Աշխեն Պետրոսյան | Ո՞վ ես: Ոչ ոք

Հեթանոս կրակապաշտների նման բոլորի հայացքները կրակի մեջ էին, մինչդեռ կրակը ոչ մի բան էր, թերևս միայն սևեռման կետ, որը բոլորին վերապրել էր տալիս ինչ-որ բան: Ցաքուցրիվ բառերից այն կողմ ներհայեցում էր կրակը շուրջառածների ընդարմացած հոգիներում:
Փակվող աչքերը հետզհետե լքում էին կրակի պահապանի իրենց դիրքը: Անցյալը վերապրելու փոխարեն՝ ոմանք փորձեցին ապրել իրենց ներկան՝ հետաքրքրասեր աչքերից հեռու: Խարույկը շուրջառածների շարքերը նոսրացան. քչերի մեջ քեզ նկատեցի: Քո անընտել վիճակն ինձ վստահություն էր ներշնչում: Սկսեցի խոսել համարձակ թեմաներից և անտարբերությամբ հետևել արձագանքիդ. չեզոք ունկնդրի դերում էիր: Կարծես ինձ դուր էր եկել այդ վիճակդ: Ես հոգեպես ուժեղ գտա ինձ քեզնից և թույլ տվի, որ ինձ ուսումնասիրես: Ինձ համար միևնույնն էր՝ համամիտ ես ասածներիս, թե՝ ոչ: Չնայած ուժեղ արտաքինիդ՝ վստահ էի, որ ֆիզիկապես էլ եմ քեզնից ուժեղ: Կրակը մարում էր, իսկ մենք չէինք էլ փորձում այն վերարծարծել: Թերևս պատճառն այն էր, որ խարույկի սևեռումից դուրս գալ էր պետք: Միայն քեզ սկսեցի նկատել, որովհետև այլևս ոչ ոք չկար մոխիրների շուրջ: Հազիվ էիր ժպտում: Հեռացար՝ վերադառնալու պայմանով: Մենակ էինք՝ ես ու ես: Ինձ պարզապես հետաքրքիր էր՝ կվերադառնաս, թե՝ ոչ: Գունատ էիր, բայց դա ինձ չէր հուզում: Վերադարձար. ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ սկսեցիր վերափոխվել ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ: Այս անգամ արդեն ես խնդրեցի, որ գնաս հանգստանալու: Գնալուցդ հետո մնացինք մենակ՝ ես ու աչքերդ, որ ժպտալիս մեղմորեն նեղանում էին:
Առավոտյան հաճելի անքնությունս վերափոխվեց հիվանդագին ու զվարթ տրամադրության. կարծես այդ առավոտը ես վաստակած լինեի: Հարբուխ էր սկսվել ինձ մոտ, և անքուն աչքերիցս անընդհատ արցունքներ էին հոսում, թեև շարունակ ժպտում էի: Ուզում էի՝ մինչև վերջ սպառեմ ինձ ու փակեմ դուռը կյանքի այդ շրջափուլի համար, հետո սկսեմ նորը: Ես, զվարթացած իմ հիվանդ ու տգեղ տեսքից, արցունքոտ աչքերից, պճնանք չէի որոնում և ուրախ էի հրաժեշտի համար: Կիսատ ոչինչ չէի թողել ու անավարտության զգացում չունեի:
Ջանք չեմ թափում հիշել, թե ինչ առիթով հրաժեշտից երկար ժամանակ անց սկսեցինք նամակագրությունը, բայց ես զգում էի վերադարձ դեպի հին խարույկն ու հիվանդագին առավոտը: Երբևէ չեմ գայթակղվել իմ անձին ուղղված գեղեցիկ խոսքերի սնափառությունից, բայց դու իմ խոնավ ու հիվանդ աչքերը համարեցիր ամենագեղեցիկն ու տակնուվրա արիր գեղեցիկի մասին իմ պատկերացումները: Փորձեցի ինքս ինձ տեսնել քո աչքերով… և ինձ գեղեցիկ զգացի: ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻՑ վերածվեցիր ԱՄԵՆ ԻՆՉԻ: Թեև դեռ կարծում էի, որ քեզնից թե′ ֆիզիկապես, թե′ հոգեպես ավելի ուժեղ եմ, բայց ինձանից զորավորը կար, որի կախարդանքին չէի կարողանում դիմադրել: Քեզ վանում էի, բայց միևնույն ժամանակ ամենաանհնարին վայրերում հայացքով քեզ էի փնտրում, աղմուկի մեջ փորձում էի ձայնդ տարորոշել, աչքերիդ գույնը փնտրում էի ուրիշների աչքերում… Ամենուր քեզ էի փնտրում, միայն ոչ այնտեղ, որտեղ դու կաս, որովհետև չէի ուզում քեզ տեսնել իրականացած: Բայց դու իմ ամեն ինչն էիր, իմ անհնարինն էիր: Քո կամքից անկախ՝ իմ մեջ նորանոր տարածքներ էիր գրավում: Գիտեի, որ վերջը պարտություն է…
Բայց վերսկսեցինք նամակագրությունը: Նույնիսկ սկսեցինք խոսել կենցաղի թեմաներից… համատեղ կենցաղի: Գիտեի, որ անհնարին ես: Բայց դու ժպտում էիր, և ժպտալիս աչքերդ մեղմորեն նեղանում էին: Ու ես հորինեցի երջանկության որոնումներում հիվանդացած մտքերից ծնված մի տնակ, որտեղ ամաններ էի լվանում, իսկ դու տան բակում մեքենան էիր վերանորոգում: Ամանները լվանալուց հետո մոտեցա լուսամուտի գոգին ու սենյակային ծաղիկները սկսեցի ջրել: Աչքդ ընկավ լուսամուտին. հասկացար, որ հոգնել ես: Կիսատ թողեցիր գործդ ու տուն եկար: Մենք միասին թեյ խմեցինք, հետո դու ինձ դրեցիր նկարի շրջանակի մեջ, շրջանակը դրեցիր դաշնամուրի վրա՝ թարմ վարդերով ծաղկամանի մոտ, ու զմայլված ինձ նայեցիր այնքան ժամանակ, մինչև ծաղիկները թառամեցին… Ո′չ, սա իմ երազանքը չէր. սա քոնն էր: Երջանկության որոնումներում ես հորինեցի մի կանաչ դաշտ, որտեղ ազատ էինք: Չնայած մերն էին դաշտն ու ծաղիկները, բայց դու դաշտային ծաղիկները հավաքեցիր և ինձ նվիրեցիր, ու ես հիվանդացա: Ինձ մնաց ապրելու մեկ ամիս: Կորցնելու ոչինչ չունեի ու սիրեցի քեզ: Երջանկության խլրտուքի մեջ սկսեցի կասկածել հիվանդությանս գոյությանը և զղջացի ապրածս ծաղկային երջանկության համար, իսկ վերջում… ինքնաոչնչացա:
* * *
Երեք օր հետո ճերմակ շորերով քայլում եմ գետեզրին: Կարողանում եմ շնչել, զգալ, լսել…
_Կան նկարներ, որոնք միայն ես եմ տեսնում, որովհետև նկարված չեն: Նայի′ր, հեռվում թույլ մշուշված գիհու ծառեր, օդում նստած ագռավներ…
Անժամանակ հնչած խոսքից հանկարծակիի գալով՝ հարցնում եմ.
_Ո՞վ ես:
Ձայնը պատասխանում է.
_Ոչ ոք:
_Դու տեսնում ես այն, ինչ ես եմ մտածում, ո՞վ ես:
_Ոչ ոք:
_Իմ շունչն ես շնչում, ո՞վ ես:
_Կարևոր չէ, դու ես կարևորը:
_Դու ինձ տեսնում ես ամբողջությամբ, բայց դու չես երևում, ո՞վ ես:
_Ես ոչ ոք եմ:
Հազվադեպ եմ գիտակցում քո ներկայությունը, որոհետև շնչում ես իմ շնչին համաչափ և ներկայությունդ չես մատնում: Որևէ մեկն ինձ այսքան մոտ չի եղել, իսկ դու շնչում ես իմ արտաշունչը: Այնքա՜ն լուռ ես, որ ինձանից չես գողանում իմ մենությունը: Ես կարող եմ ինքս ինձ համար երգել ու չամաչել, որ լսում ես ինձ, որովհետև դու ՈՉ ՈՔ ես, որովհետև դու կարծես չկաս և չես ուզում դառնալ իմ ԱՄԵՆ ԻՆՉԸ: Շատ մութ գիշերներին երբեմն զգում եմ, որ թաց է իմ բարձը, բայց ես չեմ լացել: Երբեք չես աղմկում, չես դժգոհում իմ անուշադրությունից, չես մեղադրում, չես սպասում հետադարձ ակնկալիքով: Գուցե իսկապես չկաս, և ես եմ քեզ հորինում այն երգի նման, որ երգում եմ ինքս ինձ համար:
_Դու ինձ հանեցիր այն կրակից, ու ես չայրվեցի: Հետկանչ չկա իմ մեջ այլևս: Խնդրում եմ, ասա′՝ ով ես:
_Ոչ ոք:
_Ինչո՞ւ չես հայտնում քո գոյությունը. ես քեզ չեմ մատնի: Երբեք չես հիշեցնում քո մասին, դու չունե՞ս իմ կարիքը: Ո՞վ ես:
Ձայնը հոգատարությամբ շշնջաց.
__Ոչ ոք: Գիհիների կատարները չեն երևում, իսկ ագռավները դեռ թառած են աներևույթ կատարներին…
* * *
Այլևս չեմ հարցնում, թե ով ես դու, որովհետև գիտեմ պատասխանը. դու ՈՉ ՈՔ ես: Ես հենց քո′ կարիքն ունեմ, քո կարիքն ունեմ առավել, քան երբևէ: Իմ ուսերից թոթափելով ագռավներին՝ ամեն երեկո՝ օրվա զով ժամին, ես կգամ պարտեզ ու քեզ չեմ փնտրի, որովհետև դու պարզապես կաս ու սպասում ես ինձ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *