Նարէկ Դալլաքյան | Անհասկանալի

Լուսանկարը՝ Աստղիկ Սարգսյանի

Կային շատ ժամանակներ: Կեղծ ու իրական,ցանկալի ու նախանձելի, ինչի չէ` նաև երազկոտ:Կային շատ ժամանակներ` ապրելու, ապրելու ձև ընտրելու, ապրելու փորձ անելու, և մեկ ուրիշ, ուրիշ` ունայնությունից ու այս բոլորից անդին` ապրելու վախի մասին, կամ վախի մեջ:
Ծառերը մի օր շատ կանաչ էին, քամին ներարկվում էր մեր քաղաքի նեղ փողոցների մեջ, գտնում էր ինձ մի ինչ-որ դալանում, որի պատին գրաֆիտով դեռ գրված չէր`
ես հոգնել եմ
ես հոգնել եմ
ես հոգնել եմ
գտնում էր ինձ ու խաղում մազերիս հետ, սահում դեմքիս վրայով, շփվում ու սողոսկրում սև ժակետիս կարերի մեջ առաջացած փոքր փոսիկների մեջ: Էտ օրերին քամին քամի էր, ինչպես ծառերն էին կանաչ տերևներով, ինչպես սրճարանները շատ տաք ու կոֆեն` անուշաբույր, ինչպես կոշիկներն էին շատ ամուր տակերով` փողոցով քայլելու ու մարդկանց աչքերից կախված պատմություններ պոկելու համար: Մի օր շատ դեղին էր, ինչպես գետնացումում իրար վրա դրված սովետական գրքերի էջերը` դեղին ու հոտով: Կային օրեր եղանակային հագնվելու ու հարդարվելու, նոր ձև լվացվելու, ունքեր սանրելու ու էտ օրերին փողոցից երաժշտության ձայնր էր լսվում: Ցուրտը հավես էր, շոգը` հաճելի:Էտ օրերին աղջիկները սիրուն էին, տատանվում էր հագած դերիայի փեշերը` խաղում ծնկների հետ, շրթներկը արտահայտվող էր, իսկ մազերը առկայծում էր արևի դեղին շողերի պես, էտ օրերին խորթ չէր առկայծել բառը, արևի շողը, ինչ-որ դեղնագույն մազերը, կամ ընդհանրապես սենտիմենտալ էս նկատելի զգացողությունը:
Ծառերը մի օր շատ սև էին, ինչպես մեր քաղաքի նեղ փողոցները գիշերվա հազարին:Առավոտները ստամոքսում ահավոր դատարկություն զգալու, ջուր խմելու կարիքի ժամանակներ էին, շշերը դատարկելու, Կամյու կարդալու ու գրադարակները դատարկելով` չապրելը արդարացնելու ժամանակներ: Ժամանակն էր աբսուրդի: Քամին ինձ էլ չէր գտնում էն դալանի տակ, որի պատին արդեն գրված էր՝
ես հոգնել եմ
ես հոգնել եմ
ես հոգնել եմ
ես այնտեղ էի, բայց քամին չկար ու չկար:Ես այնտեղ էի, էտ օրերին ես հենց էտ տողերն էի, վերևինը, մեջտեղինը, կամ տակինը:
Հետո եկան օրեր, որ թվում է էլ երբեք չեն լքի:Վախ երբեքի մասին կամ երբեքի համար, ինչպես ձեռ կտա: Ծառեր էլ չկային, կամ կային, բայց դրանք արդեն այլ տեսք ունեին իմ աչքերի ներսում: Զարմանալի չէ, որովհետև հիմա իմ աչքերը հեռու ու անհայտ անապատներ են, որտեղ քարավաններ երբեք չեն գտնվի, աչքերս նեղուցներ են, որ ոչ նավ այնտեղով կմտնի, ոչ էլ դուրս կգա: Ծառեր, իսկ ինչ են ծառերը: Ծառեր, ծառեր, իմ հիշողության մեջ արդեն չկա նման հասկացողություն:Ես մոռանում եմ ամեն ինչ ու հիշում ու նկատում ցանկացած մանրուք:Էսօր նկատեցի կոժե բաճկոնիս վրա մի ինչ-որ կոճակ, որը եղել է ամենայն հավանականությամբ գնածս օրից ի վեր, իսկ ես չէի նկատել: Հիմա, երբ կանգնում եմ գետնին, թվում է թե էտ պահին արագ սոսնձում են կոշիկներս գետնին ու ես էլ երբեք չեմ կարողանա քայլել: Ես դժվարությամբ եմ բարձրանում ճանապարհից մայթ կապող քարերը և դժվարությամբ իջնում, դրանք ինձ համար սար ու անդունդ են, ես մոռնաում եմ ամեն բան, անգամ թե ինչ գրեցի վերևում և զգացողություն ունեմ որ ոչ թե ես էի ինչ-ոչ բան պատմում, այլ դու` ինձ, ու ուզում եմ հարցնեմ …ինչ էիր ասում…Մարդկանց հիմա նայելուց կամ իրենց կանգնած տեղից հեռվանում են, կամ չափից դուրս մոտենում, ուրիշ ոչինչ: Ես շատ զգայուն եմ, անընդհատ փրկվում եմ անցումներից օգտվելուց, մեքենաների սիգնալները, հիմա փորձեմ հիշել ոնց էր այդ բառի հայերեն տարբերակը, փորձում եմ դեռ հիշել, լավ, արի սենց թողնենք, ընթացքում երբ հիշեմ` կասեմ, ինձ անընդհատ վախեցնում են ու ամեն տեսակ աղմուկ ինձ ստիպում է վեր թռնել:Ես մոռացել եմ շատ իրերի անուններ, կամ մեկին տալիս եմ մյուսի անունը, իմ մտքերը վազում են չինական սրընթաց գնացքների պես, մի վարկյանում պատուհանից բացվող այս տեսարանում եմ, մյուսին` արդեն շատ հեռու:Գիշերները ես չեմ քնում, չէ, քնում եմ, բայց թվում է ամբողջ գիշեր բարձր ձայնով մտածում եմ ու ամբողջ գիշեր այդ ձայններն ու իրենցից ծնված տեսիլքները աչքերս փակ` խորը քնի մեջ, ինձ արթուն են թողում:
Մեքենաների ձայնային ազդանշաններ, երևի թե սենց էին անվանում սիգնալին:
Նախշազարդ պատերը կամ հատակը երբեմն հեռուստացույց է ինձ համար դառնում, որովհետև երբեմն այդտեղ արտասովոր բաներ եմ տեսնում: Հիանալի դրվագ ինչ-որ ֆիլմից, բայց միշտ չեմ կարողանում հիշել թե դա ինչ ֆիլմ էր:Ես սրճարաններում կոֆե եմ խմում մենակ, սրճարաններում հաց եմ ուտում մենակ` սենյակի կենտրոնում ու բոլորը ինձ են նայում, հաջորդ պահին կանգառում եմ, բայց չեմ հիշում ոնց հասա այստեղ, իսկ վաղը նույն տեղից կանգառ քայլելուց ես էնքան կձանձրանամ, որ ճանապարհի կեսից մառշուտկա կնստեմ, կգնամ դեպի կանգառ, մի րոպեից կիջնեմ, կնստեմ կանգառի նստարանին ու կհանգստանամ, մինչև կգա ավտոբուսը, կնստեմ ավտոբուս ու կհասկանամ, որ սխալ համար եմ նստել, կնստեմ ճիշտ համարի ավտոբուսը կգնամ տուն, բայց իջնելուց կգիտակցեմ, որ չէի ուզում տուն գայի, բայց եկա, հետո նորից կվերադառնամ:
Սենյակումս առանց ականջակալի երգ եմ լսում, միանգամից եգն անջատում եմ ու լռությունը ընենց է հարվածում ականջներիս, բըմփ, այ սենց ձայն է գալիս, ականջներիս մեջ լռություն, էնքան բարձր, որ թվում է սենյակում կուտակված լռության ձայնը սոսկալի քանակով ավելի բարձր էր, քան հենց բուն երաժշտության ձայնը:Սիրտս արագ բաբախում է, հայացքս ու լսողությունս աջից ձախից որսում է ձայներ ու թարթող լույսեր:Մարդկանց հասարակ հարցերն ու պատասխանները ինձ խոր մտորելու տեղի են տալիս, օրինակ երբ ասում եմ խանութում աշխատող վաճառողուհուն, որ հաց տա, իսկ ինքը հարցնում է` որից, մեծից թե փոքրից, ես սկսում եմ խորանալ ու հետին միտք փնտրել: Ես հետին միտք եմ փնտրում ամենուր: Ես մտածում եմ հեռավորության մասին ու հեռավոր բառից առաջացած բոլոր բառերի ու դրա հետ կապված բոլոր զգացողությունների մասին ու ես սենց եմ վարվում գրեթե բոլոր բառերի հետ:Ես Sigur Rós եմ լսում, գրում ու մտածում եմ քնելու մասին, ես պառկած եմ հիմա, բայց մոռացել եմ քնելու մասին:Ես պառկում եմ ու մտածում, որ հիմա ինչ-որ բան է կատարվում իմ հետ, ասում եմ հիշեմ վաղը ասեմ սրա մասին Աննային, հետո մտածում եմ որ վաղը իրան ասեմ սրա մասին կհիշեմ էն պահը, երբ մտածում եմ էի կարելի է իրան ասել դրա մասին, ես մտածում եմ, որ էսքան բանը մտածում եմ ու մտածում եմ, որ վաղը անմայման ասելուց հիշեմ, որ էսքանը բանը էս պահին մտածում եմ, հետո մտածում եմ, թե էս ինչքան երկար ու իրար մեջ մտած բաների մասին եմ մտածում ու էտ վիճակը կտրում է ինձ անդորրից:
Ես անբանուկ փողոցներում շատ բարձր լսում եմ մարդկանց կոշիկների ձայնները, իսկ ճանապարհները, որտեղից քիչ մեքենաներ են անցնում ես շատ զգույշ եմ անցնում, որովհետև հեռվում թվացող երկու սպիտակ լույսերը ինձ շատ մոտ են թվում:Մարդկանց նայում եմ ու ոչինչ չի կատարվում:Ես անընդհատ աչքերս փակում եմ մի քանի երկար վարկյան պահում ու նորից բացում, ես անընդհատ Ա կետից Բ կետ եմ քայլում:Մի քիչ առաջ 23:59 էր, իսկ նոր նայեցի կոմպի ժամին արդեն 1:29 էր, իսկ էս ընթացքը էնքան կարճ տևեց: Ինձ հրում են կամ էլ ուսերիս ծանր բեռ են դրել:Ես նստած տեղս անգիտակցաբար ձգում եմ մկաններս մի քանի րոպե անցնելուց հետո ցավից զգում եմ, որ մի բան էն չի, հանգիստ թողնում եմ ու տենց ընենց հանգստություն է հաղորդվում մարմնիս:
Էսօր 200 դրամ չայեվոյ թողեցի մինչև հիմա մտածում եմ՝ կարող է քիչ էր:Կանաչ լույս է պետք է քայլեմ, բոլորը քայլում են փոխում է կարմիր, հետո եմ հասկանում, որ ես էլ պիտի իրանց հետ քայլեի: Ընկերս բան է պատմում, ես էլ երեկ եմ նայել Interstellar- ը ու իր պատմութայն ժամանակ իրեն պատկերացնում եմ ֆիլմի մի դրվագներից մեկի մեջ, երբ ինքը հերոսի նման կանգնած է հիշողության ու իրականության խաչմերոկում ու աջից ձախից պատկերներ են գնում, իր պատմածները տեսնում եմ այդ մեծ պատկերների մեջ, իսկ իրեն` հերոսի պես տարածության մեջ տեղաշարժվելիս: Տաս րոպե սենյակումս կանգնած եմ ընթացքում նստում եմ աթոռին, հեռախոսս վերցնում եմ բլոկը բացում փակում ու տենց մի քանի անգամ, հետո փորձում եմ հիշել ինչի համար եմ եկել սենյակ, չեմ հիշում, մի քանի րոպեից հայտնվում է, հիշում եմ, որ եկել էի սենյակ քնելու:Գիշերվա 4-ա ձեն տվեց տանեցիներից մեկը ու հետո դուռը ծեծեցին, գնացի ստուգեցի փաստորեն ոչինչ էլ իրական չէր:
Ես անընդհատ գալարվում եմ, նայում եմ քեզ, բայց չեմ տեսնում, լսում եմ քեզ, բայց որ հարցնես չեմ կարող պատասխանել թե ինչ ես ասել: Ես սենյակից գնում եմ բաղնիք` ատամեներս լվացելու, մտնում եմ բաղնիք ու ապշում, սկսում եմ հիշել ճանապարհը, որ հենց նոր անցա, մի պահ թվում է թե դա չկա, որվհետև նոր ես այդտեղով չանցա: Վերադառնում եմ սենյակ հանում վերնաշապիկս, բայց հասկանում եմ, որ գիշերանոցս է, որ նոր էի հագել նախքան բաղնիք գնալը:
Բարձին գլուխս դրած մեկը հարցնում է` ինչի համար է էս ամեն ինչը, գիտես ինչ է ինձ պատասխանում.
մի օր ձանձրույթից խեղդվում էինք, կյանքը ուզեց մեզ զբաղմունք տալ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *