Նամակներ հռոմեացի բարեկամին

Իոսիֆ Բրոդսկի

Նամակներ հռոմեացի բարեկամին

(Մարցիալիսից)

* * *

Հողմահար են ալիքները այսօր ծովում:
Պար կբռնեն շուտով աշնան գույներն էլի:
Երանգներն այդ ավելի են, Պո՜ստում, թովում,
քան փոփոխումն ընկերուհու հագուստների:

Աղջկա հետ զվարճանքի սահմանը կա –
չես նվաճի արմունկից ու ծնկից ավել:
Բերկրալից է գեղեցիկը անմարմնական.
ոչ գրկել է հնարավոր, ոչ էլ՝ դավել:

 

* * *
Ուղարկում եմ քեզ, իմ Պո՜ստում, այս գրքերը:
Ի՞նչ կա-չկա մայր քաղաքում: Լավ քնու՞մ եք:
Ո՞նց է Կեսարն: Ի՞նչ է անում: Նույն կրքե՞րը:
Խարդավանքներ, ագահություն, առմիշտ նույնը:

Ես նստած եմ իմ այգու մեջ: Վառվող կանթեղ:
Ոչ սիրուհի, ոչ ծառաներ, ոչ մտերիմ:
Այս աշխարհի ուժեղների-թույլերի տեղ
լոկ բաղաձայն դռդռոցն է միջատների:

 

* * *
Աստ պառկած է մի ասիացի վաճառական:
Հմուտ մարդ էր – գործունյա էր, բայց աննշմար:
Արագ մեռավ. տենդ էր ու վերջ: Առեւտրական
գործերով էր այստեղ եւ ոչ՝ դրա համար:

Նրա կողքին՝ կվարցի տակ – մի լեգեոներ:
Թեժ մարտերում Կայսրությունն էր փառաբանում:
Քանի՛ անգամ կսպանեին, բայց մեռավ ծեր:
Այստեղ անգամ, Պոստում, կանոն չի դիմանում:

 

* * *
Ճշմարիտ է, որ թռչուն չէ, Պոստում, հավը,
բայց դառնություն կվաստակես խելքով հավի:
Թե ծնվել ես Կայսրությունում, ապա լավ է
գնաս ապրես խուլ գավառում՝ ափին ծովի:

Համ Կեսարից հեռու, համ էլ՝ հողմ ու բքից:
Ոչ քծնանքը, ոչ էլ վախն է ոտքդ կապում:
Կուսակալներն ավազա՞կ են ու գողակի՞ց:
Սակայն լավ է գողը, քան թե՝ արյունարբուն:

 

* * *
Համաձայն եմ ես, հետերա, այս տարափին
մեկտեղ լինենք, բայց առեւտուր ինձ հետ չանես.
մեկ սեստերցիո՞ւմ ծածկող մարմնից, վա՛յ քո չափին.
միեւնույն է, թե տանիքից դերձան հանես:

Ինձ ասում ես՝ կաթկթո՞ւմ եմ: Ո՞ւր է լիճը:
Որ ես լճա՛կ գոյացընեմ… Գնա գործի՛դ…
Մարդ կճարես ու քարշ կտաս քո մահիճը,
այ, հենց նա՜ էլ կկաթկթի քո ծածկոցին:

 

* * *
Ահա եւ մենք անցկացըրինք շատը կյանքի:
Ինչպես ասաց մի ծեր ստրուկ պանդոկի դեմ.
Ետ շրջվելիս միշտ դիպչում ենք ավերակի՚:
Խիստ բարբարոս հայացք է, բայց ճիշտ է, ի դեպ:

Սարում էի: Ծաղիկներ եմ ահա փնջել:
Մի կուժ գտնեմ ու ջուր լցնեմ նրանց համար…
Որտե՞ղ էր դա, Պոստում, արդյոք, Լիբիայում չէ՞ր,
Մի՞թե իրոք կռվի մեջ ենք մինչեւ հիմա:

 

* * *
Կուսակալի քույրը, Պոստում, չե՞ս մոռացել.
Ինքը՝ նիհար, լիքը-լիքը՝ տոտիկները:
Որ քո հետ էլ քնեց… Հիմա քուրմ է դարձել:
Քրմուհի է, աստվածներն են մոտիկները:

Վեր կաց, արի, ընտիր գինի խմենք հացով:
Կամ սալորով: Նորություններ կբերես ինձ:
Տեղդ այգում՝ բաց երկնքի տակ կգցեմ,
ու կպատմեմ քեզ ամենավառ աստղերից:

 

* * *
Շուտով, Պոստում, բանաստեղծը քո բարեկամ
հեռանալու իր հին պարտքը պիտի փակի:
Բարձիս տակ է ունեցածս՝ ինչ կա-չկա,
շատ չէ, սակայն իմ թաղմանը կհերիքի:

Քո սեւաթույր զամբիկն հեծիր, գնա տունը`
մեր քաղաքի պարսպի տակ, հետերաներ
վարձիր, նրանց սեր անելու գինը տուր, ու
թող, որ հենց այդ նույն գնով էլ ողբս անեն:

 

* * *
Դափնու կանաչ՝ հասած մինչեւ սարսռադող:
Լուսամուտը փոշեծածկ է, բաց է դուռը:
Լքված մահիճ, մի անկյունում՝ թափուր աթոռ:
Գործվածք՝ խմած կեսօրարփու դեղին հուրը:

Պինիաներից անդին խշշում է Պոնտոսը:
Հրվանդանում մի նավ քամու հետ է վիճում:
Նստարանին չորուկ – Ավագ Պլինիոսը:
Կեռնեխիկը ճռվողում է վարսքում նոճու:
Մարտ, 1972

Թարգմ.՝ Ավագ Եփրեմյան

 

Վահագն Աթաբեկյան

Նամակներ հռոմեացի բարեկամից

 

* * *
Աշունն անցավ, այգում տերեւ չկա արդեն,
Պար կբռնեն շուտով ձմռան հողմերն էլի,
Կիպարիսներն էլ ավելի են տխրադեմ,
Ուռենիներն՝ էլ ավելի ողորմելի։

Ժամանակի նման՝ նայող, բայց չըտեսնող,
Հայելու պես՝ արտացոլող, բայց չըհիշող,
Այս աշունն ինձ խանձարուրեց նոր ըզգեստով՝
Պարզ բառերի բալասանով ու հաշիշով։

 

* * *
Նամակներդ ուշացումով, բայց տեղ հասան։
Այստեղ անգամ սուրհանդակներն են շնացել,
Թեեւ շատ չէ մեղքը իրենց, շիտակն ասած,
Ծերակույտում նամակ գրող չի մնացել։

Հարցընում ես՝ ոնց է Կեսա՞րն. Էն չի, կարծեմ,
Ճառերն անգամ կցկտուր են ու անհավես։
Կուսակալի քույրն, ասում ես, քու՞րմ է դարձել,
Չեմ զարմանում։ Որտեղ տեսնես՝ կբարեւես։

 

* * *
Թաղման միտքդ ինձ դուր եկավ, այսօրեւեթ,
Հետերաներ վարձեմ թե ինձ, թե քեզ համար,
Թող նույն գնով, որով սեր են արել մեզ հետ,
Նույն գնով էլ մեզ ծառայեն եղերամայր։

Միայն խնդրանք. Մահվան մասին էլ չենք խոսի,
Ասում ես՝ գա՞մ։ Շատ կուզեի։ Մեկ էլ տեսար։
Երանի քեզ, որ հեռու ես այս քաոսից,
Ոչ կուսակալ ունես կողքիդ, ոչ էլ՝ կեսար։

 

* * *
Ամբողջ Սենատն է համակել, իմ բարեկամ,
Պալատական խաղի վարակ, դավի բացիլ,
Մերցեդոնիուսն ամբողջանա՝ ելնեմ ու գամ,
Բանից տեղյակ ոչ-ոք չունեմ քեզնից բացի,

Գամ՝ զրուցենք, հարբենք, երգենք ու հոխորտանք,
Թե ով եկավ, որտեղ տեսավ եւ ում հաղթեց,
Հետո տեղս այգում գցիր, երկնքի տակ,
Ու հիշեցրու անվանումները ինձ աստեղց։

 

* * *
Ասում ես, թե՝ կեսից շատը անց է կացել,
Իմ կյանքն էլ է անցել արդեն կեսից ավել։
Բան չմնաց։ Ճիշտ է ասել ստրուկը ծեր,
Թե՝ թիկունքում մենք տեսնում ենք միայն ավեր։

Մի այլ խոսք էլ քո հետերան երեկ ասաց,
Այդքան դաժան միայն ինքը կընկատեր.
Ոչ մի ըստրուկ չի՛ երազում՝ լինել ազատ,
Այլ որ՝ ի՛նքը մի օր դառնա ըստրկատեր։

 

* * *
Վաղուց եմ ես սովոր կանանց չեմուչումին,
Չես նվաճի արմունկից կամ ծնկից ավել,
Գեղեցիկը, համաձայն եմ, մարմին չունի՝
Ոչ տիրանալ է կարելի, ոչ՝ խարդավել։

Հենց մարմինն է արտազատում ցավ ու կըսկիծ,
Էնպես որ՝ ինձ մի հորդորի՝ մեկին կապվել։
Այս տարիքում նոր կյանք, ավաղ, չես ըսկսի,
Բայց կարելի է վերջապես հինը ապրել։

 

* * *
Ժամանակն իր ավանակն է հրում առաջ,
Ու ետեւից՝ սլանում են մեծ խաբարով
Սուֆեկտուսներն՝ էլ ավելի լալահառաչ,
Օպտիմատներն՝ էլ ավելի իգաբարո։

Ի՞նչ են ուզում, ո՞ւր են սուրում այսպես փութով
Սեւեռումով վերոհիշյալ ավանակի,
Կասկած չկա, որ այս վազքի մեջ ես շուտով
Անհուսորեն առաջ կընկնեմ ժամանակից։

 

* * *
Ահա։ Այսու՝ Բան չըսպասես այս կողմերից,
Զի՝ գլխիկոր եւ կարկամած ափիբերան
Ցանած-հնձած քամու միջով եւ հողմերի
հեռանում են Աստվածները շարվեշարան,

Ու՝ մաղթելով խաղաղություն ամենեցուն,
Ձայնալարից ետ քերելով ամեն մի ձայն,
Ոչ թե թողնում են մնացյալ լռություն,
Այլ՝ մեկընդմիշտ դատապարտում են լուռության։

 

* * *
Հրաժեշտից առաջ գուժեմ՝ առ Մարցիալիս.
Վճարված են մուրհակներս, բեռս՝ թեթեւ,
Հետս ոչինչ չեմ վերցընում իմ անցյալից,
Ես՝ անանցյալ մի կատարյալ այսուհետեւ։

Չեմ ափսոսում, որ ողջ մի կյանք անկարեկից
ու անբեւեռ նավարկեցի վշտի ծովում,
Իմ արյունն էր ծորում անվերջ սակրալ վերքից,
Բայց հայելին միայն սեր էր արտացոլում։

դեկտեմբեր 1989-դեկտեմբեր 2016 գումարած եւս 57 ակնթարթ

 

Մհեր Արշակյան

Նամակներ «առ հռովմայեցին»

(ըստ Իոսիֆ Բրոդսկու)

Ավագ Եփրեմյանին
Վահագն Աթաբեկյանին
Տիգրան Պասկևիչյանին

Մոլորակդ պիտի փոխես քո մեջ, Պոստում,
էլ հայտնի է մեռնողների հասցեն այստեղ,
այս կյանքը դեռ իր տեղում է՝ ասք ու խոսքում,
և ոչ մեկը չի ալարում քեզ բամբասել:

Ես այստեղ եմ՝ նոր Հռոմում, մինչև գարուն,
նույն մարդիկ են՝ նույն կրքերի փերուն հեծած,
նույն տերևներն են ծառերին փառակալում,
քեզնից մի քիչ միայն խեղճ կամ կնամեծար:

 

* * *

Քանի՞ տարի ես Հռոմից ձախ ապրեցի,
կղզիներից մեկի վրա՝ մի ճահճադուռ,
մարդիկ այստեղ քեն են քշում ժամը վեցից,
մոծակների վրա կամ թե՝ Վըտարանդու:

Քամիները նահանջում են այստեղ, Պոստում,
բայց բերում են,-ինչպես ասեմ,-բախտի էջեր,
ամբոխներից ի՞նչ սպասես, չեն պլստում
ոչ մի կյանքից, բայց դժգոհ են, թե դա կյանք չէ:

 

* * *

Քամիները նահանջում են, ոչ թե գալիս,
մենք այս ու՞ր ենք ընկել, Պոստում, գիտե՞ս մի բան,
հույսերն այստեղ պատճենվում են անցած կյանքից,
պատրանքները՝ էլ ավելի իրար նման:

Նոր Հռոմում, որին արդեն թիվ չեմ գտնում,
գերեզմաններն ավելի են պատմիչ դարձել,
ապրողները նույն դեմքերն են՝ոտքից գլուխ,
բայց ոչ մեկին չեմ ճանաչում, սա էլ հարց է:

 

* * *

Ես չեմ եկել սեր անելու, Հռոմում, ոչ,
սեր անելու իմ ձևերից բան չմնաց,
Պոստում, ապրելն ավելի է դառնում անկոչ,
Հին Հռոմում ես թողեցի իմ մարմինն այս:

Ես գրքերի մեջ եմ կրկին, հետս եմ բերել,
բառերն այդու ինձ տրվում են այս հողից պաղ.
այն, ինչը ինձ ներշնչում է քեզ բան գրել,
հենց դա էլ ինձ խանգարում է քեզ ասել Բան:

 

* * *

Պատերազմ էլ տեսանք, ի՞նչ էր, ահավոր ցավ,
ոչ մի աղոթք տեղ չհասավ՝ չեզոք, դեմ, կողմ,
վարակի պես սրտի ամեն կողքով անցավ
ու ներս մտավ ամեն զարկի հրավերքով:

Պոստում, կյանքը ազատվել է ինչ-որ բանից,
ու ապրողը էլի մենք ենք՝ տեղապտույտ,
վայ մեզ, եթե այս աշխարհին ենք արժանի,
վայ աշխարհին, որտեղ ոչ մենք, կյանքն է փտում:

 

* * *
Էլ մարդ չկա, որի հաշվին հպարտ լինես,
ոչ բանաստեղծ լինելն է մի բան, ոչ՝ Կեսար,
զուտ նախապես գնալուն եմ ապավինել
աշխարհից ու այս քաղաքից, մեկ էլ տեսար

ճակատագիրն ինքը գտավ մոտիվացիա
հերիքելու երկրի որբին, այրուն: Դե քո
աստվածներից ոմանց գիտեմ, փաստ է, անձամբ,
իսկ Կեսարին գիտեմ միայն երրորդ դեմքով:

 

* * *
Ահա, ծովից հայացք կտրել էլ չի լինում,
ուրկից հոտն եմ առնում չապրած դարձվածքների,
Կայսըրության կտրիճն անցյալ դարն է զինում,
իր սիրո մեջ չհասցնելով ծերը ծերին:

Ինչ-որ թաքուն մառախուղից ելնող հեզիվ
ես տեսնում եմ ավերակների վաղվա չուն:
Հիմա պետք է ուժեղ լինես ինքդ քեզնից
զառամյալի վերջին էջում, բայց ոչ՝ շնչում:

 

* * *
Այս կողմերում խոհ չի բսնում, ոչ էլ երկինք,
բայց կուռքերի կույտերի մեջ լեգենդաձայն
ես լսում եմ փըշաքաղված հետքով մեկի
վաղվա ծիծաղն ու լինելը չլերդացած:

Վերև նայիր, ի՞նչն է էլ մեզ վերաբերվում,
խռպոտ քնով ընկած ամեն ամպի ներքո,
նույնիսկ ցիներն են խցանվել այդ ամպերում.
մենք մենակ ենք ու կմնանք մենակ հերթով:

 

* * *

Այստեղ երկար չեմ մնալու որպես ճամփորդ,
իմ լինելու վճիռները դուրս են ինձնից,
իմ քրջերը գուցե պատմեն ավել մի փորձ
իմ գրքերից, իմ ափերից մինչև կղզի:

Ծովն աղմկում է քարերի քներակին,
դառն է այստեղ աստղաթափի թողած համը,
ու նախանցած, ու բախտավոր, ու հեռակիր
իմ լինելն է ՍՏՈՐագրում մի հոգնած մահ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *