Միլենա Բաղդասարյան | Փախուստ քաղաքից

– Բարև Ձեզ, պապի՛, մի տեղ քշեք։
– Այսի՞նքն։
– Ծայրամաս, քաղաքից դուրս։ Ուր ուզում եք, հեռու մի տեղ։
– Ինչի՞ց հեռու։
– Կենտրոնից, մարդաշատ տեղերից։
– Ձեզնի՞ց էլ։
– Ինձնի՞ց․․․ Եթե ֆիզիկապես հնարավոր ա դա անել՝ ուրեմն հա՛։
– Դե գնացինք։
– Խնդրեմ՝ լուսամուտներն էլ կփակե՞ք։
– Մի պայմանով՝ պիտի իմ ուզած երգը լսենք ճանապարհին։
– Խնդիր չկա, ես ականջակալներով եմ։
– Չէ՛, ես չեմ պատրաստվում ամբողջ ճանապարհին սուսուփուս քշել։
– Լավ, մենակ փակեք լուսամուտը։ Ռուսաստանների՞ց ենք խոսելու։
– Ինչի՞ց եզրակացրիք։
– Դե, ըստ ավանդույթի․․․ Մի րոպե, Համասյա՞ն եք լսում։
– Իսկ դա դե՞մ է ավանդույթին։
– Դե Համասյան լսող վարորդները շատ չեն մեր օրերում։
– Ինչպե՜ս էլ նկատել եք ականջակալների միջից։ Հա՛, ես անցումի տակ շաուրմա ուտելիս էլ, Ռոսիայի տարածքում կարկանդակ ուտելով քայլելիս էլ Համասյան եմ լսում։ Հուսամ՝ դեմ չեք, որ դեմ եմ գնում ավանդույթին ու էդ վերերկրային երաժշտությունը մարդեղեն եմ անում։
– Ինչ եք անու՞մ։
– Դե, խառնում եմ ասֆալտին էլի։ Սահյանի նման։
– Սահյանի՞։
– Հողեղեն, հողոտ, հողածին։
– Հա՜։ Ուրեմն Դուք է՞լ եք ականջակալներով քայլում։
– Հա՛, բայց մի ականջիս եմ դնում մենակ, որ մյուս ականջով էլ քաղաքը լսեմ։ Որ Երևանին ուշադիր լսես, քեզ կթվա՝ երգում ա։ Մի օր՝ ուրախ, մի օր՝ տխուր, բայց միշտ տրամադրությամբ։ Երևանը տրամադրություն ու բնավորություն ունի։
– Գիտե՞ք՝ մեր խմբագրությանը գրող-հրապարակախոս ա անհրաժեշտ։ Տարիքը, մասնագիտական փորձը, կրթությունը կապ չունեն։ Աշխատավարձը բարձր չի, բայց վարորդի աշխատավարձից հաստատ բարձր կլինի։ Մի տեսակ ափսոս եք տաքսի քշելու համար․ չեք տեղավորվում էս փակ լուսամուտների մեջ։
– Բացե՞մ։
– Չէ՛-չէ՛, դա նկատի չունեի։
– Գիտե՞ք, աղջի՛կս, իրականում ավելի հեշտ ա տեղավորվել փակ լուսամուտների մեջ, քան փակ պատերի։ Ես սիրում եմ իմ գործը․ լուսամուտիցս քաղաքին նայելը, տարբեր տեսակի մարդկանց հետ շփվելը, ամեն մեկից մի բան սովորելը, մի հույզ ստանալը․ մարդիկ ամենալավ գրքերն են՝ ամենալարված ու հագեցած սյուժեներով։ Բայց էդ սյուժեները մեկ-մեկ բարդ են ու երկար, ալարում ենք կարդալ։
– Ալարում ենք նույնիսկ գիրքը բացել։
– Ըհը։ Փոխարենը՝ մեզ կղզիացնում ենք ականջակալներով․ էդպես ավելի հեշտ ա, համ էլ էդպես ավելի «կռուտոյ» ենք նայվում՝ Կրուտոյի ականջից հեռու։ Տեսեք-տեսեք՝ «Ես ձեզնից լավն եմ, մի խանգարեք ինձ ձեր ցածր, մարդեղեն մտքերով»։
– Բայց առանց դրանց էլ չի լինում․ փախուստի ուրիշ միջոց չկա։
– Ինչի՞ց եք փախչում։ Տառապանքի՞ց։ Փարաջանովը լավ ա ասել՝ մարդ պիտի ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել։ Ուրեմն տառապի՛ տարբեր լինելու, չհասկացվելու, քո տեղը էս խառնաշփոթ ամբոխի մեջ չգտնելու մտքերից, բայց մի խլացրու էդ ամբոխին․ դու էլ էդ ամբոխի մի մասն ես։ Ու մի ականջդ միշտ ազատ պահի, որ լսես քաղաքը ու քաղաքում ապրող էն մեկին, ով քո օգնության կարիքն ունի, ով իրա նմանին ա փնտրում ու չի գտնում, որովհետև բոլորն ականջակալներով են, որովհետև ոչ ոք դիմացինին լսել, դիմացինին կարդալ չի ուզում։ Ու էդպես ավելի ենք կղզիացվում, կծկվում, որովհետև մեզ լսել չեն ուզում, որովհետև մենք էլ լսել չենք ուզում։
– Ձեզ խնդրում եմ՝ կգա՞ք մեր խմբագրատուն։ Ձեր նման մեկի տեղը շատ ա զգացվում։
– Չէ՛, գրելու համար ապրել ա պետք, քաղաքը դիտել, մարդկանց հետ շփվել ա պետք։ Ամբողջ օրը չորս պատերի մեջ մնալու դեպքում գրելիք չեմ ունենա, եղածն էլ արհեստական ու անշունչ կլինի։ Եթե ուզում ես, մեկ-մեկ օրվա վերջում կբզբզամ, մի բան կգրեմ, կբերեմ Ձեր խմբագրատուն։ Բայց ամբողջ օրը էդտեղ մնալ ու պատերից գրելու նյութ քերել, կներես, չեմ կարող։
– Հա՛, գոնե էդպես Ձեզ նորից կտեսնեմ։ Խնդրեմ՝ մոտ մի տեղ կկանգնե՞ք։
– Բայց դեռ քաղաքի կենտրոնում ենք։
– Ձեր տաքսու մեջ տպավորություն էր, որ քաղաքից դուրս ենք արդեն։ Բայց ուզում եմ քաղաքը լսել։ Ա՛յ, հենց էստեղ՝ Ռոսիայի մոտ էլ պահեք։ Կարկանդակ կուտեմ, մի ականջով Համասյան կլսեմ, մյուսով էլ կկարդամ մարդկանց։
– Իսկ ռուսաստանների մասին՝ հաջորդ դասին։
– Հավատարիմ մնալով ավանդույթներին։ Բարի ճանապարհ Ձեզ։
– Բարի ընթերցանություն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *