Սուրեն Սարումյան | Մտքեր պատերազմի մասին  

Լուսանկարը՝ Սուրեն Սարումյանի

Պատերազմից ճողոպրելու փորձը

Պատերազմից ճողպրելու փորձը, խոշոր հաշվով, անհեռանկար գործ է. այն մոլագարի հետևողականությամբ հետապնդում և ի վերջո հանում է բոլոր նախանշված զոհերին, առավել ծանր դեպքերում՝ նրանց զավակներին:

 

Հերոսների առասպելը

Առասպելի հարատևության տեսանկյունից՝ անխոցելի են միայն մահացած հերոսները: Ողջերը հարվածի տակ են, չէ որ հերթական պատերազմը, վերջապես ամուսնանալ հաջողացրած անառակ կնոջ պես, անողորմ է իր նախկինների նկատմամբ:

 

Մանուկներ լափող հրեշը

«Քաղաքակիրթ» մարդկությունը նման է վատ դիմահարդարված դիվային կնոջ: Բավական է պատերազմի կոշտուկապատ ափի թեթևակի հպումը, որպեսզի խոշոր կտորներով ցած թափվող շպարի տակից ձեզ նայեն մանուկներ լափող հրեշի որդնած ակնախոռոչները:

 

Պարտության դիցաբանությունը

Պարտությունն ունի նաև դիցաբանական կողմ: Այն հանգեցնում է ոչ միայն մարդկային կյանքերի ու տարածքների կորստի, այլև փլուզում է աշխարհը մարդու համար կանոնակարգված դարձնող բոլոր ճանաչողական կառուցվածքները: Պարտված մարդը ստիպված է հայացքը թեքել Կոսմոսից ու առերեսվել Քաոսի դժոխային անսահմանությանը:

 

Պատերազմը և աշխարհագրությունը

Քաղքենու համար հեռուստացույցով ընթացող պատերազմը արտասահմանյան երկրների աշխարհագրության լավագույն ուսուցիչն է:

 

Վազքի ուժը

Պատերազմը ոմանց օգնում է բացահայտել մշտապես թերագնահատված սեփական ոտքերի գրեթե անսպառ հնարավորությունները:

 

Պատերազմական փոխակերպումներ

Պատերազմը հասարակական էակ մարդուն զարմանալիորեն արագ փոխակերպում է կենսաբանական համակարգ մարդու, որի աշխարհը տեղավորվում է ֆիզիոլոգիական կարիքներ-ինքնապահպանման բնազդ-տեսակի շարունակության բնազդ եռանկյան սահմաններում:

 

Պատերազմն ու իրականությունը

Պատերազմն աշխարհաճանաչողության ամենից արյունոտ մեթոդն է, քանի որ, հողմացրիվ անելով աշխարհը մարդածին դարձնող երևակայական բարդ կառուցվածքները, ստիպում է մարմնի յուրաքանչյուր բջիջով ըմբռնել իրականության անողոք պարզությունը:

 

Պատերազմում ավելի երկար ապրողները

Երբ մարմինը յուրաքանչյուր բջիջով սկսում է ըմբռնել իրականության անողոք պարզությունը, մոտալուտ հոգեվարքից սարսափահար գիտակցությունը հուսահատորեն պաշտպանվում է՝ կառուցելով սնահավատությամբ շաղախված համոզմունքների անհեթեթ պատնեշներ: Սակայն պատերազմում ավելի երկար ապրում են նրանք, ում գիտակցությունը բավականաչափ խիզախ է վերոհիշյալ անողոք պարզությունն ընկալելու համար:

 

Լրացնելով Մոնտենին

Եթե փիլիսոփայելը նշանակում է սովորել մեռնել, ապա պատերազմելը նշանակում է սովորել փիլիսոփայել:

 

Սուբյեկտ, թե՞ օբյեկտ

Քաղաքակրթությունը մարդուն սովորեցրել է ինքն իրեն համարել սուբյեկտ, այնինչ պատերազմը հաշված ժամերի ընթացքում բացահայտում է իր տիրույթում գտնվողների օբյեկտ հանդիսանալը, օբյեկտ, որի լինելու տեղը, ժամանակը և կերպը որոշում են ուրիշները:

 

Մարմնի անձեռնմխելիությունը

Քաղաքակրթության ցուցիչներից մեկը մարդկային մարմնի անձեռնմխելիությանն ինստիտուտիցիոնալ բնույթ հաղորդելն է: Պատերազմի օրերին հեթանոսական զոհարանների ու հնդկացիական բուրգերի փլատակների տակից նորից դուրս են գալիս հին ժամանակների չար աստվածները, այն աստվածները, որոնց սիրելի ավարի թվում նաև մարդկային մարմնի արնածոր անդամներն են:

 

Ճշմարտությունը

Պատերազմի ժամանակ ճշմարտությունը դառնում է «գնդի որդի», ում երբեմն կուշտ կերակրում են, երբեմն էլ՝ կեղտոտ բռունցքով մի լավ հասցնում վզակոթին:

 

Սարսափելի բացահայտումը

Պատերազմի ամենից սարսափելի բացահայտումը սեփական անձիդ նկատմամբ, նրա բոլոր հնարավոր անցյալների և բոլոր հնարավոր ապագաների նկատմամբ Տիեզերքի անտարբերության ամբողջ խորությունը հասկանալն է: Ներկան դուրս է մնում այս ցանկից, քանի որ նա պատերազմի սիրելի կերակուրն է:

 

Զոհերն ու արքաները

Մարդկության մղած պատերազմներում զոհերի թվի աստիճանական աճը ուղիղ համեմատական է եղել արքաների՝ իրենց զորագնդերի մարտակարգից ժամանակի ընթացքում աստիճանաբար ավելացած հեռավորությանը:

 

Մասնատվողները

Ծառայողական պարտքը, ապրելու ցանկությունն ու օրենքը քաշքշում են պարաններից, որոնց ազատ ծայրերը մեռյալ կերպով հանգուցված են յուրաքանչյուր հրամանատարի ձեռքերին և ոտքերին: Հավասարակշռության ցանկացած խախտում ավարտվում է դժբախտի մարմնի արյունալի մասնատմամբ:

 

Տարբեր հայրենիքները

Պատերազմի ժամանակ հայրենիքը վախկոտի համար կառափնարան է, գանձագողի համար՝ արյունոտ հողի տակ թաքցված ոսկի, իսկ քաջի համար՝ հրապարակ, որտեղ կարելի է մրցել աստվածների հետ: Այդ ասպարեզում աստվածներին հաղթելը երբեմն հնարավոր է, ողջ մնալը՝ ոչ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *