Քեն Լիու | Մոնո-նո ավարե[1]

Աշխարհը կարծես անձրևոց նշանակող կանջիի[2] կաղապարն ունի, միայն թե այնքան վատ է գրված, որ դրա բոլոր մասնիկներն անհամաչափ են, ճիշտ իմ ձեռագրի նման։

Հայրիկս մեծ ամոթ կապրեր, եթե իմանար, որ մինչև հիմա մանկական ձեռագրով եմ գրում հիերոգլիֆները։ Իրականում դրանցից շատերն արդեն դժվարությամբ եմ գրում։ Պաշտոնական ուսումս Ճապոնիայում դադարեցվել էր, երբ ընդամենը ութ տարեկան էի։

Սակայն այժմյան նպատակներիս համար բավական են նույնիսկ այդ վատ գրված հիերոգլիֆները։

Վերևի ծածկը արևային առագաստ[3] է։ Նույնիսկ այս աղավաղված կանջին է ունակ ակնարկելու դրա վիթխարի չափսերի մասին։ Բրնձաթղթից հարյուր անգամ բարակ պտտվող սկավառակը հազարավոր կիլոմետրերով ծավալվում է տիեզերքում, ասես հսկայական օդապարուկ լինի, որը ձգտում է բռնել կողքով անցնող յուրաքանչյուր ֆոտոն։ Այն, բառիս բուն իմաստով, ծածկում է ամբողջ երկինքը։

Դրա տակից կախ է ընկած ածխածնային նանոխողովակներից բաղկացած հարյուր կիլոմետր երկարությամբ մալուխը՝ ամուր, թեթև և ճկուն։ Մալուխի ծայրին կախված է Հուսադրողի սիրտը՝ բնակելի մոդուլը, որը հինգ հարյուր մետր բարձրությամբ գլան է, և որի մեջ տեղավորված են մոլորակի բոլոր 1021 բնակիչները։

Արևային լույսը հետ է մղվում առագաստից՝ մշտապես լայնացող, մշտապես արագացող, ոլորապտույտ ուղեծրով հեռացնելով մեզ դրանից։ Արագացումը մեզ բոլորիս սեղմում է տախտակամածներին, ամեն ինչին կշիռ է տալիս։

Մեր հետագիծը տանում է մեզ դեպի 61 Կույսեր անվանումով աստղը։ Այժմ դուք այն չեք տեսնում, քանի որ վերջինս գտնվում է արևային առագաստի ծածկի տակ։ Հուսադրողը դրան կհասնի մոտավորապես երեք հարյուր տարի հետո։ Եթե բախտ վիճակվի իմ ծոռների ծոռների ծոռների (ժամանակին հաշվարկել էի, թե քանի «ծոռ» հետո, բայց հիմա չեմ հիշում) ծոռները կտեսնեն դա։

Բնակելի մոդուլը չունի պատուհաններ, որպեսզի հնարավոր լինի զմայվել կողքով անցնող աստղերով։ Մարդկանց մեծամասնությանը միևնույն է, քանի որ նրանք վաղուց ձանձրացել են աստղերին նայելուց։ Բայց ես սիրում եմ նայել տեսախցիկներով, որոնք տեղակայված են նավի հատակին, որպեսզի կարողանամ հիանալ մեր արևի՝ մեր անցյալի կարմրավուն ճաճանչի մարումով։

*

-Հիրո՛տո, – ասաց հայրիկս՝ արթացնելով ինձ։ – Հավաքի՛ր իրերդ։ Ժամանակն է։

Փոքրիկ ճամպրուկս պատրաստ էր։ Մնում էր միայն իմ «Գո»[4]-ն դնել դրա մեջ։ Հայրիկս այն նվիրել էր ինձ, երբ հինգ տարեկան էի, և ժամերը, երբ միասին խաղում էինք, օրվա իմ սիրելի ժամանակահատվածն էին։

Արևը դեռ չէր ծագել, երբ հայրիկիս ու մայրիկիս հետ դուրս եկանք փողոց։ Բոլոր հարևանները նույնպես կանգնած էին իրենց տների մոտ՝ ճամպրուկները ձեռքներին, և մենք քաղաքավարի ողջունեցինք միմյանց ամառային աստղերի ներքո։ Սովորականի նման փնտրում էի Համմերը։ Հեշտ էր։ Ինչքան հիշում եմ ինձ, Լուսնից հետո աստերոիդն ամենապայծառ օբյեկտն էր երկնքում, և տարեցտարի ավելի պայծառ էր դառնում։

Տանիքին տեղադրված բարձրախոսներով բեռնատարը դանդաղ ընթանում էր փողոցի մեջտեղով։

-Ուշադրությո՛ւն․ Կուրումեի բնակիչնե՛ր, պահպանե՛ք կարգապահությունը կանգառում։ Այնտեղ շատ ավտոբուսներ են լինելու, որոնք կհասցնեն ձեզ կայարան, որտեղ կկարողանաք նստել դեպի Կագոշիմա գնացող գնացքը։ Անձնական ավտոմեքենաներ մի՛ վարեք։ Ճանապարհները պետք է բաց լինեն տարհանման ավտոբուսների և պաշտոնական տրանսպորտային միջոցների համար։

Յուրաքանչյուր ընտանիք դանդաղ քայլում էր մայթով։

-Տիկի՛ն Մաեդա, – հայրիկս դիմեց մեր հարևանուհուն, – կարո՞ղ եմ Ձեր ուղեբեռը ես տանել։

-Շատ շնորհակալ կլինեմ, – պատասխանեց տարեց կինը։

Տասը րոպե ոտքով գնալուց հետո տիկին Մաեդան կանգ առավ և հենվեց փողոցային լապտերին։

-Շատ քիչ մնաց, Տատի՛կ, – ասացի ես։ Նա գլխով արեց, բայց սաստիկ շնչակտուր էր լինում, որպեսզի կարողանար որևէ բան արտաբերել։ Փորձեցի քաջալերել նրան․ – Անհամբեր սպասում եք Ձեր թոռների հետ հանդիպմանը Կագոշիմայում, այնպես չէ՞։ Ես նույնպես կարոտում եմ Միչիին։ Տիեզերանավի մեջ կկարողանաք նստել նրա կողքին և հանգստանալ։ Ասում են՝ բոլորի համար էլ տեղ կա։

Մայրիկս խրախուսանքով ժպտաց ինձ։

-Որքան բախտավոր ենք, որ այստեղ ենք, – ասաց հայրիկս։ Նա մատնացույց արեց դեպի կանգառ շարժվող մարդկանց կանոնավոր շարքերին, մաքուր վերնաշապիկներ և կոշիկներ հագած երիտասարդներին, որոնք տոնական տեսք ունեին, միջին տարիքի կանանց, որոնք օգնում էին իրենց տարեց ծնողներին, մաքուր, դատարկ փողոցներին և լռությանը․ չնայած ամբոխին՝ բոլորը շշուկով էին խոսում։ Թվում էր, թե օդն առկայծում էր բոլոր մարդկանց (ընտանիքների, հարևանների, ընկերների, գործընկերների) սերտ կապերից՝ նույնքան ամուր և անտեսանելի, որքան մետաքսյա թելերը։

Հեռուստացույցով տեսել էի, թե ինչ էր կատարվում աշխարհի մյուս երկրներում․ ավազակները գոռգոռում և պարում էին փողոցներում, զինվորներն ու ոստիկաններն օդ էին կրակում, երբեմն՝ նաև ամբոխի, այրվող շենքերի, դիակների կույտերի վրա, գեներալները բղավում էին խենթացած ամբոխի առաջ՝ խոստանալով վրեժ լուծել հին վիրավորանքների համար, չնայած որ վրա էր հասել աշխարհի վերջը։

-Հիրո՛տո, ուզում եմ, որ հիշես սա, – ասաց հայրիկս։ Նայեց շուրջը՝ հույզերով համակված։ – Հենց աղետներին առերեսվելիս ենք ցույց տալիս մեր ուժն իբրև ժողովուրդ։ Հասկացի՛ր, որ մենք ոչ թե մեր անձնական միայնությամբ եմ սահմանվում, այլ փոխհարաբերությունների ցանցով, որոնց մեջ ներառված ենք։ Մարդը պետք է կարողանա վեր լինել իր անձնական պահանջմունքներից, որպեսզի մենք բոլորս կարողանանք ապրել ներդաշնակության մեջ։ Անհատը փոքր և անզոր է, բայց միմյանց հետ իբրև մեկ ամբողջություն սերտորեն կապակցված լինելով՝ Ճապոնիայի ազգն անպարտելի է։

*

-Պարո՛ն Շիմիզու, – ասում է ութ տարեկան Բոբբին, – չեմ սիրում այս խաղը։

Դպրոցը գլանաձև բնակելի մոդուլի ամենակենտրոնում է, որտեղ այն լավագույնս կարող է պաշտպանված լինել ճառագայթումից։ Դասասենյակի դիմաց կախված է Ամերիկայի դրոշը, որի առաջ երեխաներն ամեն առավոտ երդում են տալիս։ Ամերիկյան դրոշի երկու կողմերում երկու շարքով կախված են ավելի փոքր դրոշներ, որոնք պատկանում են «Հուսադրող»-ում ապրող ողջ մնացած մյուս ազգերին։ Ձախ կողմի ամենավերջում Ճապոնիայի դրոշն է, սպիտակ թղթի անկյունները ծալված են, իսկ ժամանակին ալ կարմիր ծագող արևը վերածվել է մայր մտնող նարնջագույն արևի։ Այն նկարել էի այն օրը, երբ բարձրացել էի «Հուսադրողի» վրա։

Աթոռը մոտեցնում եմ սեղանին, որի շուրջ նստած են Բոբբին և նրա ընկեր Էրիկը։

-Ինչո՞ւ չես սիրում։

Երկու տղաների միջև դրված է ուղիղ գծերով ցանցը՝ յուրաքանչյուրը տասներկուական բջիջներով։ Հատման կետերում մի բուռ սև ու սպիտակ քարեր են լցված։

Երկու շաբաթը մեկ ազատվում եմ արևային առագաստին հետևելու պարտականություններիցս և գալիս եմ այստեղ, որպեսզի երեխաներին մի փոքր պատմեմ Ճապոնիայի մասին։ Երբեմն հիմար եմ զգում ինձ դա անելիս։ Ինչպե՞ս կարող եմ նրանց ուսուցիչը լինել, եթե գլխումս աղոտ տղայական հիշողություններ են մնացել Ճապոնիայի մասին։

Սակայն ուրիշ տարբերակ չկա։ Բոլոր ոչ ամերիկացի տեխնիկական մասնագետները, ինչպիսին ես եմ, իրենց պարտքն են համարում մասնակցելու դպրոցի մշակութային հարստացման ծրագրին և փոխանցելու այնքան գիտելիք, որքան որ կարող են։

-Բոլոր քարերը նույն տեսքն ունեն, – ասում է Բոբբին,  – և չեն շարժվում։ Ձանձրալի են։

-Ի՞նչ խաղ ես դու սիրում, – հարցնում եմ ես։

-Աստերոիդների պաշտպա՜նը, – ասում է Էրիկը։ – Հիմա դա լավ խաղ է։ Պետք է աշխարհը փրկես։

-Նկատի ունեմ ոչ համակարգչային խաղ։

Բոբբին թոթվում է ուսերը։

-Հավանաբար շախմատ։ Ինձ դուր է գալիս թագուհին։ Նա հզոր է և տարբերվում է մյուսներից։ Նա հերոս է։

-Շախմատը փոքրիկ ընդհարումներով խաղ է, – ասում եմ ես։ – Իսկ «Գո»-ն ավելի հեռանկարային է։ Այն ամբողջական մարտեր է ընդգրկում։

-«Գո»-ում հերոսներ չկան, – համառորեն ասում է Բոբբին։

Չգիտեմ ինչ պատասխանել նրան։

*

Կագոշիմայում մնալու տեղ չկար, այնպես որ բոլորը քնել էին դրսում՝ տիեզերանավերի կայան տանող ճանապարհի երկայնքով։ Հորիզոնում երևում էին հսկայական, արծաթագույն փրկարար նավերը, որոնք փայփլում էին արևի շողերի ներքո։

Հայրիկը բացատրեց, որ Համմերից պոկված բեկորները շարժվում էին դեպի Մարս և Լուսին, այդ պատճառով էլ տիեզերանավերը պետք է հասցնեին մեզ շատ հեռու՝ խորը տիեզերք, որպեսզի վտանգազերծ էին։

-Ուզում եմ պատուհանի մոտ նստել, – ասացի ես՝ պատկերացնելով կողքովս անցնող աստղերը։

-Լավ կլիներ, որ քեզանից ավելի փոքրերին զիջեիր տեղդ, – ասաց հայրիկս։ – Հիշի՛ր, որ բոլորս էլ պետք է ինչ-որ բան զոհաբերենք, որպեսզի միասին ապրենք։

Մեր ճամպրուկները հենեցինք պատին և ծածկեցինք սավանով՝ քամուց և արևից պաշտպանելու համար։ Ամեն օր գալիս էին կառավարության տեսուչները, որպեսզի ուտելիք բաժանեին և համոզվեին, որ ամեն բան կարգին էր։

-Համբերատա՛ր եղեք, – ասում էին կառավարության տեսուչները։ – Գիտենք, որ ամեն բան դանդաղ է ընթանում, բայց մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք։ Այնտեղ տեղեր կլինեն բոլորի համար։

Մենք համբերատար էինք։ Որոշ մայրիկներ օրվա ընթացքում դասեր էին կազմակերպում երեխաների համար, իսկ հայրիկներն առաջնության համակարգ էին կազմել, ըստ որի՝ տարեց ծնողներ և նորածիններ ունեցող ընտանիքներն առաջինը պետք է բարձրանային տիեզերանավ, երբ դրանք վերջնականապես պատրաստ լինեին։

Չորսօրյա սպասումներից հետո կառավարության տեսուչների հավաստիացումներն արդեն այնքան էլ հուսադրող չէին հնչում։ Ամբոխով մեկ ասեկոսեներ տարածվեցին։

-Պատճառն օդանավերն են։ Ինչ-որ բան այն չէ դրանց հետ։

-Շինարարները ստել են կառավարությանը՝ ասելով, թե դրանք պատրաստ են, այն դեպքում երբ ամենևին էլ պատրաստ չեն, իսկ վարչապետն այնքան շփոթված է, որ չի կարողանում ընդունել ճշմարտությունը։

-Ես լսել եմ, որ այնտեղ ընդամենը մեկ տիեզերանավ է, ու կարևորագույն մարդկանցից միայն մի քանի հարյուրն են ունենալու տեղեր։ Մյուս տիեզերանավներն ուղղակի ի ցույց դրված դատարկ պատյաններ են։

-Նրանք հույս ունեն, որ ամերիկացիներն է՛լ ավելի մեծ տիեզերանավեր կկառուցեն այնպիսի դաշնակիցների համար, ինչպիսին մենք ենք։

Մայրիկը մոտեցավ հայրիկին և ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։

Հայրիկը տարուբերեց գլուխն ու կանգնեցրեց նրան․

-Մի՛ կրկնիր նման բաներ։

-Բայց հանուն Հիրոտոյի․․․

-Ո՛չ, – երբեք չէի տեսել, որ հայրիկն այդքան բարկացած լիներ։ Լռեց, կուլ տվեց։ – Մենք պետք է վստահենք միմյանց, վարչապետին և զինված ուժերին։

Մայրիկը դժբախտ տեսք ուներ։ Ձգվեցի և բռնեցի նրա ձեռքը։

-Ես չեմ վախենում, – ասացի ես։

-Ճի՛շտ է, – թեթևացած ձայնով ասաց հայրիկը։ – Վախենալու բան չկա։

Նա գրկեց և վեր բարձրացրեց ինձ (մի փոքր շփոթված էի, քանի որ վերջին անգամ նման բան արել էր, երբ դեռ շատ փոքր էի) և ցույց տվեց մեզ շրջապատող բազմահազարանոց ամբոխն այնքան, որքան աչքն ի զորու էր տեսնելու։

-Տե՛ս, թե ինչքան շատ ենք․ տատիկներ, երիտասարդ հայրեր, ավագ քույրեր, կրտսեր եղբայրներ։ Եթե ինչ-որ մեկը խուճապի մատնվի և սկսի ասեկոսեներ տարածել նման ամբոխի մեջ, ապա եսապաշտական սխալ կստացվի, և շատ մարդիկ կտուժեն։ Մենք բոլորս պետք է մնանք մեր տեղերում և հիշենք ավելի լայն պատկերի մասին։

*

Ես և Մինդին դանդաղ ենք սիրով զբաղվում։ Սիրում եմ հոտ քաշել նրա մուգ, գանգուր, փարթամ, տաք, քիթը խուտուտ տվող վարսերից, որոնք ասես թարմ աղ, ծով լինեն։

Այնուհետև պառկում ենք իրար կողքի՝ հայացքներս հառած իմ՝ առաստաղին տեղակայված մոնիտորին։

Դրա վրա շարունակ միացնում եմ հեռացող աստղային երկնքի պատկերները։ Մինդին օդագնացության բաժնում է աշխատում և օդաչուի խցիկից պարբերաբար բարձր որակի պատկերներ է ձայնագրում ինձ համար։

Սիրում եմ պատկերացնել, որ առաստաղին մեծ պատուհան է, և մենք աստղային երկնքի տակ ենք պառկած։ Գիտեմ, որ ոմանց դուր է գալիս, երբ նրանց մոնիտորների վրա ցուցադրում են հին Երկիր մոլորակի լուսանկարներն ու տեսաձայնագրությունները, բայց ես նման բաներից չափազանց տխրում եմ։

-Ճապոներեն ինչպե՞ս կասես «աստղ», – հարցնում է Մինդին։

-Հոսի, – պատասխանում եմ ես։

-Իսկ ինչպե՞ս կասես «հյուր»։

-Օկյաքըսան։

-Ուրեմն մենք «հոսի օկյաքըսա՞ն ենք»։ Աստղային հյուրեր։

-Դա այդպես չի աշխատում, – ասում եմ ես։

Մինդին երգչուհի է, և նրան դուր է գալիս, թե ինչպես են հնչում այլ լեզուները՝ բացի անգլերենից։ «Դժվար է որսալ բառերի հետևում թաքնված երաժշտությունը, երբ դրանց իմաստները խանգարում են, – մի անգամ ասել էր ինձ»։

Իսպաներենը Մինդիի մայրենի լեզուն է, բայց նա ավելի քիչ բան է հիշում դրանից, քան ես՝ ճապոներենից։ Հաճախ ճապոներեն բառեր է հարցնում ինձանից և ներառում իր երգերի մեջ։

Փորձում եմ բանաստեղծորեն արտահայտել դա, բայց այնքան էլ վստահ չեմ, որ հաջողվում է։

-Վարեիվարեի ճէ, հոսի նո այիդա նի կյակու նի կայտո։ Մենք եկել ենք՝ հյուրեր լինելու աստղերի մեջ։

«Ամեն բան արտահայտելու հազարավոր տարբերակներ կան, – սիրում էր կրկնել հայրիկը, – որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է որևէ կոնկրետ իրավիճակի»։ Նա սովորեցրել է ինձ, որ մեր լեզուն լի է նրբերանգներով և նրբագեղություններով, իսկ յուրաքանչյուր նախադասություն բանաստեղծություն է։ Լեզուն ինքն իրեն է ձևավորվում, չարտաբերված բառերն ունեն այն նույն իմաստը, ինչ արտաբերվածները, համատեքստը համատեքստի ներսում, շերտը շերտի հետևից, ինչպես սամուրայների թրերի պողպատը։

Կցանկանայի, որպեսզի հայրիկս կողքիս լիներ, և կարողանայի հարցնել ինչպես ասել «կարոտում եմ քեզ» այնպես, որ դա տեղին լիներ քսանհինգերորդ տարեդարձի առիթով, երբ ռասայիդ վերջին ներկայացուցիչն ես։

-Քույրիկս շատ էր սիրում ճապոնական պատկերազարդ գրքեր։ Մանգա[5]։

Մինդին ինձ նման որբ է։ Դա մեզ միավորող գործոններից մեկն է։

-Շա՞տ բան ես հիշում նրա մասին։

-Ոչ այնքան։ Մոտավորապես հինգ տարեկան էի, երբ օդանավ եկանք։ Մինչև այդ հիշում եմ միայն, որ կրակոցներ էին որոտում, բոլորս մութ տեղերում էինք թաքնվում, փախչում էինք, լաց լինում և ուտելիք գողանում։ Քույրս միշտ կողքիս էր, որպեսզի հանգստացներ ինձ՝ մանգա կարդալով։ Իսկ հետո․․․

Միայն մեկ անգամ եմ նայել այդ տեսահոլովակը։ Մեր բարձր ուղեծրի երկնասպիտակավուն գունդը, որը Երկիր մոլորակն էր եղել, մի պահ տարուբերվեց աստերոիդի հարվածից, իսկ հետո տարածվող ավերման լուռ, փոթորկող ալիքները կուլ տվեցին երկրագունդը։

Դեպի ինձ եմ քաշում նրան և քնքշորեն համբուրում եմ ճակատը, որպեսզի հանգստացնեմ։

-Արի տխուր բաների մասին չխոսենք։

Այնքան պինդ է գրկում ինձ, ասես երբեք չի պատրաստվում բաց թողնել։

-Ինչ-որ բան հիշո՞ւմ ես մանգայի մասին, – հարցնում եմ ես։

-Հիշում եմ, որ դրանք լի էին հսկա ռոբոտներով։ Կարծում էի, թե Ճապոնիան շատ զորեղ է։

Փորձում եմ պատկերացնել դա․ հսկա հերոս ռոբոտները կատաղի կերպով աշխատում են ամբողջ Ճապոնիայով մեկ, որպեսզի փրկեն մարդկանց։

*

Վարչապետի ներողամտական խոսքերը հեռարձակվում էին բարձրախոսներով։ Ոմանք հեռախոսով էին նայում։

Գրեթե ոչինչ չեմ հիշում՝ բացի նրանից, որ բարակ ձայն և շատ հոգնած ու ծեր տեսք ուներ։ Անկեղծորեն վշտացած տեսք ուներ․ «Անհարմար դրության մեջ դրեցի մարդկանց»։

Ասեկոսեները ճշմարիտ էին։ Նավաշինարարները գումար էին ստացել կառավարությունից, բայց չէին կառուցել տիեզերանավեր, որոնք բավականին ամուր կլինեին կամ ունակ կլինեին անելու այն, ինչ խոստացվել էր։ Եվ մինչև ամենավերջին պահը շարունակում էին այդ վանկախաղը։ Մենք ճշմարտությունն իմացանք միայն այն ժամանակ, երբ արդեն չափից ավելի ուշ էր։

Ճապոնիան միակ երկիրը չէր, որ անհարմար դրության մեջ էր դրել իր ազգին։ Աշխարհի մյուս երկրները վիճում էին այն մասին, թե ով և ինչ ներդրում պետք է ունենար տարհանման միասնական աշխատանքի մեջ, երբ առաջին անգամ հայտնաբերվել էր, որ Համմերը Երկիր մոլորակի հետ բախման ճանապարհին էր։ Այնուհետև, երբ պլանը տապալվել էր, մեծամասնությունը որոշել էր հույսը դնել նրա վրա, որ Համմերը կվրիպեր, և դրա փոխարեն գումարներն ու մարդկային կյանքերը վատնել միմյանց դեմ պայքարի վրա։

Վարչապետի ելույթից հետո ամբոխը լուռ էր։ Մի քանի բարկացած ձայներ լսվեցին, բայց շատ չանցած դրանք նույնպես լռեցին։ Կարգուկանոնը պահպանելով՝ մարդիկ աստիճանաբար սկսեցին հավաքել իրենց իրերն ու լքել ժամանակավոր ճամբարները։

*

-Մարդիկ ուղղակի տներով ցրվեցի՞ն, – թերահավատորեն հարցնում է Մինդին։

-Այո՛։

-Մի՞թե ո՛չ կողոպուտներ եղան, ո՛չ խուճապային փախուստներ, ո՛չ էլ զինվորական խռովություններ։

-Դա Ճապոնիան էր, – ասում եմ ես։ Եվ ձայնիս մեջ լսվում է հպարտությունը, ինչպես հայրիկիս մոտ։

-Կարծում եմ՝ մարդիկ ուղղակի համակերպվել էին, – ասում է Մինդին։ – Հանձնվեցին։ Գուցե մշակութային հարց է։

-Ո՛չ, – դժվարությամբ զսպում եմ ջղայնությունս։ Նրա խոսքերը նյարդայնացնում են ինձ, ինչպես որ Բոբբիի դիտարկումներն այն մասին, որ «Գո»-ն ձանձրալի խաղ է։ – Ամեն բան այդպես չէր։

*

-Ո՞ւմ հետ է հայրիկը զրուցում, – հարցրի ես։

-Բժիշկ Համիլթոնն է, – պատասխանեց մայրիկը։ – Մենք՝ ես, նա և հայրդ, միասին ենք սովորել Ամերիկայում։

Հետևում էի, թե ինչպես էր հայրիկը հեռախոսով անգլերեն խոսում։ Ասես բոլորովին ուրիշ մարդ լիներ․ բանն ամենևին էլ արտասանական երանգավորումն ու ձայնի բարձրությունը չէին․ նրա դիմագծերն ավելի աշխույժ էին, իսկ շարժուձևը՝ ավելի վայրի։ Օտարերկրացու տեսք ուներ։

Նա բղավեց խոսափողի մեջ։

-Ի՞նչ է հայրիկն ասում։

Մայրիկը, «շշըը» ասելով, լռեցրեց ինձ։ Հայացքը հառել էր հայրիկի վրա՝ որսալով նրա յուրաքանյուր բառը։

-Ո՛չ, – ասաց հայրիկը։ – Ո՛չ։

Թարգմանության կարիք չկար։

Այնուհետև մայրիկն ասաց․

-Նա փորձում է յուրովի ճիշտ վարվել։

-Ինչպես միշտ եսասեր է, – կտրուկ պատասխանում է հայրիկը։

-Արդարացի չես, – ասաց մայրիկը։ – Նա թաքուն չկապվեց ինձ հետ։ Փոխարենը զանգահարեց քեզ, քանի որ հավատում էր, որ եթե քո փոխարեն նա լիներ, ուրախությամբ փրկվելու հնարավորություն կտար կնոջը, ում սիրում է, նույնիսկ ուրիշ տղամարդու կողքին։

Հայրիկը նայեց մայրիկին։ Երբեք չէի լսել, որ ծնողներս միմյանց ասեն «ես սիրում եմ քեզ», բայց կան բառեր, որոնք պարտադիր չէ բարձրաձայնել, որպեսզի ճշմարիտ լինեն։

-Ես երբեք նրան չէի ասի «այո», – ժպտալով ասաց մայրիկը։ Այնուհետև գնաց խոհանոց՝ մեզ համար ճաշ պատրաստելու։ Հայրիկը հայացքով ճանապարհեց նրան։

-Հրաշալի օր է, – ասաց հայրիկն ինձ։ – Արի գնանք զբոսնելու։

Անցնում էինք մյուս հարևանների կողքով, որոնք քայլում էին մայթերով։ Ողջունում էինք իրար և հետաքրքրվում միմյանց որպիսությունով։ Թվում էր, թե բոլորը նորմալ էին։ Մթնշաղին Համմերն ավելի պայծառ շողշողաց գլխավերևում։

-Հավանաբար շատ վախեցած ես, Հիրո՛տո, – ասաց հայրիկը։

-Այլևս չե՞ն փորձելու ուրիշ տիեզերանավեր կառուցել։

Հայրիկը չպատասխանեց։ Քամին լսելի էր դարձնում վերջնամառային ճպուռների ճռռոցը․ ճռռ, ճռռ, ճռռռռռ։

«Ճպուռների ճռռոցի մեջ

Մի նշույլ անգամ չկա,

Որ շուտով մահանալու են»։

-Հայրի՞կ։

-Բասյոյի[6] բանաստեղծությունից է։ Հասկանո՞ւմ ես այն։

Տարուբերեցի գլուխս։ Այդքան էլ չէի սիրում բանաստեղծություններ։

Հայրիկը շունչ քաշեց և ժպտաց։ Նայեց մայր մտնող արևին և նորից խոսեց․

«Մարող արևային լույսը պահպանում է իր հարատև գեղեցկությունը

Չնայած որ այդքան մոտ է օրվա ավարտին»։

Ներքուստ կրկնեցի այդ տողերը։ Ինչ-որ մի բան հուզեց ինձ։ Փորձեցի խոսքերով արտահայտել զգացմունքներս․

-Ասես քնքուշ կատվիկը ներսից լիզում է սիրտս։

Ծիծաղելու փոխարեն հայրիկը հանդիսավոր կերպով գլխով արեց։

-Դասական Թանգ բանաստեղծ Լի Շանգինի բանաստեղծությունն է։ Թեև նա չինացի է, ճապոնացիներից շատ բան ունի։

Շարունակեցինք քայլել և կանգ առանք խատուտիկի դեղին ծաղկի մոտ։ Անկյունը, որի կողմ թեքված էր ծաղիկը, շատ գեղեցիկ թվաց ինձ։ Կատվիկի՝ սիրտս լիզելու զգացումը վերադարձավ։

-Ծաղիկը․․․, – տատանվեցի։ Չէի կարողանում համապատասխան բառեր գտնել։

Հայրիկը խոսեց․

«Խոնարհ ծաղիկը դեղին

Ինչպես Լուսնի շող,

Այս երեկո այնքան նրբին»։

Գլխով արեցի։ Այդ պատկերը միաժամանակ չափից ավելի կարճատև և հարատև տվաց, ճիշտ այնպես ինչպես մանուկ ժամանակ։ Միաժամանակ և՛ մի փոքր տխրեցի, և՛ երջանկացա։

-Ամեն բան անցողիկ է, Հիրո՛տո, – ասաց հայրիկը։ – Սրտում եղած զգացմունքը կոչվում է մոնո-նո ավարե։ Կյանքում ամեն բանի վաղանցիկության զգացումն է։ Ամեն բան՝ արևը, խատուտիկը, կնճիթավոր ճպուռը, Համմերը և մենք բոլորս, ենթարկվում է Ջեյմս Քլերկ Մաքսվելի[7] հավասարմանը, իսկ մենք բոլորս վաղանցիկ կառույցներ ենք, որոնց վիճակված է վերջիվերջո անհետանալու, լինի դա մեկ վայրկյան թե մի ամբողջ հավիտենություն հետո։

Հայացք գցեցի մաքուր փողոցների, դանդաղ քայլող մարդկանց, խոտի և երեկոյան լույսի վրա, և տեսա, որ ամեն բան իր տեղում էր, և ամեն բան կարգին էր։ Ես և հայրիկս շարունակում էինք քայլել, իսկ մեր ստվերներն իրար էին հպվում։

Չնայած որ Համմերը կախված էր գլխիս վերևում՝ ես չէի վախենում։

Թարգմանությունը անգլերեից՝ Էլիզա Ստեփանյանի

[1] Ճապոնական մշակույթի գեղագիտական կատեգորիա, հասկացություն, որը նշում է յուրաքանչյուր առարկայի և երևույթի թաքնված հմայքը, որոնց բացահայտումը գրական խնդիր է։ Մոնո-նո ավարեն առարկայի ճշմարիտ էությունն է, որն ունակ է առաջացնելու հուզմունք, հոգևոր արձագանք ընթերցողի մոտ։

[2] Ժամանակակից չինական գիր։

[3] Երբեմն թեթև առագաստներ կամ ֆոտոնային առագաստներ , որոնք մեծ հայելիների վրա արևի լույսի ազդեցության միջոցով լույսի ճնշումը օգտագործող տիեզերանավի շարժիչ ուժի տեսակ են։

[4] Սեղանի չինական կամ ճապոնական ավանդական խաղ, որտեղ խաղացողի հիմնական նպատակը տախտակի վրա հնարավորինս շատ տարածք զբաղեցնելն ու շրջափակելն է։

[5] Ճապոնական կոմիքսներ։

[6] Էդո դարաշրջանի ամենահայտնի բանաստեղծը Ճապոնիայում։

[7] 19-րդ դարի բրիտանացի (ծագումով՝ շոտլանդացի) ֆիզիկոս, մաթեմատիկոս։

 

1 Կարծիք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով