթերցողը:
Չտեսնել այն դրական մթոնոլորտը ու խոսել միայն գրքի բիզնեսից, առք ու վաճառքից, շահերից, կարծում եմ՝ կարող են միայն այն մարդիկ, ովքեր պարզապես ներկա չեն գտնվել այս միջոցառմանը կամ էլ իրենց աչքերին պարուրած անթափանց շղարշի պատճառով այլևս ունակ չեն տեսնելու որևէ դրական բան այս կյանքում:
Հանրապետության հրապարակի արտգործնախարարության նախկին շենքում երեք օր գրքի տոն էր: Հրաշալի երաժշտություն, սիրուն մարդիկ, գրական ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ՝ չպարտադրված, անկաշկանդ մթնոլորտ. ուզում ես՝ մասնակցիր, չես ուզում՝ որևէ հրատարակչի տաղավար ուսումնասիր ու գիրք գնիր քեզ համար, շատ գրքեր, կամ մեկը, դա էլ չես ուզում՝ անպայման կհանդիպես որևէ ծանոթի, ընկերոջ, որին ֆեյսբուքից դուրս վերջին անգամ մեկ տարի առաջ էիր տեսել, զրույցի բռնվիր, խոսեք գրքերից, փառատոնից կամ ձեր կյանքից՝ հանգստի սենյակում՝ մեկ բաժակ սուրճի շուրջ: Իսկ այդ ընթացքում հրատարակիչների տաղավարները, իրենց աշխատակիցներով, ձեզ կներկայացնեն իրենց տպագրած լավագույն գրքերը: Հայաստանյան իրականության մեջ երևի առաջին անգամ գիրք կվաճառեն ոչ միայն խորհրդատու-վաճառողները, այլև հրատարակչության մյուս աշխատակիցները՝ ձևավորողն ու էջադրողը, խմբագիրն ու մենեջերը: Եվ գուցե առաջին անգամ, հայտնվելով լայն ընթերցողների շրջապատում, դեմ առ դեմ տեսնեն իրենց ստեղծած արտադրանքն իրացնողին՝ ընթերցողին, հասկանան նրա ճաշակն ու պահանջները, մասնագիտական ինչ-ինչ դիտարկումներ անեն իրենց համար:
Առհասարակ, իրացված լինելու զգացողությունը, կարծում եմ՝ փառատոնի ձեռքբերումներից ամենակարևորն էր: Գրողն իրեն իրացված ու կարևոր էր զգում այս մթնոլորտում, ամենուր հրատարակիչներ էին, գրողներ, գրականագետներ և մեծաքանակ ընթերցողներ: Մի խոսքով, գրողն այս փառատոնի ամենապահանջված մարդն էր:
Շփվիր մարդկանց հետ, կապեր հաստատիր ընթերցողներիդ ու հրատարակիչներիդ հետ, վիճիր քո գրականությունը չհասկացող այդ «վատ» մարդկանց՝ գրականագետների հետ:  Փոքր կամ մեծ մի վեճ սկսիր, միևնույն է՝ շատ արագ զինաթափ ես լինելու, որովհետև դիմացդ ամենասովորական մի մարդ է կանգնած, որը քո հանդեպ ոչ վատ է տրամադրված, գուցե՝ ոչ էլ լավ, պարզապես այլ գեղագիտական պատկերացումներ ունի, և  այն հեշտությունը, երբ մատնաշար, անվարան կրակոցներով  իրար սպանում եք ֆեյսբուքում, այստեղ պարզապես լինել չի կարող, որովհետև հասկանում եք, որ երկուսդ էլ մարդ եք, ամենասովորական մարդ, որ ուշադրության, հոգատարության ու փոխադարձ խորհրդի կարիք ունի:
Ես չգիտեմ, գուցե որոշ մարդիկ փառատոնից նեղված են հեռացել մրցանակաբաշխության պատճառով, գուցե որոշների սպասումները չեն արդարացել, բայց ինձ համար այդ երեք օրերը ամենաջերմն ու տաքն էին անցած տարվա ընթացքում. փառատոնն ինձ մտորումների, իմ գործունեությունը արժևորելու, բացթողումները նկատելու լայն հնարավորություններ ընձեռեց, ու մեծ, շատ մեծ էներգիա փոխանցեց՝ հետագա ծրագրերն իրականացնելու համար: Հիմա հասկանում եմ, որ Գրքի երևանյան փառատոնը ամենապահանջված իրադարձություններից մեկն էր մեր քաղաքի ու մեր իրականության համար, և հուսով եմ, որ այն անխափան շարունակականություն կունենա ու մշտապես կպահպանի այն սիրուն, դրական, մոտիվացնող էներգիան, որը լիուլի ներկա էր անցած օրերի ընթացքում:

Հասմիկ Հակոբյան 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *