Նունե Մաթևոսյան | Հետո․․․

Հետո․․․
Հետո մենք կփակենք դռները,
Կկողպենք հիշողություններն ու մի բուռ հող կլցնենք վրան,
Բուռը բռի հետևից՝ մինչև կկորցնենք թելի ծայրը՝ մեզ իրար կապող։
Հետո խունկ կծխեն՝
Ողորմություն տալով մեռածներին,
Խաչ նկարելով մեռած ու հենց նոր թաղված,
թարմ հողագնդից դեռ դուրս թռչելու պատրաստ զգացմունքներին։
Հետո աչք կթացացնեն,
Դե մի փոքր էլ շուրթերը՝
Թրջելով մի բաժակ թունդ օղիով․
Դե որովհետև ես այդպես էլ խմել չսովորեցի,
Իսկ հոգեհացին գինի չեն մատուցում։
Մի քիչ աչք կթացացնենք,
Մի քիչ սիրտ կցավացնենք,
Իսկ հետո կանցնի․․․
Մի քիչ կխեղդվենք,
Կչարանանք մարդկանց դեմ,
Կատենք մեզ ու միմյանց,
Բայց հետո կանցնի․․․
Կանցնի․․․ ու կմոռանանք․
Միևնույն է, թե երբ,
Միևնույն է, թե ում․
Վերջում բոլորիս էլ մոռանում են։
Չեն հիշում, երբ կարիքը չեն զգում՝
Քեզ սիրելու, լսելու, օգտագործելու, սխալներդ երեսովդ տալու։
Չեն հիշում, եթե չեն ուզում։
Չեն գալիս, եթե չեն ուզում։
Չեն սպասում, չեն զանգում, չեն գրում․․․
Ի վերջո՝ ուղղակի մոռանում են, եթե հիշել չեն ուզում։
Քե՛զ էլ կմոռանան,
Ի՛նձ էլ,
Յուղոտ ձեռքերով փնթի հարևանի՛ն էլ,
Գիշերը տաքացնող սիրուհիներին,
Աչք թացացնող, երրորդ երեխայի տակաշորը փոխող
ու իր կյանքն անվերջ անիծող կնոջը,
Բոլորին․․․
Բոլորիս․․․
Կթաղեն,
Գուցե խունկ էլ կծխեն ու շուրթ կթացացնեն մի բաժակ օղիով
Չնայած՝ հոգեհաց չկա,
Բայց գինով օղորմի չեն տալիս մեռածներին։
Հետո կհեռանան,
Որովհետև ոչ ոք այլևս չի լացի գերեզմանաքարերին։
Մարդ չի լինի, ում մազեր փետելուն նայեն
Ու խղճան վաղահաս կորստի համար,
Կհեռանան, որովհետև հոգեհացին միս չէին հյուրասիրել,
Հետո ինչ, որ ջահելների համար հոգեհաց չի տրվում։
Թերևս դրանից են ծերերին հեշտ հանձնում հողին․
Կուշտ փորով ուտելու են ու մարսեն․
Ջահելինը կուլ չի գնում․
Ընդունված չի։
Կհեռանան՝
Քեզնի՛ց էլ,
Ինձնի՛ց էլ,
Յուղոտ ձեռքերով փնթի հարևանի՛ց էլ,
Գիշերը տաքացնող սիրուհիներից,
Աչք թացացնող, երրորդ երեխայի տակաշորը փոխող
ու իր կյանքն անվերջ անիծող կնոջից․․․
Բոլորից․․․
Գինի ու միս չկա,
Բայց ջրով բացած սպիրտը մի քանի օր դեռ կխմեն,
Թթուն էլ հո լիքն է․
Հետո ինչ, որ լավ օրից չի։
Պիտի խմեն ու օղորմություն տան բոլոր մեռածներին․
Դեռ քանի՜ – քանիսը կան․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *