Բանաստեղծները կարող են փոքրիկ միջադեպից ոգեշնչվել և բանաստեղծություններ գրել, քանդակագործները կարող են մի կտոր քարից մարդու իրական դեմք քանդակել, իսկ նկարիչները կարող են, կանաչ, կարմիր և մոխրագույն ներկերը կտավին քսելով՝ կախարդական կտավներ ստեղծել։ Եվ մի՞թե նրանք այդ ամենը չեն արել միայն մի աննշան ժպիտի կամ դեմքի մեկ շարժի համար։
Շըն Ցոնվըն
Շըն Ցոնվընը վեպը գրել է երեսունականների սկզբին, երբ Չինաստանում հասարակական-քաղաքական լարված շրջան էր։ Գիրքը լույսընծայելուց հետո այն հասարակության կողմից հեշտ և սիրով չի ընդունվել, իհարկե հետագայում փոխվում է ստեղծագործության նկատմամբ ընկալումը՝ հեղինակին բերելով մեծ ճանաչում, գրքին՝ դասական վեպի արժեք։
Իրականում երկն իր ընդգրկուն թեմատիկայով հեռու էր ժամանակի գրական հոսանքների պարտադրանքից․ 1930-ականներին չինական գրականության մեջ գերակշռող էր սոցիալ-քաղաքական, գաղափարական թեմաներով ստեղծագործությունները։
Գրքի ճակատագիրը կարծես նման է հենց վեպի գաղափարական ենթատեքստին։ Ինչպես ստեղծագործության ներդաշնակությունն է խախտվում ժամանակի, պատահականությունների, մարդկային ճակատագրերի, դեպքերի բուռն ու խառնակ ընթացքի փոխհաջորդումով, այնպես էլ վեպն է անցնում քննադատության, արգելքի, հետագայում իհարկե վերարժևորման ու բարձր գնահատանքի ճանապարհ։
Ստեղծագործությունը ծնվել է հեղինակի հայրենի Հունան նահանգի Չատոն լեռնային քաղաքի նկատմամբ ունեցած խոր սիրուց ու կապվածությունից։
Հեղինակը խորաթափանց մանրամասնությամբ ճանաչում և ընկալում էր տեղացիների հոգեբանական նկրտումները, կենցաղավարությունը, էթնիկ ավանդական դրսևորումները, իսկ ամենակարևորը քաջածանոթ էր տեղական բանահյուսությանը, որոնք հետագայում իրենց խոր դրսևորումներով ու արտահայտչականությամբ տեղ են գտել վեպում։
Շըն Ցոնվընը նախաբանում նշում է, որ ինքն ընդգծված սեր ունի հատկապես գյուղացիների ու զինվորականների նկատմամբ, և այդ զգացումներն ակնառու են իր գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Այս վեպում ևս ցույց է տալիս «աշխահի մի փոքր անկյունում ապրող» տեղացիների առավելություններն ու թերությունները, հասրակության փոփոխությունները, ժողովրդի փառահեղ անցյալն ու հետամնաց իրականությունը, գյուղի ներկան և թե ինչպիսին է եղել այն նախկինում։
Այս փոքր քաղաքում ապրող յուրաքանչյուր բնակիչ սիրո և ատելության վերաբերյալ իր սեփական սպասելիքներն ուներ, բայց թե կոնկրետ ինչի մասին էին մտածում բոլորը, դժվար էր ասել։
Թեպետ վեպի առանցքը սերն է, սակայն հեղինակը վեր է հանել բնության օրենքներին չհակասող կյանքի բանաձևումներ՝ հիմքում ունենալով տեղի հասարակ աշխատավորների վարքի ու ապրելակերպի, խոսքի ու գործի խաչաձևումները, կարիքի բեռի տակ կքած փոքր մարդկանց «գոյատևման» և «ինչպես գոյատևելու» հարցերը։
Վեպի ֆաբուլան զարգանում է երկու կարևոր առանցքի շուրջ՝ բնության ներդաշնակությունից սկզբնավորվող պարզ, ազնիվ կյանք և աշխարհ, որտեղ մարդու ճակատագիրը որոշվում է ոչ թե սեփական ցանկությամբ, այլ հանգամանքների թելադրանքով։
Վեպի հերոսուհին ապրում է սահմանային քաղաքի ծեր նավարար պապի հետ։
Աղջկա մայրը՝ նավարարի միակ դուստրը, տասնհինգ տարի առաջ «հոր թիկունքում» սիրային կապ է ունենում չատոնցի մի զինվորականի հետ։ Սերը փրկելու, միասին լինելու ցանկությամբ տոգորված տղան արդեն կրծքի տակ մանկան թրթիռը զգացող կնոջն առաջարկում է միասին փախչել, սակայն տեղական ճամբարում մարդկանց պաշտպանության պարտավորությունն իրագործող զինվորի համար փախչելը կդառնար դասալիքի խարան, իսկ աղջիկն էլ իր հերթին ստիպված կլիներ մենության մեջ թողնել սեփական հորը։ Մնում էր գերագույն սիրուն «տուրք տալ» ինքնասպանության համարձակ ու դաժանագույն, աններելի քայլով։
Երեխայի ծնվելուց հետո ծեր նավավարը, որի ուսերին է մնում թոռնուհու խնամքն ու ճակատագիրը, նայում է իր տունը շրջապատող բամբուկի, զմրուխտե թավուտներով պատված լեռներին ու հենց այդպես էլ փոքրիկին կոչում է Ցույցույ՝ զմրուխտե կանաչ։
Ցույցույը մեծանում է բնության մեջ՝ գետի, լեռների, նավակների ու պապի խնամքի ներքո։ Նա չէր տիրապետում քաղաքակրթության բարդ խաղերին, նրան խորթ էին կյանքի վայրիվերումները։
Հեզ ու անխարդախ միամտությամբ մեծացող Բայհե գետի նավավարի թռնուհին
հասնում է պատանեկության տարիքի՝ իր վրա կրելով նավահանգիստների պատասխանատու, սպա Շունշունի երկու որդիների՝ Թիենբաոյի և Նուոսոնի ուշադրությունն ու սերը։ Նրանք տարվում են Ցույցույի անմեղ գեղեցկությամբ։
Եղբայրները չեն դառնում սովորական մրցակիցներ, այլ փորձում են գործել՝ միմյանց չվնասելով։
Թիենբաոն հասկանում է, որ Ցույցույի սիրտը Նուոսոնի կողմն է, նա լուռ նահանջում է։ Սակայն հետագա իրադարձությունները ստանում են ողբերգական ընթացք․ Թիենբաոն մահանում է, Նուոսոնը՝ հեռանում։
Այստեղ թյուրիմացություններն ու պատահականությունները հանգեցնում են ողբերգության։ Սա ընդգծուն հակադրություն է, որը մեծացնում է վեպի նկատմամբ հետաքրքրությունը։
Ցույցույի ու Նուոսոնի սերը չի արտահայտվում ուղիղ խոստովանություններով։ Նրանց հայացքների լուռ շիկնանքը, սպասումը, երգերը օգնում են սպասվածն ու չասվածը վեր հանելուն։
Հերոսուհու զգացումը դանդաղ է ծնվում, և նույնիսկ այն իր համար է անորոշ։ Նա ապրում է ամաչելով, խորաթափանց լռությամբ, սպասումով։ Նրանք սիրում են, բայց անհամարձակ են այդ սերը «ձևակերպելու» և այն պաշտպանելու համար։
Ցույցույի կերպարը մաքրության, անմեղության և բնական գեղեցկության մարմնավորում է։ Հերոսուհու սիրտը չէր կարող գրելով, քանդակելով կամ գուցե նկարելով արտահայտել հոգում պարփակած սերն ու մենությունը։
Արդյո՞ք տղան կվերադառնար․․․ Հեղինակն այն թողնում է անորոշ՝ ցույց տալով այն սպասումը, որը շարունակում է ապրել անգամ գրքի էջերից դուրս։
Իրականում Շըն Ցոնվընն այս պարզ սյուժեի հիմքում թաքցրել է ժամանակի անցողիկության, մենության, կորստի, հիշողության շուրջ մտորելու՝ բարդ հարցերի մի ամբողջ շարք։
Պապը վեպի ամենահամոզիչ կերպարներից մեկն է։ Մի հավատարիմ ու աշխատասեր մարդ, որը կատարած աշխատանքի դիմաց հրաժարվում է ցանկացած տեսակի վարձատրությունից՝ արդարանալով, որ կառավարությունն արդեն իսկ իրավացի է վերաբերում իրեն՝ վճարելով կանոնավոր աշխատավարձ, իսկ նավը համայնքի սեփականությունն է, ուստի բոլորի համար փոխադրումը պետք է լինի ու մնա անվճար։
Արդեն յոթանասունին հասնող ծերունին քսան տարեկանից ապրում էր այս փոքրիկ գետի մոտ և դժվար էր գուշակել, թե անցած հիսուն տարիներին քանի մարդ էր տեղափոխել իր լաստանավը։
Շրջապատին ցուցաբերած գթասիրտ վերաբերմունքից զատ ծերունին հոգում փայփայում էր սիրելի թոռնուհուն ապահով ու երջանիկ տեսնելու ցանկությունը, սակայն ամենազոր կյանքը երբեմն անկարող է մահվան դեմ պատվար դառնալու համարձակություն ունենալ։
Նրա մահը պարզապես ծեր մարդու սովորական մահ չէր։ Թոռնուհուն թվում էր՝ կյանքից մի ամբողջ աշխարհ է հեռացել։
Շըն Ցոնվընը նկարագրում է մի աշխարհ, որտեղ բնությունը կերպավորվում ու շունչ է առնում։ Գետը, լաստանավը, անձրևը, երգերը, պագոդան, նույնիսկ ծաղիկներն ու երազները մասնակցում ու լրացնում են պատմության ընթացքը։
Ընթերցողի համար վեպն առանձնահատուկ է առաջին հայացքից պարզ, բայց ընդգրկուն խորհրդանիշներով։
Յոուշուեյ, նոր անունով Բայհե գետն «աղեղի պես կլոր էր, հունը պատված էր մեծ քարերով, հանդարտ հոսող ջուրը խորն էր, սակայն զուլալությունը թույլ էր տալիս հաշվել այս ու այն կողմ լողացող ձկնիկներին»։
Այն դիտորդին ստիպում է ներթափանցել անձնական ներաշխարհ, մտորել ու երազել անդադար։ Ասում են՝ «պոեզիայով և գեղանկարչությամբ հետաքրքրված մի ճանապարհորդ, մի ամբողջ ամիս, առանց փոքր-ինչ ձանձրույթի նավարկել է այս նեղ գետի երկայնքով»։
Գետն այստեղ պարզապես գեղեցիկ նկարագրություն չէ, խորհրդանշում է կյանքի ընթացքն ու բաժանարար սահմանը, կանգ չառնող ժամանակը։ Այն նման է ճակատագրի, ինչքան էլ փորձես կառավարել, միևնույն է, այն գտնում է իր հունն ու հոսում այնպես, ինչպես ի վերուստ է թելադրված։
Քառակուսի քթով լաստանավը կարելի է համարել կյանքի անցման խորհրդանիշ։ Պապն իր կյանքի ողջ ընթացքում, ոտաբոբիկ, հաճախ գլխաբաց, արևի ու անձրևի տակ չարչարվելով՝ կարողացել է մարդկանց զգուշաբար ու ապահով տեղափոխել է մի ափից մյուսը, սակայն նրան այդպես էլ չի հաջողվում ուղեկից դառնալ թոռնուհու կյանքի ամենակարևոր՝ երջանկության սահմանը հասցնելուն։ Նավն անհետանում է՝ կորցնելով տարիների կենսագրությունը։
«Ծնողներիդ երգից ծնվեցիր դու»,-ասում է պապը Ցույցույին։ Այս ստեղծագործության մեջ երգը կարելի է համարել չասված սիրո խորհրդանիշ։ Նուոսոնը կարծես գտնում է Ցույցույին իր սերը փոխանցելու լեզուն․ դա երգն էր։ Երգը հերոսների համար համարձակություն էր, միջոց ամենակարևորն ու չասվածն արտահայտելու համար։
Վեպում դեղին շան գործառույթը դուրս է մարդկանց ծառայելու կենդանական բնազդից։ Չորքոտանին իր տեղն էր գտել պապի ու թոռնուհու առօրյա աշխարհում, նա հավատարմության ու միասնության սիմվոլ էր։
Վեպը հարուստ է նաև պատկերավոր, իմաստալից արտահայտություններով, որոնցից որոշները, կապված ժողովրդի մտայնության ու խորհրդածությունների հետ, գուցե և բանահյուսական ծագում ունեն․
Աղբյուրի ջուրը սարերից հեռանալիս է պղտորվում։
Սայլն իր ճամփով կգնա, ձին՝ իր։
Ամեն նավ իր նավամատույցն ունի, իսկ ճնճղուկը՝ իր բույնը։
Կրակն ամեն տեղ կբռնկվի, ջուրն ամենուր կհոսի, և սերն ամենքին կդիպչի։
Անտառում բուն լավ ձայն չունի, բայց երբ կին է ուզում, փոխարինող չի գտնում, ինքն է իր համար երգում։
Առանց առիթի բուդդայական տաճարի գանձերի սրահ չեն գնում։
Մահացածներն արևմուտք են գնում, իսկ ողջերը՝ ձեռք բերում հավերժական խաղաղություն։
«Սահմանային քաղաքը» մռայլ վեպ չէ, այստեղ շատ է արևը, սարերը, ջրի պարզությունը, ոլոռագույն կանաչը, երգը, երիտասարդությունը․․․
Շըն Ցոնվընն այս վեպով փորձել է ստեղծել մի աշխարհ, որտեղ մարդը դեռևս չի կորցրել հոգուց բխող հումանիզմն ու սպասման մեջ թևաբախող բարության անսահմանությունը։
Չինական արձակի ոգին Շըն Ցոնվընի «Սահմանային քաղաքը» վեպում
Նաիրա Աբրահամյանի հոդվածը նվիրված է 20-րդ դարի չինական դասական արձակի առանցքային գործերից մեկին՝ Շըն Ցոնվընի «Սահմանային քաղաքը» վեպին։ Հեղինակը քննում է ստեղծագործության գաղափարական շերտերը, տեղական բանահյուսության ու բնության խորհրդանիշները, ինչպես նաև պատահականությունների ու ճակատագրի բախումը պարզ մարդկանց ազնիվ ու նե…
• 6 րոպե