Գիշերով գյուղը նման էր քնի մեջ խոսող մարդու, որն ինքն իրեն չի լսում: Երբեմն անորոշ կողմերից կովերի բառաչ էր լսվում, որ մի պահ կարծես բռնկվում էր մութի մեջ ու հանգչում: Քամին ետևից Հայոյի գլխաշորը բերում-փաթաթում էր դեմքին, և նա րոպեն մեկ ճոթերը ետ էր գցում: Քանի՞ անգամ էր Հայոն անցել այս փողոցով՝ հազար, հարյուր հազար, գիտեր ամեն մի փոսը, քարը, բայց միշտ ոտքը քարին էր առնում և քիչ էր մնում ընկնի, սակայն հավասարակշռությունը պահում էր, միայն կաթով լի դույլից ամեն անգամ մի քիչ կաթ էր թափվում: Այսօր էլ նույնը կրկնվեց, և նորից ճլփոցով կաթը դույլից թափվեց և թրջեց Հայոյի բաց ոտքը: Կաթը մրջյունի պես վազեց նրա ոտքն ի վար, և Հայոն մտածեց, որ արդեն անհիշելի ժամանակներից հազար, թե հարյուր հազար մրջյուններ են սահել ոտքերով:
Մութի մեջ Հայոն իրեն լավ էր զգում: Երբ հոգնում էր, դույլը գետին էր դնում և դիտում, թե ինչպես է լուսինը խաղում կաթի հետ, և այդ պահերին նրան թվում էր, թե կաթը վեր է բարձրանում և ուր որ է դույլի պռունկներից կծորա ցած: Եվ ի՜նչ գույներ էին պեծպեծում դույլի մեջ, և ի՜նչ ջերմություն: «Կաթը չի տեղավորվում դույլի մեջ»,— մտածում էր Հայոն և զարմանքից աչքերն էր տրորում:
Երկու եղբայր ուներ գյուղում: Ապրում էին գյուղի հակառակ ծայրերում: Փոքր եղբայրը շրջկենտրոնում էր աշխատում, գնում-գալիս էր, և մեծ եղբայրն ու Հայոն հոգ էին տանում նրա անասուններին: Հայոյի ճամփորդությունները նույն երթուղին ունեին՝ եղբոր տնից եղբոր տուն: Գյուղի փողոցներից նա այս մեկն էր սիրում: Այստեղ ամեն ինչ մնացել էր իր առաջին տեսածի պես՝ և՛ ցանկապատերը, որոնց միջից տձև քարերը դուրս էին պրծնում, և՛ աթարի դեզերը, որոնց փչակներում ապաստանում էին անտուն շներն ու կատուները, և՛ ճանապարհի խորդուբորդերը… Հայոն հաճախ էր ափերը սահեցնում ցանկապատերի անկանոն շարվածքի վրայով, և հաճույքից նրա մարմինը փշաքաղվում էր:
Գյուղի մյուս թաղամասերը բարեկարգ էին՝ երկհարկանի, ջանասիրաբար հղկված, լեցված քարերով շարված տներ, փայտյա սյուներով և փշալարերով ցանկապատեր, մետաղյա հուժկու դռներ, որոնք խնամքով ներկված էին: Երբ Հայոն մտածում էր, որ մի օր այս մի հատիկ փողոցն էլ կստանա մյուսների տեսքը՝ սիրտը ճմլվում էր: Վերջին շրջանում մարդկանց մեջ փայլեցնելու, կանոնավորելու, հղկելու եռանդ էր աճել: Կոկում էին՝ ինչ ձեռքներն էր ընկնում: Կտրում էին իրենց կարծիքով ավելորդ ճյուղերը, դուրս էին շպրտում կոպիտ կարպետները, թախտերը, տնային օգտագործման զանազան այս կամ այն իրը: Մի քանիսը գույներով ներկում էին հավերին, աքլորներին, իրենք իրենց: Փայլուն, կոկիկ ու գունավոր էին ուզում տեսնել ամեն ինչ: Այդ կոկելու համաճարակը վախեցնում էր Հայոյին: Երբ եղբայրը տունը նորոգեց, ուզում էր թոնրատունը քանդել և տեղը ավտոտնակ սարքել, միայն Հայոյի լուռ աղաչանքներից հետո ձեռք քաշեց այդ մտքից: Հայոն թոնրատան ոչ մի իր տեղից չէր շարժում, ամեն ինչ թողնում էր իր առաջին տեսածի պես, միայն օրական մի քանի անգամ ավլում էր: Նույնիսկ ուզում էր այնտեղ գիշերել: Եղբայրը զայրացավ, հասկացրեց, որ ամոթ է, գյուղացիք կմտածեն, թե ինքն է քրոջը թոնրատուն քշել:
Հայոն քայլում էր ու մտածում, որ աշխարհում ոչ մի մարդ իրավունք չունի դժգոհելու իր բախտից: Ճիշտ է, աստված իրեն լեզու չի տվել, բայց ոչինչ, ինքը չի բողոքում, խոտն էլ է անլեզու, ծառն էլ, քարն էլ: Միայն մեկ անգամ… Նա խորհում էր, որ ամեն մարդ աշխարհին մի բան պիտի ասի, ավելին պետք էլ չի: Եվ եթե աստված չզլանա և իրեն պարգևի այդ պահը, ինքը լիովին երջանիկ կլինի: Նա պարզորոշ չէր գիտակցում, թե ինչ պիտի ասի, եթե հրաշքը լինի, բայց ներքուստ զգում էր, որ իր հոգում ինչ-որ բառեր են կարծրանում: Երբեմն նրան թվում էր, թե ինքը լսում է իր ձայնը, նա շառագունում և երկյուղած դես ու դեն էր նայում: «Միայն մեկ անգամ,— իր հոգուն լսելի ձայնով մրմնջում էր նա,— մեկ անգամ…»:
Քայլում էր Հայոն, և դույլի մեջ համաչափ ռիթմով ճոճվում էր կաթը:
«Այսօր Շեկոն չէր ուզում կթվել»,— մտածեց Հայոն և սեղմեց ռադիոընդունիչի կոճակը: Իսկ թե Հայոյի ինչին էր պետք ռադիոընդունիչը, ոչ ոք չգիտեր, բոլորն էլ մոռանում էին այդ մասին մտածել: «Քնեմ»,— ինքն իրեն ասաց Հայոն և աչքերը փակեց: Ամեն անգամ, երբ ծանրացած կոպերը իջնում էին, Հայոն հիշում էր գյուղի միակ լճակը, ուր ամբարում էին ոռոգման ջուրը: Երբ լճակը դատարկվում էր, երկու երկաթյա ծանր արգելակները իջեցնում էին, և սարերից եկող առվակների ջուրը լցվում էր լիճ. օրերի ընթացքում լիճը լցվում էր, և երբ բացում էին արգելակները, մի քանի ժամվա մեջ այն դատարկվում էր, և հատակին մի բարակ շերտ տիղմ էլ էր ավելանում: Տարեցտարի լճի հատակը բարձրանում էր, և գյուղացիք չէին էլ մտածում այն մաքրել: Ավելի հեշտ էր նորը սարքել: «Հինգ օր է, լցվում է,— մտածեց Հայոն,— առավոտյան կբացեն»:
Առավոտ գիշերով Հայոն աչքերը բացեց և վեր թռավ անկողնուց: Հենց այդ պահին գյուղի մյուս ծայրին ջրբաշխ Անդոն բարձրացրեց լճի երկաթյա արգելակները, և ջուրը վայրի ազատությամբ, առվի կողերը սեղմելով, հորդեց ներքև և մի քանի րոպեում գյուղը ոտքի հանեց: «Ջուրը, ջուրը…»,— գոռում էին գյուղացիք և իրարանցումով շտապում էին հողամասերը: Օտար մարդը երբեք գլուխ չէր հանի այս գյուղացիներից: Գյուղում համարյա ոչինչ չէր աճում, բայց մարդիկ գարնանը խնմաքով վարում, ցանում էին, ջրում, տարին բոլոր բահը ձեռքներից չէին գցում: Ջրի համար կռիվ էին տալիս, թշնամություն էր լինում: Եղբայրը եղբոր դեմ էր կռվում, հարևանը՝ հարևանի: Երբեմն բանը հասնում էր տուրուդմբոցի: Հաշտարար միջնորդներ էին հայտնվում, գյուղսովետի նախագահի համար գործ էր բացվում: Միայն ջրի համար էին կռվում: Եվ գյուղացիներից ոչ ոք չէր մտածում. «Ինչո՞ւ եմ ջրում, ի՞նչն եմ ջրում»: Աշնանը գյուղացիք ավելի լռակյաց էին դառնում:
«Ջուրը»,— մտածեց Հայոն և ձեռքերը կոնքերին խփելով դուրս վազեց: Եղբայրն արդեն ուրթը բացել էր և ջուրը մարգերի մեջ արել: Մարգերում կուտակված ջուրը փառակալել էր և վաղորդայնի լույսի տակ այն կաթի էր նման: Հայոն բոկոտն անցնում էր մարգերի վրայով, և նրա ոտները ճլմփոցով խրվում էին հողի մեջ: «Քնով էի ընկել,— մտածեց Հայոն,— խայտառակ եղա»: Եղբայրը բահը թողեց Հայոյին և նրան հասկացրեց, որ շտապ դարբնոց պիտի գնա: Հայոն գործի անցավ:
Կես ժամ հետո ջուրը կտրվեց: Հայոն նայում էր ճաքճքած հողին և իրեն չէր ներում այն բանի համար, որ եղբայրը քաղցած գնաց դարբնոց: Մինչև երեկո Հայոն թոնրատնից դուրս չեկավ՝ ավլեց-թափեց, կերակուրը եփեց, եղբորորդու համար մի զույգ գուլպա գործեց, և երբ դատարկ դույլը ձեռքին փողոց դուրս եկավ, նրան թվաց, թե ինքը մի շատ կարևոր բանից է ուշանում: Ակումբի մոտ մի խումբ գյուղացիներ էին հավաքվել, և Հայոն զգաց, որ կա-չկա հնդկական ֆիլմ են ցուցադրելու: Մի քիչ ետ ու առաջ գնաց, և երբ արդեն ֆիլմը սկսվել էր, անաղմուկ դույլը գիրկն առավ և կծկվեց դահլիճի մի անկյունում: Մինչև վերջ էլ նա գլխի չընկավ, թե ինչի մասին է ֆիլմը, բայց հերոսների դեմքից գուշակեց, որ ողբերգություն է եղել: «Մեղք են,— մտածեց Հայոն,— ի՞նչ վատություն են արել, որ աստված նրանց պատժել է»: Լաց եղավ, կուշտ լաց եղավ: Ֆիլմի ավարտից առաջ Հայոն դուրս եկավ: «Խայտառակ եղա,— մտածեց Հայոն,— մեղք էին կինոյի մարդիկ»: Հայոն իրեն մեղավոր էր զգում այդ մարդկանց ճակատագրի համար:
«Ուշացա»,— սթափվեց նա և համարյա վազքով հասավ մեծ եղբոր տուն: Գոմի դռան մոտ նա մտածեց. «Երևի ինչ-որ բան է պատահել Շեկոյին»:
Ետդարձի ճանապարհին, երբ երեկվա պես ոտը քարին առավ և կաթի շիթերը թրջեցին նրա ոտքը, նա հասկացավ, որ կյանքը այնքան անաղմուկ է սահել իր կողքով, որ ինքը ականջները խցանելու հարկ չի ունեցել: Հետո նա մտածեց, որ կինոյի մարդկանց պակասում է այն, ինչը իրեն չի խնայել աստված: «Շնորհակալ եմ աստծու տվածից»,— մտմտաց Հայոն և շարունակեց իր ճանապարհը: Եվ ինչպես երեկ, դույլի մեջ համաչափ ճոճվում էր կաթը:
«Վաղը Երևանից հյուրեր են գալու,— մտածեց Հայոն,— խայտառակ եղա, դեռ նրանց սենյակն էլ չեմ հավաքել: Տեսնես ի՞նչ մարդիկ են… Ամբողջ աշխարհը թողած գալիս են այս կորած-մոլորած գյուղում հանգստանալու»: Հայոն ուրախ էր, որ օտար մարդիկ են գալու, բայց ներքուստ վախենում էր: Նրան թվում էր, որ այդ մարդիկ չգիտեն ուր են գալիս, և մի-երկու օրից կտեսնեն, կձանձրանան, կգնան: Հայոն ամեն ինչ կանի, որ սխալ բան չմտածեն եղբոր մասին: Հանկարծ Հայոյի սիրտն այնպես ուզեց, որ քաղաքի հյուրերը սիրուն, վայելուչ մարդիկ լինեն, կինը թող սպիտակ-սպիտակ լինի, երկար վզով ու կապույտ աչքերով, բարակ, աղեղնաձև հոնքերով, եղունգներին՝ մանիկյուր: Թող ջրնգուն ծիծաղ ունենա, փույթ չէ, որ ինքը չի լսի այն: Նրա ամուսինն էլ թող բարձրահասակ, թիկնեղ տղամարդ լինի, շեկ մորուքով և լայն ճակատով: Ինքը ամեն առավոտ նրանց թարմ կաթ կբերի, իսկ կեսօրին՝ սունկ, սիբեխ, թրթնջուկ: Հայոն մտքով տեսավ նրանց, և գիշերային գյուղը մի պահ լուսավորվեց նրա ժպիտից: Նա ամոթահար դես ու դեն նայեց և մինչև տուն հասնելը ինքն իրենից ամաչում էր այդ ժպիտի և ընդհանրապես իրեն չվերաբերող բաների մասին մտածելու համար:
Ամառային խաղաղ գիշեր էր: Եվ այդ խաղաղության մեջ Հայոյին եկավ մի աղմկոտ տեսիլք:
Հայոն մետաքսե ճերմակ շրջազգեստով է, և երբ քայլում է, փեշերը ալիք-ալիք լողում են: Ճերմակ սարերի վրա փրփրում են ձյան պես սրսուռ ամպերը: Հայոն հայացքն ամպերին է արել ու լողում է: Ա՞մպն է, թե՞ Հայոն է, կախվում է լճի վրա: Եվ լճի մեջ բարձրանում է կաթնափրփուրը: Եվ փրփուրի մեջ վերուվարում, ժայթքում է Շեկոն: Շեկոյի աչքերից թռչում են կաթի շիթերը: Եվ լիճը ուռչում է: Եվ Շեկոն անօգնական թպրտում է կաթի մեջ: Հայոն աղեկտուր ճչում է, և նրա ձայնից ճերմակ շիթեր են ժայթքում: Շեկոն անօգնական վերուվարում է կաթնափրփուրի մեջ: Լիճը պռնկեպռունկ լցվում է կաթով, Հայոն ճչում է, Շեկոն սուզվում է կաթի մեջ, լիճը իր ափերից ելնում է և կաթնագույնով է լցնում շրջակա դաշտերը, և կաթի հեղեղը շարժվում է գյուղի վրա՝ իր ալիքների մեջ տարուբերելով Շեկոյի մարմինը: Հայոն ճչում է, և նրա ձայնը ճերմակ աղավնիների ձևով տարածվում է գյուղի վրա: Գյուղացիները վախեցած դուրս են թափվում. և հենց այն պահին, երբ կաթի տարերքը պիտի իր մեջ առնի գյուղը, երկնքից, թե հենց այնտեղից, որտեղից լսվեց Հայոյի ձայնը, հայտնվում է շեկ մորուքով և լայն ճակատով մի տղամարդ՝ ճերմակ հագուստներով. և նրա ոտքերի առջև նահանջում են կաթնափրփուրն ու այն ամենը, ինչ գիշերային գյուղի խաղաղության մեջ անսպասելիորեն էր հայտնվել: Գյուղացիները նույն հապճեպությամբ, ինչպես դուրս էին թափվել, լցվում են տները, Շեկոն դուրս է լողում նոսրացած հեղեղի միջից, շրջակա սարերը ետ են առնում իրենց մռայլությունն ու գորշությունը. լճի ջուրը ստանում է իր գույնն ու համարյա տիղմին հասնում. իսկ վերջում անհետանում է նա, ում հայտնվելը բոլորովին տրամաբանական չէր, իսկ ամենավերջում՝ այն աղավնիները, որոնք ձայնի ձևով տարածվել էին գյուղի վրա և իզուր տեղը խուճապի մեջ գցել մարդկանց:
Հայոն շուռումուռ էր գալիս անկողնում, և նրա անչափ անօգնական շուրթերը դողդողում էին: Իսկ առավոտյան, երբ նա փորձեց հիշել տեսիլքը, որ գիշերով եկել էր իրեն, աչքերի առջև գծագրվեց ջրբաշխ Անդոյի մռայլ ու կոպիտ դեմքը, որ բոլորովին կապ չուներ ոչ իր տեսած երազի, ոչ էլ այն ամենի հետ, ինչը եկող օրերն էին բերելու:
Քաղաքից եկած հյուրերին տեղավորեցին այն սենյակում, ուր գիշերում էին եղբոր երեխեքը: Այն Հայոյի սենյակից մի բարակ պատով էր բաժանվում: Հյուրերին դիմավորելու պահին Հայոն տանը չէր: Նա վերադարձավ մի քանի ժամից և մի փեշ սունկ դատարկեց սեղանին: Կինը չկարողացավ զսպել իր ուրախությունը, շռինդով մոտեցավ և մի քանի սունկ առավ ափերին. «Ի՜նչ ճերմակ են»: Հայոն անիմաստ ժպտաց և վախվորած նայեց կնոջը: Ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Հայոն էր պատկերացնում՝ խոշոր, կապույտ աչքեր, երկար և կոր թարթիչներ, որոնք թրթռում էին նրա պարզ և անհոգ աչքերին՝ նրան տալով վախեցած երեխայի տեսք: Շիկավուն մազերը անփութորեն թափվում էին ուսերին, իսկ ճակատը կիսալուսնի պես էր:
— Ծանոթանանք,— ասաց կինը ժպիտով՝ ցուցադրելով մարգարտաշար ատամները:
Հայոն կուչ եկավ, շրթունքները իրար սեղմեց և նրան մեկնեց իր ձեռքը: Կինը բռնել էր ձեռքը և բաց չէր թողնում: Հայոն ուզում էր ետ քաշել, բայց վախենում էր կոպիտ ստացվի: Նա այնքան էր խառնվել, որ երբ կինը բացեց ափը, նրա ձեռքը ծանրացած վայր ընկավ:
— Իմ ամուսնու անունը Կարո է,— ասաց կինը,— հրաշալի երկրում եք ապրում, միայն նախանձել կարելի է:
Հայոն նրա շուրթերի շարժումից գուշակեց՝ ինչի մասին է խոսքը: Նա վիզը կողք գցեց և աչքերը փախցրեց տղամարդու վրայով: Ոչ այնքան բարձրահասակ, ջղուտ և ձիգ կազմվածքով մարդ էր, երևի կնոջից տարիքով բավականին մեծ: Կարճ կտրած, ժամանակից շուտ սպիտակին տվող մազերը, փոս ընկած ակնակապիճները նրան խիստ, բայց վայելուչ տեսք էին տալիս: Նա իր անունը լսելուն պես թեթևակի ժպտաց և գլխի կտրուկ խոնարհումով ողջունեց Հայոյին:
— Իմ ամուսինը երկրաբան է, նա հաճախ է նման հիասքանչ վայրերում լինում,— ասաց կինը:
Հայոն առիթ էր փնտրում հեռանալու: Կինը Հայոյի լռելը վերագրում էր ամոթխածությանը և ջերմ, մտերմիկ բառեր էր որոնում: «Երևի եղբայրս չի զգուշացրել,— մտածեց Հայոն,— խայտառակ եղա, հիմա կմտածեն, թե…»: Եվ որպեսզի ուրիշ բան չմտածեն, Հայոն բաց ու խուփ արեց բերանը և մատները շարժեց: Կինը կարծես թե հասկացավ՝ ինչը ինչոց է և վայրկենապես գունատվեց: Հայոն ժպտաց, կարծես ուզում էր նրան մխիթարել: «Ոչինչ, դուք ինչ մեղք ունեք»,— մտածում էր Հայոն և մինչև երեկո իրեն վատ էր զգում նրան վշտացնելու համար:
Քիչ հետո եկավ եղբայրը, նրա կինը, երեխաները, և Հայոն անաղմուկ անցավ իր սենյակը: Մի պահ նրա մտքում ինչ-որ բան արթնացավ, նա միացրեց ռադիոընդունիչը և ձայնը մինչև վերջ բացեց: Հետո վախեցած անջատեց այն և ձախ ձեռքով ուժեղ խփեց գլխին: Երեկոյան Հայոն վերցրեց դատարկ դույլն ու դուրս եկավ: Ծանոթ ճանապարհը, ծանոթ քարերն ու դարուփոսերը բացեցին նրա տրամադրությունը: «Գնամ, մի կես ժամ նստեմ Շեկոյի մոտ, մինչև մութն ընկնի»,— մտածեց Հայոն և ծնկով ուժեղ խփեց դատարկ դույլին:
«Ինչո՞ւ է Շեկոն վերջերս օտարի պես ընդունում ինձ»,— ետդարձի ճանապարհին մտածում էր Հայոն: Լուսնկա գիշեր էր և շուրջն այնքան խաղաղ էր, որ հստակ լսվում էր, թե ինչ ծուլությամբ են որոճում գյուղի կովերը: Հայոյի ոտքերի առաջից իրար կցված երկու շուն դուրս պրծան: Հայոն չվախեցավ, դույլը ցած դրեց և նայեց նրանց ետևից: «Շունը շանը, մրջյունը՝ մրջյունին»,— ինքն իրեն ասաց Հայոն և մտքի մեջ նորից կրկնեց. «Մրջյունը՝ մրջյունին, շունը՝ շանը…»: Հետո Հայոն ինքն իր դեմ զայրացավ նման բաներ մտածելու համար, և երբ ներբանը քարին առավ և ամեն օրվա պես կաթը վազեց նրա ոտքին, նա մի պահ ուզեց չպահել հավասարակշռությունը և դույլը ձեռքից վայր գցել, բայց հաղթահարեց այդ թուլությունն ու զգաստացավ:
Քայլում էր Հայոն, և դույլի մեջ համաչափ ճոճվում էր կաթը:
Ամբողջ գիշեր Հայոն աչք չկպցրեց. նա իզուր փորձում էր վանել խառնիճաղանջ մտքերը, որ մեղրաճանճերի պես հալածում էին իրեն: Քաղաքաբնակ կնոջ կապույտ աչքերը, նրա ամուսնու խիստ հայացքը, ջրբաշխ Անդոյի դեմքը, որ թանի ճանճի պես միշտ խցկվում էր Հայոյի մտապատկերների մեջ, Շեկոյի թախծոտ և ծույլ հայացքը, գյուղից դուրս տանող և գյուղ բերող նույն ճանապարհը, դարբին եղբոր լուռ ընտանիքը, որ Հայոյից տարբերվում էր մի բանով, որ եթե ուզենար, կարող էր խոսել, և ահա այս պատը՝ բարակ և կարծես թափանցիկ պատը, որը բաժանում էր նրան հյուրերից…
«Լույսը վառեմ, կանցնի»,— մտածեց Հայոն: Նա վեր կացավ, ուսերին առավ խալաթը և սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում, ինչպես վագրը վանդակում: Վագրերը երբեք վանդակից դուրս պրծնելու տեսարաններ չեն սարքում, միայն նրանց աչքերն են ազատ տարածություն որոնում: Եվ ահա Հայոն գտավ այդ ազատ տարածությունը: Թոնրատունը ընդունեց նրան հարազատի պես. Հայոն կուչ եկավ ալյուրի պարկերի վրա և քնեց մի խաղաղությամբ, որ միայն երեխաներին է տրվում ու մեկ էլ երկար տարիների բացակայությունից հետո տուն վերադարձածներին: Եվ երբ բարի լուսվա հետ վաղորդայնի շողերը երդիկից ընկան Հայոյի դեմքին՝ նա ժպտաց և առաջին անգամ իր գիտակցական կյանքում զարթնեց առանց խրտնելու, ձեռքերը անհոգ տարածեց օդի մեջ, ճմլկռտեց և հանգիստ ինքն իրեն ասաց. «Բարի լույս»:
Կեսօրին, երբ Հայոն տուն վերադարձավ, այնտեղ մարդ չգտավ: Հյուրերը գնացել էին հարևան գյուղի հնադարյան եկեղեցին դիտելու: Եղբայրը երևի դարբնոցում էր: Եղբորորդիները, ինչպես միշտ, այս ժամերին գնդակ էին չլում: Հարսը, երբեմն, առիթից օգտվում, գնում էր ծեր մորը օգնելու: Հայոն մտավ իր սենյակը՝ վախվորած նայելով հյուրերի սենյակի դռանը: Նա զգույշ մոտեցավ, դուռը ծերպ արեց, գողունի նայեց ներս: Անկողնուն անփութորեն փռված էր քաղաքի կնոջ երկար և գույնզգույն շրջազգեստը, մահճակալի մոտ դրված էին նրա կոշիկները՝ հաստ ու բարձր կրունկներով, պլպլան կաշվով: Փոքր սեղանին, որի վրա այժմ երեխաներն իրենց դասերն էին սովորում, այժմ լցված էին տարբեր տեսակի արդուզարդի առարկաներ:
Հայոն փակեց դուռը, մտավ իր սենյակը և իրեն որսաց հայելու մեջ: Ինքն իրեն զզվելի թվաց: Նա սանրեց գզգզված մազերը, բացեց ճակատը, շրթունքները իրար սեղմեց. միևնույն է, հայելին ճշտորեն արտացոլեց դեմքի չորացած, ճաքճքված մաշկը, արևի տակ այրված քիթը, անխնամ ատամները: Հայոն սանրը շպրտեց մի կողմ և չարությամբ նայեց պատին: Նա տնից դուրս եկավ՝ գողունի նայեց չորսբոլորը, և երբ ներս եկավ, հաստատապես գիտեր իր անելիքը:
Մտավ հյուրերի սենյակը: Մի կողմ շպրտեց իր հագի խալաթը, կիսամաշ, մեծ փորձություն տարած կոշիկները և կիսամերկ կանգնեց հայելու դիմաց: Հետո նա հագավ կնոջ շրջազգեստը: Զգեստը կրծքի մոտ լայն բացվածք ուներ, և առաջին պահին Հայոն ցնցվեց: Շրջազգեստի փեշերը քսվում էին հատակին: Հայոն հագավ բարձրակրունկ կոշիկները և ուզեց քայլել, բայց ոտքերը ծալվեցին, և քիչ մնաց վայր ընկնի: Նա հապճեպ հանեց կոշիկները, մոտեցավ սեղանին, ընտրեց կարմիր շրթնաներկը և դողդողացող ձեռքերով տարավ-բերեց շրթունքներին: Շրթնաներկից տհաճ համ մնաց բերանում: Հետո պուդրայեց երեսը, նորից հագավ կոշիկները:
Հայելին դաժան ճշմարտացիությամբ արտացոլեց նրա պատկերը: Հայոն մոլուցքով հարդարեց մազերը, բայց ապարդյուն: Տարիների ազատությանը սովորած մազերը չէին ենթարկվում: Հայոյի աչքովն ընկավ կնոջ լայնեզր գլխարկը, նա երերալով նետվեց այդ կողմը, գլխարկը դրեց գլխին և հենց այն է՝ մտածում էր, որ ինչ-որ բան իր մեջ փոխվում է, դուռը բացվեց, և սենյակի շեմին հայտնվեցին հյուրերը:
Հայոն այլայլվեց, նրա շրթունքները թրթռացին: Հենց այդ պահին Հայոն հիշեց այն երազը՝ Շեկոյի տարուբերվող մարմնը, լայն ճակատով և շեկ մորուքով տղամարդուն, ուռճացող կաթը, զարհուրած գյուղացիներին… Ջրբաշխ Անդոն բարձրացրեց լճի երկաթյա արգելակները, կաթը դույլի մեջ եռաց և պռունկներից հոսեց ցած, Շեկոն ծանրացած կոպերը կողպեց, շեկ վարսերով մի կին զրնգուն ձայնով քրքջաց, երկու անօգնական ոտքեր ծալվեցին, բազում սրբատաշ քարեր իրար վրա ելան:
Հայոն բաց ու խուփ արեց շուրթերը, շուրթերի հետ շարժեց ձեռքերը, և այնպես, ինչպես երեխաներն են օճառի պղպջակներ թռցնում, Հայոյի բերանից թռան երկու սպիտակ աղավնիներ. «Ամոթ… ամոթ»: Եվ հետո Հայոն երկար դողդողացրեց շուրթերը, բայց հյուրերը այլևս ոչինչ չլսեցին: